Աղավնի Գրիգորյան

Աղավնի Գրիգորյան
ՄԻ ՏԵՐԵՎԱՉԱՓ ՍԻՐՏ

Խելագարվեցի.
հայելու միջից արտացոլանքս ծամածռվեց, մի քանի վայրկյանով ծիկրակեց ու փախավ: Հետևից դուրս վազեցի: Ծուռումուռ տանիքները կախվել են թեք պատերից: Վա՜յ, դիմացի շենքի պատն այնքան է ծռվել, որ ուր որ է մի աղյուսը կընկնի հենց տակով անցնող անցորդի բեռնասայլակի մեջ: Ի՜նչ էլ գտել է եռանկյունի ակներով բեռնասայլակը: Հա՛, քառակուսին վաղուց մոդայիկ չի, ինչքան անհեթեթ ու էքստրավագանտ` այնքան լավ:
Առաջ էլ աշխարհը ծուռ էր, շատ անգամներ փորձեցի ուղիղ քայլ դնել. ոտքս դնում էի` ճամփան ծռվում էր, ոտքս խփվում ուղիղ ճամփեզրի քարին: Արյունլվիկ եղած տուն էի դառնում, մեկ էլ հաջորդ օրը փորձում: Հետո երկար ու քաղցած մնացի եկեղեցու պատի տակ` կուչ եկած, կոշիկներս էլ անձրևաջրով կշտացան…
Արթնացա.
աղունիկները գլխիս նստած` քուջուջ են անում: Մազերս գզել՝ բույն են դարձրել իրենց համար, հիմա էլ մեջն են արագ-արագ կարգի բերում, որ ձագ հանեն: Ձեռքս տարա գրպանս, որ երեկվա կերակուրիս փշուրներից թե մի բան մնացած լինի` լցնեմ, սիրտները շահեմ: Գրպաններս` դափ-դատարկ: Թռան նստեցին ծառի ճյուղերին: Հենց այն պահին, երբ ծառաբնակներից հայացքով ներողություն էի հայցում, ոտքիս տակ` հողից դուրս եկած ծառարմատը չնկատեցի.
” Վա՜խ, ցավե՞ց,- առաջին ձայնն էր այս առավոտ, հաճելի է` տաք երանգ ունի: Երկու բացահայտում միաժամանակ. բառը երանգ ունի, անգամ խելագարությանս աշխարհում ծառերն ուղղաձիգ վեր են աճում:
Աշխարհն էլի ծուռ է, ոնց նայում եմ:
Ոտքս ոլորել եմ. ա՛յ հիմա ծուռ քայլվածքովս համապատասխանեցի դիմացի շենքի պատին, առաջ եկած աղյուսն էլ հենց այս վայրկյանին շրխկոցով փշրվեց, ու փողոցն աղյուսե շապիկ հագավ` ծակող կլինի: Պատը հերիք չի ծուռ էր, հիմա էլ ծակ` շենքում ապրողների աչքը լույս:
Նստեցի ծառի տակ, քարին: Փորձեցի շարժել ոտքս, ցավում է: Աչքե՞րս ինչի են մռմռում: Կկոցում եմ, մի բան փառի նման կանգնել, խանգարում է: Աչքերս փակեմ, որ գլխապտույտս անցի.
” Ցավե՜ց… ” կրկնվեց:
” Ըհը,- տնքացի կամացուկ:
Աչքերս փակ են, ձեռքով ոտքս եմ տրորում: Տերևները խշշացին, թիկունքս ջերմացավ: Ճիշտ այդպիսի զգացողություն է, երբ հարազատ մեկը գրկում է, Տարօրինակ, երկրորդ ջերմ ու տաք զգացողությունը, այսպես շարունակվի՝ թո՛ղ խելագար էլ մնամ: Տուն գնալուց առաջ ձեռքս սահեցրի անհարթ մաշկի վրայով, կամացուկ ականջին շշնջացի.
