Գարունիկ Հովհաննիսյան / Ռոբոտը եկել է

ԳԱՐՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հաղորդավար ” Հարգելի ռադիոլսողներ, այսօր «Հետաքրքիր է» հաղորդման հյուրերն են պատանիներ Նանեն, Արեգը և ռոբոտ Դեանը, և ձեզ հետ կրկին ես եմ` Մեխակը: Այս եռյակը այս ամիս կազմակերպված հարցման արդյունքում ճանաչվել է մեր քաղաքի լավագույն ընկերախումբը: Հատկանշական է, որ նրանք անձամբ հայտ չեն ներկայացրել մրցույթին մասնակցելու համար: Հետաքրքիր է, թե նրանց ինչպես է հաջողվում ընկերական հարաբերություններ պահպանել տարիներ շարունակ: Մենք բոլորս էլ ուզում ենք ունենալ առնվազն մեկ լավ ընկեր: Նանե, Արեգ, Դեան, անկեղծորեն պատմեք մեզ, թե ինչպիսի՞ փոխհարաբերություններ են ընկած ձեր ընկերության հիմքում:
Նանե ” (Փոքր-ինչ ուշացումով): Մենք շատ ենք սիրում իրար:
Արեգ ” Չգիտեմ: Ամեն բան այնքան լավ է ստացվում: Չեմ մտածել այդ մասին:
Դեան ” Ես հասկանում եմ իմ հնարավորություների առավելագույնով: Պահանջվածը, որ տալիս եմ, իմ գտած ամենաարդյունավետ տարբերակը կամ տարբերակներից է` ընտրված ոչ պատահական, առավել օգտակար լինելու սկզբունքով: Տարբերակները երբեք համարժեք չեն լինում:
Հաղորդավար ” Հարգելիներս, ձեր պատասխաններն այնքան կցկտուր էին, որ ես վախենում եմ սխալ եզրահանգում անել: Հավանաբար ուզում էիք ասել ընկերության պահպանման գրավականներից են` սերը, փոխըմբռնումն ու անձնվիրությունը: Այո՞: Լա՛վ: Երբ մենք անցած շաբաթ համացանցով քննարկում էինք ընկերության թեման, մասնակիցներից մեկը գրել էր, որ ընկերությունը` այդ «սրտառուչ» միությունը՝ հիմնված է պատահական, ժամանակավոր, խաբուսիկ համընկնումների վրա, նույնն է թե ընկերություն չկա, կա բարենպաստ պատահականության քմահաճույք: Դուք ի՞նչ եք կարծում, երեխաներ, այդպե՞ս է: (Լռություն): Հարգելի ռադիոլսողներ, նրանք` Նանեն, Արեգը, միմյանց են նայում: Ըստ երևույթին այդ միտքը զարմացրեց նրանց:
Դեան ” Անշուշտ, առկա է և պատահականության դերը, մենք կարող էինք և չհանդիպել: Բայց այսուհանդերձ, ինչպես պնդում եք դուք, կան այլ գործոններ ևս:
Հաղորդավար ” Դուք՝ այդ ովքե՞ր: Մարդի՞կ:
Դեան ” Այո՛: Սա զուտ տարբերակում էր:
(Հաղորդումից դուրս):
Տղամարդ 1- Ռոբոտների հասարակություն է առաջացել, այդպես կլինի՞:
Կին 1 ” Հաղորդավարը ծանր հարցեր է տալիս, շփոթեցնող, ընկճող: Հաշվի չի առնում, որ երեխաների հետ գործ ունի:
Հաղորդավար ” Որտեղի՞ց այս անունը` Դեան, որտեղի՞ց ձայնավորների կուտակումը:
Նանե ” Դեանի հետ ծանոթացման առաջին շրջանում մենք նրան դիմում էինք իր գործարանային համարով: Հետո մտածեցինք, որ ավելի հարմար կլինի նրան դիմել որևէ անունով : Հենց այդ ժամանակ մեզ մոտ հարց առաջացավ. Դեանը տղա՞ է, թե՞ աղջիկ: Դե նա, ինչպես հայրս է ասում, քառակուսիներով է հավաքված: Եվ քանի որ մենք չկարողացանք որևէ կերպ որոշել նրա սեռը, տխրեցի: Ես արագ եմ տխրում: Ու սկսեցի լաց լինել ու պնդել, որ այդպես չի լինում: Արեգը երևի ինձ հանգստացնելու համար ասաց, որ գուցե դեռ անհայտ է, բայց մի օր կիմացվի: Սա հանգստացրեց ինձ: Արագ էլ հանգստացա: Հետո մտածում էինք, թե այդ դեպքում ինչպես նրան անվանենք: Երկար-բարակ քննարկումներից հետո որոշեցինք «դեռ անհայտ» արտահայտության առաջին զույգ տառերը միացնել, ու այդ միացումից ստացանք Դեան: Սա բարեհունչ թվաց մեզ, ուստի շատ դուր եկավ:
