Արմինե Սահակյան / ԿԱՐՈՆ

Արմինե Սահակյան

Երջանկությունն այն բառն է, որը բոլորը գոնե մեկ անգամ արտասանել են, բայց եթե յուրաքանչյուրիս հարցնեն, թե ինչ է երջանկությունը, հնչած պատասխանները կտարբերվեն միմյանցից: Ամեն մեկս յուրովի ենք պատկերացնում երջանկություն ասվածը և շատ քչերն են կարողանում այս կյանքում ստեղծել կամ էլ գտնել այն:

Անքուն գիշերներս մի առավելություն ունեն. երբ քնած է ողջ գյուղը, ես արթուն եմ, արթուն եմ ու վազում բարձրանում եմ սարը: Մեր գյուղի արևածագը կրակոտ է ու ոչ մի տեղ երբեք արևն այդքան սիրով չի բացվում: Նկարոտ, ոչ մի ֆիլմում երբեք չեղած մի տեսարան է, երբ աղջամուղջի մեջ ցրվում է մութն ու տրվում արևին, ընդունում արևի լույսը ու հավատում նրա այն խոստմանը, թե եկող օրը ամեն ինչ փոխելու է, թե գյուղացու առօրյան մի քիչ թեթևանալու է:
Տատը չի սիրում, երբ արթնանում է ու ինձ տանը չի գտնում, այդ պատճառով էլ՝ հենց գյուղն արթնանում է, շտապում եմ իջնել սարից ու տուն գնալ: Մի անգամ էլ գյուղի միջով քայլելիս տեսա, որ ինչ-որ մարդիկ իրերով էին լցնում վերջերս վաճառված տունը. մեր նոր հարևաններն արդեն ժամանել էին: Մտա տուն ու տատը ձայն տվեց.
-Բալես, արի, շուտ արա, արի ինձ ու Արև տատին կոֆե դիր:
Ամեն առավոտ սուրճ եփելիս, ուզած, թե չուզած, ծանոթանում էի գյուղի բոլոր թարմ նորություններին, որովհետև դրանք տատիս պատմելը համարվում էր մեր հարևան Արև տատի կարևոր պարտականություններից մեկը, որով էլ միշտ սկսում էր նա իր օրը:
-Բա չիմացար, էն Օնոյենց Պետրոսի տունը Երևանցի մի դոկտոր ա առել: Ասում են Երևանում մեծ հիվանդանոցում ա աշխատում, կենտրոնում էլ տուն ունի: Մենակ մի բան չեմ կարում հասկանամ, դա մեր գյուղումը ինչ ա կորցրել, որ էդ քաղքի կյանքը թողել, էկել ա էստեղ ապրելու: Մի տեսակ լավ հոտ չեմ առնում ես էս պատմությունից:
-Հա էլի, Արև ջան, ո՞վ ա իր օրում լսել, որ մարդ քաղաքը թողնի, գա գյուղում ապրի: Համ էլ կարող ա չի ապրելու, դաչայի տեղ ա բանացնում:
-Էդ մեկը չեմ իմանում, բայց գիտեմ, որ էսօր էլ ունեցած-չունեցածն են բերել, ձեր տուն գալուց տեսա:
-Հա, ես էլ էի նկատել, որ էդ տան տուռը բաց ա:
Արդեն պարզ էր, որ այսօրվա գլխավոր սենսացիան մեր նոր հարևանն էր, ով բոլորի մոտ մեծ զարմանք էր առաջացրել մեր գյուղ տեղափոխվելով: Ու չեմ թաքցնի, որ ինձ էլ շատ էր հետաքրքրում, թե ով է այդքան բարձր գին վճարել Պետրոսի հին ու կիսաքանդ տան համար, որը ոչ մի առանձնահատուկ գրավող բան չուներ իր մեջ:
Մեր գյուղը բարձրադիր է, ու մենք այստեղ ավելի մոտ ենք արևին, քան քաղաքի մարդիկ: Ցերեկները արևը խանձում է մաշկդ, իսկ գիշերները սարից եկած քամին ստիպում մինչև ոսկորներդ մրսել: Հենց դրա համար էլ պաշտում եմ երեկոները, երբ արևն արդեն թուլանում է ու թաքնվում սարերի ետևում, բայց հողը դեռ պահում է իր մեջ արևի շողերն ու տաքություն տալիս: Քամու տված սառնությունն էլ տանելի է դառնում, նույնիսկ հաճելի է, թե ինչպես է խաղում մազերիդ հետ ու պարել ստիպում ողջ բնությանը: Մեր գյուղում ես վայելում եմ բոլոր երեկոները՝ լցված խենթ քամով ու արևի մարող ջերմությամբ:
Խորհրդավոր հարևանները մի քանի շաբաթ էր, ինչ եկել էին, այդպիսի մի հրաշք երեկո էր, ես էլ բարձրացել էի տան կտուրն ու համակված էի երջանկության զգացումով, երբ ընկնում ես երազանքների գիրկն ու ամեն ինչ աչքիդ ավելի սիրուն է թվում: Նկատեցի հանկարծ, թե Պետրոսի տունը, որն արդեն վաղուց էլ Պետրոսին չէր պատկանում, ինչքան էր փոխվել՝ այգին մաքուր էր, գեղեցիկ ու հազվագյուտ ծաղիկներ էին հայտնվել, տունը կարգի էր բերված, ամեն դեպքում դրսից շատ էր գեղեցկացել, իսկ հենց տան դիմաց դրված էր մի մեծ ճոճանակ: Զարմացած մտածում էի, թե ինչպես էր այդ կիսաքանդ տունը փոքրիկ ու թաքուն մի անկյուն դարձել, երբ տեսա մեկը մեր տան կողմն է գալիս: Մինչ կհասցնեի իջնել կտուրից տատս արդեն դուրս էր եկել տնից.
-Բարև Ձեզ: Ես Ձեր նոր հարևանն եմ, անունս Կարո է,- մեծ խանդավառությամբ ու լայն ժպիտով հարևանության առաջին փորձերն արեց բժիշկ Կարոն:
-Բարով ես եկել մեր գյուղ, տղա ջան, ես էլ Արշալույս տատն եմ, համեցի, ” տատս մի քիչ շփոթված պատասխանեց անսպասելի հյուրին, ես էլ ուշադիր զննում էի այն տարօրինակ մարդուն, ով հանդգնել էր թողնել քաղաք կոչվածն ու դեմքով շրջվել դեպի գյուղը: Ժպտերես էր, մորուքով ու սև հագնված, բայց սևը նրան չէր պղտորում, այլ ավելի խորհրդավոր, խորը ու միաժամանակ հասարակ դարձնում: Բժիշկը անչափ հումորով էր ու շատախոս. չնկատեցինք էլ թե սուրճի սեղանի շուրջ տարածվող զրույցն ինչպես մի քանի ժամ տևեց, նրա հետ անհնար էր ձանձրանալ: Տեսա, որ նրա ձեռքերին վերքեր կան ու չգիտեմ էլ ինչու միանգամից ենթադրեցի, որ բակն ու տունը ինքն իր ձեռքերով էր կարգի գցել, ճոճանակն էլ անձամբ նորոգել: Ուզեցի հարցնել, թե ով է սարքել ճոճանակն ու նոր շունչ տվել այն կիսաքանդ տանը, բայց չհամարձակվեցի ընդհատել տատիկ-պապիկի ու հյուրի զրույցը: Նա խոսում էր ու ես զգում էի, թե ինչպես էին նրա արտաբերած հնչյուններն ինձ համակում: Ինչ-որ չբացահայտված, ոչ ոքի կողմից չհասկացված մի երանգ տեսա նրա էության մեջ: Նա մարդ էր, ում ոչ բոլորը պիտի հասկանային ու շատերը պիտի քննադատեին, պիտի տարօրինակ մարդու տեղ դնեին ու նույնիսկ վախենային նրանից, մինչդեռ նա պարզապես իրական էր, առանց կեղծքիների, առանց պատնեշների, նա մարդ էր, ով ամեն օր սեփական ձեռքերով կերտում է սեփական երջանկությունը:
Այդ օրվան հաջորդող բոլոր երեկոներին, երբ բարձրանում էի կտուր, տեսնում էի, թե ինչպես էր ինքն իր ձեռքով մշակում հողը, տնկում տնկիներն ու ջրելիս սեր փոխանցում հողին: Ընդամենը մեկ ամիս էր անցել, բայց տխուր ու մռայլ այգին աննման գույներով ներկվել էր ու մեր կտուրից նայելիս մի հրաշալի նկարի տեսք էր ստացել: Նայում էի գյուղի բոլոր տնամերձ հողերին, ուր գույները խամրած էին, տանջանքի ու երբեք չվերջացող բողոքի ամպը չէր վերանում, հողը բերք չէր տալիս, ոսկի հասկ չէր երկնում, իսկ Կարոն, Կարոն կյանք էր տվել մեռած, սառած հողին: Ոչ մի ամպ չկար նրա տան բոլորն, ու արևի շողերը ջերմացնում էին ամեն մի սերմը: Ես տեսնում էի, ես զգում էի այն երջանկությունը, որ օդի հետ Կարոյի հողամասից գալիս հասնում էր ինձ: Հոտոտում էի ու զգում, թե ինչքան բարի, անհոգ ու թեթև է դարձել մեր գյուղի օդը:
Նստում էր Կարոն իր իսկ սարքած ճոճանակին, սուրճի բաժակը ձեռքին նայում էր այգուն, մեկ-մեկ գլուխը ետ գցում ու կարծես թևածում էր, վերանում այս աշխարհից: Կարոն երջանիկ էր, երջանիկ ինչպես ոչ ոք ու հենց Կարոն էր, որ ստիպեց ինձ մտորել, թե ինչպես կարող է մարդ գտնել իր երջանկությունն այնտեղ, որտեղից բոլորը ցանկանում են փախչել, ազատվել, ուր ամպերը չեն ցրվում ու վառ գարունը երբեք չի բացվում: Կարոյի գարունը չէր ավարտվում, նա ձմեռ չուներ: Կարոն մարդ էր, ով չէր թողնում իր սրտի ծաղիկները թոշնեն: Կարոյին գյուղում տարօրինակ մարդ էին համարում ու քչերն էին շփվում նրա հետ: Նա ուրիշ էր, իրոք որ նման չէր ոչ ոքի: Կարոն ստեղծել էր մի բան, որը բոլորը փնտրում են ողջ կյանքում ու շատերն էլ մեռնում են առանց գտնելու: Կարոն ազատ էր, դրա համար էլ կապանքներով աշխարհում մարդիկ նրան չէին տեսնում, չէին ընդունում:
Ես երբեք չտվեցի Կարոյին սկզբից ևեթ բոլոր գյուղացիներին տանջող այն հարցը, թե ինչու էր այդ տղան թողել ամեն ինչ, առել ընտանիքն ու տեղափոխվել գյուղ: Չտվեցի, որովհետև տեսա, զգացի այդ հարցի պատասխանը: Կարոն հոգով, տեսակով մարդ էր, ով չէր փնտրում երջանկություն, այլ քարը քարի վրա դնելով կերտում, քանդակում էր սեփական երջանկությունը: Նա չէր վազում երջանկության ետևից, նա ստեղծում էր երջանկություն այնտեղ, ուր ոչ ոք երբեք չէր էլ փորձել փնտրել: Քաղաքի փոշուց, աղմուկից հեռու նա գտել էր մի վայր, ուր կարելի էր հանգստանալ, թոթափել վախերը, գցել տան ետևով վազով առվակն ու կարելի է հանգստանալ, մի պահ երջանկանալ: Նա գտել էր ու ադամանդի պես փայլեցնում էր այն, ինչը մենք բոլորս տրորում էինք խիստ բարկությամբ ու երազանքներ կառուցում քաղաքի մասին, ուր մարդիկ միայն վազում են երջանկության ետևից ու երբեք չեն փորձում ստեղծել այն:

597 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>