” Գրասիաս…
Երկուսս էլ ծիծաղեցինք. ես ձայնով, ինքը` տերևներով: Հետո ինչքա՜ն ենք հիշել իմ առաջին «գրասիասն» ու մեկս մյուսին տնազ արել: «Մե՛կ է, ես էդ թլոշ լեզուն չեմ կարողանում հաղթահարել, սթափ վիճակում անգամ, ուր մնաց թե հիմա…» Երրորդ բացահայտումիցս մի քիչ տխրեցի, փաստորեն սթափ վիճակում էլ թերացել եմ:
Ընկերացանք.
ամեն օր ցերեկվա մեկ-երկու ժամն անց էի կացնում սաղարթի տակ, քարին նստած` մեջքս բնին հենած: Մեջս անբացատրելի ուժ էր լցվում: Փորձում էի սերտածս առաջին իսպաներեն բառերը մտապահել ու ճիշտ արտաբերել. ստացվելու դեպքում վարի ճյուղն իջնում էր, շոյում այտս, մեկ-մեկ էլ հուսադրող թփթփացնում ուսս:
«Սթափությունը» երբեմն սողոսկում էր ճյուղերի արանքից, ու աչքերիցս ակամա պոկվում էր դավաճան արցունքը, սեղմում էի ատամներս, աչքերս ափերով փակում: Խռովում էր այդ օրերին, ետ էր գնում, չէր թողնում բնին հենվեմ ու այդպես, իրարից խռով, մնում էինք մի քիչ: Հետո ես էի բարձրանալիս հենվում բնին, ինքն էր իբր պատահաբար ճյուղը կռացնում, որ բռնվեմ …
Տառ-տառ կարդացինք առաջին իսպաներեն գիրքն ու այն ավարտելու օրը ճյուղերը խճճեց մազերիս մեջ, խառնեց , պտտեցրեց, ես էլ խենթ-խենթ պտտվեցի, պտտվեցի՜ ու եկա հենց բունը գրկեցի: Անթարթ իրար էինք նայում: Երևի սերը հենց այդպես էլ լինում է: Չեմ հիշում սթափ սերերս, կամ հիշողությունս ինձ խնայում է: Տարիներ անց, երբ փորձեմ պատմել այս մասին `«ծառերը չեն խոսում» կասի մեկը, «խենթություն է»` կասի մյուսն, իսկ երրորդը պարզապես ուսերը կթոթվի: «Ոչ մեկին մի լսի, դու հեքիաթիդ պոչից բռնի ու գնա» կասի տատիկս. բռնել` գնում եմ:
… Ամռանը կողքի թթենուց մի քանի հատիկ թութ պոկեցի, Ճյուղերը վեր քաշեց, լռեց, բայց առանց խոսք էլ հասկացա: Հաջորդ ամառ թութ չկերա` Հայաստանում կուտեմ: Աշնանային մի օր էլ ափիս մեջ կարմիր տերևիկ դրեց. մարդիկ ծաղիկ են նվիրում, ինքն իր սիրտը դրեց գիրկս: Գրկեցի` սիրտն այնքա՜ն փխրուն էր…
Հայաստանի մասին պատմություններով ու Հայաստանի մասին երազելով անցկացրինք տարիներն այնքան, մինչև ես սկսեցի ավելի վարժ ու արագ արտաբերել «գրասիասն» ու կարդացածս իսպաներեն գրքերն էլ մի համեստ բլրակով շարվեցին գրասեղանիս:
” Անցե՛ք, մի կանգնեք,- ձայն տվեց հատուկ ծառայության աշխատակիցը: -Համաճարակ է, արմատը հիվանդ է, պիտի կտրենք, որ շուռ չգա անցորդների վրա:
Փողոցն արյան մեջ կորել էր, արյուն էր ցայտում դեսուդեն, իսկ ես շվարել մնացել էի: Տերևները չխշշացրեց` թևատել էին ու փողոցը տերևե շապիկ էր հագել` փափուկ կլինի…
Անզոր էի. միայն հայացքով ներողություն էի հայցում ու ոտքիս տակ` հողից դուրս եկած ծառարմատը չնկատեցի…
” Ցավե՜ց…- հազիվ խռխռաց, սիրտը դեռ զարկում էր:
Սթափությունս.
