Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան

***
Երբ երկնաքերները
քեզ բանի տեղ չեն դնում,
որովհետև նրանք վաղուց
հեռացել են մարդուց
իրենց բարձրությամբ,
երբ ոտնահետքերդ փախչում են քեզնից,
որքան էլ ամուր ես դոփում գետնին,
դու կարոտում ես Երևանը…

***
Օրերս
գլխապատառ փնտրում են ինձ.
դրսում դեկտեմբերն է,
ուզում են համոզվել,
որ տանն եմ, հագնված.
Ծննդյան տոներից առաջ
հավաքվում են, որովհետև
ինչ-որ մեկը գալու է,
որովհետև ժամանակն է,
որովհետև օրերը
միասին խելացի են…

***
Երբ սենյակում շատ են իրերը,
ես սկսում եմ
կարգավորել դատարկությունս,
որովհետև ամեն բան արդեն
մի տեսակ շատ է`
շնչահեղձ լինելու չափ…

***
Լուսամուտից երևացող
քաղաքի մայթերին
ոտնահետքերդ սպիների են նման,
ձյունը եկել,
անձրևի ծոցն է մտել…
Դու էլ արի…

***
Ես վստահում եմ քեզ
իմ չկետադրված
բանաստեղծությունները,
միայն թե բառերս
հետուառաջ չանես…

***
Ու վաղվանից առաջ
մի լուսավոր գիշեր`
մոռանալու համար,
քո գնալուց հետո
եկած այս օրը
ինձ չի հերիքում…
***
Նա ծնվել,
մեծացել էր,
սպասում էր,
որ մեկը գա
և իրեն
թռչել սովորեցնի…

***
Օրացույցից
մեկ օր էլ պակասեց.
գուցե կարոտեմ
այս կարոտը…

***
Որովհետև ես ուզում եմ լինել,
բայց կորցրել եմ նրան,
կողոպտված քաղաքի փողոցներում`
շատ արագ, շատ դանդաղ,
սխալ ժամանակ,
չպարտադրված…

***
Երբ ծովի սպիտակ ավազին
ագռավներ են հավաքվում,
նայում եմ և չեմ վախենում մեռնել,
որովհետև աշխարհն ապրում է
առանց մեզ…

***
Իմ փողոցները
քո մայթերին չհասան,
որովհետև դու
սխալ կանգառում էիր,
որովհետև ես`
սխալ քաղաքում..

***
Երբ ինձ համոզեցիր,
թե թևնոցդ պատահաբար պոկեցիր
(քո ոչ մի բառին կասկած չունեի,
չունեմ),
չգիտեմ.
գետնին թափված
ուլունքների անցքերում
քամիներ կան հիմա…
Թափվեցին, զրնգացին, կորան
կասկածներս
կապույտ գնդերի հետ…

***
Որովհետև դու կոտրեցիր ինձ
որպես խաղալիք,
ու որովհետև կոտրված-սարքված խաղալիքով
ոչ ոքի չես խաբի. գուցե մի բան
դու ասես
ուրիշ քաղաքների մասին, որտեղ ոչ ոք
չի իմանա, որ խաղալիքը կոտրված է
և հրճվանքով կփախցնի
հանդիպած գարեջրատնից…

***
Իմ նկարածը
ծիրանագույն մի մայրամուտ էր,
քոնը`
կարմիր երկինք ու անվերջություն,
բայց սպասի՛ր,
երգերիս մեջ դեռ քեզ ունեմ,
իսկ երգերս` սպիտակ, սպիտակ…

***
Ֆուտբոլ էինք նայում,
երկուսս էլ նույն գնդակին`
տարբեր էկրանների…

***
Ծխնելույզով իջած
երջանկության նման`
աննկատ
ու սպասված այնքան,
եկար,
արթնացրիր,
գնացիր…

***
Երեկվա մենությունը կա
վաղվա օրվա մեջ,
խոնավ տխրություն կա,
և ևս մի բուռ
անհանգստություն կա
վաղվա օրվա մեջ,
հին ցավը,
խեղդող կարոտն այսօրվա,
ամեն ինչ նորից վերապրելու վախ,
և տարակուսանք կա
վաղվա օրվա մեջ…

***
Աշուն հավաքողները
գարուններս սրբեցին, տարան,
ու հիմա
սառնամանիքս ձեռնոցներ չունի…

***
Գիշերը բուխարու ջերմությունից
լուսինն իջնում է ծխնելույզի վրա,
առավոտները ծխնելույզ մաքրողն
իր երկար խոզանակով
տանիք է բարձրանում,
բայց զգույշ է շատ, որովհետև
լուսինը երբեմն ցերեկները
տանիքում է մնում,
հանկարծ փայտով չդիպչի լուսնին`
գլորվի, փշրվի…

***
Երեկոն ցածրացել է
Երևանի տափակ կտուրներին,
վաղվանից մնում եմ
քո բացակայությամբ կահավորված այս քաղաքում`
իմանալով,
որ ձմռան ամենաերկար գիշերն է,
որ ժամանակն ավարտվել է հիվանդ փողոցներում,
և ինչ-որ մեկը հաշվում է բոլոր քայլողներին…

