Աշոտ Ստեփանյան/ Երևանյան հիվանդություն

Եվ նրանք ա­սին, թե մահ էլ չկա,
Մեռ­նում ես, կրկին հա­րութ­յուն առ­նում,
Ես հա­վա­տա­ցի, և մի պահ միայն
Ան­գո­յութ­յա­նը տվե­ցի կյանքս
Եվ այլևս ետ չվերս­տա­ցա։

Ռազ­միկ Դա­վո­յան

Պա­տե­րազմն այն ժա­մա­նակ է սկսվում, երբ շուրջդերկն­քին, ծա­ռին, ջրին, թռչու­նին ես նա­յում, այդ պա­հին ա­կա­նա­նե­տի բե­կո­րը տա­նում է գլխիդ կե­սը, բո­լո­րը եր­կին­քը, ծա­ռը, թռչու­նը, մար­դը, կո­ծող տա­նե­ցին գի­տեն, որ դու մե­ռել ես, բա­ցի քե­զա­նից` բո­լո­րը գի­տեն:

Լ­ևոն Խե­չո­յան

Թույ­լե­րը մեռ­նում են,
Թույ­լե­րը մեռ­նում են,
Թույ­լե­րը…

Հե­տա­գա քայ­լե­րը ան­հաս­կա­նա­լի են, ո­րով­հետև չգի­տեմ, թե ուր ես քայ­լում և­ ին­չու, բայց արդ­յոք քայ­լո՞ւմ ես… Գի­տեմ միայն, որ քայ­լե­րը բե­րում են հենց այն­տեղ, որ­տեղ դու ես կամ ես։ Օ­դից տե­ղա­փոխ­վող ման­րէ­նե­րը ո­չինչ չեն հու­շում քեզ-մեզ հետ կա­տար­վա­ծի մա­սին. ծու­խը արթ­նա­նում էր, բարձ­րա­նում օդ, տե­ղա­փոխ­վում. երբ­ևի­ցե չէիր տե­սել տե­ղա­հան­վող օդ, ո­րը, կարճ-կարճ դա­դար­նե­րով պա­րե­լով, բարձ­րա­նում էր եր­կինք ու ան­հաս­կա­նա­լի գա­հա­վի­ժում­նե­րով ան­հե­տա­նում։ Մենք կոր­չում ենք, ա­նէա­նում ծխի նման։ Մար­դը էդ­պի­սի տե­սակ է. մշտա­պես հե­ռա­նում է, չքա­նում սե­փա­կան ճա­կա­տագ­րի թե­լե­րից, ո­րոնց կտրում են, կամ հատ­վում է ինք­նի­րեն, ան­հե­տա­հա­յաց։ Մենք վե­րա­նում ենք երբ­ևէ հղկված օ­դա­պատ­րանք­նե­րից և չենք կա­րո­ղա­նում ծնել այն ա­մե­նը, ին­չը պետք է մեզ, որ արթ­նաց­նենք մեր ներք­նա­յին հաս­կա­ցութ­յու­նը և շա­րու­նա­կենք ապ­րել ու ա­րա­րել։ Ա­րա­րում ենք սե­փա­կան գա­ղա­փար­նե­րը ու­րիշ­նե­րի մեջ և չենք ձգտում կա­տա­րե­լութ­յան, ո­րով­հետև ա­նի­րա­կան է. կա­տա­րե­լութ­յու­նը հո­րին­վածք է և չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը, իսկ դրա­նից դուրս դու ան­հետա­նում ես, ինք­նա­մո­ռաց­վում սե­փա­կան գի­տակ­ցութ­յան խոր­խո­րա­տում…
Դեռ մտա­ծում ես մեր մա­սին… Եր­ևի մեր մա­սին մտա­ծե­լը միակ բանն է, որ կա­րող է հետ պա­հել ինձ-քեզ էս մո­լո­րա­կա­յին խաբ­կանք­նե­րից։ Մ­տա­ծել քո մա­սին նշա­նա­կում է ապ­րել, իսկ ապ­րել մենք շատ ենք սի­րում, դու՝ ա­ռա­վել ևս… Արթ­նա­նալ, արտ­ևա­նունք­ներդ քա­շել վեր, աչ­քիդ կլո­րա­կը ձգել, շնչել, նա­յել ա­ռաս­տա­ղին։ Բայց էս­տեղ ա­ռաս­տաղ չկա, էս­տեղ ո­չինչ չկա, որ հի­շեց­նի քեզ-ինձ։ Մ­տա­պատ­կեր­նե­րը դան­դաղ կտրտվում են ծխի ան­գո քու­լա­նե­րի հետ­ևում։ Հի­մա մե­կը կպցրեց ծխա­խո­տը` շուր­թե­րին հպած, ձեռ­քե­րի մեջ խա­ղաց­րեց կրա­կայ­րի­չը, նա­յեց, թար­թեց, նա­յեց, թար­թեց, նա­յեց… մինչև գլա­նա­կը հա­սավ ա­վար­տին, նա մա­հա­ցավ՝ բե­րա­նում մա­րե­լով սի­գա­րե­տը վեր­ջին։ Ու մի բան փոխ­վեց էդ ըն­թաց­քում. մար­դը բթա­ցավ, ու­ղե­ղի ո­լո­րան­նե­րում հայտն­վե­ցին նոր պատ­կեր­ներ. մի քա­ղա­քում ե­ղան հե­ղա­փո­խութ­յուն­ներ, մյու­սում ա­վարտ­վեց պա­տե­րազ­մը, էն մե­կում ո­չինչ չփոխ­վեց։ Փոխ­վե­լը ի սկզբա­նե է տրված­. ե­թե փոխ­վում է, ու­րեմն՝ ո­րոշ­ված գոր­ծո­ղութ­յուն է կամ վեր­ևից, կամ էլ, ով գի­տի, ներ­քևից. ընդ­հա­տա­կից հի­մա ա­վե­լի շատ են ձայ­նե­րը, քան ըն­դա­վե­րից. վեր­ևում լռութ­յուն է։ Էս մար­մի­նը շատ թույլ է, որ տա­նի մի ամ­բողջ գո­յութ­յուն կամ գի­տակ­ցութ­յուն։ Գի­տակ­ցութ­յունն էլ իր հեր­թին գոյ է, ե­թե գի­տակ­ցում ես ցա­վերդ, ու­րեմն՝ գո­յութ­յուն ու­նես… եր­ևի։
Մար­մին­նե­րը մե­նակ սի­րո ժա­մա­նակ են ի­րենց ճիշտ դրսևո­րում, մնա­ցած դեպ­քե­րում մենք ուղ­ղա­կի կրում ենք մեր ոս­կոր­նե­րի վրա էս ծան­րութ­յու­նը, ո­րը գնա­լով վե­րած­վում է փո­շու։ Մահն էլ մյուս­նե­րի հա­մար է ծան­րութ­յուն, ինչ­պես կյան­քը։ Կ­յան­քը կո­չել թեթև նույնն է, թե կրիա­յին հա­մո­զել, որ ին­քը ա­ռա­ջի­նը տեղ կհաս­նի առ­յու­ծի հետ վազ­քա­մար­տում, բայց կրիան մշտա­պես տեղ ու­նի իր պատ­յա­նում, իսկ դու քո տե­ղում դո­փում ես այն­քան, մինչև պատ­րաստ է լի­նում 3×4 չա­փի գե­րեզ­մա­նը։