հարվածեց այդ օրվա կայծակի հետ` կայծակի ուժով: Հեկեկում էի մինչև լուսաբաց` անկենդան մարմինը գրկած: Արցունքներս զսպելու կարիք չկար, արցունքներիցս նեղացող է՛լ չկար…
Քայլ դրեցի նույն ծուռ աշխարհում, հին կոշտուկը մզզա՜ց, մզզա՜ց բութ ցավով`վարժվել եմ:
Իսկ ծառերն ուղղաձիգ վեր են բարձրանում…

ՊԱՅՈՒՍԱԿԸ

Պայուսակ էր, հին, բռնակը գունաթափ, փականի մասում երկար օգտագործելու արդյունքում` կաշին մգված, երկար կանթով, որ տեղ-տեղ (ուսին կպնող մասում հատկապես) տխուր փայլում էր:
Առավոտյան հավաքարարը նկատեց կայարանի նստարանին: «Ծով մեկնող ուղևորներից մեկինն է, երևի ուր որ է՝ կգա»` մտածեց: Շտապում էր, թոռան տարեդարձն է, ինքը նվեր է պատվիրել խանութում ու հիմա անհանգիստ տրորվում է սիրտը, որ թոռնիկի առավոտը սկսվի ի՛ր նվերով, այնպես որ, երկու քայլից արդեն մոռացավ պայուսակի մասին:
Կայարանն աշխուժացավ: Երկու երեխա, նույնատիպ հագուստով (կարճթև վերնաշապիկ ու բաց երկնագույն ջինսե շորտեր) տեղավորվեցին նստարանին, մինչ մայրը տոմսերն էր ցույց տալիս ուղեկցորդին ու ճշտում գնացքի ժամացուցակը: Եղբայրները փքաբլիթը ոչ մի կերպ չէին կարողանում կիսել: Այնքան իրար հրմշտեցին, որ պայուսակն ընկավ նստարանի տակ: Խուլ տնքոց եկավ, կամ թվաց: Մայրը բարակ ու սուր ծղրտաց երկու տղաների` իրար նման անունները, վերջիններս գլխապատառ պոկվեցին նստարանից ու վազեցին մոր մոտ, դխկդխկացնելով սալիկներին իրենց ռեզինե սանդալները, որ, իհարկե, մեկը մյուսի կրկնօրինակն էին: Ծովափ մեկնող առաջին գնացքը մոտենում էր կառամատույցին, ընդհանուր աղմուկի մեջ որևէ մեկը չնկատեց նստարանի տակ կծկված պայուսակը: Կրծած փքաբլիթը անհարմար շարժվեց ու նստարանի փայտերի արանքից թրմփաց ուղիղ պայուսակի գլխին` ձեթոտ փնթիությամբ:
Կեսօրին մոտ, սևականջ Ցեզարը (այդպես էր շան անունը կնքել պ-ն Հարրին` կայարանապետը, հավանաբար շան ազնվացեղ արմատները շեշտելու համար) շոգից պատսպարվեց նստարանի ստվերում, տանտիրոջ իրավունքով հաչեց անկոչ հյուրի վրա ու քթով հրեց պայուսակը: Փքաբլիթի հոտը քիթն ընկավ, համտեսեց ու դժգոհ ծռմռեց մռութը (համեղ լիներ` երկվորյակները կուտեին): Պ-ն Հարրին չլսեց կամ չլսելու տվեց շան հաչոցը, հենց նոր կրպակից գավառային օրաթերթն էր գնել. գիշերը կրակոցներ են եղել ու կողոպուտ մոտակա բարերից մեկում: Հանցագործների նկարը մեծ, բացվող էջով զբաղեցնում էր երկթերթ պարբերականի մակերեսն ամբողջությամբ, բացառությամբ մի քանի նորության, որ խմբագիրը մանր շրիֆտով տեղավորել էր ներքևի աջ անկյունում: Շոգ էր, Հարրին ցած դրեց թերթը, կամաց, բայց հատու ձայնով արտաբերեց` Ցեզար, գնացինք, վստահ, որ խելացի շունն անմիջապես կարձագանքի հրամանին, ու ոտքերը քստքստացնելով` ուղղվեց դեպի իր աշխատասենյակը: Ցեզարն իր «բարբառով» ինչ որ բան գռմռաց, ատամները կրճտացրեց, հետո պոչը հավաքեց ու վազեց տիրոջ հետևից:
Երեկոյան, հերթափոխից հետո սլաքավարը մոտեցավ նստարանին, ոտքերը հոգնել էին, ձեռքն առավ թերթը… Պայուսակն ընկրկեց, որ չզգա կոշիկներից տարածվող սուր հոգնածությունը. պատ էր, նահանջի տեղ չկար, փռշտաց գուցե, համենայն դեպս սլաքավարը ոտքերի տակ զգաց կոշտ ճռռոցն ու գտավ պայուսակը: Տարավ ու թերթի հետ դրեց հերթապահի սեղանին:
Թերթն աչքն էր մտնում մեծ-մեծ տառերով (սլաքավարը խրել էր դիմացի գրպանիկը): Պայուսակը չկարդաց` տառերը չգիտեր, բայց հաստատ որոշեց. սպասել տիրոջն այստեղ:
Հերթապահը վերցրեց թերթը, աչքի անցկացրեց կողոպուտի մասը, հետո ուշադիր զննեց հանցագործների նկարները` չէ՛, ոչ մեկին չի ճանաչում, ու լա՛վ է, որ չի ճանաչում, թերթը հայտնվեց սեղանի տակի ծղոտե աղբամանում: Դժկամությամբ վերցրեց մաշված պայուսակը, ստուգեց ու գրանցեց պարունակությունը` նոթատետր, սրբիչ, արևային ակնոցներ, մանր-մունր հիգիենիկ պարագաներ, որ անկարևոր համարեց, մոմպասի տուփ (շխկշխկացրեց, հետո սա էլ ուղևորվեց աղբաման), գտնելու ամսաթիվը փակցրեց պայուսակի կանթին ու դրեց կորած իրերի կողքին, ստուգեց մյուս իրերին փակցված նշումները, մի քանիսը, որ արդեն երկու ամիս սպասում էին կողքի դարակում, հանեց, դրեց դռան մոտ, որ վաղն աղբահան մեքենան տանի:
—————————————————
Երբ ձայները լռեցին ու վերջին գնացքը սուլոցով հեռացավ, աղբամանն ափսոսանքով նայեց դռան կողքը կիտված իրերին, որ ժամեր անց վերջին լուսաբացն են դիմավորելու, չորացած սնամեջ երակներն անասելի ջերմացան. ինքն այնուամենայնիվ երջանիկ է ու պաշտպանված, գիշերը կարճելու համար կարդաց նորությունները. «Երեկոյան ժամը տասի մոտակայքում կայարանամերձ տարածքից քաղաքացի, Գ.Ս.-ն տեղափոխվել է Ն. գավառային հիվանդանոց, նախնական ախտորոշումը` սրտի կաթված: Գ.Ս-ին ճանաչող անձանց կամ ազգականներին խնդրում ենք արձագանքել…»:
Պայուսակը քնեց, դարակը երիզող ռետինե ժապավենը կլանում էր ձայներն ու պատնեշում աշխարհից: Երազում լսեց ծովի խշշոցն ու զգաց տիրոջ ուսի հպումը…
Հ.Գ. ” Ն. կայարանում սպասում է Պայուսակը:
Գիշերները մրսում է…

157 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>