Գրական մանիֆեստն իբրև հակամանիֆեստ / Սուրեն Աբրահամյան

Գրական մանիֆեստի հրապարակումը նորի հասունացման, անցյալը ժխտելու և քննադատելու հայեցություն է պարտադրում: Այսպիսի հիմքով մանիֆեստը «ժանրային հիշողությունը» (Բախտին) մեր գրականության մեջ արտահայտել է դեկլարացիաների (ինչպես Կ. Զարյանի «Գրական հանգանակը» (1913), «Երեքի դեկլարացիան» (1922)), այնուհետև ծրագրային բանաստեղծություններում, որ ձևավորում է գրողի գեղարվեստական համակարգի ինքնատիպությունը, շարժման և ուղղության պատկանելիությունը, որ առանձնապես 20-րդ դարի գրականության յուրահատուկ դրսևորումներից է: Ահա թե ինչու մանիֆեստի հայտնությունը (որը նույնն է այս ժանրի նույնատիպ այլ ընկալումների անալոգում) կարող է գրական շարժման կամ ուղղության փակ դռներ բանալ, ուստի առանց հակադրության, բանավիճող ուժգնության հանդես չգալ չի կարող և զարմանալի է, որ Հասմիկ Սիմոնյանի «Մանիֆեստի» հրապարակումը («Գրեթերթ» հոկտ. 10, 2015) այդպիսի արձագանքի դեռ չի արժանանում: Գուցե ճգնաժամը չափազանց խո՞րն է, թե՞ հեղինակի մանիֆեստը չի ընկալվել մարտահրավերի, քննադատության այնպիսի ուժգնությամբ, որ յուրահատուկ է տվյալ «ժանրին»: Ասում եմ տվյալ «ժանրին», որովհետև Հ. Սիմոնյանի մանիֆեստում, զուտ ժանրային ինքնությամբ, մանիֆեստը հանդես է գալիս գրական ստեղծագործության և, եթե կուզեք, աշխարհընկալման այնպիսի հայեցությամբ, որ յուրահատուկ է գիտական սահմանումներին: Ուստի Հ. Սիմոնյանի «Մանիֆեստը» պոետիկայի իր «հիշողությամբ» միասնական է որպես բանաստեղծականի արտահայտություն՝ պատկերավորության իր համակարգով, ինչպես նաև սահմանումների նպատակասլացությամբ, որ գեղարվեստական տեքստը պառակտում է իմաստի բանավիճող հակադրությամբ: Հետևապես՝ գեղարվեստականի ըմբռնումը Հ. Սիմոնյանի «Մանիֆեստը» գիտակցում է իբրև խոսքի համաժամանակության, իսկ սահմանումը՝ ժամանակը վերապրելու ոլորտ, որ շաղկապված է անմիջական կապով արդիականությանը, որ տևում է իբրև «ապրում» բանաստեղծուհու աշխարհայեցության ձևավորման ընթացքի և փորձառության մեջ: Այսինքն՝ մանիֆեստն այնպես է «պեղում» և վերակերտում բանաստեղծի աշխարհայեցությունը, որ տրվում է ժամանակի և ժամանակների միջով՝ կարգավորելով այն որպես ամբողջություն: Սա նշանակում է, որ մանիֆեստը որոնում է բանաստեղծականի ուղին, այն է՝ պոեզիան, որն օտարված է(կամ՝ մեկ-ուրիշն է), և այդ օտար-ը այլ-տեղն է կամ՝ այլ անվանբ՝ ոչմի-տեղը, որ բանաստեղծուհին ընկալում է իբրև լեզվի տոպոս կամ, ճշգրիտ ասած, իբրև լեզվի կերպար, որ շարժման ծիրով նույնն է՝ ինչպես շարժման ընթացքը «քեզնից դեպի քեզ»: Ուրեմն, պոեզիան փնտրում է բացարձակի սահմանը, որ գոյություն չունի, թեև հավակնում է լինել առեղծվածի «վայրը»: Ուստի բանաստեղծուհին այն «գրում» է (թեև մանիֆեստն է գրում նրան) «փոքրատառով», որ «նշանակում է՝ բաց թողնել առաջին տառը», «կանգնել երկրորդ հարթակին, տեղ տալ նրան, ով առաջնորդ է»1, այսինքն՝ ժամանակին: Որովհետև, որպես հաստատում, բանաստեղծուհին այնուհետև նշում է, որ «ես առաջնորդ չեմ, երբեք էլ չեմ եղել…»: Ինչո՞ւ: Որովհետև՝ «ես կուռքեր չունեմ, չունեմ հերոսներ ու աստվածներ»: Փոխարենը բանաստեղծուհին կարդում է գրքեր, որ մշակույթի և ժառանգության ընկալումն է պարտադրում, ինչը նշանակում է՝ տրվում է իբրև ժամանակի ընկալում, որ ինքն է և ինքը չէ: Իսկ այս պարագայում պոեզիան կարող է լինել անձնավորված եսի զրույց, որ լեզվական արտահայտությամբ երկու ուղղություն ունի. այն է՝ բանաստեղծությունն իբրև վերջավորի-բացարձակի արտահայտություն փնտրում է ինքն իրենից օտարվածը, մեկ-ուրիշը, որ սահմանում է աբսուրդը և աբսուրդայինը, մինչդեռ պոեզիայի հայելային շրջադարձը պատկերավորության է ձգտում բացառապես լեզվի նշանների մեջ, որ Պաուլ Ցելանը «Միջօրեկանը» ճառում համեմատում է մեդուսայի գլխի կամ անդունդի հետ, երբ «միևնույն ուղղությամբ իրար կողք կողքի գոյություն ունեն երկու օտարություններ»: Առաջինը՝ բացարձակը կամ վերջավորը, պոեզիայի երազանքն է, արվեստի ու ժառանգության ուղին, իսկ երկրորդը, որ անհնար է դարձնում պոեզիան, բանաստեղծության պահն է, երբ մեդուսայի հայացքը որսում և քարացնում է ժամանակը, աշխարհը, որոնում իր զրուցակցին (բանաստեղծությունը ի վերջո որոնում է դու-ին, իր երկրորդ եսին), ինչը նշանակում է՝ «բանաստեղծությունն այլևս ինքն է… և կարող է անարվեստ եղանակով բռնել իր ուրույն ճանապարհը», այսինքն՝ «այն այլևս խոսք չէ, այլ զարհուրելի համրություն» («Արտ. գրակ.», թ.3,2015,էջ 39): Ուրեմն և՝ մեդուսայի հայացքը լռության պահն է նաև, որ բանաստեղծի ինքնության և լեզվի արտահայտության միասնությունն է պահպանում: Նույնի հետևությամբ ահա Հ. Սիմոնյանը ասում է՝ «ես չունեմ տերեր… ես անտեր եմ», բայց միաժամանակ, «ես իմն եմ»: Այն է՝ «ես դուրս չեմ գալիս փողոց: տեքստը իմ տեղն է»: Սակայն, երբ ասում է՝ «ես իմն եմ», տեքստը իմ ժամանակն է «գրում», ապա ուղղակի է բնութագրվում՝ «ես որդնած տեքստ եմ», ուստի «տանն, ուր ապրում եմ, վարձով բնակարան է», ինչպես վերջավոր և փոփոխական աշխարհը, և բանաստեղծուհին պիտի հատուցի գրով, որ վճարի որպես ժամանակի կենվոր գոյության ընկալմամբ՝ ժամանակով, օրերով, գտած տեղը մշակելով: Ուստի ժամանակի հանգրվանում, ուր եսը պառակտված է լինելության կանչով, բանաստեղծուհին իրեն ընկալում է իբրև նիհար ջրիմուռ կամ փոքրիկ թռչուն, որ «մաքրում է ծեր կոկորդիլոսի նեխած ատամները», որ նույնն է, ինչը արտահայտում է Պ. Ցելանի մեդուսայի գաղափարը: Իսկ գոյության շրջադարձում, երբ բանաստեղծուհին ասում է, թե սիրում է իր սերը, և թե՝ սեր է ինքը, ում հենարանը գիրքն է (մշակույթը), ժամանակների միասնությունը, ուղղակի (առանց փոխաբերության) հայտարարում է՝ «ես մարդ եմ», այսինքն՝ գոյ, ուստի պատահականություն են կրծքերը (սեռը), և հավելում է՝ «ձեզ լինեն իմ սեռն ու հեշտոցը»…, «ես մերկ եմ և ուժեղ իմ լինելությամբ»: Բանաստեղծուհին լուծել է