Թույ­լե­րը մեռ­նում են,
Թույ­լե­րը չեն ծնվում,
Թույ­լե­րը…

Քայ­լե­լը ան­գո­յակց­ման հա­վեր­ժութ­յու­նը քո մեջ կրե­լու տան­ջանքն է­. ե­թե քայ­լում ես, ու­րեմն՝ տեղ ու­նես գնա­լու, ե­թե թա­փա­ռում ես փո­ղոց­նե­րով, որ­տեղ քեզ չեն ճա­նա­չում, ու­րեմն՝ հա­սել ես։ Թա­փառ­ման վրա կենտ­րո­նա­նա­լը քեզ մշտա­պես վա­նում է քո մտքե­րի դժո­խա­յին ար­տա­հոս­քից։ Երբ­ևէ ու­րախ չես զգում. ժպտում ես, բայց ժպի­տը ու­րա­խութ­յան հետ կապ չու­նի, այլ շղթայ­ված է ներ­սումդ կոծ­կած դևե­րի հետ, որ ան­դա­դար սկսում են կրծո­տել քո մար­մի­նը որ­դե­րի նման, իսկ դու ժպտում ես, որ հեշտ լի­նի, որ չվնա­սես դի­մա­ցի­նիդ, որ հա­յե­լու ար­տա­ցո­լան­քի մեջ նույն­պես շրթունք­նե­րի մկան­նե­րի վրա ներ­գոր­ծի ռեֆ­լեք­սա­յին հա­մա­կար­գը։
Արթ­նա­ցել ես, նա­յել ժա­մին, չխկչխկո­ցի ու գի­շե­րը բաց թո­ղած վան­նա­յի ջրի ձայ­նը կտկտաց­նում էր կի­սագն­դիդ կեղ­ևի մեջ. կար­ծես մե­կը ավ­տո­մա­տի ետ­ևի մա­սով հար­վա­ծում էր ծոծ­րա­կիդ։ Ո­րո­շել էիր չարթ­նա­նալ, որ չտա­նեին, բայց ար­տա­քին աշ­խար­հի ներ­գոր­ծութ­յու­նը զգում էիր ոտ­քիդ ծայ­րից մինչև մա­զե­րիդ ծայ­րի ո­լո­րան­նե­րով հո­սող գո­յիդ վրա։ Անց­նում էիր Կիև­յա­նով, ոս­տի­կան­նե­րի մի­ջով, լսում, թե ինչ էր կա­տար­վել. մե­կը նետ­վել էր, որ ա­մեն օր ինչ-որ մե­կը ընկ­նում էճա­նա­պարհ հար­թե­լով մյու­սի հա­մար: Դու էլ պետք է նետ­վեիր, բայց ուշ էր. քո ճա­նա­պար­հը վա­ղուց ո­րոշ­վել էր նա­խախ­նա­մութ­յան ձեռ­քով։ Եր­կու օր է՝ դե­գե­րում ես տա­փաս­տան­նե­րի մի­ջով, օ­դից ընկ­նող մա­հա­ցու անձրև­նե­րը թույլ են տա­լիս մտա­ծել ա­պա­գա­յիդ մա­սին, ո­րի հետ կապ­ված շատ պլան­ներ էիր հյու­սում։ Մ­տա­ծում ես, որ այս­պես քայ­լե­լով կհաս­նես Եվ­րո­պա կամ գե­րի կընկ­նես քո իսկ երկ­րի սահ­մա­նի մեր­ձա­կայ­քում. դու սահ­մա­նի գիծն էիր, սահ­մա­նի դա­տարկ ճռճռի­չը կամ մատ­նի­չը։ Եր­բեք չէի մտա­ծի, որ կհայտն­վես այս ա­մա­յի տա­րած­քում ու կփնտրես մարդ­կա­յին շունչ, գո­նե մեկ, գո­նե շնչող. հևող­նե­րից փա­խել ես, ետ չես նա­յել, թե ոնց է եր­կիրդ այր­վում կրակ­նե­րի մեջ։ Ոտ­քե­րիդ տա­կի հո­ղը այն­քան ես կուլ տվել, որ ճա­նա­չում ես նրա մի­ջի բո­լոր բջիջ­նե­րին, գի­տես՝ ինչ դառ­նութ­յուն ու­նի, ինչ տրա­մա­չա­փի քա­րեր կա­րող են ընկ­նել ա­տա­միդ տակ, երբ ծա­մում ես, ինչ խո­նա­վութ­յուն ու­նի: Արդ­յոք խո­նա­վութ­յու­նը ամ­պե­րից սվսվա­լեն իջ­նող ար­յան կա­թիլ չէ՞, որ դու համ­տե­սել ես քո լեզ­վի նուրբ ռե­ցեպ­տոր­նե­րով և­ եր­բեք չես մո­ռա­նա… կամ կմո­ռա­նաս շու­տով, շատ շու­տով։ Մեռ­նե­լու պա­հին տղեր­քը հաց էին ծա­մում, մի քիչ ցե­խոտ, հա­զար կի­լո­մետր ան­ցած փշրանք­ներ։ Թ­քի հետ միա­խառն­վե­լու ըն­թաց­քում վեր­ևից քա­րա­կույտ ըն­կավ. չգի­տեմ՝ Աստ­վա՞ծ էր արդ­յոք, թե՞՝ ոչ, բայց հի­մա նրանց մար­մին­ներն ան­շունչ պառ­կած են սա­ռը սե­ղա­նին բե­րան­նե­րի մեջ եր­կու կա­թիլ փշրանք, որ կշտա­նա­լու ու չմեռ­նե­լու հա­մար էր նա­խա­տես­ված։

