ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Սարի լռությունը

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդ առավոտ ամեն ինչ պետք է փոխվեր, նա պետք է միաձուլվեր իր սարի հետ: Սարերը շատ էին, նրանք բարձր էին և ցածր, լայն ու նեղ: Ամեն մեկն ուներ իր ձևը՝ քարի գույնը, տեսակը: Մեկը նման չէր մյուսին, մեկի վրա խոտ կար, մյուսի վրա՝ չկար, մեկը պատված էր ձյունով, մյուսը՝ ոչ, մեկի ձյունը լանջին էր, մյուսինը՝ գագաթին: Յանին սարերի մասին պատմել էին հարյուր անգամ, բայց նա դեռ չէր տեսել դրանք, ժամանակը եկել էր ու նա պետք է գնար սարերի մոտ, ընտրեր իր սարը և միաձուլվեր նրա հետ՝ դառնար սարի մի մասը, սարն էլ դառնար իր մասը:
Երբ Յանը բացեց աչքերը՝ ուժեղ լույս էր, արևը հաճելի չէր դժվար քնից հետո, ամբողջ գիշեր նրան տանջում էին մտքերը: Նա արդեն չէր հիշում, թե ինչպես, բայց արդեն կանգնած էր սարերի մոտ: Սարերը նրա առջև էին, շարված էին աջ և ձախ, ինչպես սուպերմարկետում, կարծես դրված էին՝ ընտրելու համար: Դիմացն արահետ էր, որը տանում էր դեպի անվերջություն:
Յանին համակեց վախը, նա նայեց կապույտ երկնքին, նայեց դիմացը՝ պայծառ արև էր, Յանին թվաց, որ վերջին անգամ է տեսնում արևը և թողեց, որ այն այրի իր աչքերը: Առաջ շարժվեց՝ վստահ, դանդաղ քայլերով, նայեց աջ՝ առաջին սարին: Սարը բարձր էր՝ ոչ շատ լայն, լանջին խոտեր էին, ծաղիկներ, գագաթը չէր երևում, բայց գագաթին հասնող հատվածում ձյուն էր, Յանին թվաց, որ վերևում հետաքրքիր է, ուզեց բարձրանալ ու առաջին քայլն արեց, սկսեց բարձրանալ, ժպիտ հայտնվեց դեմքին, չհասկացավ, թե ինչու, բայց այդ ամենն սկսեց նրան դուր գալ: Սարը նրա առաջ բացեց իր գիրկը, նրան թվաց, որ սարը գրկում է իրեն:
Ծաղիկները Յանին գեղեցիկ էին թվում, ոչինչ չէր վկայում այն մասին, որ Յանին կարող են դժվարություններ սպասել:
Բայց դժվարություններն սկսվեցին այն պահից, երբ սարն սկսեց անկյունը փոքրացնել՝ բարձրանալը դժվար էր դառնում: Յանը հեռվում մի փոքր սար տեսավ, որն արդեն բարձրացած կլիներ, եթե այն ընտրած լիներ: Նա սկսեց կասկածել, թե ճիշտ ընտրություն է արել: Դեռ երկար ճանապարհ պետք է անցներ, երեք անգամ ավելի, քան անցել էր, ու անկյունը գնալով սրվում էր, օդը սառչում էր, ոտքի տակ ձյունը շատանում, մթնում էր, իսկ ինքը պետք է մինչև առավոտ հասներ գագաթին: Ժամանակը քիչ էր, Յանը փորձում էր քայլերն արագացնել, ինչն այդքան էլ հեշտ չէր: Մտքերը խեղդում էին ավելի ուժեղ, քան սառը ծակող օդը: Նորից նայեց հեռվում գտնվող փոքրիկ սարին, որն արդեն ներքևում էր: Աչքերը լցվեցին արցունքներով, երբ տեսավ, թե ինչքան շատ կա մինչև իր սարի գագաթը:
Յանն սկսեց մեղադրել ինքն իրեն.
