Գիրք շնորհակալության կամ շնորհի / ԱՆԻ ՀՈՎՆԱՆ

Աննա Դավթյան «Գիրք շնորհակալության»
Աննա Դավթյան «Գիրք շնորհակալության»

Աննա Դավթյան անուն-ազգանունը գրական դաշտում հոլովվում է դեռևս 2005 թվականից: Գրական կայքերում, թերթերում, անթոլոգիաներում հրապարակված բանաստեղծությունները և պատմվածքները՝ իրենց ձևային, բովանդակային, կառուցվածքային բազմաձևությամբ հուշում էին հեղինակի որոնումների մասին, որ ի մի են բերվել և ամբողջացել «Գիրք շնորհակալության» երկլեզու ժողովածուում (Ակտուալ արվեստ, Երևան, 2012): Միայն մեկ շարք ունեցող, առավել ստույգ՝ առանց շարքերի բաժանման այս ժողովածուն աչքի է ընկնում կառուցվածքային ամբողջականությամբ, որ դրսևորվում է նախ և առաջ բանաստեղծական կառույցի, ձևի միանմանությամբ: Տվյալ դեպքում կառույցում էական է դառնում քնարական հերոսի կերպարը, որ բոլոր հույզերի, մտքերի, ապրումների կրողն է դառնում՝

Այն, ինչ ընկած է գիշերից
մինչև առավոտ-
նախշերը, շարժումները, խարխափումը,
վախը, այլությունը…
և այն, որ կա ինչ-որ տեղ,
ԲՈԼՈՐԸ
իմ մեջ են: (էջ 20)

Քնարական հերոսը դառնում է այն կենտրոնական կերպարը, որի հետ հարաբերությամբ էլ մյուս կերպարները՝ մուկը, լեռները, գրքերը, աշակերտները, «մտնում են» բանաստեղծություն, որը հեղինակը կառուցում է մանրամասների՝ մանկության տարիների հուշերի, գյուղական կյանքի որևէ դրվագի, երկխոսության կամ ապրումի համադաշնությամբ: Ժողովածուին ներհատուկ է խոսքի սեղմությունը, լեզվաոճական յուրահատուկ կառուցվածքը՝ ռիթմական, հնչյունական, շարահյուսական դրսևորումներով, իսկ կենցաղային տարրերը և տեղեկատվական փաստերը գրեթե բացակայում են, իսկ եթե այդպիսիք էլ կան, ապա ենթարվում են գեղարվեստական վերացարկման: Առհասարակ, Աննա Դավթյանի պոեզիան՝ ի հաշիվ նաև իր լեզվական հատկանիշների, բնորոշվում է նաև գեղագիտությամբ, որը, կարելի է ասել, մերօրյա գրականության մեջ գրեթե անտեսված է: Այս առումով «Գիրք շնորհակալությանը» շահեկանորեն տարբերվում է:
Դրան հակառակ՝ Աննա Դավթյանը ընտրում է գոհունակության, ցավն անգամ պարգև կամ փորձություն ընդունելու մոտիվը՝

Ինձնից վերցվեց արտոնությունը,
հետո դատապարտվածությունը
եւ տրվեց ուրախությունը
գրելու:
Հեքիաթների հեքիաթ: (էջ 8)

Հետաքրքրական է շատ բանաստեղծությունների կրավորական կառույցը, որը կարծես վկայում է այն մասին, որ բանաստեղծական տարածության մեջ տեղի ունեցող «երևույթները» որքանով քնարական հերոսի ներսում են, այնքանն էլ նաև իրենից դուրս են՝ իռացիոնալ ոլորտում, որ տվյալ դեպքում երազն է կամ հեքիաթը՝

Այն տեղում եմ,
Միայն որտեղից կխոսվի
Ինձ հազար ձեռքով կանչեցին,
կախարդեցին ու շղարշով պատեցին իմ մարմինը,
անուշաբույր ծխով արթնացրին ինձ
ու դրին երազի մեջ…(էջ 12)

Երազային կամ հեքիաթային իրականության մեջ քնարական հերոսը դառնում է անանուն և անանձնական՝ ստանձնելով իրերը կարգավորողի և ամենը իր մեջ ներառողի գործառույթ.

Ես անուն չունեմ,
ես զբաղվեցի այլ բաների կառուցմամբ…
և ես հարմար տներ սարքեցի նրանց համար, ովքեր
գիտեն իսկական կարգը իրերի…(էջ 14)

Իրերը կարգավորելու, տիեզերական ներդաշնակության հասնելու, այլակերպության, ամենը մի տեղում՝ իր հոգում, հավաքելու, քնարական հերոսի ձգտումը կարմիր թելի պես անցնում է ամբողջ ժողովածուում: Քնարական հերոսը սկզբնապես իր խաղաղությունն ու ներդաշնակությունը փնտրում է իրենից դուրս՝ »ամպերի ու սակավության մեջ», այնուհետև իրեն փորձում է գտնել սեփական հոգու մասնատումներով»քանդվում ու հավաքվում եմ մեկ այլ տեղ՝ կաշվիս տակ», երբեմն էլ առավել գեղեցիկ, առավել լուսավոր տարածություն ստեղծելու ցանկությամբ վերադառնում է դեպի անցյալ՝ մանկություն: Բայց վերադարձի ճանապարհը ուղենշվում է վախերով, տագնապներով, հիշողություններով, որոնք գալիս, լցվում են քնարական հերոսի հոգու մեջ, ուր արդեն իրականն ու անիրականը սահմանազատել հնարավոր չէ, քանի որ ինչպես ինքը՝ հեղինակն է ասում՝

Եվ այն, ինչ չի եղել,
Ավելի մեծ գաղտնիք է ու լռություն,
Քան այն, ինչ եղած է:

Հեքիաթային պոետիկային բնորոշ «լինում է, չի լինում»-ը
Ու ամբողջ շարքը վերածվում է սեփական հոգում և իրենից դուրս տարածությունը եղած ու չեղած հիշողություններով, ապրումներով լցնելու ցանկությամբ՝
Կենդանիկներ՝ մկնիկ, բզեզ ու մեղուներ,
և ես շատ բան կկառուցեմ այս օրվա մեջ
այսքան ունեցածով:
Եվ զարմանալին այն է, որ քնարական հերոսը գոհ է իր ունեցածից, որ, թերևս հենց իր ստեղծածն է: Քնարական հերոսը սովորել է ինքն իրենից դուրս և որոշակի հեգնանքով նայել սեփական ցավին ու համակերպվածի տխրությամբ շնորհակալ լինել անգամ սեփական հոգսերի համար՝
Ամենաշատ ունեցածս պայծառությունն է, հիմա,
Երբ հոգսեր ունեցա ու երբ լռեցի….
Ես լցվեցի շնորհակալությամբ ու շնորհով…(էջ 98)

Այսպիսով, Աննա Դավթյանը իր անդրանիկ ժողովածուն սկսում և ավարտում է սեփական հոգու խորքերը քննելով, մասնատելով և այդ ամենը վերացարկելով, ինչը, ինքնըստինքյան ենթադրում է բովանդակային և ձևային նեղ ընդգրկումներ, որը, հուսանք, հեղինակի մյուս ժողովածուներում կհաղթահարվի, իսկ հեղինակի գեղագիտական ճաշակը, նրբին հեգնանքն ու լեզվաոճական յուրահատուկ կառուցումները էլ ավելի կզարգանան ու կդառնան նոր բանաստեղծություն, նոր շարք ու նոր ժողովածու, ինչին, թերևս սպասում է նաև այս հետաքրքիր ու հաջողված գրքի ընթերցողը:

1825 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>