Թույ­լե­րը մո­ռաց­վում են,
Թույ­լե­րին չեն հի­շում…

«Ան­գամ մո­ռա­ցութ­յու­նը քեզ չի փրկի». հի­շում ես Պաչ­յա­նի «Ց­տե­սութ­յուն Ծիտ» վե­պի վեր­ջին տո­ղե­րը։ «Իսկ մո­ռա­ցութ­յու­նը ի՛նձ կփրկի». հա­կա­փաս­տարկ ես բե­րում ինձ-­Պաչ­յա­նին, «փրկվե­լը ար­դեն մո­ռա­ցութ­յուն է».­ ինքդ քեզ ես հա­մո­զում։ «Փրկ­վում են մո­ռաց­ված­նե­րը». սկ­սում ես հա­կա­սել, «փրկվում են, բայց չեն փրկվում».­ ընկ­նում ես նոն­սեն­սի մեջ։ Խար­խա­փում­նե­րով քայ­լում ես, հի­շում հի­վան­դա­նո­ցը, ո­րի մի դռնից մար­դիկ էին դուրս գա­լիս, մյու­սիցչմար­դիկ քեզ նման, սպի­տակ խա­լաթ­նե­րով, ծակծկ­ված վեր­քե­րով ու մոր­ֆիա­ցավ կպած։ Հ­ևում ես, որ չես կա­րող ո­չինչ փո­խել, շրջա­փու­լի մեջ ես ըն­կել և­ ան­դա­դար նույն տե­ղում ես հայտն­վում, իսկ հայտն­վե­լը տեղ հաս­նել չէոնց նա­խա­պես ա­սա­ցիր։ Սկզբում ե­րի­կամ­ներդ էին ցա­վում ան­տա­նե­լի սուր ծա­կոց­նե­րով, հե­տո ցա­վը տե­ղա­փոխ­վում էր, ռեին­կար­նա­ցիա­յի են­թարկ­վում մարմ­նիդ մեջ, կլո­րա­նում, ուռ­չում, ա­նէա­նում, կար­ծես չէր էլ ե­ղել։ Հե­տո բժիշկ­նե­րը չէին հաս­կա­նում, այ­նու­հետև լու­սա­վոր­վե­ցին. ինքդ ցա­վից ես ստեղծ­ված, էդ պա­պա­կան վեր­քեր են, որ դնում են ներ­սումդ մինչև ծնվե­լը։ Գե­նե­րով է գա­լիս՝ ըստ բժիշկ­նե­րի, բայց էդ գե­նը չի միայն, էս մի ամ­բող­ջա­կան ցավ է, ո­րը դա­րեր շա­րու­նակ կծկվել է մարդ­կանց ներ­սում, իսկ հի­մա փո­խանց­վել քեզ, որ դու տա­նես էդ ա­մե­նը, որ ինքդ զգաս, թե քա­նի դար ենք եր­կուն­քի մեջ, որ հաս­կա­նասցա­վը էս աշ­խար­հում ծնվելն էր։ Հեր­թում կանգ­նած ես, սպա­սում ես, որ շարքդ գա, անց­նես, չի գա­լիս… Նա­յում են աչ­քե­րիդ ա­նոթ­նե­րին, նա­յում ես բի­բե­րին, նա­յում են օր­գան­նե­րիդ, նա­յում ես բի­բե­րին մե­ծա­ցած ու կլո­րա­ցած, սա­ռը ձեռ­քե­րը՝ ա­սես կատ­վի մա­գիլ­ներ, մտցնում են մարմ­նիդ մեջ, շո­շա­փում օր­գան-հա­մա­կար­գերդ, բջիջ­ներդ, հաշ­վում նյար­դերդ, կպչում սրտիդ, իջ­նում ե­րի­կա­միդ մոտ, ա­ղիք­ներդ փա­թա­թում ձեռ­քե­րին, վե­րու­վար ա­նում առ­նան­դամդ, բարձ­րա­նում մինչև ու­ղե­ղիդ ծալ­քե­րը, տակ­նուվ­րա ա­նում, խառ­նում-խառնշ­տում, հա­յաց­քիդ ար­տա­ցո­լան­քի մեջ դա­տար­կութ­յուն են նե­րար­կում, մի քա­նի դեղ են տա­լիս, որ հանձն­վե­լու ժա­մա­նակ կծես, չխո­սես, հե­տո հա­վա­քում են լե­գո­յի նման, նա­յում են ակ­նա­բի­բե­րիդ, ա­սումա­ռողջ ես։ Ճմռթ­ված դեմ­քով քո ճլո­րած հա­յաց­քը պե­չա­տում են կար­միր ծո­ցա­տետ­րի մեջ, դուրս ես գա­լիս հի­վան­դա­նո­ցից քեզ դա­տարկ տոպ­րակ զգա­լով. քա­մին քշում է մեկ էս կողմ, մեկ էն կողմ։
Գ­նում ես ետ, ինչ­քան կա­րող ես, մինչև ծա­ռի ար­մատ­նե­րի մեջ մտնելդ, մինչև մորդ պոր­տա­լա­րի հետ խա­ղալդ։ Ոտ­քիցդ բռնում են, քա­շում, քաշք­շում, հար­վա­ծում ես բժշկին, ո­րով­հետև քո տնից են քեզ գո­ղա­նում, քո աշ­խար­հի սկզբնա­վոր­ման կե­տից, մո­լո­րա­կի կազ­մա­վոր­ման ան­դուն­դից, կյան­քիդ թե­լը պո­կում են աչ­քիդ դե­մը, նա­յում դեմ­քիդ, հռհռում… Բե­րանդ փնտրում է մորդ կուրծ­քը (ա­ռա­ջին հպումն է լի­նում շուր­թե­րի ու կրծքի), սկսում ես ծծել մորդ տա­րի­նե­րը փոքր վամ­պի­րի նման, սեղ­մում ես ստին­քը, մայրդ տնքում է, հե­տո սեղ­մում ես սի­րե­լիիդ կուրծ­քը, բե­րա­նիդ մեջ առ­նում կարմ­րած պտու­կը, կծո­տում-թքո­տում ես, փոր­ձում ես մե­խա­նի­կա­կան շար­ժում­նե­րով նո­րից կյանք կոր­զել, ձեռ­քերդ ի­ջեց­նում ես դե­պի աշ­խար­հի սկզբնա­վոր­ման հատ­վա­ծը, դիպ­չում ես խառ­նա­րա­նին. տաք է մորդ ար­գան­դի ներ­սում գտնվե­լու նման, Աստ­ծո՝ ձեռ­քե­րը շփե­լով տա­քաց­նե­լով աշ­խար­հը գո­յաց­նե­լու նման։ Դիպ­չում ես տա­քութ­յան բնօր­րա­նին, համր գետ է հո­սումչգի­տի՝ ուր, գի­տի միայն, որ չո­րա­նա­լու է մատ­նե­րիդ վրա։ Շար­ժում ես կենտ­րո­նը, գտնում գաղտ­նա­խոր­շը, ներծծ­վում։ Փնտ­րում ես ե­րե­խա­յի, քեզ ես փոր­ձում գտնել ըն­կե­րու­հուդ ներքև­նե­րում, շուր­թերդ պո­կում ես կրծքե­րից, սո­ղա­լով իջ­նում ես, ինչ­պես օ­ձը կսո­ղար լեռ­նե­րից դե­պի գե­տը, սլա­նում ես, տա­քա­նում, կրակ­ներ են դուրս ժայթ­քում հպում­նե­րից, հե­թե­թում եք, գե­տի հո­սան­քին հա­կա­ռակ լո­ղում։ Միմ­յանց կապկպ­ված դողդ­ղա­ցող շուր­թեր, փակ­ված աչ­քեր, ջրա­կա­յուն մար­մին­ներ, պա­րող մար­մին­ներ կրակ­նե­րի մեջ։ Նո­րից ծնվել քո մեջ, նո­րից լի­նել քո սկզբնա­վոր­ման ծի­լը, նո­րից ծծել քո կյան­քի ծա­ռը, դառ­նալ ներ­սումդ պա­տու­հան չբաց­վող, չլու­սա­վոր­վող։ Չ­թող­նես մտնեն, չթող­նես դուրս գան, փակ­վես, կողպ­վես։ Ձեռ­քերդ ա­վե­լա­նում ենՇի­վա­յի նման, գրկում աղջ­կան, սեղ­մում-սեղմռ­տում, մա­զե­րը քա­շում, պտուկ­նե­րը կտրում, հեշ­տո­ցը ճղում, հե­տանց­քից ձեռ­քեր են մտնում, Աստ­ծուն են փնտրում, որ էս շրջա­փու­լը կանգ­նեց­նի. չկա, չկա Աստ­ված, մար­դու մեջ չէ, դա­տար­կութ­յան մեջ է կամ դա­տար­կութ­յու­նը՝ նրա։ Ձեռ­քերդ բռնել են, քո իսկ ձեռ­քե­րը. եր­կար, ար­նա­նման հետ­քե­րը կաթկ­թում են ներքև, գլուխն է եր­ևում փոք­րիկ, ան­մազ, հե­տո է­լի գլուխ, հե­տո է­լի, է­լի, է­լի, է­լի, է­լի, է­լի…

