ԱՐՄԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

arman
1. Առավոտ է,
Սրճում ենք խաղաղ,
Հեռուստացույցն էլի
Դուրս է տալիս
Անկապ,
Մեկ էլ՝ տագնապ,
Թովմասյա՛ն, տագնա՜պ,
Բացում եմ աչքերս,
Զենքը գցում ուսիս,
Քաղաքում էլի
Սրճում են խաղաղ,
Չենք հասցնում,
Տխմարնե՛ր, վազե՛ք,
Քաղաքում էլի
Ավտոբուս անցավ,
Մեկն էլի
Չի որոշում
Բոթաս հագնել այսօր,
Թե կոշիկ,
Մութ է,
Քունը՝ գլխիս,
Շուրջը գոռում են,
Ստվերներ հորդում,
Մեկը կանչում է
Գլխիս մեջ.
«Նա էլ հետ չի գա,
Նա գրկեց Ջոնին
Ու հեռու գնաց»:
– Ու՞ր ենք գնում,-
Հարցրի,
– Անմահություն,- ասաց,
Շուրջը վառոդն էր
Բուրում,
Իմ շնչում՝ բույրը նրա,
Թովմասյա՛ն, տագնա՜պ,
Շու՛տ արա, վազի՛ր,
Քաղաքում էլի
Սրճում են խաղաղ:

2. Եթե երգ լինեիր,
Գիշերը
Ականջներիս կքնեի,
Առավոտը՝
Բարձր կգցեի
Սենյակով մեկ,
Հարևաններիս
Զահլեն կտանեի,
Մտախոհ կատվիս
Քնահարամ կանեի,
Բոլոր մայթերին
Կշրջեի քեզ հետ,
Աշխատանքից զզված՝
Մետրո կնստեինք,
Ու ամեն կայարանում
Քեզ ռեստարտ կանեի,
Կրկներգդ կերգեի
Քթիս տակ,
Մարդիկ կնայեին ինձ,
Ես նրանց
Մռայլ գույների հետ
Կնվագեի երջանկություն,
Բոլոր բառերդ
Անգիր կանեի,
Բայց երբեք-երբեք
Ո՛չ մի տող
Ո՛չ մի տեղ
Չէի երգի,
Ինչպես քեզ,
Որ չունեցա,
Որ կիսատ-պռատ
Լարած կիթառիս պես
Ճռռում ես միայն
Նյարդիս վրա:

3. Ծերացել ես,
Հայրենիք,
Որդիներիդ
Ձեռքերիդ մեջ
Վաճառել են
Անորոշությունը,
Ու աչքերիցդ
Միայն
Մշուշ եմ մաքրում:
Ծերուկ,
Քեզ հայրդ, մայրդ
Ազնվություն են
Ժառանգել,
Բայց աչքերիդ մեջ
Երբեք
Գայլություն չեն դրել,
Մինչդեռ շուրջդ
Վխտում են
Գիշակեր անգղերը միայն:
Մարմնիդ բուսել են
Քարեր ու ժայռեր,
Իսկ ժամանակը
Դեմքիդ փշեր է դրել,
Մեզ մեր հողում
Կյանք են վաճառում,
Ու երբ էլի
Գալիքն ենք փնտրում,
Լեզվիս քարեր են լցվում,
Բառերից փշեր են ծլում,
Ժամանակը դեմքիս
Լռություն է նկարում,
Իսկ ինձ միայն
Ազնվություն ես ժառանգել,
Իսկ աչքերիս մեջ
Գայլություն չես դրել:

4. Քեզնից առաջ
Մութ էր,
Իսկ հիմա
Չգիտեմ՝
Ինչպես ջնջել
Լույսի մասին
Զառանցող հիշողությունս:

5. Այսօր անձրևում է,
Կվերցնեմ
Մի շիշ գինի,
Ձեռքդ տուր,
Ու կքայլենք ափին
Ջղաձգված ծովի,
Ու կպատմեմ քեզ
Նրա մասին,
Թե ծովը
Կին է
Ամենաիսկական,
Ու տղամարդիկ
Փոթորիկներ
Պիտի սանձեն,
Որ խաղաղությունը
Երբեմն խաղա
Գրկում նրանց,
Թեև կան
Իսկական ջենթլմեններ,
Որ պատռված
Ալիքներն են
Գրկում,
Ու կպատմեմ քեզ,
Որ հենց նրանք են
Մարմինը թողնում
Ու ոսկորն իրենց
Խորքերում ծովի:
Ձեռքդ տուր,
Ու կթրջվի սիրտս
Լռությամբ ծովի:

6. Չգիտեմ՝
Երջանիկ են
Երևում նրանք,
Թե երջանիկ են:
Ամեն երեկո
Նա ժպտում էր
Հայելում
Ու հեռանում:
Առանց ձայն,
Առանց շշուկ
Նա վերցնում էր
Ցանցը
Ու մաղում
Օրերը երջանիկ,
Ձեռքերը նրա՝
Իրեն շոյող,
Բառերը նրա՝
Իրեն փնտրող,
Հավատը նրա՝
Իրեն սպասող,
Ու գնում դեպի
Աստղերը հեռու՝
Այնտեղ, ուր
Մեկ ուրիշն է
Սպասում:
Անցնում են
Ժամեր, օրեր,
Ու նա էլի
Առանց ձայն,
Առանց շշուկ
Հավաքում է
Կրկին
Օրերը ծակ,
Ձեռքերը նրա՝
Իրեն սփոփող,
Բառերը նրա՝
Իրեն կանչող,
Հավատը նրա՝
Իրեն մաքրող,
Ու գնում
Դեպի տունն իր,
Ուր իրեն
Կին են կոչում,
Երբ ես չգիտեմ՝
Երջանիկ են
Երևում նրանք,
Թե երջանիկ են:

7. Ես մարդ եմ,
Ում գլուխը
Լցված է
«Բայց»-երի
Ու «մնաս բարով»-ների
Շղթայով:
Ես մարդ եմ,
Ում սիրտը
Լցված է
«Եթե լիներ»
«Ու կլինի»
Խոսքերով:
Ես մարդ եմ,
Ով ատում է
Համբերությունը,
Ով չգիտի,
Թե ինչ է մահը,
Բայց գիտի
Ապրել
Եվ մահից առաջ:

8. Ինչ-որ ժամանակ
Ինչ-որ մեկը
Իմ հետևից կգրի՝
Նկարահանված է
Իրական դեպքերի
Հիման վրա,
Ու երբ հասնի
Վերջը,
Հին պատմությունը
Կիսատ թողած՝
Նորը կսկսվի:
Ես չեմ սովորել
Ոչինչ,
Միայն ամեն անգամ
Չավարտելիս
Կիսատությունը
Դարձրել եմ
Սովորություն,
Մարդիկ
Եկան ու գնացին,
Սկզբում լույս էր,
Աչքերն անհոգ լցրին,
Ու երբ լիացան,
Կրկին հիշեցին գորտին,
Թե արքայազն
Պիտի դառնա:
Սկզբում լույս էր,
Ու մենք ցանցը բռնած
Ակնթարթի
Թիթեռներն էինք որսում,
Մենք չգիտեինք՝
Ինչպես է մեռնում
Ժամանակը,
Բայց օրերը
Գլորում էինք
Մաշված գնդակի պես:
Հետո արթնացա,
Դույլով ինքնությունս
Շփեցին վրաս,
Ես շոշափեցի
Սրտիցս ծորացող
Գիշերը,
Ու երբ
Ճամպրուկս խցկեցի
Ապրած-չապրած օրերս,
Դուռս թակեցին,
Ու պատմությունն էլի
Կիսատ մնաց,
Որ ինչ-որ ժամանակ
Կասեն,
Թե նկարահանվեց
Իրական դեպքերի
Հիման վրա:

10. Ես անջատեցի
ժամացույցները,
Մեծ ու փոքր
Օրացույցները
Ճղեցի պատից
Ու սովորեցի
Չափել կյանքը
Մեր միջև ընկած
Լռությամբ:

11. Օրը լուսանում է,
Վազում եմ,
Դուռը բացում,
Թվում է՝
Պիտի գա
Նա, ում գալուստը
Պիտի կողպեմ
Ու ստիպեմ՝ մնա,
Բայց երբ
Հյուր եմ տեսնում,
Մարում եմ լույսը,
Փակում եմ ծորակը,
Անջատում եմ
հեռուստացույցը
Ու ինքս ինձ կրկնում՝
Տանը մարդ չկա:
Հեռանում է,
Ու կրկին
Հաշվում եմ
Անունները նրանց,
Որ գնացին,
Օրացույցին նշում օրը՝
Որպես փախուստի
Հերթական տարելից:

12. Ոչինչ չանելը
Դարձել է սովորություն,
Դու չես հասկանա,
Որ բառերիս մեջ
Անուններ չկան,
Միայն փողոցներն են
Լույսի մեջ ծփում,
Քարակերտ արձանները
Զարթնում են
Հենց կեսգիշերին
Ու խոսում
Անցած կյանքի մասին:
Ես ամեն օր
Պառկում եմ տանիքին,
Մի ձեռքով
Բռնում եմ
Միայնությունը,
Մյուսով
Աստղերն եմ որսում
Ու ոչ ոք
Չի հիշում
Անունը քո,
Որ պիտի մնա
Քաղաքի ուսերին
Որպես անցյալից
Թողած
Սովորություն:
Թափառում եմ,
Սարերին ու ձորերին
Փողոցներն եմ
Փնտրում,
Ժայռերից կախվել է
Մշուշը
Ու քմծիծաղ է տալիս,
Կգնաս,
Մի օր տուն կգնաս:
Գայլերը պատմում են,
Թե ոռնում են
Կրկնությունից,
Թե ամեն հեքիաթում
Կամ որսորդն է
Սպանում,
Կամ դատարկությունը,
Սովորեցինք
ընկերություն անել:
Չգիտեմ՝
Առաքինություն է արդյոք
Ծնվել բարի,
Թե չչարանալ
Աշխարհի վրա,
Ուր աստղեր են լցրել,
Իսկ քեզ թողել հողին:

13. Կիրակի է,
Փակում ես
Պատուհանները
Ու հերքում
Գոյությունը ձայնի,
Երբ միակ ընկերդ
Ռադիոն է,
Որ խռխռում է
Հոգեվարքի մեջ:
Նա, որ երբեք
Չի հարցրել
Անունը քո,
Թե ինչպես ես
Տրորում գիշերը
Գժտությամբ
Ինքդ քեզ հետ,
Նա չի հարցնում
Երբեք՝
Քանի թռչուն
Չվեց քո հոգում,
Քանի բարև մեռավ,
Քանի տունդարձ կորավ,
Նա խոսում է
Նրանց մասին,
Որ կան հեռվում,
Ու թվում է՝
Այլմոլորակայինների
Գոյությունը
Հերքում են հենց
Երկիրը լքածները,
Որ սեփական
Դատարկությունը
Հերքել են ուզում:
Էլի կիրակի է,
Դու փակել ես
Պատուհանը կյանքիդ,
Ու ես գիտեմ,
Հաստատ գիտեմ,
Որ ջունգլիներում
Ցեղերը վայրի
Լքել են վաղուց
Ժամանակը
Ու կարել
Բերանը նրա,
Ով խոսել էր
Դեմոկրատիայից Եվրոպայի,
Ազատությունից Ամերիկայի,
Պատերազմից Արևելքի,
Ես գիտեմ,
Որ լքել են նրանք
Քաղաքակրթությունը մարդկային,
Ու չեն կորցրել
Լիությունը
Սեփական կյանքի:
Կիրակի է,
Ու դու էլի
Անջատում ես
Հեռախոսը
Ու սպասում զանգի:
Նա,
Որ ապրում է
Հեռվում,
Ուր արևը
Երկու անգամ է
Ծագում:

14.Ամեն գիշեր
Սուզվում եմ
Ջրափոսում
Հիշողության,
Տիղմի մեջ
Օրերն եմ
Հավաքում երջանկության,
Քանի խոստում
Կտրվի
Այս գիշեր,
Քանի սիրտ
Կծակվի վաղը,
Չգիտեմ,
Ես ծովի մարդ եմ
Ու ավազի մեջ
Նավեր էի տնկում,
Հիմա չկա,
Հավատ չկա,
Ու աստվածներն
Իրենք
Փնտրում են Աստծուն:

15. Դրսում
Պատռվում է կյանքը,
Դրսում՝ թափվում
Կրակն ամբոխների,
Որ փնտրում են
Ազատություն
Մի վերջին անգամ:
Տե՛ս, սիրելիս,
Դեռ երեկ
Մենք սիրում էինք,
Այսօր լափում է
Մեզ քաոսը
Հեղափոխության,
Զարթնի՛ր, ազատություն,
Չէ՞ որ քեզ համար
Մենք քայլել ենք
Համբերությունը օրերի,
Իսկ մայրը
Որդուն է սպասում,
Կինը՝ ամուսնուն,
Երբ դրսում
Աղմկում է
Անորոշությունը,
Երբ փողոցում շրջում է
Ուրվականը Մարսելյեզի
Քեզ համար, հայրենիք:

16. Եվ դեռ
Որքան ժամանակ,
Սպասիր ինձ,
Տես, բացվել է
Գարունը,
Ու բոլոր
Խոնարհված աչքերը
Կրկին լցվել են
Ազատությամբ,
Անկեղծ՝ չգիտեմ,
Չգիտեմ ինչպես
Հաղթահարել
Որոտն այդ,
Որ թվում է
Սիրտս կքանդի,
Երբ դեռ
Չեն սառել
Նյարդիս վրա
Խաբկանքները հին,
Սպասիր ինձ,
Եվ դեռ
Որքան ժամանակ
Փողոցները
Պիտի լցնեն
Ուրվականները,
Մարդիկ,
Որ հավատում են
Դատարկված Աստծուն՝
Նկուղում գցած,
Մարդիկ,
Որ նոր բառերով
Չորացած ծաղիկներ
Պիտի տնկեն
Ու ծիլերը հաշվեն,
Գեղեցիկ է նա,
Ով ձեռքդ կբռնի
Ու զարկերակդ կլցնի
Տիեզերքը ակնթարթի,
Երբ փոշու մեջ
Փտում է երազանքը,
Սպասիր ինձ,
Խրամատում մի օր
Ծաղիկներ են տնկում
Ազատության մասին,
Մի օր
Տուն են վերադառնում
Ու չեն գնում
Երբեք:

17. Մեկը կիսատ թողեց
Նախաճաշը,
Մյուսը չսափրվեց,
Կանայք խոհանոցը լքեցին,
Տղամարդիկ՝ գինետունը,
Երեխաները խաղը լքեցին
Ու սիրեցին շքերթը
Անհասկանալի մեծերի,
Ոմանք դատարկ էին,
Սեր գտան փշալարին,
Ոմանք բաժանված էին,
Միացան անդունդին նայելիս,
Նա հավատում էր,
Որ ապագան
Դարձել է խորհուրդ,
Նա հավատում էր,
Որ լույսը վազում է
Փողոցներում:
Դրսում հեղափոխություն էր,
Ու ամեն բան
Կիսատ էր մնալու,
Դրսում փնտրում էին
Գալիքի մարդուն:

