ԱՐՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ / ՄԻ ՔԻՉ ՀՂԻ ՑԱՆԿԱՊԱՏ

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեր Հասոն մի քիչ հղի է ու հեչ գոհ չի իր կյանքից, թողես գիշեր-ցերեկ կքնի: Ապրելու հավես չկա, մեռնելու՝ կարիք: Ի՞նչ անել: Գրել: Գրել, որ ապրելու հավես չկա, մեռնելու՝ կարիք, ապա վերջակետ դնել ու սպասել մինչև կծնվի մի նոր ցանկություն: Թող լինի չար կատակ: «Վիժել»: Գրեց գունավոր թղթիկի վրա ու փակցրեց Ցանկապատին: Ցանկապատն անկողնու դեմ դիմացի ամենասովորական պատն է՝ պես-պես գրավոր ցանկություններով պատված: Ուշադիր, հատ առ հատ վերընթերցեց ողջ պատը: Գուցե վաղուց երազել ու մոռացել է՝ «հղիանալը», «մայրանալը» կամ նման մի բան, բայց թեմային ամենամոտը՝ «գժական սեքս անծանոթի հետ» գրությունն էր:

Հասոն միշտ էլ սիրել է մածուն, իսկ հիմա, երբ մի քիչ հղի է, նրա սերն առ մածուն ձգտում է անսահմանության: Թողես, գիշեր-ցերեկ մածուն կուտի, կատվի նման կքնի-կքնի, վեր կկենա, շորորալով կհասնի սառնարանին, մածուն կտանի բերանը, շրթունքները կլպստի, նորից կքնի, էդպես մինչև հաջորդ մածնականչ: Թարսի պես մածունը պրծել է: Ապրելու իմաստ չկա, մեռնելու՝ կարիք: Ի՞նչ անել: Գրել: Թող լինի անիրականանալի: «Լինել որձ կատու»: Գրեց կպչուն թղթիկի վրա ու փակցրեց Ցանկապատին: Հետո ևս մի երկտող, էս մեկն էլ՝ սառնարանի դռանը: Թող լինի համով կատակ: «Ես սիրում եմ քեզ, մածուն, վերադարձիր, առանց քեզ կյանքն անիմաստ է: Մյաո՜ւ»:

Քնեց: Երազում տեսավ սպիտակ մածնաշխարհ: «Աղ չեն արել»,-մտածեց կատու-Հասոն՝ չորաթանի լեռներում ծփացող թանալճում խեղդվելիս: Վեր թռավ:

Զանգեց մորը: «Մամ, երազո՞ւմ էիր ինձ ունենալ…»: Երևի մոր պատասխանը Հասոյին էդքան էլ չգոհացրեց, որովհետև կարճ կապեց: Ի՞նչ անել: Գրել: «Թող լինի միշտ մայրիկը, և թող միշտ լինեմ ես», բայց պատին չփակցրեց: «Լինել մածուն, խեղդել կատվին»: Անհամ կատակ: Թղթերը ճմռթեց ու շպրտեց:

Փորձեց քնել՝ չստացվեց: Երկար նայեց առաստաղին: Հազար ու մի միտք անցավ գլխով: Ի՞նչ անել, եթե գրելու ցանկություն ու ապրելու հավես չկա, երբ մորդ հետ խոսելիք չկա, մեռնելու՝ կարիք: «Ես սիրում եմ քեզ, մա»: «Ես էլ՝ քեզ, բալես»: Հետո՞: Վեր, Հասո, վեր, սիրուն ջան, հավաքի քեզ, տես ինչքան պես-պես կպչուն թղթիկներ ունես, լիքը-լիքը ցանկություն կարող ես գրել: Դու մենակ գրի, գրի, լավ է ստացվում: Մեծ-մեծ բաներ երազի, որ փոքրերը կյանքը բերի ու շաղ տա ոտքերիդ տակ: Մի քիչ հղի ես, ոչինչ, աբորտ կանես, էս արդեն որերորդը կլինի՞: Մեկ, երկու, երեք… Ուժ չունես: Լավ, մի ճնշվիր, չես ուզում՝ չես անի, երեխա կունենաս, թե տղա լինի՝ անունը Ադամ կդնես, էն սիրուն տղի պատվին, որ զոհվեց Ապրիլյան պատերազմում: Սիրուց ծնածը սիրուն կլինի: Թե աղջիկ լինի՝ քեզ պես քնած դշխուհի, անունը Հուռի կդնես, որ անբան լինի: Իրար հետ մածուն կուտեք, կմլավեք: Չե՞ս ուզում: Լավ, օդաչու թող դառնա, մայրիկին նստեցնի սավառնակ ու հայդե՜ Մադագասկար: Գիտե՞ս, որ Մադագասկարում խստիվ արգելվում է տանը սպանել արական սեռի ցանկացած էակի, ասենք՝ կատու, որովհետև համարում են, որ դա կհանգեցնի զինվորի զոհվելուն: Վեր, մի՛ քնի, մի՛ քնի:

Քնեց: Երազում անծանոթի հետ գժական սեքս էր անում, հետո դեմքը քիչ-քիչ պարզվեց ու տեսավ Ադամին՝ վաղամեռիկ, սիրուն զինվոր տղուն, որի նկարը ցնցել էր հայոց համացանցը: Ամենահաճելի պահին զուգընկերոջ գլուխը կտրվեց ու գլորվեց իր գիրկը: «Քյարամի գլուխը»,-մտածեց Հասոն ու ափով փակեց դեմքին ցայտող արյան շիթը: Վեր թռավ:

Զանգեց մորը: «Մամ, մի հատ երազահանում նայի՝ մածունն ի՞նչ է…Լավ, իսկ կտրած գլո՞ւխը, արյո՞ւնը…»: Երևի մոր պատասխանը Հասոյին էդքան էլ չգոհացրեց, որովհետև կարճ կապեց: Ի՞նչ անել: Գրել: Սպիտակ թղթին գրեց՝ «Չվախենալ Հայաստանում ապրելուց»: «Լինել քաջ ու սիրուն, Ադամի պես»: «Գնալ Քյարամի գյուղ, նրանց բակում ծաղիկներ տնկել, խոսել ծնողների հետ»: Չփակցրեց: Լաց եղավ:

Լաց մի՛ լինի, Հասո ջան, դու լալկան չես, դու քնկոտ ես, ծույլ ու տաղանդավոր, մի քիչ էլ հղի, բայց երբեք-երբեք լալկան չես եղել: Ես քո տեղը լինեի, որդուս անունը Քյարամ կդնեի՝ ի պատիվ գլխատված շարքային Սլոյանի: Ու թող մեկը փորձեր ասել, թե եզդու անուն հայ տղուն չի սազում, թող փորձեր մեկնումեկը ծիծաղել երեխուս անվան վրա: Դե, աչուկներդ սրբիր, բոլ եղավ: Ո՛չ առաջինն ես, ո՛չ վերջինը: Միլիոններ են քեզ պես ապրել ու դիմացել: Տղամարդիկ գնացել են պատերազմ, կանայք ծեր ու մանուկ են պահել, թաղել ու մեծացրել: Մենումենակ, միայնակ մայր ու այրի՝ ինչքան ուզես, իսկ օր ու տարի, որ աշխարհում կռիվ-պատերազմ եղած չլինի, երկիր, որ կռիվ չունենա, մատների վրա կհաշվես: Թող քո սրտով լինի: Աղջիկ եղավ՝ կպահես, տղա եղավ՝ կհանես, քոնն էլ կլինի հակառակ նշանով սելեկտիվ աբորտ՝ հայրիշխանության ջգրու: Մենակ մի՛ նվնվա: Առանց էդ էլ ապրելու հավես չկա, մեռնելու՝ կարիք: Թելադրում եմ, գրի. «Ղարաբաղի հարցի խաղաղ, հայանպաստ կարգավո…»… Տեղ չարեց:

Զանգեց մորը: «Մամ, ես քեզ սիրում եմ»: Երևի մոր պատասխանը Հասոյին գոհացրեց, որովհետև երկար-բարակ խոսեցին: Երևի մայրը վերջում հարցրեց. «Սիրտդ ի՞նչ է ուզում»: «Սի՞րտս…- կրկնեց Հասոն ու պոկեց «վիժել» գրությամբ թղթիկը,- շատ-շատ…,- ու պես-պես կպչուն թղթիկները թափվեցին ցած,-…մածուն:- Պատը գրեթե դատարկվեց:- Ուրիշ ոչինչ»,- ասաց, անջատեց հեռախոսն ու նորից փռվեց մահճակալին:

Հասոն փորձեց արթուն մնալ՝ ստացվեց: Երկար նայեց առաստաղին: Իր արթմնի երազում սիրունացավ, դարձավ մի քիչ հղի մածնափերի, թռավ գնաց սահման: Աչքի առաջ աշխուժացան էն ջահել զինվոր տղերքը, որոնց լուսանկարները հուզել էին հայոց համացանցը, որոնց տակ հազարավոր բթեր էին տնկվել, իսկ ինքը հատիկ-հատիկ սրտիկներ էր թռցրել: Հիմա կատվային ժպիտը դեմքին մածուն է բաժանում, սառը-սառը համով մածուն, որ գդալը մեջը տնկես՝ կանգնած կմնա: Գրեց: «Թող սահմանին զոհ չլինի»: Թե չէ քո ուզել-չուզելով է, իսկ ո՞վ չի ուզում, Հասո ջան: Թողնես՝ գիշեր-ցերեկ երազի: Էդպես էլ երազելով՝ թուղթ ու գրիչ բռում, քնեց ու չիմացավ՝ երազ տեսա՞վ, թե՞ իրականում Ցանկապատից պոկվեց ու հանդարտ պտտվելով հատակին ընկավ գույնզգույն վերջին թղթիկը, որին գրված էր. «Լողալ դելֆինի հետ»:

679 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>