Թույ­լե­րը հոգ­նում են,
Թույ­լե­րը չեն ձգում,
Թույ­լե­րը…

Ջու­րը հանգս­տաց­նում է. կանգ­նած ես ցնցու­ղի տակ, կո­պերդ ծան­րա­ցած են, գո­լոր­շին պա­տում է շուրջ­բո­լորդ մաք­րե­լով վրա­յիդ ցե­խը, ար­յու­նը, ար­ցունք­նե­րը։ Ծոծ­րա­կիդ հպում ես զգում. նուրբ շուր­թե­րով կծո­տում է ող­նա­շարդ, իջ­նում ներքև ջրա­ցո­ղի նման, աշ­խար­հը փոք­րա­նում է լո­գա­րա­նի մեջ, ջրի հեշ­տան­քը ամ­բող­ջո­վին պա­տում է մար­մինդ, հա­լեց­նում, ան­րակ­նե­րիդ վրա­յով սա­հում ներքև, վե­րած­վում ե­րե­խա­նե­րի։ Լո­գա­րա­նում քեզ հա­սուն ես զգում, որ ա­ռա­ջին ան­գամ, ա­ռանց մոր ու­ղեկ­ցութ­յան, մտավ լո­ղա­նա­լու, հա­սու­նութ­յան ա­ռա­ջին քայ­լե­րը՝ ա­ռա­ջին ան­գամ առ­նան­դա­միդ կա­շին այս ու այն կողմ ա­նե­լու նման…

Հա­ճե­լի է մեջ­քով զգալ այս ա­մե­նը. տիե­զեր­քը փոք­րա­նում է լո­գա­րա­նիդ մեջ, դու լո­ղում ես վեր­հի­շե­լով քեզ, մատ­ներդ սա­հում են գե­տի հո­սան­քի վրա­յով, աչ­քերդ բա­ցում ես` գե­տը ար­յու­նով է լցված, հա­գուստ­նե­րով դա­տարկ, տես­նում ես՝ կար­միր լու­սի­նը նա­յում է քեզ, նա­յում եք ի­րար, խմում ես գե­տից, կա­թիլ­նե­րը քսում ծոծ­րա­կիդ։

-Հա­ճե­լի էր, ին­չո՞ւ վե­րա­դար­ձա, ի՞նչ եք ու­զում, ո՞ւր եմ ես,- կրկնում ես,- թույլ եմ:
Թույ­լե­րը մեռ­նում են, ցա­վե­րը հա­վաք­վում են կողքդկլոր, բազ­մա­շերտ, գլխի­վայր, մո­տե­նում, համ­բու­րում շուրթդ, հա­նում ծան­րա­ցած մաշկդ, ճա­կա­տիցդ ծակ է եր­ևում, մատ­նե­րը մտցնում են կաշ­վիդ մեջ, սկսում են քեզ ար­ձա­կել, մաշկդ սլա­ցիկ սա­հում է ջրի մեջ, գե­տի հո­սան­քով գնում ես ար­յան և ճան­ճե­րի մաս­նակ­ցութ­յամբ, ցա­վերդ կանգ­նել են գլխիդ, հեծ­նում են քեզ։ Ուր եմ գնում՝ չգի­տեմ, միայն գի­տեմ, որ ուր գնում եմ, դու ես, որ­տեղ ու­զում եմ վե­րա­դառ­նալ, դու այն­տեղ ես լի­նում։ Հետ եմ գա­լիս գլխի­վայր կախ­ված իմ գո­յութ­յան թե­լե­րից, հետ եմ գա­լիս, որ դռնե­դուռ ընկ­նեմ` վե­րաց­նե­լու ցա­վերս։
Լո­գա­րա­նից դուրս ես գա­լիս, մտնում զու­գա­րան, ան­դամդ հա­նել, մի­զում ես, կայ­ծա­կի նման մե­կը զար­կում է քեզ, ընկ­նում, սկսում ես թպրտալ, ան­վերջ ցնցվում ես, լե­զուդ կուլ է գնում, աչ­քերդ ներս են մտնում, սկսում պտտվել, ոնց մո­լո­րակն է պտտվում ար­ևի շուրջ։ Մի­գու­ցե դեղն էր, որ խմե­ցիր, որ ո­չինչ չպատ­մես, մի­գու­ցե ես հի­մա այս­տեղ չեմ ու քայ­լում եմ մեկ այլ վայ­րով, որ­տեղ բո­լորն են քայ­լում։
Դու­ռը բաց­վում է, գլխի­վայր ըն­կել ես, կարճ-կարճ սեթ­ևե­թում ես, մե­կը քա­շում է ոտ­քիցդ, դուրս հա­նում։

-Ծա՜նր ես,- գո­ռում է տղեն,- մեկդ օգ­նեք։
­Մի հա­նի՝ պա­տաս­խա­նում ես՝ հո­գե­վար­քի մեջ թպրտա­լով, ոտ­քով խփում մեջ­տե­ղում դրած եր­կա­թին, եր­կա­թը դի­մա­ցիդ տղու ոտ­քի մաշկն է քեր­թում, մար­դիկ հա­վաք­վում են, վա­խե­ցած նա­յում, հար­ցեր տա­լիս.

-Ո՞վ ես։

-Ի՞նչ ես ա­նում այս­տեղ։

-Ընդ­հա­նուր զու­գա­րա­նում լո­ղում էի,- պա­տաս­խա­նում ես ու խնդմնդում,- ես լո­ղորդ եմ։
Դուրս ես փախ­չում՝ աչ­քերդ և բե­րա­նիցդ հոր­ձած հե­ղու­կը թող­նե­լով գետ­նին։

Ձեռ­քումդ նռնակ է՝ հորդ բե­րած պայ­թու­ցի­կը։ Վերց­րել ես ու վա­զում ես, ձեր դռան դի­մաց մար­դիկ են սպա­սում, որ մե­կը ներ­սի կող­մից թպրտա, և ն­րանք սկսեն կոտ­րել դու­ռը մեծ եղ­բորդ պարտ­քե­րի պատ­ճա­ռով, որ հա­վա­քել է գլխին. հայրդ եր­ևի հենց էս պա­հի հա­մար էր գո­ղա­ցել էդ նռնա­կը։ Ա­ռա­ջին ան­գամ գնաց, մի եղ­բո­րը փրկեց պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, երկ­րորդ ան­գամ՝ մյու­սին, հե­տո նրան մի մե­դալ տվին, ա­սին էդ էլ է շատ, իսկ դու ա­մե­նա­փոքր տղեն էիր ցա­վե­րով պա­րուր­ված, որ գնա­ցիր այդ քայ­լին, ռում­բը վերց­րիր ընդ­հա­տա­կից ու վա­զում ես, էլ չես քայ­լում, ու­զում ես պայ­թեց­նել քո ըն­տա­նի­քի հանգս­տութ­յու­նը խան­գա­րող­նե­րին… Քա­շե­ցիր օ­ղա­կը պինդ սեղ­մե­լով ա­փե­րիդ մեջ, նե­տե­ցիր, բայց այն դի­պավ թշնա­մուն. կտոր­տանք­նե­րը ճախ­րե­ցին ա­նա­պա­տա­յին սա­մում­նե­րի ա­րան­քում և պտ­տա­հող­մի վե­րած­ված՝ ի­ջան ներքև, որ­տեղ եր­կու հո­գի մարտն­չում էին մեկ մեջք մեջ­քի տված, մեկ էլ՝ դեմ առ դեմ ի­րար փրթե­լով, հա­լա­ծե­լով, ան­դա­դար պա­տե­րազ­մում էին, նո­րից վե­րածն­վում։ Վի­շա­պա­քաղն էիր, ին­քը՝ վի­շա­պը, հե­տո փոխ­վում էիք տե­ղե­րով, ին­քը անգղ էր, դու՝ քա­րին գամ­ված Պ­րո­մեթև­սը, ո­րի լյար­դը ան­դա­դար կրծո­տում էին, որն ան­դա­դար մեռ­նում էր ու հա­րութ­յուն առ­նում։