– Ինչո՞ւ ընտրեցի այս ուղին, ինչո՞ւ այս բարդ ճանապարհն ընտրեցի, այստեղ ավելի գեղեցիկ սարեր կային, այստեղ ավելի հեշտ ուղիներ կային: Ես ընտրեցի ամենաբարդը, որը կարծես թե չեմ կարողանալու հաղթահարել: Այս ուղին ինձ համար չէր, այս ուղին ինքնահավան ու ինքնասեր մարդու ճանապարհ էր, ով իր մասին մեծ կարծիքի է, ով մտածում է, որ ինքն ամենակարող է, բայց ամենակարող չեմ ես:
Յանին շարունակում էին տանջել մտքերը, երբ սկսեց նորից բարձրանալ: Կասկածը շարունակում էր խեղդել, նա սկսեց մտածել, արդյո՞ք կհասցնի ետ իջնել ու ուրիշ սար բարձրանալ: Բայց մտածեց, որ ամեն դեպքում, իրեն հետաքրքրում է, թե ինչ կա այս սարի գագաթին: Նայեց սարի բարձունքին, այնտեղի ձյունն իրեն այնքան գեղեցիկ թվաց, որ ոտքերն սկսեցին աշխատել, գագաթին հասնելու նրա ձգտումը նորից արթնացավ:
Յանը բռունցքները սեղմեց ու սկսեց խոտերից բռնելով բարձրանալ: Նրան թվաց, թե հասնում է գագաթին, երբ մի հարթ հատվածի հանդիպեց: Վերև նայեց ու հասկացավ, որ ուղին չի ավարտվել, նրա առջև ծաղիկներ էին ու սարը կարծես առաջ էր եկել՝ իր տակ ինչ-որ բան թաքցնելով, մթի մեջ ինչ-որ լույս էր երևում: Յանը կամաց քայլերով առաջ գնաց, կռացավ ու մտավ քարանձավը: Այստեղ լույսեր էին, պատերին փոքրիկ կենդանիներ էին, որոնք լույս էին արձակում, նրա առաջ լիճ էր, ու լճի մեջ արտացոլվում էր այդ հրաշք կենդանիների լույսը: Յանը հասկացավ, որ իր սարը կախարդական է: Սարը կարծես հուշում էր Յանին, որ ինքն արժե այն գինը, որը պետք է վճարել:
Յանը դուրս եկավ քարանձավից, նայեց երկնքին, խոր շունչ քաշեց ու շարունակեց բարձրանալ: Այս անգամ՝ ավելի եռանդուն ու ավելի ոգևորված: Երբ Յանին թվաց, թե մոտ է գագաթին, նորից հասավ մի ուղիղ հատվածի, բայց այս անգամ ծաղիկներ չկային, գետինը չոր էր, նույնիսկ այրված խոտի հոտ էր գալիս ու սև բծեր էին: Նորից նրա առջև խոռոչ էր, բայց լույս չկար, անցքի միջից դուրս եկավ մի ծեր թզուկ, ձեռնափայտով, երկար սպիտակ մորուքով ու թեք-թեք քայլելով մոտեցավ Յանին:
– Տղա, ի՞նչ ես փնտրում էստեղ, ի՞նչ ես ուզում, ե՛տ գնա, այստեղ քեզ ոչ մի լավ բան չի սպասում, միայն տանջանքներ:
– Բայց այն հրաշք կենդանիները, այն լույսերը, դրանք ինձ հույս ներշնչեցին: Ես այդքան հեշտ չեմ հանձնվի, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կա վերևում, ինչ կա բարձունքում, ինչ է երևում այնտեղից,- պատասխանեց Յանը:
Ծերուկը նայեց տղային, թեք հայացքն ավելի փոխվեց, ավելի ջղայնացավ.
