Անիրագործելի հավանականը Էլֆիք Զոհրաբյանի «Ճիլիմոնը» պատմվածքում / Կարեն Մանուչարյան

Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» ժողովածուի առաջաբանի հեղինակ Լիլիթ Անտոնյանը համառոտ կերպով խոսել է նաև «Ճիլիմոնը» պատմվածքի մասին: Հղում տալով Միխայիլ Բախտինին՝ հեղինակը կարևորել է գլխավոր կերպարի ներքին մենախոսության և դիալոգիզմի (երկխոսայնության) արտահայտությունները1: Լ. Անտոնյանը հենց սրա հիմքի վրա տվել է կերպարի ընդհանուր բնութագիրը. «Ի՞նչն է նրան հատուկ: Խորամանկությունը, ամբաստանությունը, զրպարտանքը, ինքնագնահատանքի գերաճն ու ագահությունը: Սա ծիծաղելի է և բոլորովին ծիծաղելի չէ. տխուր է: Եվ ինչպե՞ս ավելի լավ տեսնեն նրան՝ Ճի-լի-մո-նին: Ներքին երկխոսայնության գեղարվեստական վերարտադրությամբ, որը քողազերծում է շեղումը, լուսավորում նրա՝ դիտողի համար անթափանց մտաշխարհն ու զգացմունքների շարժառիթները: Ամբողջ կենսական իրականությունն արդեն դիտվում է մասնավոր մարդու՝ ծաղրելիի դիրքերից»2:
Հաջորդ ուշագրավ արձագանքը Գայանե Մալումյանի սեղմ, բայց բովանդակալից հոդվածն է՝ տպագրված «Նարցիս» ամսագրում: Հեղինակը Ճիլիմոնի կերպարում փորձել է տեսնել քաջնազարականության արտահայտություններ. «Իրեն մեծ մարդ զգալու ամեն պահի վտանգված երանությունը աղերսներ ունի մեր հեքիաթի հերոսի՝ Քաջ Նազարի հետ, սակայն նազարները գահընկեց չեն լինում, նրանք հավերժական կերպարներ են»3:
Մենք նույնպես համառոտ կերպով անդրադարձել ենք այս ստեղծագործությանը: Էդուարդ Աթայանի 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում տպագրված «Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում» հոդվածում առաջին անգամ փորձել ենք այս պատմվածքը քննել կառուցվածքաբանական դիտակետով4: Միջանկյալ նշենք, որ հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հարաբերության համապատկերում անդրադարձել ենք նաև Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպին5:
Մեր նպատակն է փիլիսոփայական և կառուցվածքային մեթոդների համատեղմամբ վերհանել պատմվածքի երկշերտությունը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք հավանականի ենթաոլորտներից մեկի՝ անիրագործելի հավանականի հետ: Վերն ասվածից պարզ է դառնում, որ գլխավոր կերպար Ճիլիմոնի ներքին երկխոսայնությունն այստեղ կարևորագույն նշանակություն ունի: Ներքին ստի հոգեբանական հնարը պատմվածքի պատկեր-գործողությունները բաժանում է երկու հարթությունների միջև: Այս դեպքում պատկեր-գործողությունները բացառապես հակադրական, փոխբացառող հարաբերություններ են ձևավորում: Հենց դա է պատճառը, որ մենք խոսում ենք անիրագործելի հավանականի ենթաոլորտի մասին6: Ասվածը կոնկրետացնելու համար մեջբերենք պատմվածքի ուշագրավ հատվածներից մեկը. «Մինչև նոր լսարան մտնելը, պատկերացրեց, թե իր մասին լեգենդներ լսած ուսանողներն ինչպես հոտնկայս կծափահարեն ու լացակումած կասեն. «Մեր աչքերին չենք հավատում, որ Դուք եք մեզ դաս տալու»: Ուսանողներից ոմանք անգամ չկանգնեցին: Ճիլիմոնյանը մեծահոգաբար ներեց նրանց և, ուժ հավաքելով, սկսեց դասախոսությունը»7: Այստեղ ցայտուն կերպով ընդգծված են երկու հարթություններին պատկանող գործողությունների փոխբացառող հարաբերությունները: Ճիլիմոնի պատկերացումներում ձևավորված պատկերի իրագործումը հերքվում է իրագործվածի հարթությանը պատկանող պատկերով.