Մեր կյան­քը մշտա­պես վազք է, վազք ինք­ներս մեզ­նից դե­պի մեզ կամ էլ հե­ռու, հե­ռո՜ւ, որ չզգանք, որ միայ­նակ ենք, որ փոր­ձենք ա­մեն ինչ. օ­ղիով ո­ղո­ղենք մեր ներ­սը, ա­փիո­նով լցնենք մեր խոր­շե­րը, խա­բենք մեր գի­տակ­ցութ­յա­նը, որ այս­պես չէ, այն­պես է, այս­պես չպետք է լի­նի։ Կ­յան­քը էդ վազ­քա­մար­տում ես տես­նում, քո տա­րի­նե­րը պայ­քա­րի յու­րա­հա­տուկ տե­սակ են ընկ­նել-ընկր­կե­լով, ա­ռանց վերև նա­յե­լու, կա­պանք­նե­րով, ու­ղե­ղի ծա­լա­պա­կաս խա­ղե­րով, որ հի­մա քեզ հետ է կա­տար­վում, երբ քայ­լում ես, երբ մա­շեց­նում ես ոտ­քերդ ա­նա­պա­տի ա­վազ­նե­րի մեջ և խոր­տակ­վում, ինչ­պես ար­յունն է կուլ գնում տաք ա­պար­նե­րին։ «Ե՞րբ տե­ղի ու­նե­ցավ այս ա­մե­նը»՝ հարց ես տա­լիս ինքդ քեզ ետ նա­յե­լով ու ո­չինչ չտես­նե­լով։
Մ­շու­շա­խա­ռը այս պատ­մութ­յու­նը հետ­ևում է քեզ քո կյան­քի ըն­թաց­քում, ոտ­քերդ ուռց­նում է, թո­քերդ՝ մա­շեց­նում։ Այն­քան են խո­րա­ցել այդ մաս­նի­կա­յին ցա­վե­րը, որ զգում ես, թե ինչ­պես է հո­գիդ ծակծկ­ված զին­վո­րի մարմ­նի վե­րած­վել, որ էս ա­մե­նը սխալ էր, որ չպետք է լի­ներ։ Ըն­կեր­նե­րիդ կտոր­տանք­նե­րը կա­պել ես մարմ­նիդ, հա­վաք­վել, քայ­լում ես սկզբից ձախ, հե­տո՝ աջ, ձախ, աջ. Աստ­ծո նման, երբ ո­րո­շեց, որ պետք է քայ­լի, և­ էդ ըն­թաց­քում ե­կավ էն միտ­քը, էն պարզ միտ­քը` ստեղ­ծե­լու ինձ-քեզ նման ար­նա­խու­մի։ Ս­տեղ­ծեց, իսկ էդ ար­նա­խում­նե­րը ի­րե­նից էլ քա­շե­ցին ամ­բողջ հյու­թը, ծծե­ցին, ինչ­պես սո­ված շան ձագն է ծծում մի քա­նի հա­վեր­ժութ­յուն բա­ցա­կա­յած մոր կուրծ­քը։

«Ին­չը ա­զա­տում է մեզ ինք­ներս մեզ­նից, մենք ենք» գրում եմ, ա­րագ գրում եմ տետ­րի մեջ, որ չմո­ռա­նամ։ Ին­չը ա­զա­տում է քեզ, հի­մա քայ­լում է քեզ հետ. ստվերդ է, որ թաքն­վել է, որ քեզ միշտ հետ­ևում է, հար­ցա­խեղդ ա­նում, թե ին­չու ես դու հի­մա թա­փա­ռում, ին­չու ճա­նա­պար­հը չես գտնում։ Ոչ մի է­մո­ցիա չկա դեմ­քիդ, միայն ջրի պա­կաս, մի փոքր էլ՝ հա­ցի փշրան­քի։ Լեռ­նե­րի վրա­յով բարձ­րա­նում ես, հե­տո ա­վե­լի մեծ սար է դեմ դի­մացդ կանգ­նում հպարտ, ոնց դու հպարտ կանգ­նե­ցիր բժշկի մոտ ու ա­սա­ցիրես խնդիր չու­նեմ, հան­գիստ տա­րեք։ Հի­մա սա­րե­րի հետ գգվում եք, դու զո­հա­բեր­վում ես դան­դաղ գամ­վե­լով գետ­նին։ Կան­չում են, դա­դա­րում ես շնչել, ընկ­նում ես ու նա­յում երկն­քին, կո­պերդ ծան­րա­նում են, կա­պույտ եր­կին­քը տար­տամ հոգ­նութ­յուն է տա­լիս աչ­քե­րիդ, թար­թում ես, սևա­նում է. մի փոքր կու­րա­ցել ես, մի փոքր ցա­վում է, մի փոքր այն չես, ինչ սկզբում էիր։ Ծան­րա­ցել ես, զբո­սան­քի ու­նակ չես, ու­նակ չես ոչն­չի։
Ճա­նա­պարհ­նե­րը ոչ մի տեղ էլ չեն տա­նում, նրանք կոր­չում են, խոր­տակ­վում խո­ռոչ­նե­րի մեջ։ Գի­տակ­ցութ­յան խոր­խո­րատ­ներ, որ կաթկ­թում են կի­սատ­ված մարմ­նիդ, կի­սատ­ված կյան­քիդ վրա։ Հի­շո­ղութ­յանդ մթագ­նում­նե­րը, կիս­ված ժա­մա­նա­կի թե­լե­րով, հո­սում են ներ­սումդ.­ մեկ վեր­ևից ձայ­ներ ես լսում, մեկ ներ­ք­ևից հո­գոց­ներ, որ արթ­նաց­նում են, լա­րում են հո­գիդ, ձգում մկան­ներդ, վե­րա­կեն­դա­նաց­նում բջիջ­ներդ։ Ն­րանք շարժ­վում են մի քիչ դան­դաղ, մի քիչ հոգ­նած։ Աշ­խար­հը գո­յա­նում է քո պատ­կե­րա­ցում­նե­րի ներ­սում, կտրտված ու­ղե­ղա­հոս­քե­րը սա­հում են, կպչուն մտքե­րի կծիկ ա­ռա­ջաց­նում, վե­րու­վար ա­նում ձեռ­քերդ։ Դու նա­յում ես երկն­քին սև, ա­նամպ, անկ­յանք. թռչուն­նե­րը չկան, հե­րո­սա­ցել են, որ տե­սել են դե­գե­րում­ներդ, որ տե­սել են կյան­քիցդ կտրված էս հատ­վա­ծը, հատ­վա­ծա­շաղ մագլ­ցելդ ծա­ռի բնից, վեր­ծա­նել ժա­մա­նա­կին չզգա­ցածդ, չտե­սածդ…
Նու­ռը ճզմում ես ա­փե­րիդ մեջ, հա­տիկ-հա­տիկ դուրս հա­նում ներ­սի կարմ­րութ­յու­նը. ա­ռա­վո­տից բան չէիր կե­րել, ու մի հատ նուռն էր, որ բա­ցեց ա­խոր­ժակդ։ Մե­կա­կան ընկ­նում են ա­տա­միդ տակ, ծա­մում ես. կող­քից նա­յե­լով՝ կա­սեն մե­կի ար­յունն ես խմել, հետ­քը մնա­ցել է շուր­թե­րիդ. կող­քից միշտ էլ պատ­կե­րը այլ է։ Նուռ ու­տե­լը ար­վեստ է մտա­ծում ես ա­մեն ան­գամ բե­րանդ քաղց­րաց­նե­լով։ 112, 115, 158. ա­սում են, թե նռան մեջ 365 հա­տիկ կա, բայց հի­մա հա­սել ես 222-ին, իսկ նու­ռը վեր­ջա­նում է. մեզ խա­բել են, քեզ խա­բել են, որ նու­ռը կյան­քի սկիզբ կա­րող է լի­նել, որ ա­մեն քայ­լով ու մի հա­տիկ նուռ ծա­մե­լով կհաս­նես, որ հաս­նում ես։ Կեղ­ևը նե­տում ես գետ­նին, ա­վազ­նե­րը ներծ­ծում են նրան։ Աջ թշով հեն­վել ես հո­ղին. նյարդն ես փոր­ձում շո­շա­փել, հաս­կա­նալ, թե որ­տե­ղից են ոտ­նա­ձայ­նե­րը գա­լիս, որ­տեղ են տրա­քոց-գմփոց­նե­րը հնչում։ Մատ­ներդ խո­թում ես փխրուն ա­պա­րի մեջ. հի­շում ես ոնց որ Ս­ևա­նի ա­վազ­նե­րը լի­նեն տաք, ու­զում ես թաղ­վել նրանց ներ­սում, որ ո­չինչ չզգաս, որ ոչ մի կողմ չքայ­լես, որ չտես­նես, որ չմտա­ծես, որ չխո­սես, որ չհե­կե­կաս ցա­վե­րից. մի պահ թվում է, թե մո­ռա­նում ես աշ­խար­հի մա­սին, ըն­տա­նի­քի, ըն­կեր­նե­րի, որ մնա­ցին սահ­մա­նի ու­ղիղ կենտ­րո­նում, մի պահ ու­զում ես դառ­նալ ա­վազ` հո­սող, մաշ­կա­գույն, փո­փոխ­վող-կոր­չող, ըն­դեր­քա­յին, որ չլի­նես, ուղ­ղա­կի չլի­նես։