– Հիմար տղա, ոչինչ էլ չկա այնտեղ, ես գնացել եմ, ոչ մի բան չկա, ոչինչ:
Յանը չհասկացավ թզուկի բարկությունը, այն մի տեսակ անհասկանալի էր:
– Բայց ես ոչինչ չեմ փնտրում, ես ուզում տեսնեմ գեղեցկությունը ու սպիտակ ձյան վրա դնեմ իմ ոտքը: Իսկ ի՞նչ պետք է այնտեղ լիներ, ի՞նչ էիր դու ուզում այնտեղ գտնել:
Թզուկը պատասխանեց, բայց շատ խառնափնթոր, նա չհասկացավ Յանի բառերը.
– Ի՞նչ է նշանակում` ինչ, ես ուզում էի գտնել ամեն ինչ: Ինչ տեսարանի կամ ձյան մասին է խոսքը, ես ուզում էի այնտեղ գտնել ինձ, գտնել իմ երազները, գտնել իմաստը, գտնել ամեն ինչ, գտնել վերջ ի վերջո իմաստն իմ այդ օրվա տանջանքի, ես այդքան տանջվեցի, ձեռքերս վնասվել էին, սառել էի, ու երբ վերև բարձրացա, այնտեղ ոչինչ չկար,- ու թզուկի աչքերը լցվեցին:
– Ծերուկ, դու իմաստը չես հասկացել, երջանկության իմաստն այնտեղ՝ գագաթին չէ, այլ՝ քո մեջ: Դու չես իմացել, ինչ ես փնտրում, որ գտնես, չես հավատացել քո երազին, որ այն իրականանա: Այն երջանկությունը, որ դու հաղթահարել ես բարձունքը, դա արդեն քեզ պետք է երջանկացներ,- պատասխանեց Յանը:
Ծերուկը ձեռքը թափ տվեց ու ետ մտավ իր խորշը: Յանը բարձրացրեց գլուխը դեպի բարձրունքը, նրան այնքան հետաքրքիր էր, թե ինչ կերևա այնտեղից:
Թզուկը վերադարձավ՝ ձեռքին մի ծաղիկ, որը պոկել էր բաձունքից.
– Այս ծաղիկը միակ հիշատակն է բարձունքից, այն մինչև հիմա չի թոռոմել, եթե գտնես այսպիսին, բեր ինձ համար ևս մեկը:
Յանը նայեց թզուկին և ներողամտորեն ժպտաց: Դեղին ծաղիկը, որը բերել էր Թզուկը՝ վաղուց թոռոմել էր, պարզապես Ծերուկը չէր հասկանում, որ երջանակությունն իր ձեռքերում է եղել այդքան ժամանակ:
Յանը շարունակեց իր ճանապարհը, երբ արևի լույսն սկսեց երևալ հորիզոնում: Նա հասավ սարի գագաթին ու ապշեց տեսարանի վրա. բոլոր սարերը ներքևում էին, իրենն ամենաբարձրն էր, ոտքի տակի ձյունը փափուկ էր և հաճելի:
Ձյան տակից ծաղիկներ էին երևում, Յանը ձյունը բարձրացրեց ու տեսավ նրա տակ թաքնված թիթեռներն ու գունագեղ ծաղիկները: Նայեց երկինք, լույսն ընկավ նրա վրա, տղան ձեռքերը պարզեց աջ և ձախ, նրա շուրջը հավաքվեցին ձյան փաթիլները, հետո ծաղիկները սկսեցին պտտվել, ամեն ինչ սկսեց պտտվել, ու Յանը միախառնվեց իր սարի հետ: Սարով օդի մի ալիք անցավ, ծերուկը դուրս եկավ սարի խոռոչից ու իր առջև բացվող տեսարանից աչքերը փայլեցին: Նրա առաջ այն դեղին ծաղիկներն էին, որոնց մասին երազում էր: Թզուկն սկսեց ուրախ-ուրախ հավաքել այդ ծաղիկները, նա գտավ իր երազը:

109 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>