ԱՐԱՅ ԶԱՐԳԱՐԵԱՆ / ՌԵՔՎԻԵՄ ՇԱՆ ՀԱՄԱՐ

И глухо от подачки
Когда бросят ей камень в смех
Покатились глаза собачьи
Золотыми звездами в снег.
С. Есенин

Ուժասպառ լինող թաթերի վրա կանգնելու համար բավական է ունենալ մեծ ցանկություն: Շատ ժամանակ կենդանիների աչքերի մեջ նայելիս մարդկությունն ավելի շատ է ծորում, քան մարդկանց անասնական հայացքի մեջ: Աշխարհում ամենաերջանիկները՝ կույրերն են:
Մռայլ լեռների թիկունքում ծնկաչոք արտասվում էր կիսաքանդ գյուղը: Ավերակների մեջ թաքնված երեխաների համար կյանքում միակ ուրախությունը խաղն էր: Խաղերի հիմքում է ընկած մարդկանց ապուշության փաստը:
Շունը շարունակում էր տառապել իր թաթերի վրա: Ցանկության դիմաց կանգնելը անզոր երևույթ է: Գյուղում կատարյալ լռություն էր՝ լռել էին անգամ արևածագը դիմավորող աքաղաղները: Նրանց սպիտակ կատարները ներկվել էին հավիտենական արյունով: Երեխաներից մի քանիսի ճակատին հավերժ դրոշմվել էր մատաղից հետո արված սև խաչը: Աքաղաղներն ափսոսում էին, որ գոյություն ունեն: Գյուղում տիրում էր ճապոնական քաոս: Մարդիկ և կենդանիները խառնվել էին իրար: Բոլորը մոռացել էին իրենց դերերի մասին: Ոսկրացած շունը գյուղի քայլող տարբերակն էր: Նա հազիվ էր քարշ տալիս կյանքի նկատմամբ ծանրացած իր մարմինը: Ովքեր կորցնում են կյանքի նկատմամբ իրենց վերջին հույսը, քայլում են դեպի Աստծո տուն: Գյուղում կամուրջ չկար, իսկ մահվան գործիք հանդիսացող պարանը անհույս էր թվում: Միակ ճանապարհը տանում էր դեպի գյուղի բարձունքում գտնվող եկեղեցին: Անգիտակից շունը ենթագիտակցորեն որսացել էր այդ միտքը: Նրա մարմնից կյանքը հեռանում էր այնպես, ինչպես կացնահարված պառավի գլխից արյան վերջին շիթերը: Դիակները շարունակում էին հեծկլտալ ավերակների մեջ: Գոռոզությունը դասվում է մահացու մեղքերի շարքին. եկեղեցին պահպանում էր իր դարավոր մեղքը:
Վանքի շուրջը վխտում էին ագռավակերպ վանականները: Անորոշ դեմքերը զարմացած նայում էին սպիտակ մորթով ծածկված շանը: Նա կարծես գյուղը լքող վերջին կենդանի շունչը լիներ: Երեխաների և մեծերի աչքերի հետևում թաքնված էին հրեշավոր կերպարանքներ: Սատանայի արտաթորանքից բաղկացած մասնիկները շարունակում էին ապրել ոչխարի կյանքով: Տարբերությունն այն էր, որ քրիստոնեության մեջ ոչխարները հանդիսանում են անմեղ արարածներ: Մարդիկ չէին հասկանում, որ պետք է կերակրել Աստծո կողմից ստեղծված արարածին, բայց գիտակցում էին պաշտել ու հավատալ մի գաղափարի, որի գլխավոր հերոսի գոյությունն ու ներկայությունն ապացուցող հիմքերը բացակայում են:
Գյուղից բավական հեռացել էր, վերջին անգամ շրջվեց ու նայեց ծխացող մարդկանց ու ավերակ դարձած տներին: Միակ բառը, որ բոցկլտաց շան ուղեղում՝ չգոյությունն էր:
Վանական համալիրը մի անէացած կղզի էր, որտեղ հավաքվել էին կյանքը մոռացած ու հավատքը ամրապնդած մարդիկ: Այստեղ նրանք ապրում էին աստվածային լույսով ու խորհրդով: Վստահ էին, որ իրենց կօգնի երկնքում իր հավիտենական հանգրվանը գտած անտեսանելի մարդը: Այդ խոսքերի զորությունն իր սրտում ասեղնագործել էր շունը. բոլոր շները ասեղնագործ էակներ են: Նրա քայլերի ծանրության մեջ նշմարվում էր մարդկանց նկատմամբ ատելություն: Ճանապարհը շատ դժվար էր: Գողգոթայից