Մար­մինդ դուրս է ել­նում, բարձ­րա­նում մի փոքր վերև ու հո­սում՝ օ­դում գա­լար­վե­լով։ Դեմ դի­մա­ցովդ մար­դիկ են ճախ­րում, չես կա­րո­ղա­նում շարժ­վել, գո­ռում են Սա­լամ ա­լեյ­կում, ա­շոտ, պա­տաս­խա­նում ես աս Սալ­յամ, ան­ծա­նոթ. թե որ­տե­ղի՞ց գի­տես՝ ոնց պետք է պա­տաս­խա­նել։ Ն­րանք քո դեմքն ու­նեն. քո աչ­քե­րից, քո մարմ­նից, նույն մա­սե­րից, մա­զե­րից, քրտին­քի հո­տից, ար­յան հո­տից, ա­վի­շից, վառ­ված ուն­քու­մա­զար­մատ­նե­րից… Ն­րանք էլ հո­սում են օ­դում այլ ուղ­ղութ­յամբ, գնում են, «եր­ևի վե­րա­դառ­նում են քեզ նման» մտա­ծում ես։ Ան­հաս­կա­նա­լի է, ա­մեն ինչ այն չէ, ա­մեն ինչ սխալ է, ճեղ­քում ես օ­դը, մի պահ մի տեղ հանգր­վա­նում, ու­զում ես ծխել, բայց ծխել չես սի­րում, հի­մա կծխեիր, բայց չես սի­րում, սի­գա­րետ են դնում բե­րանդ, կպցնում, քա­շում ես, գլա­նա­կը մի ներ­քա­շե­լուց ա­վարտ­վում է, մի հատ էլ են դնում, քա­շում ես, մի հատ էլ. ու­ղեղդ լցվում է ծխով, էլ չես ու­զում, բայց ա­վե­լա­նում է պետք է ծխես, որ ապ­րես, ա­հա­հահ­հա­հա, ծխե­լը ապ­րե­լու դի­մաց կամ ապ­րե­լը՝ ծխե­լու, մի հատ էլ, մի հատ էլ… Հա­վաք­վում են ըն­կեր­ներդ կողքդ, նրանք էլ են ծխում, մի մեծ «կու­րիլ­կա» է դառ­նում ոտ­քե­րի տակ ըն­դար­ձակ­ված, օ­դում գլա­նակ­նե­րի տես­քով, բայց բի­չոկ­ներն էլ եք ծխում, ծխում եք, որ ցա­վի դեմ մարտն­չեք, ծխում եք, որ մո­ռա­նաք, որ հետ չգնաք։ Քեզ վերց­նում են, մշտար­թուն դիրքդ կոտր­վում է, տա­նում են թե­քած, ա­կանջ­նե­րիդ մեջ ե­րաժշ­տութ­յան փո­խա­րեն ինչ-որ պայթ­յուն­ներ են զրնգում, հասց­նում են փո­րած հո­ղի մոտ. նման է բի­չո­կի թաղ­ման հա­մար նա­խա­տես­ված գե­րեզ­մա­նին, երբ դու դի­մա­ցից բռնել էիր Բի­չո­կի նկա­րը, իսկ տղեր­քը քայլ առ քայլ գա­լիս էին, որ թա­ղեին։ Հի­մա Բի­չո­կի տե­ղը Քեզ կնե­տեն հո­ղի մեջ, վրադ մի քա­նի ծխած սի­գա­րետ կշպրտեն, կմի­զեն, շան նման ոտ­քե­րը կքսեն ա­վա­զին, հո­ղը կլցնեն, կգնան։ Աչ­քերդ բաց՝ չես հաս­կա­նա՝ ինչ է կա­տար­վում, ուր բե­րե­ցին քեզ քայ­լե­րը, քո ու­ղե­ղի ծալ­քե­րը։ Անց­նում է օր, մի քա­նի օր, շատ-շատ օ­րեր, որ ուղ­ղա­կի հո­սում են հո­ղի տակ, ձեռ­քերդ պար­զում ես մթութ­յա­նը, ինչ­քան ձգում ես, այն ա­վե­լի է եր­կա­րում, ընկր­կում ես, ձգում ես ու­ղե­ղիդ ծալ­քե­րը, որ դուրս գաս, մթութ­յու­նը պա­տում է քեզ, հո­ղը ծա­մում ես, թքում, է­լի ար­յան համ առ­նում, մարմ­նիցդ դուրս են գա­լիս որ­դե­րը, մար­մինդ վա­ղուց քեզ մոտ չի, ուղ­ղա­կի մտա­պատ­կերդ է, որ ո­ղո­ղել է քեզ, որ ան­դա­դար պետք է քայ­լես, որ հաս­նես, որ քայ­լե­րը կբե­րեն քեզ այն­տեղ, որ­տեղ դու ես, որ­տեղ քո մար­մինն է։