image001
Գծապատկեր 1

Միևնույն կառուցվածքային կաղապարով է կերտված նաև այս պատկերը. «Ճիլիմոնը պատկերացրեց՝ երբ տուն մտնի, կգրկախառնվեն. դուստրը պիջակը կխլի, որդին՝ պայուսակը, կինը սիրահարվածի ժպիտով կուղեկցի ներս: Երբ տուն մտավ, կինն այնպես բղավեց «ցեխոտ են կոշիկներդ», որ պայուսակը թրմփաց գետնին…. Դուստրը ոտքը չիջեցրեց սեղանի վրայից, երբ հայրը սենյակ մտավ»8: Պատկերացումների արդյունքում ձևավորված պատկերը դարձյալ բացառվում է իրագործված գործողություններով: Հավանական-իրագործված փոխհարաբերությունը դարձյալ 1:1 է9: Այսինքն՝ պատկերի կառուցվածքը դարձյալ համապատասխանում է վերը բերված մոդելին:
Մենք բերեցինք 2 օրինակներ, որոնցում հստակ կերպով դրսևորված էին պատկերային հակադրությունների երկու եզրերը: Պատմվածքում ունենք նաև այնպիսի օրինակ, երբ հավանականի և իրագործվածի հարաբերության համապատկերում դրսևորվում է միայն հավանականի եզրը. «Բոլորին հավատացրել էր, որ այդ աթոռը նվեր է ստացել երկրի նախագահից, ում ուսման վճարն ինքն է մուծել սեփական գրպանից, քանի որ «այդ հանճարեղ ուսանողը թշվառ վիճակում էր և համալսարանից դուրս էր մնալու»: Եվ իբր վաթսունամյակին մի աթոռ նվեր ստացավ իր «նախագահ ուսանողից»: Մինչդեռ միայն Ճիլիմոնի կինը գիտեր, որ դա հորինվածք է»10: Մեր նշած հակադրական հարաբերությունների համապատկերում հստակ կերպով արտահայտվել է հավանականի եզրը: Ընդգծված հատվածը ցույց է տալիս, որ կա նաև դրան հակադրվող մյուս եզրը: Բայց վերջինս չի որոշակիանում: Այսինքն՝ աթոռի ձեռքբերման իրական պատմությունն է հակադրական կառույցի իրագործված եզրը, որը պատմվածքում չի ստանում առարկայական արտահայտություն.