Հաղորդավար ” Քնքուշ պատմություն էր: Հավանաբար դուք էլ եք համամիտ հարգելի ռադիոլսողներ: Վայելեք այդ պատմությունից ստացած հուզախառն ու հաճելի զգացողությունը, իսկ մենք կվերադառնանք եթեր շուտով:
-Մյուս շաբաթ «Հետաքրքիր է» հաղորդման հյուրերը լինելու են ծեր ամուսիններ, որոնք համատեղ ապրում են արդեն հիսուն տարի: Զույգն ապրում է չափազանց համեստ նյութական միջոցներով և գոհ է (խոսքի աստիճանական ձայնիջեցում` «հիսուն տարի» արտահայտությունից հետո):
Հաղորդավար ” Երեխաներ դուք հուզվո՞ւմ եք: Ո՞չ: Չե՞ք կարողանում շարադրել ձեր մտքերը:
Արեգ ” Ես ամաչում եմ խոսել այդ մասին… Ասես պարծենում եմ…
Հաղորդավար ” Օ՜, ո՛չ: Մարդկանց, ձեր տարեկիցներին գործուն օրինակը հավատ և ուժ է տալիս: Դա է մեր հաղորդման նպատակը:
Նանե -Արեգը չէր էլ ուզում գալ:
Հաղորդավար ” Եվ իզուր: Պատրաստ եղեք, շուտով նորից եթերում կլինենք:
” Սա հաղորդում է արտասովորի, անհավատալիի, ցանկալիի մասին:
Հաղորդավար ” Հարգելի ռադիոլսողներ, ահա և մենք վերադարձանք եթեր: Այժմ կփորձենք իմանալ, թե ինչպես է կայացել այս եռյակի ծանոթությունը, որը հիանալի ընկերախմբի կազմավորման սկիզբ է հանդիսացել:
Նանե -Գիտե՞ք, ես չեմ հիշում (ծիծաղում է): Այնքան փոքր հասակից ենք ընկերացել, որ չեմ հիշում:
Արեգ ” Ես էլ չեմ հիշում:
Դեան ” Իսկ ես հիշում եմ: Երբ ինձ հանեցին արկղից, ես անմիջապես հասկացա, որ պետք է հսկեմ Նանեին, պաշտպանեմ վտանգներից, ժամանակին տեղեկացնեմ, որ կա վտանգի հավանականություն: Նանեի տվյալները արդեն ներածված էին իմ մեջ ու անհրաժեշտ հրահանգը տրված էր: Ես ըմբռնեցի, որ Արեգը հարկավոր է Նանեին, ու նրան էլ առա իմ պաշտպանության տակ:
Հաղորդավար ” Մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ ռոբոտը ընկեր չի կարող համարվել, որ բացահայտ ծիծաղելի ու վտանգավոր կեղծիք է: Իսկ ինչ կասես այս առնչությամբ դու, Դեա՛ն:
Դեան ” Նանեն ու Արեգը թող որոշեն դա:
Արեգ ” Ամեն բան պարզ է: Դեանը մեր ընկերն է:
Նանե ” Ես համոզված եմ, որ Դեանը զգում է: Գուցե ոչ մեզ նման, բայց դարձյալ մեզ նման: Նա ճիշտ է մտածում: Չի խորամանկում ինքն իր առաջ, ինքն իրենից թաքնվելու կարիք չի զգում: Եվ ցավ ենք զգում… Երբեմն կարծում եմ, որ դա ամենևին էլ օգտակար չէ մեզ համար:
Հաղորդավար ” Լավ, հարգելիներս, մնացած հետևությունները թողնենք մասնագետներին:
Տղամարդ 2 ” Լավ հիշում եմ, մենք Նանեի համար ձևով մարդու նմանակ ռոբոտ չգնեցինք, որովհետև ասում էին, որ մարդանմանների կերպարը ավելի խոր հետք է թողնում մարդկային հոգեբանության վրա, բայց իզուր լսեցինք: Ոչ ոք էլ դրանից չէր տուժի: Կապվածությունը մնում է կապվածություն:
Կին 2 ” Սոցիալական ցանցում տեղ գտած քննարկումները, որ վերաբերում էին մարդ-ռոբոտ հարաբերություններին, վատ են ազդել Արեգի վրա: Տղան տխուր է:
Կին 1 ” Սովորական երևույթ է` հիվանդացնող, հյուծող: Իրեն խնայել իմացող մարդը հեռու կմնա բամբասանքի ու տարակարծության այդ շփոթից:
Հաղորդավար ” Նանե, իսկ ճի՞շտ է, որ դու ուզում ես դառնալ ռոբոտոհոգեբան:
Նանե ” Այո:
Հաղորդավար ” Դեանի ընկերակցությունը ազդե՞լ է քո որոշման վրա:
Նանե ” Ավելի հավանական է՝ այո-ն:
Հաղորդավար ” Իսկ դո՞ւ, Արեգ, դու ի՞նչ ես ուզում դառնալ:
Արեգ ” Դեռ չեմ որոշել: Երազում եմ ճանապարհորդել և ոչ միայն երկրի վրա:
Հաղորդավար ” Համարձակ է: Ընկերների՞դ հետ: Ժպտո՜ւմ է խորամանկ:
Արեգ ” Միասին այնքան ուրախ կլինի, որ այդ մասին մտածելիս անգամ երջանիկ եմ դառնում:
Հաղորդավար ” Հիանալի է, այո: Դեա՛ն, հետաքրքիր է, իսկ դու երազանքներ ունե՞ս:
Դեան ” Այն, որ ռոբոտ եմ, չի նշանակում, որ իմ զարգացումն անհնար է: Դա շատ վիրավորական կլիներ: Ես լոկ իր չեմ, որ կատարում է իր ծառայողական դերը: Ես ինքնածրագրավորվում եմ: Իմ բոլոր ծրագրերի հենակետը մարդկանց օգտակար լինելու հրահանգն է:
Հաղորդավար ” Ձեր ընկերության տեսակին, եթե սխալ չընտրեցի բառը, վերաբերող առցանց քննարկմանը մասնակցած կեղծանունով անձնավորությունը գրել էր, որ ռոբոտը հիանալի օգնական է, բանիմաց ուսուցիչ, վստահելի պաշտպան, ավելի վստահելի է, քան մարդը: Իսկ դո՞ւք, հարգելիներս, համակարծի՞ք եք:
Նանե ” Ինձ համար երկուսն էլ հավասարապես լավն են:
Արեգ ” Մարդիկ էլ անկանխատեսելի լինելով են հետաքրքիր:
Դեան ” Չարժե մտածել, որ մարդը և ռոբոտը կարող են իրար փոխարինել:
Դռան բացվելու ձայն:
Կին 2 ” Արեգ, դու նման ես հիվանդի:
Լռություն:
Արեգ ” Մինչև վերջերս այնքան լավ էր: Իմ մտքով իսկ չէր անցել, թե ռոբոտի հետ շփվողը բնական լինել չի կարող, որ ցանկացած հարցում մեզ օգնելու, անհրաժեշտ քայլը հուշելու պատրաստակամությունը մեր հիշողությունն ու միտքը ծույլ է դարձնում, որ նա, իբր, զգուշավոր, խորամանկ երկաթե արարած է… Զզվելի է:
Կին 2 ” Ես միշտ էլ դեմ եմ եղել այդ կեղծ կերպարանքներին, դու այդ գիտես, տղաս: Երբ գիշերը հիշում եմ, որ դեռ ռոբոտի հետ ես շփվում, չեմ կարողանում քնել: Նանեի ծնողները իրենց ազատամիտների տեղ են դրել, բայց իրականում թեթևամիտ են:
Արեգ ” Մայրի՜կ:
Կին 2 ” Դու ինձ կոպիտ ես գտնում, ոչ քնքուշ…
Արեգ ” Ո՜չ…
Կին 2 ” …կամ ոչ ջերմ: Ոմանք գտնում են, որ ռոբոտներին լավ կհասկանամ, կներես, որ նորից հիշեցի. ծանր վիրավորանք է ինձ համար: Բայց ես անհանգստանում եմ քեզ համար, և չեմ ուզում, որ դու փոխվես… Ֆիլմ կա մեզ ոչ նման մարդկանց մասին, որոնք այնքան սառն են, ես վախենում եմ, որ ռոբոտի հետ շփվելով դու կնմանվես նրանց: Հիշո՞ւմ ես ֆիլմը: Միասին ենք նայել:
Արեգ ” Ախ, մայրի՜կ, իզուր ես անհանգստանում: Իսկ այդ ֆիլմի հերոսները պարզապես ավելի խելացի ու հավասարակշռված են: Նրանք ինձ շատ են դուր եկել:
Կին 2 ” Դու նորից վախեցնում ես ինձ, Արե՛գ:
Արեգ ” Դեանի մեջ ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը: Նա իմ ամենախելացի ընկերն է:
Կին 2 ” (Ձայնը ավելի բարձր): Ռոբոտը քո ընկերը չի, այն Այվազյանների սեփականությո՛ւնն է:
Արեգ ” Մայրիկ, այդպես չէ՛:
Կին 2 ” Մի՛ հակաճառիր, այդպես է, ու ավելի մի՛ տխրիր, որովհետև անիմաստ է:
Լսվում է Դեանի ձայնը: Ինչ-որ մեկը դիմավորում է նրան:
Արեգ ” Վերջ, մայրիկ: Հետո կխոսենք:
Կին 2 ” (Բարձրաձայն): Ինչո՞ւ, ռոբոտը եկե՞լ է: Երբ մտածում եմ, որ ռոբոտի հետ էլ պիտի մարդու նման վարվեմ, ուզում եմ հիստերիկորեն ծիծաղել: Եվ մի՛ ասա, որ այդպիսի վարմունքով մասնակցում եմ նրա կատարելագործման միասնական գործընթացին: Սո՛ւտ է: Եվ, վատ օրինակները չեն ընդունվում նրանց կողմից, որովհետև այդպես են ծրագրավորված: Սո՛ւտ է, սո՛ւտ:

1468 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>