ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ / ԱԲԵԼԻ ՔՈՒՅՐԸ

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Երևի լույսը բացվել էր, որովհետև Աբելի մտքերն սկսել էին ավելի ակտիվ ու պայծառ բռնկվել:
Նա ամենօրյան ճիգով փորձում էր հասկանալ, թե ինչն է իրեն զատում մյուսներից: Նա ճանաչում էր ձայնի ամենանուրբ ելևէջները, մատները` մարմնի գրգանքն ու պաղ իրերի դատարկությունը, հոտոտելիքը որսում էր ամենաթույլ ու տկար բուրմունքը, քիմքն անմիջապես զգում էր խուտուտ տվող համը: Միմիայն բիբերն էին, որ գեթ երազելու համար էին:
Նրան բոլորը կույր էին համարում: Շրջապատում լսվող գույների մասին դատողություններն այլ աշխարհից էին, որովետև նրա բոլոր զգայարանները հասու չէին գույներին, ինչպես ձկանը հասու չէ արծվի թռիչքը:
Դժգոհ չէր իր աշխարհից. ամեն դեպքում նրա աշխարհն ավելի շատ առեղծվածներ ուներ, քան մյուսներինը, սակայն մյուսներն ավելի շատ էին երազում, քան ինքը: Նա արևը չէր ճանաչում այնպես, ինչպես մյուսները չէին ճանաչում Աստծուն, իսկ Աստծուն մարդկությունը վաղուց կորցրել էր: Կորցրել էր չգտած. ինքն էլ անգտանելին փնտրելու կարիք չուներ:
Աբելի կինը ևս կույր էր. մոր անփութության հետևանքով հինգ տարեկանում ժավելաջուր էր լցվել աչքերը: Կնոջ համար մանկությունն ավելի վառ ու լուսավոր էր, քան արտահայտվում էր տեսնողների վերհուշերում: Կինը քարշ էր տալիս կյանքի ամենամեծ ու անվերադարձ կորստի բեռը: Նա տեսողության հետ կորցրել էր ժամանակի զգացողությունը. նրա արևի ժամացույցը խաթարվել էր: Նրա համար կյանքը երկու անհամատեղելի մասերի էր բաժանվում, մեկը մյուսի լիարժեք շարունակությունը չէր: Կյանքը ընթացք չէր. երկու տարբեր կյանքեր էին: Նա հիշողությամբ վերարտադրում էր մանկական հուշերը, որոնցում նա միշտ հայելու առաջ կանգնած այն աղջիկն էր, որտեղ առաջին անգամ ինչ-որ անհասկանալի վախով բացահայտեց, որ հայելու միջից նայողը հենց ինքն է: Հիմա ինքը երևի փոխվել է, նմանվել հուշերում աղոտությամբ պահպանված մորը:
Աբելի համար կնոջ պատմածները լույսի, գույների ու աշխարհի մասին տարաժամանակյա առասպելների նման էին. հավատալ-չհավատալը էական չէր: Երբ կինն ասաց, որ հիմա իրենք ամեն ինչ սև են տեսնում, Աբելը տարակուսեց` ի՞նչ իմաստ ունի այդ անհեթեթ անվանումը և ո՞վ կարող է ասել, թե ինքը ինչ է տեսնում: Չէ՞ որ այն ինչ տեսնում է, միայն ինքն է տեսնում: Հոգու ազատությունը վեր է հազար ու մի արեգակներից:
Կինը, որքան էլ որ փորձեց, այնուամենայնիվ չկարողացավ Աբելի ու տեսնողների աշխարհի միջև կամուրջ լինել: Կինն այս իմաստով սեռ չուներ. նա ոչ այս, ոչ այն աշխարհից էր:
Տան միակ տեսնողն Աբելի քույրն էր, որը ոչինչ էլ չէր փորձում կամրջել. նա մերժել էր իր ընտանիքն ստեղծելու բազմաթիվ առաջարկները և ինքն էլ կույր էր այն բոլոր սիրատոչոր գրգանքներին ու խանդակաթությանը, որը պետք է բաժին հասներ հասուն աղջկան: Նա ժրաջանորեն ու համբերությամբ խնամում էր կույրերին և չէր հասկանում այն հավերժական երջանկությունը, որով պարուրված էր եղբոր անհասցե դեմքը: Նա Աբելին իր խաչն էր համարում և չէր հավատում խաչի զորությանը, իսկ Աբելը գիտեր, որ իրեն պետք է տանեն, իրեն պարտավոր են տանել: Նա խղճմտանքի ու նման բաների մասին չէր մտածում:
Մի օր էլ օրը ցերեկով քույրը երբ ոչ մի ձայն չէր հանել ու երկար ժամանակ անշարժ գիրք կարդալիս էր եղել, հենց իր աչքի առաջ Աբելն ու կինը կորցրել էին ժամանակի առօրյա զգացողությունը, ցերեկը գիշերվա տեղ դնելով, մերկացել ու տրվել էին միմյանց: Քույրը դրանից հետո հաճախ էր սպասում գիշերվան. անթաքույց, բայց անձայն կանգնում էր նրանց անկողնու մոտ և կարոտով նայում սիրախաղի բոլոր մանրամասնությունները, ուր նրա խղճմտանքը ի չիք էր դառնում եղբոր զորեղության առաջ: Երբ քեզ չեն տեսնում, ավելի ազատ ես: Քրոջ աչքերի տարփանքն աչքը դուրս էր արել: Նրա հայացքը ոչ ոք սաստող չկար: Կույրերի հետ ապրելն էլ իր ազատությունն ուներ:

***
Ամուսնության երկրորդ տարում էր, որ կինը հայտնեց հղիության մասին: Աբելի ռունգերը միանգամից լցվեցին մանկան անուշ բույրով և աչքերը թացացան: Կինը չտեսավ, թե ինչ կատարվեց ամուսնու հոգում և ասաց, որ չի ուզում երեխան աշխարհ բերել: Կինը երկու պատճառ էր բերում: Առաջինն այն էր, որ վախենում էր, թե երեխան ևս կույր կծնվի: Այս պատճառաբանությունը Աբելը չհասկացավ: Մի պահ խաթարվեց նրա դեմքի անհասցե երջանկությունը. «Նա հիմա արգանդում է և երևի կույր է ինձ նման: Նա իմ երազանքներից բաժին ունի, նրան սպանելը նշանակում է սպանել իմ աշխարհը»: Կնոջ մյուս մտահոգությունն այն էր, թե ով պիտի խնամի իրենց զավակին, երբ իրենք կույր են: Աբելին այս պատճառաբանությունն էլ անհեթեթ թվաց. «Մեզ ո՞վ է խնամում: Ինչ-որ մեկը պետք է մեզ խնամի, ի վերջո: Դա մեր հոգսը չէ: Մենք պարտավոր չենք մեզ խնամողներին հոգ տանել»:

***
Երեխայի ծնունդը, ծնողներից զատ, հավասարապես ուրախություն և բերկրանք պարգևեց Աբելի քրոջը, որն իր չօգտագործած մայր լինելու բնազդը նվիրել էր մանկիկին: Բացի այդ, Աբելի քույրն այդ երեխային որոշ իմաստով իրենն էր համարում, չէ՞ որ աչքերով տեսանելի արարման ընթացքը միայն իրեն է հասու եղել: Ծնողների կույր լինելը երեխայի նկատմամբ ավելի մեծ ազատություն էր տալիս նրան: Նա երեխային ավելի շատ իրենն էր համարում, քան ծնողներինը:
Զվարթ հորաքույրը երեխայի քառասունքի նախօրյակին ցանկացավ ուրախացնել Աբելին ու կնոջը: Բոլոր մտահոգությունները զուր էին. մանկիկի հայացքն այլևս անորոշ չէր, նա անպայման տեսնում է, նա զանազանում է վառ ու երփներանգ իրերը:
Մայրն ուրախության մեջ էր և, լուրն իմանալով, հոգեթով կաթը, ասես, էլ ավելի առատությամբ շտապեց ջամբող կրծքերը:
Լուրը Աբելի դեմքին հասցեադրված մռայլ ամպեր կուտակեց, և որոտի նման մի քանի բառ դուրս պրծավ նրա բերանից. «Նա իմ որդին չէ: Նա լքեց իմ աշխարհը: Այն աշխարհը, որ ես էի կառուցել նրա համար, նա արհամարհեց»:
Այդուհետ նա խոսքը ևս ավելորդ համարեց և երբեք ոչնչի մասին չբարբառեց: Անդունդը լայնանում էր:
Նույն օրն իսկ, երբ մանկիկն ու մայրը քնած էին, իսկ այլ աշխարհից խռոված կույրը առանձնացել էր կնոջից, Աբելը շատ մոտիկ` իր անկողնում զգաց քրոջ մարմնի բույրը, անտես ձեռներով շոշափեց նրա թանձր իրանը և վայելեց իր աշխարհի ազատությունը:

4000 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>