փչող փոշոտ քամին շատ խորհրդավոր էր: Քարքարոտ արահետները տանում էին վանքի բակ: Վերջին քայլերը դժվարությամբ էր կատարում կենդանին, սակայն այդ դժվարությունը հաղթահարելուց հետո նա հայտնվեց մի նոր աշխարհում: Արևի ճառագայթները գրավել էին ամեն ինչ: Գետնից երկինք հարություն առնող գոլորշին դժոխային մտքեր էր առաջացնում: Մի քանի րոպե հետո ագռավների կույտը դուրս փախավ իր որջից: Ժամերգությունն ավարտվեց: Վանքի կացարաններում հոգևորականներից բացի բնակություն էին հաստատել շատերը: Եկեղեցուց աջ գտնվում էր փոքրիկ ճաշասենյակը, որից մի քանի ոտնաչափ ներքև՝ եկեղեցու միակ աղբյուրն էր:
Շունը մոտեցավ աղբյուրին, որպեսզի շարունակի իր գոյությունը: Ուժասպառ լինող թաթերը շարունակում էին կանգուն մնալու անհույս պայքարը: Շունը դունչը մեկնեց դեպի քարի միջից դուրս եկած խողովակը, որ հագեցնի ծարավը: Այդ պահին նրա գլխավերևում ոռնացող կերպարանքի նման մթագնեց հոգևորականներից մեկի սև կմախքը: Շան մարմնով սարսուռ անցավ: Կյանքում առաջին անգամն էր, որ ջուր խմելու ժամանակ մահվան նկատմամբ վախ զգաց: Նա գլուխը խոնարհեց ու քայլեց դեպի ճաշարանի պատի մոտ գոյացած ստվերը: Մահվան առաջ գլուխ խոնարհելը հանձնվելու առաջին նախանշաններից մեկն է: Եղեկեցում մնացած վերջին ագռավների հետ մեկտեղ փորձում էր դուրս գալ մի հաշմանդամ երեխա: Դողացող ձեռնափայտերը հազիվ էին տեղաշարժում հիվանդի մարմինն ու միակ ոտքը: Երանի թե Հիսուսը կենդանի լիներ: Տասը տարեկան երեխան վայելում էր մահվան ճիրաններում գտնվելու տառապանքը: Կենդանին որսաց իրեն հոգեհարազատ աչքեր: Ինքնաբերաբար նայեց իր շուրջը՝ համոզվելու համար, արդյո՞ք ստվերը բավական կլինի, որ երկուսով տեղավորվեն: Ճաշարանից դուրս եկող հոգևորականներից յուրաքանչյուրը որկրամոլ անասունի նման խժռում էր հացի պատառները: Այդ դրվագը տեսնելուն պես, շունը հիշեց, թե ինչի համար է լքել ճապոնական քաոսն ու հայտնվել այստեղ: Նա մտքերը հավաքեց ու կենտրոնացրեց ճիշտ նպատակակետին: Դողացող ձեռնափայտերը շարունակում էին գտնվել հոգեվարքի մեջ: Շունը վեր կացավ ու քայլեց դեպի ճաշասենյակի դուռը: Հազիվ էր աչքը դռնից ներս գցել, երբ վանականներից մեկը, տեսնելով շանը, բղավեց նրա վրա: Վիրավորանքի ու ատելության գնդիկները սկսեցին ակտիվանալ: Հուսալքության նոտաները վերակենդանացան: Հուսալքված հոգիների համար կյանքի շարունակության լավագույն տարբերակը՝ ինքնասպանությունն է: Կյանք և մահ, էական տարբերություն չկա այս երկու կարգավիճակների մեջ, ուղղակի բնակության վայրերն ու պայմաններն են տարբեր: Արևի ուժգնությունը հասավ իր գագաթնակետին: Տղան վերջապես հասավ ստվերին ու նստեց իր համար նախատեսված տեղը: Շան համառությունը հասավ իր գագաթնակետին: Նա երկրորդ անգամ գլուխը ներս տարավ դռներից: Մի քանի վայրկյան հետո դռների մեջտեղում քարացավ նրա մաղված հայացքը: Այդ պահին ճաշասենյակի խորքում նստած վանականներից մեկը, վերցնելով հացի չորացած մի կտոր, հարվածեց շան աչքին: Հարվածն այնքան արագ ու ուժգին տեղաց, որ կենդանին չհասցրեց գուշակել, թե ինչ կկատարվի իր հետ: Ագռավների որկրամոլությունը հասել էր իր տրամաբանական գագաթնակետին: Հարստության ու նյութապաշտության դեմ պայքարող անասունների