Մ­շու­շա­շա­պատ քա­ղաք, մա­ռա­խու­ղի մի­ջից ծիկ­րա­կող հո­գի­ներ, անձրև-ար­յուն, ճիչ-գոչ­յուն համ­րա­ցած, ամ­պեր կապ­տաս­ևա­ցած, ու­ղի ձգված-հոգ­նած-ջարդ­ված, դեմ­քեր տպված քա­րե­րին, նի­հար ա­նոթ­ներ, քանդ­ված խո­րան-խա­րան, կի­սա­քանդ շեն­քեր, մեջ­քը ծռված շի­նութ­յուն­ներ, ավ­տո­բուս­ներ գլխի­վայր շուռ ե­կած, ցայ­տաղբ­յուր­ներ սա­ռած-ան­շար­ժա­ցած, աս­ֆալ­տը ճաքճ­քած-կնճռոտ­ված հար­յու­րամ­յա կնոջ դեմ­քի պես, ծալ­քա­վո­րում­նե­րի մեջ ալ-կար­միր լու­սար­ձա­կում­ներ։ Մ­շու­շից դուրս ե­կող կի­սա­մարմ­նով կեն­դա­նի­ներ ոտ­քե­րը կոտր­ված, աչ­քե­րը սպի­տա­կած, բե­րա­նից հո­սող կա­նաչ-կապ­տա­վուն լորձ, գե­րեզ­ման­ներ բաց­ված, շար­ժան­կար­նե­րով, ոտ­նա­հետ­քեր այլ, քա­ղաք գլխի­վայր շուռ ե­կած, սու­պեր­մար­կետ­ներ փակ­ված, գա­զալ­ցա­կա­յան­ներ տրա­քած։ Քա­ղա­քը մշու­շի մի­ջից, օ­դի շաչ­յու­նով, կի­սատ­ված պատ­կեր­նե­րով ներ­խու­ժում է քո ներս, վեր հա­նում հի­շո­ղութ­յունդ, դպրոցդ, ման­կա­պար­տեզդ, ա­ռա­ջին համ­բույրդ, ցա­վերդ, հորդ ու մորդ, քրոջդ, ո­րի մա­սին ինչ­քան ժա­մա­նակ է տե­ղե­կութ­յուն չու­նես։ Ա­բով­յա­նի ար­ձա­նի (Պ­լա­նի գլուխ) մոտ կանգ­նած ես, իջ­նում ես, ձա­խից բժշկա­կանն է դռնե­րը կող­պած, մոր­գի մե­քե­նա­նե­րը ի­րար վրա դարս­ված, լու­սա­կիր­նե­րը ոչ հան­գում են, ոչ էլ՝ վառ­վում։ Ա­բով­յան փո­ղո­ցով քայ­լում ես փսփսոց­ներ լսե­լով, մա­ռա­խու­ղը պա­տել է քա­ղաքդ, Ա­բով­յա­նի ե­կե­ղե­ցին չկա, «եր­ևի տե­ղա­փո­խել են» մտա­ծում ես, բայց ցա­վում է։ Երբ շատ ես մտա­ծում, ցավն է սկսում հո­սել Եր­ևա­նի մայ­թե­րով։ Սա­յաթ-­Նո­վա, Ա­նի հյու­րա­նոց` ա­վե­րակ­ներ, ա­վե­րա­կա­ծին ստվեր­ներ, սկսում ես վա­զել ու գո­ռալ, մի գո­ռա՝ ձայ­նար­կում են կող­քից՝ միիիիի գո­ռա, էս­տեղ չեն գո­ռում։


Վա­զում ես.

-Մա՜մ, պա՜պ, գա­լիս եմ, հա­սել եմ։
Հաս­նում եմ. Օ­պե­րա, պրոս­պեկ­տով իջ­նում ես, օ­դում գրքեր են ճախ­րում, գրքի է­ջեր` կի­սա­վառ­ված, պոկրտ­ված։