18. Մոտ է ժամանակը,
Կգամ,
Շուրջս պայթեց կյանքը,
Ես շուրջս ծառեր տնկեցի,
Չես սպասի, գիտեմ,
Քաղաքը կխուժի քո մեջ,
Սրճարաներում
Կքննարկեն գալիքը
Հեղափոխության,
Բոլորը պատասխան ունեն,
Եվ պիտի կարեն
Բերանը նրա,
Ով հարցեր ունի,
Չես սպասի ինձ, գիտեմ,
Մարդկանց ծակում է
Ժամանակը,
Ձանձրույթը լցնում է
Պատուհաններին
Վազող ճանապարհը,
Կեսգիշերին մղձավանջը
Կպատմի համբերության մասին,
Ու բոլոր պլանները
Կհավաքեն ճամպրուկն իրենց,
Դրսում հաչում է
Դատարկությունը,
Չգիտեմ` ես ատում եմ
Ավելի անտուն շներին,
Թե դու
բանաստեղծությունն իմ,
Չես սպասի ինձ, գիտեմ,
Ինչպես քաղաքը,
Որ հեղափոխություն է
ծամում:

19. Վերցրու ուսապարկդ,
Աշխարհը կիսատ է,
Ուզում եմ շրջել
Քեզ հետ կյանքը,
Հոգիները,
Որ խաղաղություն
Պիտի փնտրեն,
Պատերազմ կգտնեն,
Դու չգիտես,
Որ այստեղ
Շշուկով են խոսում
Վաղվա մասին,
Ու թե ծառ են տնկում,
Չգիտեն`
Պտուղը կընկնի տակը,
Թե արձակված գնդակը,
Ես ցանկում էի
Քեզ հետ վերջանալ
Բոլոր տողերին,
Բոլոր բառերին,
Բայց փոխարենը
Դարձա կրկնություն,
Դու չգիտես,
Որ ոմանք
Իրերն են ձևում,
Ոմանք մարդկանց,
Ծնողները անցնում են,
Երազանքը թողնում
Ժառանգություն,
Վերցրու ուսապարկդ
Ու մեջը լցրու
Մի բուռ աշխարհ,
Որ քեզ թողեցի:

20. Մազերիցդ
մոլորակներ են
Կախվել
Իսկ ես սև խորշն եմ,
Թո՛ղ ինձ,
Ինչ գեղեցիկ են
Նրանք,
Որ ապրում են
Ակնթարթը,
Ես շոշափում եմ
Տիեզերքը
Բառերի մեջ,
Որով երազանքը
Նստում է ուսիդ
Թութակի պես
Ու անդադար գոռում՝
Գնա:
Մազերիցդ
Մոլորակներ են
Կախվել
Ու գոռում են՝
Գնա,
Երկնքում թրջվածները
Հատուցում չունեն
Երբեք,
Երբեք:

21. Որոշեցի
Օրագիր գրել:
Ամեն օր
Բացում եմ
Սպիտակ թուղթը
Ու մեջը տեսնում.
«Ծառայում եմ
Հայաստանի
Հանրապետությանը»:
Լռում եմ ու գնում:

22. Ժամանակին
Թռչելը երազանք էր,
Հիմա՝
Մարտական գործողություն,
Ինքնաթիռ էի պատրաստում
Թղթից
Ու սովորում
Քամու լեզուն,
Ծիծեռնակը
Ցածր էր թռչում,
Ասում էինք՝
Անձրև կգա,
Հիմա նայում եմ՝
Թշնամին չգա,
Ժամանակին
Հայացքիս մեջ
Շրջում էր
Քաղաքի աղմուկը,
Իսկ հիմա…
Թողնենք «հիմա»-ն.
Ես հայացքս եմ
Փնտրում:

23. Բառերը
Թափառում են
Այնտեղ,
Ուր երբեք
Չեմ եղել,
Հիշողությունս
Փորձում է
Դիմակներն ապագայի
Ու վերջալույս փռում,
Աչքերիս մեջ
Վազում են էլի
Համբերության ստվերները,
Չենք հանդիպի
Երբեք,
Ո՛չ Փարիզում,
Ո՛չ Հռոմում,
Չենք հանդիպի
Երբեք,
Ու բառերը վաղուց
Կտրում են
Սեփական լեզուն:

263 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>