ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Արթուր Մեսրոպյան***
բարի կանգնակի աջ կողմում
նստած աղջիկը մեռնում է
նրա մոտ մահացու հիվանդություն
հայտնաբերեցին
մի քանի օր առաջ
դրանից հետո նրա կանացի
բույրը փոխվեց
ծնկները կախ ընկան
երկար-երկարեցին
ու ուժ չմնաց
դրանց բոլորի դեմն առնելու
ես ու նա միասին ոչ մի նկար չունենք
մենք ոչ մի անգամ մտքներովս չանցկացրինք
նկարվել
հիմա չգիտեմ արժե առաջարկել նկարվել
հիմա չեմ կարողանում առաջարկել
նկարվել միասին

***
հանգիստ սպասիր մինչև փայտփորիկները թռնեն
հետո վերցրու սիրտդ
ու ճանապարհ ընկիր ձմեռային փողոցներով
քայլելով այնպես, որ փողոցները անտառներ դառնան
շենքերը լինեն դարերով քուն մտած ծանր հսկաներ
իսկ ծառերը լինեն եղջերուներ հազարակոտոշ
վրաները ննջող դեղնակարմիր թռչուններով
փողոցներով հոսող մեքենաները մարդագայլեր
դեղին-սպիտակ-կարմիր աչքերով
սև-կապույտ-գորշ
մորթիներով
քայլիր թաքուն
ուրախանալով սրտիդ վրա հայտնված
փաթիլակերպ ու բարակ նախշերով, որ հանկարծ նստում են
ձմեռային լուսամուտներին
ցուրտ ու մութ գիշերից հետո
քայլիր մինչև գլխիդ մի աստղ ընկնի
բռնիր դրան ամուր ու առաջ նետիր որքան
ուժ ունես
ու բարձր, ինչքան կարող ես
և գնա աստղափոշու
հետքերով
ես չգիտեմ այն ուր կտանի
բայց ինձ թվում է դու կիմանաս, եթե գնաս մինչև վերջ
ու փոքր չէ քաղաքը
փոքր չէ քո սիրտը
ոչ էլ մարդիկ են չափից շատ
երբ ոտքերը շարժուն են
ու լուսավոր
երբ սիրտդ
փաթիլակերպ նախշերով է պատված
ու հավատում ես, որ փայտփորիկների թակոցը
ինչ որ թաքուն դուռ է ծեծում մինչև որ այն բացվի
ու թե արթուն լինես
ու այստեղ մնաս մինչև վերջ
ինքդ էլ կտեսնես:

***
Քո երաժշտությունը արվեստ է
ասեղի ծայրին կանգնած աղջիկ
լռությունդ, վախերդ աչքերիդ մեջ
ու դեմքիդ մեխի ծայրով
ծուռմռտիկ խազված
այս փետուրի պես անողնաշար
անորոշությունը
այս ծովի տակ աղակալած
ակնկալումը
ապակուց ընկած ստվեր է
հիշեցնում
ապակու վրա ընկած
ջրահատիկ
մի ոտքով ասեղի ծայրին կանգնած աղջիկ
ապակու վրա սառած-մնացած
որ կողմ աչք ես գցում
համահարթություն է
կատարյալ-կատարյալ
ահագին-ահագին տարածություն
անծայրածիր
որտե՞ղ պետք է քնենք գիշերը
աղջիկ սպիտակ դեմքով
չորս բոլորդ մեծ սպիտակություն է
անտեսանելի ու անվերջ
ինչպես դու
ամեն կողմ պտույտը մի ծով է բացում
բոլոր ծովերում մի ձուկ ես
բոլոր ծովերում մի ջրահատիկ
ապակու վրա մնացած աղջիկ ասեղ-ասեղ մշուշով
որտե՞ղ ենք մնալու գիշերը

***
հրեշային ճերմակ է
մի աղջիկ սև հագած մտավ այգի
մեջքին մեծ, սև կիթառ
ձախ ձեռքին սիգարետ
ես նրան տեսա այգի մտնելուցս
ահագին հետո
երբ ինքս ծխել էի մի չորս հատ
ու լեզվիս նստել էր լապտերի լեղագույն
գոլորշին
երկաթե ձողերին հենված
մի աղջիկ ու տղա խոսում էին
ես չէի լսում, հեռու էի,
ցրտից մատներս հազիվ սիգարետն էին
պահում, որ հանկարծ չգլորվի, չընկնի ձնի մեջ
նրանք զրուցում էին երկար ու հանգիստ
իսկ ես ուզում էի հիշել, թե ինչեր եմ արել
այդտեղ, բայց ոչ մի հստակ բան չկար
թեպետ ինձ թվում է պետք է որ…
երբ նրանք հեռացան ես մնացի մենակ
սիգարետ չունեի էլ
ես մի քիչ էլ մնացի այգում
մինչև լրիվ սառեցի
բայց տան մասին չէի մտածում
ու տուն գնացի
որովհետև ուրիշ տեղ չունեի գնալու:

575 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>