Արամ Փարսադանյան / Դռներ

Արամ Փարսադանյան

Իմ հերոսը մի անգամ դուռը փակելուց հետո ակնթարթի տևողությամբ մտածեց, թե ինչ է թողել ինքը դռան ետևում: «Մի ամբողջ աշխարհ,- առաջինը սա անցավ նրա մտքով,- իսկ գուցե ամբողջական դատարկությու՞ն»:
Միգուցե: Աշը այդ մասին այլևս երբեք չիմացավ, թեև մտածեց բավականաչափ երկար: Հետո ինքն իրեն հարց տվեց, թե ինչի համար են ստեղծվել դռները, երբ, որտեղ կամ ում կողմից: Ու փորձեց ինքն էլ պատասխանել. «Դրանք, հավանաբար, կյանքն ավելի դժվարացնելու համար են. չէ՞ որ բաց տարածությունը հաղթահարելն ավելի հեշտ է, ավելի արագ ու ժամանակի, էներգիայի տեսանկյունից առավել խնայող ու արդյունավետ, իսկ խնայված ռեսուրսն օգտագործելի է այլ տեղում: Բայց մի՞թե սա միակ գործառույթն է կամ, թեկուզ, ամենակարևորը: Չմոռանանք, որ դռները ոչ միայն փակվում, այլ նաև բացվում են: Եվ ինչ է ստացվում` առանց դուռը բացելու ոչ կարող ես ներս մտնել ու ոչ էլ դուրս գալ:
Իսկ ե՞րբ են առաջացել դռները և, որ ավելի կարևոր է, ինչի՞ համար. մտովի տեղափոխվենք նախնադար. Հարց ” ինչու՞ քարանձավները դռներ չունեին: Պատասխան ” որովհետև նրանց առաջ պահակներ կային: Հարց ” ինչի՞ համար էին պահակները: Պատասխան (ամենայն հավանականությամբ) ” անվտանգության: Հարց ” իսկ ի՞նչ էին անում, երբ իմացան, որ կա ձմեռ ու ցրտեց: Պատասխան ” սկսեցին մտածել դռներ ստեղծելու մասին:
Պատմության մեջ առաջին նյութական դուռը հիշատակվում է դեռևս Նոյյան տապանի վրա, հետո Տրոյայում, երրորդը` Աստվածաշնչում (այն անձավի դուռը, որտեղից հարություն առավ Քրիստոսը): Սրանք ամբողջապես տարբեր ժամանակներում, տարբեր մեթոդներով ու տարբեր գործառույթների համար կառուցված դռներ էին, սակայն միավորվում էին մի բանի շուրջ` իրենց կատարելիք գործառույթի կամ նպատակի:
Ինչպես պարզվեց դրանցից միայն առաջինն արդարացրեց իրեն, երկրորդը ակամա դարձավ Տրոյայի կործանման պատճառ (թեև մինչ այդ հենց այդ դարպասն էր պաշտպանում թշնամուց), իսկ երրորդն արդեն անհամեմատ դժվար ու անարդյունավետ է մեկնաբանելը:
Աշը քայլում էր փոքրիկ քաղաքի փողոցներով, որտեղ դռները շատ էին: Ընթացս նաև մտածում էր. «Եթե Նոյի տապանը դուռ չունենար, մենք նույնպես գոյություն չէինք ունենա:
Ու հետո, ես դռները ոչ միայն բացում եմ, այլ նաև փակում և մի պահ, եթե պատկերացնենք, որ չկան այդ դռները, ավելի, քան մի ողջ աշխարհ կլցվի քո տուն կամ քո անձնական կյանք, նույնքան մարդ էլ կզրկվի անձնական կյանքից:- Այդ պահին նկատեց մի ապակե դուռ, որ նաև լուսամուտ էր,- այո,- հոգոց հանեց նա ու շարունակեց քայլել, հաաճախ հարկ է լինում անտեսել գործառույթներից մեկը` մյուսի գերադասության և կամ բացառման համար»:
Իմ հերոսը` Աշը, անկեղծ էր ու մի քիչ էլ միամիտ: Նա տրվում էր իր զբաղմունքին անմնացորդ` ինչպես այս պահին դռների մասին մտքերին: Այդ մտածմունքի պահին էլ հասավ քաղաքն աշխարհից բաժանող կամրջին ու անցնելիս նրա սիրած մեդալիոնն ընկավ: Նա նետվեց մեդալիոնի ետևից ու ընկնելիս մտածեց. «Իսկ միգուցե այլ տարբերակ կար», բայց քանի որ ետդարձի դռները փակ էին, շարունակեց ընկնել: Այս ընթացքում էլ մտաբերեց, որ դռները լինում են նաև ոչ նյութական. «Այդպիսի դռներից ամենահայտնիները գտնվում են դրախտում, որոնք ոչ բոլորն են տեսել ու քչերը կտեսնեն: Մի փոքր այլ, սակայն նորից աննյութեղեն դռներ են ետդարձի դռները, որոնք նույնպես փակվելուց հետո գրեթե երբեք չեն բացվում: Փոքր-ինչ ավելի արդիական են հույսի դռները, որոնք երբեմն փակվում են աչքերի վերջին փակվելու հետ»:
Նա արդեն հասնում էր գետնին, երբ վերջին անգամ իր կյանքում մտածեց «իսկ, եթե և բայց» բառերի մասին: Ու նրա մտքերը կիսատ մնացին:
Ես կփորձեմ շարունակել…
Եթե վերլուծենք լեզվի կառուցվածքը և այն նյութականացնենք, կստանանք մի համակարգ, որը կարելի կլինի համեմատել տիեզերքի, մեր մոլորակի, որևէ երկրի, քաղաքի կամ տան հետ. լեզվում նույնպես կան բառեր, որոնք կատարում են օդի դեր (առանց որոնց լեզուն չի գոյատևի, որպիսին են ես, դու, սեր, կյանք և այլն), ջրի կամ հողի դեր (այսպիսիք մեծամասամբ բայերն են), բառեր, որոնք համեմունքի դեր են կատարում (դրանց թվում ոչ միայն մակբայերն ու ածականները, այլև բայերն ու գոյականները, զորօրինակ` սեր, մայր, հայր, հայրենիք, հիշել, սպասել, մեծանալ և այլն): Սույնքի մեջ առանձին դեր ունեն դռները` առաջին հերթին դրանք շաղկապներն են, որոնցից և, կամ, իսկ, եթե ու հատկապես բայց: Այս վերջինիս դերը բառապաշարում առանձնահատուկ է. սովորաբար այն դուռ է բացում, լրացնում ու փորձում ամբողջացնել, բայց կա նաև հակառակ պարագան, երբ ամբողջությունից պոկում է մի հատված, ժխտում ու հերքում կամ, այլ խոսքով ասած` փակում է դուռը:
Բայցը նաև բավականաչափ զգացմունքային է. հաճախ հենց նա է անհույս թվացող իրավիճակում գտնում ելքը ու ամեն ինչ վատանում է, բայց մնում է մի ելք: Անշուշտ հանդիպում է նաև հակառակ պարագան, երբ լուսավոր սենյակից դուրս ես գալիս, բայց այնտեղ մութ է ու ցուրտ:
Ու դա բնական է` տիեզերական մեր համակարգում բոլոր սենյակներն ունեն դռներ և փակելուց հետո մենք նույն տեղը չենք վերադառնում: Կամ վերադառնում ենք, բայց…

1622 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>