ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ

Անի Ամսեյան

***
Սև անցքերը, քո մարմնի
փոքրիկ պուտիկները՝
չեչավոր քարի նման,
որ սիրում էի շոշափել ձեռքով,
հետո նետել ծովը՝
ամաչելով իմ չստացված խաղից,
որովհետև հայրս ու տղաները մյուս
միշտ դա անում էին արհեստավարժորեն,
ու քարը թռչում էր
մոտավորապես իմ յոթ հիացական ճիչերին համարժեք:
Քո ծակ-ծակ սև ու ողորկ քար էությունը
նետել ծովի մեջ այն ժամանակ չսովորեցի
ու հիմա ամաչում եմ…

***
-Ես հող եմ,- ասաց,-
նրա մեջ լինելու համար
ինձ մի բան մնաց…

***
Խորտակվող, փոքրիկ երա՛զ իմ,
մրուրի,
ցեխի անդունդում
ինչպե՞ս այդքան ճերմակ մնացիր:

***
Քաղա՛ք,
ես քո պայթած երակից
դուրս վիժող արյան ձայնն եմ…
գիշերային լռությանդ մեջ:

***
Սերոյին
երիտասարդություն

Չգտանք սահմանը՝
մեղքի ու բարու բաժանող ուղի, որ կքայլեինք:
Ջրափոսեր էին,
ցատկում էինք՝ հրճվելով ցեխի չլմփոցից,
և լալիս՝
հիշելով շատ մոտ անցյալը՝
մաքրող անձրևի կաթիլները լեզվով որսալով:

***
որդը խլրտա, ծակի մաշկս,
ճանապարհ բացի,
սիրտս սողա.
քայքայվեմ ու փուլ գամ,
ճաշակեմ գարշահոտություն ու մասնատում,
փլուզում ու կեղեքում,
ճահճանամ-ծորամ,
չորանամ-ճաք տամ, մոխրանամ…
«Ողջին մեռելների մեջ մի՛ փնտրեք»
չասե՛ս.
«Ղազարո՛ս, դո՛ւրս եկ» չասե՛ս,
ոչինչ չասե՛ս,
թեկուզ երեք դար ուշացած գաս,
լուռ կանգնես քարայրիս շեմքին,
գաս`շունչ կառնեմ,
կապրեմ

***
Երկնքիդ անունը օվկիանոս էիր դրել,
նավ կառուցեցի,
մե՜ղմ-մե՜ղմ փչեցի:
Ճերմակ առագաստը փքվեց,
թռա՜վ
նավս երկնքիդ միջով,
թռա՜վ …
Օվկիանոսիդ հատակում,
որտեղ նստվածք են տվել արդեն արցունքներս
ու կանաչ-կանաչ գույն առել,
չգիտես, ինչու հենց այս գիշեր սկսեց ձյուն գալ:
Քաղաքում բոլորը քնած էին:
Սահեցի սենյակիս պատուհանով,
թաթերիս վրա քայլեցի,
փաթիլ-փաթիլ բարությունը իջավ,
ինչպես փետուր հրեշտակի,
մխրճվեց, մնաց մազերիս
արանքն արձակ,
կաթիլ-կաթիլ իջավ,
ինչպես խաչված մարդու արյունը
ափին մանկան,
իջավ, ինչպես մաղից ալյուր
հաց դառնալու ընտանիքի համար
վեց-յոթ հոգանոց,
իջավ, ինչպես աչքի կոպը օրորոցում,
և ինչպես ամանորյա գիշերվա աղմուկն է մեռել,
մի օր իմ՝ քո մանկության քնի մեջ
նավս կետ դարձավ երկնքում քո,
և երկինքդ կետ դարձած իմ մեջ,
և կետ դարձա ես հալվող-մարող հուշիդ հետ:
Արթնացա՝ անունդ աչքերիս մեջ…
թաց-թաց
արթնացա…

***
Ինքնակամ մահվան ձևերն են անցնում մտքովս:
Բացում եմ դուռը,
սերը թափվում է.
հայրիկը չի սիրում, երբ սուրճը թափվում է,
մայրիկի մեղավոր ժպիտը սառած
գազօջախի սև սուրճին:
Կյանքի,
ինքնակամ կյանքի ձևերն են անցում մտքովս

***
երեկ ձյուն եկավ.
առաջին ձյուն` թաց, փափուկ, ճերմակ,
մեղսավոր քայլերի,
չասված բառերի.
այնքան հեռու, որ անիրական
թվացող մեր մանկական հուշի վրա,
գարնան, աշնան, ամռան վրա
թաց, փափուկ, ճերմակ գիշերային լռության հետ
և այնքան գեղեցիկ,
որ և եթե գայիր, բանաստեղծություն կգրեի:
բայց էսօր ձյունը ցեխ դարձավ.
ու ինչքան վարար են մայթերը,
քաղաքը, կտուրները և ծառերը,
ու ես` ոտքից գլուխ.
այ էդքան ցամաք ու չոր է սիրտս,
ու աչքերս էլ չոր են ու սառը:
սև սառցե կետեր ճերմակ-ճերմակ քաղաքի թաց, փափուկ ակնախոռոչում:
թե հայտնվեինք անցած գնացած հուշի մեր տանը,
հանդիպեի՜նք լինեի՜ր,
կասեիր, չէ՞, տատ ջան, կասեի՞ր.
-բալա, սառել են աչքերդ, մարդ կուգա հեռվեն:
բայց չկաս տատ, չկա՜ս:
ու չի ասի ոչ ոք,
ու չի գա էն մեկը,
ու ցեխը ձյուն չի դառնա,
ու չի լինի բանաստեղծություն.
երբեք չի լինի

911 դիտումների քանակ 5 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>