***
Ուռենու ճյուղերին վազվզում է ձմեռը,
տոներն ավարտվեցին,
ովքեր այս օրերին ապրել են
երջանկությամբ,
շարունակում են քայլել առանց անձրևանոցի:
Ուռենու ճյուղերն այրվում են,
մինչ անձրևը հանգստանում է մարդկանց ուսերին…

***
Կեսգիշերը լվացել է նոյեմբերի դեմքը,
և նարինջներն արթնացել են առանց կոպերի,
ու էլի սիրելու մեկ պատճառ է մնացել,
որ շուտով Ամանոր է…

***
Դու այնքան մոտ ես,
որ քաղաքը կտեղավորվի
մեր արանքում,
ուր ես կարող եմ օրերով սպասել
ու չվախենալ, որ կհասնես ինձ,
անձրևից հետո փոքրացող
ու բարակ այս քաղաքում
դու այնքան մոտ ես,
որ ձեռքդ չեմ կարող բռնել,
որ ներեմ քեզ…

***
Տանիքը կռթնել,
կզակը հենել է քարին,
իսկ ծիծեռնակները
երկինքներ են ուզում…

***
Երեկոն
կծախսվի,
կգնա…
Լուսաբացը տաք է:
Դեռ ստվեր չունի բալենին…

***
Անձրևից հետո լցվել է
երկաթի ու քարի արանքի
դատարկությունը,
գիշերը ծանրացել է դաշնամուրիդ ստեղներին,
նորից եկել եմ,
որ լցնեմ մերկությունդ…

***
Մենակությունս
բարձրացել է լեռները,
և կողքին մի մարդ նայում է,
թե ինչպես եմ սիրում,
երբ անձրև է գալիս…
Գիշերը, երբ կքնեմ,
ու անձրև կգա,
մենք նման կլինենք…

***
Շղթայված տարիները
դեմքիս նկարել են սև թախիծ,
կարճատև, լուռումունջ ուրախություններ,
հիշեցրել են, որ կյանքի հետ
ինչ-որ տեղ հանդիպել եմ
ու ինչ-որ օր քարոզել բախտին …

***
Այնքան մոտ ես,
որ կաս,
որ սահում ես կողքովս
ու քեզ համար տեղ հարթում,
այնքան մոտ,
որ կյանքս դարձնում ես
լուռ հարսանիք,
որտեղ հյուրերը քեզ չեն ճանաչում…

***
Իսկ Սանտորինին տխրում է
առանց քեզ,
և տան պատերը,
որ քո լինելուց էլի դատարկ էին,
և պատշգամբը,
որի ծաղիկները այդպես էլ չխնամեցիր,
հետևի բակի լուսարձակը,
որի աղոտ լույսի տակ չգրկեցի քեզ,
հեծանիվը,
որ վարել չսովորեցիր… չսովորեցրի,
արևագալը,
որ անգույն դարձավ քո գնալուց հետո,
ու մուտքը արևի`
գունատված տների հետևում.
ու սպիտակում եմ ես էլ
Սանտորինիի դատարկ մենության մեջ…

***
Ու որովհետև ես
արթնանում եմ
ավելի շուտ, քան կեսօրը
և չեմ հասցնում տեսնել,
թե ինչպես ես ծնվում առավոտյան`
կապույտ հատակին, հողե երկնքի տակ,
որովհետև աշխարհը
շուռ է եկել,
ու թեև մարտ ամիսը
վաղուց անցել է,
և գարունը վերջանալու
վրա է,
դու մոռացել ես, որ
սովորական օրվա սկիզբ է,
և աշխատավայրում էլի կարևոր գործեր կան,
որոշել ես գրող դառնալ դեղին ավտոբուսում…

***
Եվ երբեմն նստած պատշգամբում`
նայում եմ պահի
անխռովությանը`
չմտածելով ոչնչի մասին,
բայց նորից չմոռանալով քեզ,
որովհետև քեզ հետ
ապրած օրերս
նման են ցորենի արտում աճած բարդիների.
որքան հեռանում ես,
դրանք ավելի տեսանելի են
դառնում…

***
Կակաչը գլխիկը բացեց,
ցող կաթեց ծաղկափոշուն,
ծաղկի երակը սառեց:
Հողը սպիտակել էր,
և բոլորն արդեն
արթնացել էին,
բայց կակաչը լուր չուներ մարդուց…

***
Մի քիչ շուտ,
մի քիչ ուշ,
մի քիչ քառեկավոր,
քիչ տողանի,
մի քիչ թղթի վրա`
տողադարձված,
մի քիչ իմն ես,
մի քիչ չկաս…

***
Բոլոր ֆիլմերում
մի բան կա քո մասին,
որ ստիպում է
համարդ հավաքել,
բոլոր ֆիլմերը նման են մեզ`
բոլոր ֆիլմերն
ավարտվում են…

***
Դրսում մնացած աշուն է,
ու ես մոռացել եմ
ինձ կապել ծառերից,
որ թրջվելիս ձայն չհանեմ…

4392 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>