image002

Գծապտկեր 2

Մեր բերած բոլոր օրինակներում գործ ունենք 1:1 հարաբերության հետ: Միջանկյալ նշենք, որ անիրագործելի հավանականի նմանատիպ կառույցներում երբեմն դրսևորվում են նաև այլ քանակային հարաբերություններ11:
Ներքին ստի հոգեբանական հնարը հավանականի հարթության պատկերների ուսումնասիրությունը հետաքրքիր է դարձնում նաև ժամանակային շերտերի ուսումնասիրման տեսանկյունից: Իրագործվածի շերտին հավանականի պատկերները հարաբերվում են անցյալի կամ ապագայի մեջ: Այսինքն՝ ունենք և՛ փոխարկելիական, և՛ շարունակելիական հարաբերություններ1: Բայց երկու դեպքում էլ պատկերային շինվածքում կարելի է հակադրական տարրեր: Վերջին հատվածում հարաբերությունը բացառապես անցյալային է: Մեր բերած առաջին օրինակում ժամանակային հարաբերությունները ավելի բարդ պատկեր են ներկայացնում: Այսպես՝ Ճիլիմոնի նախնական պատկերացումը ուսանողների դրական արձագանքի վերաբերյալ պատկանում է ապագայի շերտին: Բայց այդ նույն պատկերացումը անցյալային է հակադրության մյուս եզրին պատկանող պատկերի հարաբերությամբ: Պատկերային եզրերի այս փոխբացառումներից հետո ներկայացվում է ապագայի ոլորտին պատկանող հերթական գործողությունը. «Պատկերացրեց, որ երկու տարի հետո իրեն աներկբայորեն ռեկտոր են նշանակում, և ինքն այդ կուրսին հեռացնում է համալսարանից, քանի որ բոլորն էլ անբովանդակ հայացքով են ունկնդրում իրեն, ոչ մեկը չի մտածում հոգևորի մասին: Նա միայն գերազանց սովորող քնքուշ մի ուսանողուհու կներեր, ով մինչև կիսամյակի վերջ կսիրահարվեր իրեն, իսկ քննությունից հետո կգնային հյուրանոց՝ նշելու հաջող գնահատականը…»1: Պատկերային այս հարաբերությունները համապատասխանում են այլ կառուցվածքային մոդելի: Պարզ է, որ գործ ունենք շարունակելիական հարաբերության հետ: Բայց ապագայի ոլորտին պատկանող ցանկալի պատկերի իրագործումը բացառվում է Ճիլիմոնի կերպարի ներկա դրությամբ1: Այսինքն՝ Ճիլիմոնի ճղճիմությունը դառնում է ցանկալի հեռանկարը բացառող հակադրություն.

image003

Գծապատկեր 3

Նմանատիպ երկշերտությունը ստիպում է հանգել այն փաստին, որ եթե իրագործվածի շերտին պատկանող գործողությունները ժամանակային հարաբերությունների առումով համեմատաբար ստատիկ են, ապա հավանականի շերտի գործողություններում առկա են անցյալ-ներկա-ապագա ճկուն փոխհաջորդումներ: Հավանականի շերտի գործողությունները պատկանում են ցանկալիի ենթաոլորտին, քանի որ ամբողջը կերպարի ներքին ցանկության արդյունք է: Հավանականի հարթության գործողությունների շղթան մենք հակված ենք համարելու հակասյուժեի արտահայտություն, քանի որ այն կազմում է իրագործված գործողությունների տրամագծային հակադրությունը: Այդ հակադրության ֆոնի վրա դրսևորված «կերպարը» մենք համարում ենք հակակերպար: Հակակերպարը կերպարի իրական հատկանիշների և գործողությունների հակադրահամակարգն է:
Նշենք նաև այն հանգամանքը, որ այս հակադրությունը երգիծանքի բավականին հետաքրքիր հնար է: Դա տարբեր ձևերով հանդիպում է նաև Երվանդ Օտյանի «Հեղափոխության մակաբույծներ» պատմվածաշարում15, Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպում16, Ջիովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ժողովածուի առաջին նովելում17 և այլ հեղինակների տարբեր ստեղծագործություններում: Այս ստեղծագործություններում ցայտուն կերպով դրսևորվել է ճշմարտի և կեղծի հակադրության երգիծական հնարը:
Այսպիսով՝ Էլֆիք Զոհրաբյանի «Ճիլիմոնը» պատմվածքն աչքի է ընկնում կառուցվածքային հնարների բազմազանությամբ: Երգիծանքի գլխավոր հնարը ճշմարտի և կեղծիքի հակադրությունն է: Պատմվածքի այսօրինակ երկշերտությունը թույլ է տալիս խոսել նաև սյուժե-հակասյուժե և կերպար-հակակերպար հակադրությունների մասին:

Գրականություն
Բախտին Մ., Դոստոևսկու պոետիկայի խնդիրները, թարգմանիչ՝ Վարդան Ֆերեշեթյան, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի» հրատ., 2012, 352 էջ:
Բոկաչչո Ջ., Դեկամերոն, թարգմանիչ՝ Սուրեն Վահունի, Երևան, Հայպետհրատ, 1960, 759 էջ:
Գրեթերթ, N4, 2017, 12 էջ:
Զոհրաբյան Է., Հոգեվիճակ 13, Երևան, «Տիր» հրատ., 2013, 96 էջ:
Լեզու, խոսք, իրականություն, միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Էդուարդ Աթայանի ծննդյան 85-ամյակին, Երևան, ԱՁ «Արման Ասմանգուլյան», 2017, 480 էջ:
Նարցիս, 3/4, 2014, 140 էջ:
Սարգսյան Մ., Քաջ Նազար, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1980, 384 էջ:
Օտյան Ե., Երկեր, վեց հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1960, 732 էջ:

—————————————————-
1 Արձակ խոսքի տեսակների, մենախոսության և երկխոսության մասին տե՛ս Մ. Բախտին, Դոստոևոսկու պոետիկայի խնդիրները, թարգմանությունը՝ Վ. Ֆերեշեթյանի, Ստեփանակերտ, 2012, էջ 227-337:
2 Է. Զոհրաբյան, Հոգեվիճակ 13, Լ. Անտոնյանի առաջաբանը, Երևան, 2013, էջ 6:
3Գ. Մալումյան, Ճիլիմոնը որպես տիպական կերպար Է. Զոհրաբյանի համանուն պատմվածքում, Նարցիս, 3/4, Երևան, 2014, էջ 120:
4 Տե՛ս Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Լեզու, խոսք, իրականություն, միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Է. Աթայանի ծննդյան 85-ամյակին, Երևան, 2017, էջ 388-399:
5 Տե՛ս Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հարաբերությունը Ա. Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպում, Գրեթերթ, N 4, Երևան, 2017, էջ 6:
6 Հավանականի ենթաոլորտների մասին տե՛ս Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Լեզու, խոսք, իրականություն, միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Է. Աթայանի ծննդյան 85-ամյակին, Երևան, 2017, էջ 388-399:
7 Է. Զոհրաբյան, Հոգեվիճակ 13, Երևան, 2013, էջ 19:
8 Նույն տեղում, էջ 21:
9 Սա նշանակում է, որ հավանականի ոլորտին բնորոշ բազմատարբերակությունն այստեղ չի դրսևորվել: Իրագործվածի հարթության պատկերին հակադրվում է հավանականի հարթության մեկ պատկեր:
10 Նույն տեղում, ընդգծումը մերն է (Կ. Մ.):
11 Մեր աշխատանքներից մեկում այս հայեցակետով քննել ենք Լ. Խեչոյանի ստեղծագործությունները: «Զանգը» պատմվածքում ստացել ենք 6:1 արդյունքը: Տե՛ս Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Լեզու, խոսք, իրականություն, միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Է. Աթայանի ծննդյան 85-ամյակին, էջ 388-399:
1 «Եթե հավանականի հարթությանը պատկանող պատկերը իրագործվածին հարաբերվում է անցյալի մեջ, ապա գործ ունենք փոխարկելիական հարաբերությունների հետ, իսկ եթե այն հարաբերվում է ապագայի մեջ, ապա այդ հարաբերությունը շարունակելիական է» (Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հարաբերությունը Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպում, Գրեթերթ, N4, 2017, էջ 6): Այս սահմանմանը կարող ենք հավելել նաև այն, որ փոխարկելիական հարաբերությունների դեպքում երկու հարթություններին պատկանող պատկերները միմյանց փոխբացառում են, իսկ շարունակելիական հարաբերությունների դեպքում՝ փոխլրացնում:
1 Է. Զոհրաբյան, Հոգեվիճակ 13, Երևան, 2013, էջ 19:
1 Տե՛ս նույն տեղում, Լ. Անտոնյանի նախաբանը, էջ 6:
1 Տե՛ս Ե. Օտյան, Երկեր, հատոր առաջին, Երևան, 1960, էջ 383-431:
1 Տե՛ս Մ. Սարգսյան, Քաջ Նազար, Երևան, 1980:
17 Տե՛ս Ջ. Բոկաչչո, Դեկամերոն, Երևան, 1960, էջ 66-76: Խոսքը սըր Չապելետոյի մասին պատմող նովելի մասին է:

277 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>