հարցերը նաև երկար մազերի հետ՝ գեղեցկության մի սրահի աղբադույլի մեջ թողնելով նրանց: Հետևապես բանաստեղծի եսն անում է ամեն ինչ, ինչ ժամանակն է թելադրում. որոշումներ չի ընդունում, այլ անում է այն, ինչ պահն է թելադրում: Չի տրվում պատրանքներին՝ ստատուսներ գրելով, ձեռնահարելով ցնցուղի տակ՝ հեշտանքից նվաղած, որևէ բան անելու ցանկությունից դրդված՝ անպտուղ ու անարվեստ… Սակայն բանաստեղծությունը, որ գրում է և գրվում է իբրև տեքստի ընկալում, որպես եսի գոյության արտահայտություն, ազատագրության փակուղին բանալու, ազատության ծնունդն է և ազատության սահմանումը, ուր «ճվճվացող գույնի փոխարեն ընտրում (է) ներհակ գույնը», ուր «բառերը բոժոժներ են» (ոչ թե թիթեռներ), ուստի բանաստեղծողին «դուր են գալիս որդի՝ ինքն իր մեջ կլորվող, ներսուզվող աշխատանքը», որ ազատագրում է բանաստեղծողին, որոնում այն, ինչ ազատությունն է, իսկ ավելի ստույգ՝ ազատության ազատությունը, որն էլ արթնացնում է «մեր միջի ամենախեղճին, ամենատանջվածին, ամենաչհասկացվածին, ամենաբռնաբարվածին»: Հետևապես բանաստեղծուհին նախընտրում է անտեսանելին, զգայականը, ենթագիտակցականը վերապրել, իր ապրած իրականությունը վերածել բանաստեղծության, ի հայտ բերել այն որպես բանաստեղծականի ըմբռնում:
Ահա, ուրեմն, տեքստի հանգրվանը, որ ժամանակն է ստեղծում, արտահայտում բանաստեղծի կենսափորձն ու փորձառությունը, իսկ տեքստը փողոցն է կամ՝ (ինչպես հավելում է) «փողոցն է իմ տեքստը», որ անվերջորեն, հանգրվան առ հանգրվան, ձուլվում է բանաստեղծի աշխարհին: Ուստի պատրանքը ձախողում է, ժամանակը և տեքստը համահավասար են դառնում, թեև առաջնորդողը հենց ինքը ժամանակն է, երբ մենք նստած ենք գետի ափին պատրանաթափ, մինչդեռ հողը՝ «հողն է տեքստը», իսկ հողում «թաղվելու համար նախ պետք է հողի վրա ապրել»:
Ահա այսպես է պատրանքի վրա մեռնում պատրանքը, հնչում ազգային լացը անպտղաբեր՝ որպես խաչվածի պատմություն և, իհարկե, պատմությունը՝ «խրիմյան հայրիկից ավանդված միջազգային լեզուն՝ լացը»… Որովհետև բանաստեղծություն գրել նշանակում է ոչ միայն շարունակել պատմագիրներին (թեև «բանաստեղծությունը չի հավատում մովսես խորենացուն» և բանաստեղծուհին այն գրում է փոքրատառով, որը բանաստեղծության անունն է), հետևապես բանաստեղծուհին կոչ է անում «ապր(ել) էսօրը» և ոչ «ազնվատոհմ տատիկ պապիկների անցյալը (կամ՝ ապառնին)»: Ահա այստեղ է, երբ բանաստեղծություն «գրողը» դնում է միջակետ, փնտրում հողի մարդուն, «գնում այնտեղ, ուր մենք չենք գնում»: Այսինքն՝ նոր տեղ է փնտրում, անհաստատուն հաստատունը՝ այն է՝ բանաստեղծությունը, որի ճանապարհը՝ անարվեստ թե արվեստավոր, պոեզիայի որոնման ուղին է, ուստի և՝ բանաստեղծությունը և պոեզիան հակադիր են և միասնական, նույն ճանապարհն են անցնում՝ «քեզնից դեպի քեզ»՝ որպես բանաստեղծի ինքնության երկու աշխարհների հաղորդակցում: Հետևապես, երբ բանաստեղծությունն է գրում բանաստեղծուհուն՝ նշանակում է՝ ճանաչել ինքն