համար չորացած հացի կտորը ծառայեց որպես քարկոծելու գործիք: Շունը կաղկանձելով նահանջեց դեպի հավիտենական թվացող ստվերը: Հիվանդ տղային տեսնելով, նա չզարմացավ, քանի որ վաղուց էր սպասում նրան: Ճաշասենյակում շարունակում էր թնդալ սատանայական ճիչը: Մարմնի ցանկությունները բավարարելուց հետո բոլորը սողացին դեպի իրենց կացարանները: Օգտվելով առիթից, իր վիրավոր աչքը մի քանի րոպե փակեց նաև տուժողը: Հիվանդ տղան իր հայացքը գամեց դեպի գմբեթի վրա տեղադրված խաչը:
Արևը դանդաղ նախապատրաստվում էր իր տրամաբանական նահանջին: Եկեղեցու դուռը սովորականի պես բաց էր մնացել: Նկատելով նահանջող արևը՝ շունը բացեց աչքերը: Տեսնելով, որ բոլորը քնած են, իսկ եկեղեցու դուռը բաց է մնացել, քայլեց դեպի եկեղեցի: Հասնելով դռան մոտ զգաց, որ մարմնով սարսուռ անցավ՝ նման մահվան սարսուռի: Այստեղ տարօրինակ ու խորհրդավոր էր ամեն ոք ու ամեն ինչ: Նա օդի մեջ փորձեց որոնել չորացած հացի կտորտանք: Ներսից փչող սառը քամին նույնպես վախեցած էր: Այս դժոխային արևից հետո անհասկանալի էր թվում եկեղեցուց փչող խոնավությունը: Մոմավաճառ պառավը վաղուց քնած էր: Երևի թե մեղքերի կույտն այնքան շատ էր նրա ուղեղում, որ ծանրությանը չդիմանալով՝ քնել էր: Շունը նույնպես եկել էր մեղքերի թողություն ստանալու, բայց չգիտեր, թե ու՞մ է հանձնված այդ կարևոր պաշտոնը: Դողացող թաթերը դրեց եկեղեցու դռնից ներս գտնվող առաջին երկու քարերին: Պառավը շարունակում էր սատկած ձևանալ: Խորանին դրված էր ոսկյա խաչը, որի կողքին բացակայում էր Աստվածաշունչը: Մթության մեջ մարդկային պայծառ ոգու նման պսպղում էր խաչը: Շանը տարօրինակ թվաց, թե ինչու են վանականները թաթախված սև թանաքի մեջ: Կացնահարված պառավի համար Աստծո տանը քնելը դարձել էր հաճույք պատճառող պարտականություն: Շունը որոշեց բացահայտել Եկեղեցի կոչվող գաղտնիքը: Անիրագործելի թվացող երազանք էր դա, քանի որ շուրջ երկու հազար տարի է, ինչ այդ առեղծվածը մնում է անբացահայտելի: Նա փորձում էր իր համար հաց մուրալ այստեղ՝ ողորմած ու ամենակարող Աստծո մոտ: Գմբեթի մութ ու խորհրդավոր խորշերում վխտում էին չղջիկների ոհմակները: Ագռավները վաղուց իրենց նվիրել էին մարմնական հաճույքներին: Վանքում փոփոխվել էր Աստծո ճիշտ գաղափարախոսությունը: Ոսկեզօծ խաչը, իր գրավիչ տեսքով, բթացրեց շանը: Զոմբիացման մակարդակին հասած կենդանին քայլեց դեպի խորան: Այդ պահին գմբեթի մութ խորշերից իրեն ցած նետեց մի չղջիկ: Մարմինը գետնին գրկախառնվելով՝ պայթեց: Արյան սև շիթը փոխեց հատակի գունային պատկանելիությունը: Այս տարօրինակ երևույթը չխանգարեց շանը: Նա տրամադրված էր շատ վճռական: Մոտեցավ ու կանգնեց խորանի դիմաց: Դունչը մեկնեց ու ատամներով ամուր սեղմեց խաչը, ապա դանդաղ իջեցրեց այն խորանից ու փորձեց դուրս գալ: Նա փորձեց Աստծուն դուրս հանել եկեղեցուց: Կացնի երկրորդ ուժգին հարվածից ուշքի եկավ պառավը: Դժվարությամբ բացեց իր որդնած աչքերը, քանի որ արյան շիթը կուրացրել էր նրան: Գլխից հանեց պատռված գլխաշորն ու մաքրեց ճակատից հոսող արյունը: Դեղին մոմերը ներկվեցին նռան գույնով: Փարաջանովի հոգին լուռ կանգնած էր խորանի դիմաց: Շանը դժոխքից բաժանում էր մի քանի քայլ: Պառավը, տեսնելով եկեղեցուց դուրս