ԳՐԵթերթից ԳՐՔԵդարակ / ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արքմենիկ Նիկողոսյան

Ու այսպես՝ հին խոսք կար՝ գրքերը աչքով են անում, մեր ժամանակներում՝ գուցե անպատեհ խոսք, որովհետև հիմա գրքերը, ցավոք, շատ հաճախ գրադարակներում ու գրախանութների ցուցափեղկերին հայացքի կարոտ սպասում են… չեմ տարածվում՝ այս գրքերն իրոք աչքով են անում, որովհետև Կարենը, Հարենցը, Անահիտը, Նառան, Արտոն, Թոնդրակն ու Մարիամը, Արամը, Արթուրն էլ, ուզես-չուզես՝ իրենց գրքերի շապիկների հետևից աչքով են անում, ու նրանց գրքերի այս բույլը, ու այս բազմազան ու թիթիզ, արդեն միմյանց՝ տարբերվող ճաշակն ի ցույց դնող շապիկները ամենահուզիչ նկարներից մեկն է, որ վերջին տարիներին տեսել եմ, որովհետև դա նույնն է, որ մի խումբ մարդկանց՝ մանկապարտեզի նկարի կողքին դնես համալսարանն ավարտած տարվա նկարը, մանավանդ որ՝ մանկապարտեզում բոլորին ճանաչել ես ու մանավանդ որ՝ թե՛ մանկապարտեզի, թե՛ համալսարանի նկարում ուզես-չուզես՝ Խանջյան Գուգոն կա, մի տեղ՝ հոգատար ներողամտությամբ, մի տեղ՝ ինքնագոհ մեծամտությամբ…
Սա է, Գրեթերթն է, Խանջյանն է, և արդեն 8 տարվա կենսագրություն է, որ առաջին ընթերցումից, առաջին մերժումից, առաջին հրապարակումից ու դրանց հետ կապված՝ առաջին շատ-շատ բաներից հետո դարձել է գիրք ու գրքեր, ու իրավամբ՝ այս գրքերը որքան որ հեղինակներինն են, նույնքան էլ Գրեթերթինն են, որովհետև այս բոլոր գրքերում նախապես Գրեթերթում տպագրված մի բանաստեղծություն, մի պատմվածք անպայման կա: Ու Գրեթերթը նույնքան հուզվում ու ուրախանում է այս գրքերի լույսընծայման հետ, որքան հեղինակները: Այս նկարը վկա…
Ու այդպես՝ Գրեթերթը ԳրՔեթերթ ու ԳրՔեդարակ, որ շարունակվելու է, որովհետև Գրեթերթում միշտ ամեն ինչ շարունակվել է, ու որ ամենակարևորն է՝ այս՝ անպայման հարստությունը միայն Գրեթերթինը չէ, բոլորիս հարստությունն է, և թե որքան մեծ է այդ հարստությունը՝ մի օր անպայման կհասկանանք, որովհետև այս ու մյուս բոլոր գրեթերթյան աղջիկներն ու տղաները, որ նաև հայրիկներ ու մայրիկներ են, որ տատ ու պապ էլ կդառնան, մի օր անպայման, բոլորո՛վ, հավաքվելու են Գրեթերթում՝ իրենց՝ արդեն իսկ միասին լուսանկարներն ու գրքեդարակը առարկայացնելու…
Շուտո՛վ: Պարզապես ուշադիր եղեք՝ չկորցնելու այդ բացառիկ պահի ականատեսը դառնալու ձեր շանսը…

2223 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>