իրեն, «տեղ տալ կողքի(ս) մարդուն, այսինքն՝ հակադրվելով ինքն իրեն, գրառել որպես բաց տեքստ (գրականություն), որը «տեքստ է տեքստում»», որ փողոցն է (մեկ ուրիշը), «օրագրային գրառում»՝ թաքնվածը արտահայտող, ուրեմն և՝ բանաստեղծություն, ուր բանաստեղծն այլևս մենակ չէ ինքն իր հետ, իր կողքին, իր էության մեջ, իր էությունից դուրս… Ահա մի անեզր, փակ տեքստ, ուր բանաստեղծությունն ու տեքստը միասնական են, թեև բանաստեղծը «մենակ չէ» (միայնակը), այլ ինքն է և՝ ինքը չէ, որովհետև բանաստեղծությունն ինքն է այլևս միայնակը, միակը, որ բանաստեղծի և բանաստեղծության հանդիպման, հաղոդակցության պահն է արձանագրում՝ ինչպես մեդուսայի հայացքը, կոկորդիլոսի նեխած ատամները մաքրող փոքրիկ թռչունը… Ահա այպես է ծնվում բանաստեղծությունը, ինչպես պահը, ակնթարթը՝ որպես պահերի ապրած զարհուրանք: Բայց այն բանաստեղծի միակ պահն է՝ ներկա և անվերջանալի, ուստի այդտեղ է, ուր բանաստեղծը դնում է «միջակետ» և «չի հավատում մովսես խորենացուն», որովհետև ամեն մի բանաստեղծություն ունի իր «միջակետը» և «գնում է այնտեղ…», ուր տանում է ներկայի անվերջությունը, ուր ինքը՝ պատմագիրը՝ Մովսես Խորենացին՝ քերթողը և բանաստեղծը, միշտ նույնն է և նույնը չէ… Ինչո՞ւ: Ժամանակն ինքն է գրում փոքրատառով, իսկ բանաստեղծուհին ժամանակն ընկալում է իբրև գոյության արտահայտություն և «ուժեղ է միայն լինելությամբ», որ բացառիկներին, ուրեմն և՝ օժտվածներին է տրված…
Ահա և մանիֆեստը, որ Հ. Սիմոնյանի համար պոեզիայի որոնման ուղին է ստույգ: Պոեզիան և մանիֆեստը, այսինքն՝ դավանանքը, որ պոեզիայի ճակատագիրն է և գուցե ծնվել է ճգնաժամի թանձրությունից, որ ունենք այսօր: Այլապես Կարեն Անտաշյանն էլ, նույն շարժառիթից ելնելով, «Ars Poetica» բանաստեղծության մեջ դիմելով բանաստեղծին (նրան, ով իր ծմակուտը կամ բանաստեղծական ինքնությունն է ստեղծել), ասես հուսահատ չէր արձագանքի և ասի, թե վերջին ծմակուտիդ վերջին քարախուփն էր մերը և ոչ թե քո վաղեմի անդաստանը, որ կյանքի հանգրվանն է, տրվում է «էս կյանքի հանգով» և միշտ հետմահու է խոստացվում «ինչպես տերյանենց, չարենցենց, բան»… Իսկ ահա մենք՝ ծուլամորթ որմնադիրներից վերջինները, որպես խաչակիր մահապարտներ, տոհմի վերջին էգը և որձը, ոչ թե գովերգում ենք պոետի ծով արտերի ցորյանները, ամբարների մեղրը, պոետի սրբությունը, այլ… թուլամորթ մեր մարմինները «լռվցրել ենք կոֆե-սիգարետով», ինչ-որ բլա-բլա, սրճարանային հայերեն խոսելով, մինչդեռ՝
մենք քո դարակազմիկ
կտերի նկատմամբ
խոհափիլիսոփայորեն
կարկամած հավեր եղանք՝
ձու ածելու իմաստի շուրջ
խախտված…
(granish.org/Circus Maximus/)
Նրանցից շատերը սակայն՝ մեղավոր-անմեղ ու շատախոս, «լիզեցին քո մարմինը քառասուն օր//ոչ իբրև արալեզներ փրկության» և խոսեցին այլերեն՝ ինչպես Ավագը (Եփրեմյան)՝ բառերի իմաստներում մոլորված մոգը, «իմաստների ծուղակներ լարող այդ չարաճճի որսորդը», Հուսիկը (Արա)՝ երգերի մեջ ապրող աշուղը և հմուտ սիրեկանը նոր, ում «ուրվականը օրերի հետ անցնող շրջմոլիկի է նման», հաստաբուն Պասկը (Պասկևիչյան), որ ճաշակում է բառերի հավերժական ձանձրույթը, բարեպաշտ մեկնիչը՝ Հակոբը (Մովսես), որ «բառերի ոսկուն է միայն իր թուլությունը պահ տալիս», Հարենցը՝ «պատերիցդ զարդանախշեր քանդող այդ ցեցը», որ «քո մեջ քեզանից թաքուն հմայություններ է մտմտում»… Շարքը շարունակվում է (և կարող է շարունակվել այսպես… չարաճճի, հեգնող ու թատերական, ինչը թելադրում է Անտաշյանի բանաստեղծության ոճը): Եվ այս շարքում երևում է նաև Հասմիկը (Սիմոնյան), ում Կ. Անտաշյանը կերպավորում է անվրեպ, բնութագրում ներքինը և արտաքինը ու ասում՝ «փասյանի զգեստներ հագնող այդ սև ագռավը,//որ ձմեռվա կեսին է ձվադրում իր երգերը»: Բանաստեղծը չի «խնայում» նաև իրեն՝ անվանելով «անտաշ մնացած քարերից մեկը», ում հնչեցրած այս «մահախոսականը» մահազանգ չէ միայն, այլև պոեզիայի հարցադրման խնդիր, որ ասվում է բանավիճող խոսքի, որոնող հայացքի միջոցով՝ ուղղված թե՛ իրեն, թե՛ ժամանակին ու ժամանակակիցներին, ուստի և հնչում է ոչ որպես «ցինիկորեն ասված ճառ»: Եվ թեև այս բանաստեղծությունն էլ, ինչպես «Circus Maximus» շարքի գործերը նաև, ինչպես Անտաշյանն է ասում, գրվել են այլերեն (բլա-բլա կամ խոսակցական), որն, այնուամենայնիվ, կազմալուծող ուղի է և, գուցե, վերանայման խնդիր ունի… Բայց, այնուհետև, բանաստեղծության վերջում (ասես նրբանկատորեն), պոետականի ընկալման շրջադարձ անելով, «Ars Poetica»-ն Կ. Անտաշյանը ձոնում է Հովհ. Գրիգորյանին, որ, տեքստից դուրս, արդեն բանաստեղծության ենթատեքստում, բացահայտում է «Ars Poetica»-ն գրելու շարժառիթը, որն, անշուշտ, բանաստեղծության և պոեզիայի խնդիրն է… Հարցադրումը թերևս հասկանալի է այս դեպքում ու վերջավոր: Ուստի կարող ենք հավելել. եթե ոչ նրան՝ Հովհ. Գրիգորյանին, գալիքի նախանձախնդիր որոնողին, ապա էլ ո՞ւմ ձոներ Անտաշյանը իր բանաստեղծությունը, որ մահկանացուների(ս) մեջ ապրողն է կրկին, որ նորի կոչ էր անում և ում պետք է հետևեն նրանք, որոնք կանչված են, կանչվելու են: Կ. Անտաշյանի ձայնն էլ է ասես հորդորում ունկնդիր լինել այդ կանչին…
Բանավեճ հարուցող այսպիսի տեքստը, ինչպիսին Հ. Սիմոնյանի «Մանիֆեստը» և, անշուշտ, Կ. Անտաշյանի «Ars Poetica»-ն, կարող են նոր հարցադրումների սկիզբ լինել նորերի համար, որ հիմնախնդիր է այսօր և հնարավոր է (պետք է) բանավեճի շարունակության վերաճի… թերևս ակնկալվող, ժխտող և որոնող, որի սպասումն, այնուամենայնիվ, քննադատության երազանքն է… Իսկ ես թմբիրի մեջ ընկղմված նորերին, մանիֆեստի հետևողությամբ, արթնության, մերժելու և հիմնելու, պատասխանատվության կոչ եմ անում (ինչպես բանաստեղծը կասեր՝ «արևածագի ցնծությամբ արբած// կանչ(ում) ձեզ, ճչ(ում), եղբայրնե՛ր, ելե՛ք… »):

1 Տես Հասմիկ Սիմոնյան, Մանիֆեստ (Գրեթերթ, հոկտ. 10, 2015): Այնուհետև մեջբերումները կարվեն նշված տեքստից:

625 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>