փախչող Աստծուն, իսկույն բղավեց: Սատանայական ճիչը թնդաց եկեղեցով մեկ: Այդ մռայլ ոռնոցից անմիջապես հետո խորանի դիմաց հայտնվեցին ծնկաչոք չղջիկները: Հանճարի դիակն իսկույն ընկավ խորանի վրա: Շունը կանգնած էր դժոխքի դռների դիմաց, դռներից այն կողմ հավաքվել էին զինված ագռավները: Գողին տեսնելով, ագռավներից մեկը գետնից վերցրեց մի քար ու հարվածեց հանցագործին: Պայթյունավտանգ իրավիճակն ավելի սրվեց: Հարվածից ցնցված շունը բերանից ցած նետեց Աստծուն: Խաչի զնգոցը ցնցեց տաճարի ներսում գտնվող մեռելային անդորրը: Տեսնելով, որ անհնար է փախչել այս տառապանքից, շունը դուրս եկավ դրախտից: Արևի շողերի զորությու՞նն էր, թե՞ վանականի ոտքի հարվածի ուժգնությունը, որ ստիպեց կենդանուն ծնկի գալ: Չոքած հանցագործին իսկույն շրջապատեցին: Սկսվեց կատաղի մարտ: Հարվածները մեկը մյուսի հետևից փորձում էին սատկացնել շանը: Նրանք հարվածում էին ամեն ինչով: Եկեղեցու հատակին ընկած խաչն անտարբեր դիտում էր, թե ինչպես են իր համար ոչնչացնում մի կենդանու: Պառավը նորից քնեց: Արյունը սկսեց ներկել հանցագործի մարմինը: Քարերից ու փայտերից տեղացող հարվածները քրքրեցին նրա մարմինը, գանգից ծորացող արյունը դժվարությամբ էր հասնում գետնին, քանի որ հարվածները հաջորդում էին մեկը մյուսին: Քարկոծվող մեղավորը կորցրեց իր գիտակցությունը:
Մենք բոլորս անգիտակից կյանքի դրոշակակիրներն ենք: Մենք ոչնչացնում ենք մեր նմանին, սպանում ու թաղում ենք այն ամենը, ինչը տեսնում, զգում ու ապրում ենք նրանց հետ, փոխարենը պաշտում ու երկրպագում ենք մեկին, ով այդ ամենի հեղինակն է: Աստծո վկաները սպանում էին իրենց տիրոջ ստեղծածին: Արդյո՞ք կգա այն ժամանակաշրջանը, երբ երկկողմանի ապտակը կդառնա միֆ: Ագռավները ապտակի փոխարեն արյունով էին լվանում տվյալ իրավիճակը: Վանականները շարունակում էին իրագործել իրենց ոճիրը: Նրանք Աստծո տան դիմաց տանջամահ էին անում շանը: Քարի վերջին հարվածը տեղաց շան կողոսկրին ու ընկավ գետնին: Վանականները իսկույն լռեցին. Ոճրագործների շարքերում հայտնվեց հիվանդ տղան: Նա դանդաղ մոտեցավ շանը, ձեռքից բաց թողեց ձեռնափայտերն ու ոսկյա խաչի նման ընկավ գետնին: Նա գրկեց շան ջարդված գլուխն ու սկսեց համբուրել նրա արնոտ մարմինը: Սահմռկեցուցիչ տեսարանը ստիպեց, որ վանականները մի քանի րոպե քարացած մնան: Ագռավներից մի քանիսը ցանկանում էին կտցահարել ու հանել շան արնոտ ու ջարդված աչքերը: Արևը հանձնվեց: Կարմիր մայրամուտը ազդարարում էր կարմիր օրվա ավարտը: Կացնահարված պառավի վզից ծորաց սևացած արյան վերջին շիթը: Ոչ ոք չէր մտածել գետնին ընկած խաչի մասին: Ոչ ոք գետնից վերև չհանեց իր հավիտենական Աստծուն՝ պաշտամունքի առարկա դարձած ոսկին: Նրանք ոսկին բարձր դասեցին կենդանի արարածից: Շունը ավելին էր, քան մարդը: Փարաջանովի դիակն անհայտացավ տաճարից: Նրա պահապան հրեշտակները չցանկացան, որ իրենց տիրոջ մարմինը մնա խորհրդավոր կեղծիքների տան մեջ:
Հոգևորականները, տեսնելով, որ երեխան ամուր գրկել է ջարդված ու քրքրված շանը, իսկույն հուզվեցին: Մի քանիսը խելագարության չափ տխրեցին, քանի որ այլևս չէին կարող հարվածել շանը ու վերջնականապես սատկացնել նրան:

563 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>