ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ / ԱՆԱՎԱՐՏԵԼԻ ՃԱՄՓԻ ՄԵՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեծ արտադրողին պետք չէ իրեն ու աշխարհը իսկապես հասկանալ-ճանաչել ցանկացող, ինքն իրեն իսկապես փնտրել-գտնել ցանկացող մարդը, նրան պետք է ուղղորդելի սպառող: Մեծ արտադրողը սպառող է բուծում, զոմբի: Ճիշտ է` զոմբի բուծելու ճամփին նա անդադար կրկնում է` դու դու ես, դու ազատ ես, նա փաթաթում է քեզ լարերով, շրջապատում տեսախցիկներով, էկրաններով, աշխույժ քարոզչությամբ, ստեղներ է մտցնում մատներիդ տակ, ձայներ խցկում ականջդ, գույներ լցնում աչքերդ, մտքեր ծեփում ուղեղիդ գալարներին, ու միևնույն ժամանակ երեսպաշտորեն պնդում` դու ազատ ես: Ազատություն` ուղղորդելի, վերահսկելի տարածքի ներսում, խամաճիկի ազատություն: Մեծ արտադրողի համար իսկական արվեստը, իսկական գրականությունը վտանգավոր ախոյան են, խանգարում են բուծման սահուն ընթացքին, կարող են շեղել բուծելիքի ուշադրությունը, տանել, ուստի Մեծ արտադրողի խնդիրն է` հնարավորինս նսեմացնել նրանց նշանակությունը, վարկաբեկել, փոխարենը` ահա քեզ փոփ-արվեստ, վերցրու, սպառիր, թեթև, պարզունակ, մատչելի, ահա քեզ շփվելու, շատախոսելու անսպառ տարածք, զբաղեցրու քեզ, սահիր մակերեսով: Մեծ արտադրողին մեծ շուկա է պետք, մեկ մոլորակի չափով, ուր կճեմի բուծված զոմբին` իր աստվածներից, իր արմատներից, ինքն իրենից, նույնիսկ իր բնատուր սեռից օտարված, կատարելապես համահարթեցված մարդը` Մեծ սպառողը:
Սակայն իսկական արվեստը, իսկական գրականությունը, փառք Աստծու, սպանված չեն, կան, չեն հանձնվում, ավելին` դարերի անիմանալի խորքերից սկիզբ առած նրանց ճամփան անավարտելի է, և նրանք ունակ են ասելու` ուշքի արի՛, մա՛րդ, թույլ մի տուր հիմարացնեն քեզ, կուլ մի գնա, դու ավելին ես, քան քեզ պարտադրվող դերը, գտիր քեզ, աշխարհը տես քո՛ աչքերով…
Ուստի, կեցցե՛ իսկական արվեստը, կեցցե՛ իսկական գրականությունը: Կեցցե՛ տասնամյա «Գրեթերթը», որ իսկական գրականության անավարտելի ճամփի երիտասարդական ավյունով տրոփող մի հանգրվանն է:

665 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>