-Մամ, գա­լիս եմ, վե­րա­դառ­նում եմ։
Հաս­նում ես հրա­պա­րակ. գե­ղե­ցիկ շեն­քե­րը, որ գույն էին տա­լիս քա­ղա­քի կենտ­րո­նին, հի­մա չկան. հրա­պա­րա­կի ժա­մը կախ­վել է հալ­ված, ինչ­պես Սալ­վա­դոր Դա­լին է նկա­րել La persistencia de la memoria*-ն. հյուծ­ված ժամ, մար­դան­ման ժամ, սլաք­ներ ան­գո­յա­ցած, ի­րա­րից հե­ռա­ցած, տե­ղում դո­փող-ծկծկող։ Իջ­նում ես մետ­րո, թար­թուն լույ­սեր են պտտվում, հո­գի­ներ են ձա­խից բարձ­րա­նում շար­ժա­սան­դուղ­քով, կանգ­նում ես, դղդրդա­լեն սլա­նում է, ա­կան­ջիդ մեջ փսփսոց­ներ են, հե­կե­կանք, ա­մեն ինչ ան­գույն է Ինգ­մար Բերգ­մե­նի ֆիլ­մե­րի նման, գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րի վրա ո­չինչ չկա, միայն մի կետ սև.­ էդ կետն է, որ ար­տա­ցո­լում է շուր­ջըն­թացդ. կե­տա­ծին քա­ղաք, մի սև կ­լո­րակ, ո­րից դուրս է գա­լիս գո­յի ու չգո­յի հա­մա­խառ­նու­մը, քո հա­մա­խառ­նու­մը, ի­րա­րա­խառ­նու­մը։ Մետ­րոն գա­լիս է, տես­նում ես, որ ինքն ի­րեն է գնաց­քը շարժ­վում, ա­ռանց մե­քե­նա­վա­րի. դռնե­րը բաց­վում են, բայց կի­սատ, մի ձև մխրճ­վում ես, հեն­վում դռա­նը, որ­տեղ ժա­մա­նա­կին գրված էր «Չ՛­հեն­վել», հի­մա գրված է «Չ-մեռ…նել». չ­մեռ­նել, բա ի՞նչ ա­նել էս­քա­նը տես­նե­լուց հե­տո։ Ձայ­նար­կում է նեքսթ սթեյ­շըն իզ… խռխռռխխռ, ձայ­նից չէիր հաս­կա­նում՝ որ կա­յա­րան ես հաս­նում, բայց ջարդ­ված ու հան­գած բա­ցու­խու­փից զգում էիր, որ ան­ցել ես ար­դեն շա՜տ եր­կար։ Ե­րի­տա­սար­դա­կան, Մար­շալ Բաղ­րամ­յան, Բա­րե­կա­մութ­յուն.­ տե­ղում ես, դուրս ես գա­լիս ա­ռանց խան­գա­րե­լու, կող­քին­նե­րիդ հետ խոսք-զրույ­ցի բռնվե­լու, քեզ դուրս ես նե­տում, իսկ գնաց­քում դեռ մար­դիկ են գլուխ­նե­րը ներքև, ձեռ­քե­րը խա­չու­փա­չած, նստած սպա­սում են, բայց գի­տես, որ կան­գա­ռը վեր­ջինն է։ Ում են սպա­սում՝ իմ խնդի­րը չի, ես տուն պետք է հաս­նեմ։ Բա­րե­կա­մութ­յան ան­ցումն է, քա­մին մխրճվել է ներքև, վեր­ևում ան­հաշտ ե­ղա­նակ է, գլխիդ վեր­ևում միշտ ան­հաս­կա­նա­լի է։ Քայ­լում ես կլո­րա­կի մեջ մուտ­քե­րը փակ­ված են, չես հի­շում՝ որ­տե­ղից պետք է դուրս գալ, որ Կիև­յա­նի փո­ղո­ցում հայտն­վես։ Ա­հագ­նա­նա­լով պտտվում ես լա­բի­րին­թո­սի մեջ, ա­րա­գաց­նում քայ­լերդ, վե­րած­վում փոք­րիկ պտտա­հող­մի, ել­նում վեր կի­սա­ջարդ­ված ա­ռաս­տա­ղը ճեղ­քե­լով, կար­ծես հո­գե­վար­քի մեջ գտնվող մե­կը, որ հենց նոր վեր­ջին շուն­չը փչեց-փա­կեց-ա­զատ­վեց։ Կիև­յանն է, սկիզ­բը, ըստ էութ­յան, քո դե­գե­րում­նե­րի և վեր­ջը, ո­րին դու եր­կար էիր սպա­սում։ Հի­մա դիք է դար­ձել, այս ի­րա­կա­նութ­յան մեջ ա­մենն ու­րիշ է, այս­տեղ սա­րը անդն­դում է, իսկ օվ­կիա­նոս­նե­րը՝ գլխիդ վեր­ևում, մար­դիկ տնե­րում փակ­ված, մո­մի լույ­սեր միաց­րած սպա­սում են, դու հո­սում ես փո­ղո­ցով, ինչ­պես միայ­նակ տերևն է հո­սում մայ­թի եր­կայն­քով հոր­դա­ռատ անձր­ևի ժա­մա­նակ։ Մի պահ հա­յացք գցիր Կիև­յան կամր­ջին. մար­դան­ման ան­հաս­կա­նա­լի կեր­պար­ներ են շար­ված, ընկ­նում են, նո­րից հայտն­վում. ամ­բող­ջութ­յամբ սև­ են, ո՛չ դեմք կա, ո՛չ մարմ­նի մաս, ընկ­նում են, վե­րա­դառ­նում, ընկ­նում, վե­րա­դառ­նում…
Կանգ­նած ես բարձր ու ան­գույն շեն­քիդ դի­մաց, որ­տե­ղից ցուրտն է փչում, չգի­տես՝ ին­չու է ներսդ դող մտել, մար­մինդ ինքն ի­րեն շարժ­վում է, ա­սես ռեֆ­լեք­սո­րեն գի­տի, թե ինչ է լի­նե­լու, բայց… մար­մի՞նդ է արդ­յոք։ Վե­ցե­րորդ հար­կը քեզ է սպա­սում, վե­րե­լա­կը, ինչ­պես միշտ, չի աշ­խա­տում. եր­բեք էլ չի աշ­խա­տել, երբ պետք է ե­ղել։ Բարձ­րա­նում ես. ժա­մա­նա­կին, երբ տուն էիր վե­րա­դառ­նում, տար­բեր հո­տեր էին զարկ­վում քթիդ, ա­ղիք­ներդ հա­մե­րից սկսում էին շարժ­վել. հա­մե­մունք­ներ, ճա­շեր, պա­հա­ծո­ներ։ Հի­մա ոչ մի հոտ չկա, միայն մի փոքր մոխ­րի, մի փոքր կորս­տի հոտն է պա­տել շենքդ։ Ոտ­նա­թա­թերդ զգում են ճոճ­քը, ո­րը վի­հից է գա­լիս, սաստ­կաց­նում ներ­սիդ ան­համ­բե­րութ­յու­նը, ցա­վե­րը, որ միշտ ու­ղեկ­ցել են քեզ էս փոք­րիկ ճա­նա­պար­հոր­դութ­յուն­նե­րում։ Դ­ռան դի­մաց կանգ­նած ես, գլուխդ թե­քում ես, շեն­քը հետդ պտտվում է ճռռա­լեն ան­տա­ռում գտնվող կա­խար­դի խրճի­թի նման, բո­ւի պես պտտում ես, ձեռքդ մո­տեց­նում զան­գին, բայց այն չի աշ­խա­տում, հրում ես դու­ռը, ներ­սի սպի­տա­կութ­յու­նը կու­րաց­նում է աչ­քերդ, տու­նը նույն տեսքն ու­նի. հին պա­տեր, ճռճռան հա­տակ, մի­ջանցք կի­սա­մութ։ Հ­յու­րա­սեն­յա­կում ծնող­ներդ են. հայրդ՝ գլու­խը դրած մորդ ու­սին, մայրդ՝ կնճռոտ­ված, ձեռ­քե­րի մեջ ճզմե­լով թաշ­կի­նա­կը, քույրդ ու մեծ եղ­բայրդ՝ նա­յե­լով մի նկա­րի: Գ­նում ես ան­ձայն, որ չխան­գա­րես նրանց, նստում նրանց կող­քին, գլուխդ դնում մորդ ոտ­քե­րին, մայրդ մի պահ ջղաձգ­վում է. կար­ծես զգաց, որ դու այս­տեղ ես.

-Ա­շո՞տ։

-Հա՛, մամ։
Հ­յու­րա­սեն­յա­կի մեջ­տե­ղում դու ես ննջում, դա­գա­ղի մեջ. բայց ան­ծա­նոթ ես, ինքդ քեզ չես ճա­նա­չում, դու չես, ու­րի­շի մար­մինն է, կո­րած մե­կի, որ ան­ճա­նա­չե­լիո­րեն փոխ­վել է։ Մորդ ար­ցունք­նե­րը կաթկ­թում են խարխլ­ված մարմ­նիդ, բայց կար­ևո­րը՝ հա­սար։ Չ­գի­տեմ՝ ոնց, ինչ­պես ու ինչ կա­տար­վեց, երբ էդ մեծ դաշ­տում զոհ­վե­ցիր կամ մա­հա­ցար, կար­ևո­րը մար­մինդ գտել էին, կար­ևո­րը…
Ո­րով­հետև թույ­լե­րը մեռ­նում են, թույ­լե­րը չեն ձգում, դու հի­մա տանն ես, միայն թե՝ կի­սատ-կիս­ված։ Կար­ևո­րը, որ էս ան­գամ դու չես գնա և ցա­վե­րիդ հետ կհետ­ևես բո­լո­րին, քեզ չեն տես­նի, չեն լսի, չեն զգա, բայց դու կլի­նես, միշտ կլի­նես։ Էս հա­վի­տե­նա­կան շրջապ­տույ­տը հենց քեզ հա­մար է ստեղծ­ված, էս պատ­մութ­յան մի մաս­նիկն էլ դու էիր, որ պտտվե­լով հա­սար սկզբից վերջ, կամ էլ՝ վեր­ջից սկիզբ, որ­տեղ պառ­կած ես դու կամ ես, կամ մեկ ու­րի­շը։ Հի­մա տու­նը փոք­րա­նում է, ի­րե­րը մտնում են ի­րար մեջ, եղ­բայր­քույրդ հա­մակց­վում են, մայր­հայրդ՝ շո­յում գլուխդ, համ­բու­րում ճա­կատդ, փա­կում դա­գա­ղը, դու­ռը, աչ­քե­րը, քո մա­սին հի­շո­ղութ­յուն­նե­րը։ Շեն­քը փոք­րա­նում է, Կիև­յա­նը փոք­րա­նում է, Եր­ևա­նը փոք­րա­նում է, աշ­խար­հը փոք­րա­նում է, վե­րած­վում ա­փե­րիդ ո­լո­րան­նե­րի մեջ ճլո­րած մի պատ­մութ­յան, ո­րը փչե­լով ան­գո­յա­նում է, ան­հե­տա­նում, չքվում-պոկ­վում-վեր­ջա­նում, կար­ծես չէր էլ ե­ղել, կար­ծես չպետք է լի­ներ, կար­ծես էս ա­մե­նը լոկ հի­շո­ղութ­յուն էր մեռ­նո­ղի ու նո­րից վե­րածն­վո­ղի մա­սին։

* La persistencia de la memoria -­Հի­շո­ղութ­յան հա­րատ­ևութ­յուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *