Գրիգ / ԱՌԵՎԱՆԳՈՒՄ, ՈՐ ՑՆՑԵՑ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

ԳՐԻԳ
Լուսանկարը` Նառա Վարդանյանի

(պատանեկան դետեկտիվ, հատված վիպակից)

Գլուխ 1.
Նավահանգստից սառը քամի է փչում, անձրև է եկել, կասկածելի տղակատուն, սլանալով շուկայի դատարկ տաղավարների արանքով, մոտենում է ոստիկանական բաժանմունքին և ուժով թակում դուռը: Շփոթված է, շունչը կտրվում է, անկասկած՝ հրատապ բան է պատահել, գուցե կյանքի ու մահվան հարց է: Դուռը բացում է ոստիկանը՝ նիհար, սուրուլիկ դեմքով երիտասարդ կատու, ով աչքերը կկոցած առաջ գալով՝ փորձում է տեսնել թակողին: Միջին տարիքի քաղաքացին կանգնած է դիմացը՝ ամբողջությամբ թրջված ու ցեխոտված, աչքի են զարնվում այտուցված քիթն ու ականջները, որոնցից մեկի ծայրը բացակայում է, սակայն ամենահիշվողը հայացքն է՝ տագնապ, անհանգստություն առաջացնող աչքեր, որ հազվադեպ են պատահում և տպվում հիշողությանդ մեջ:
– Ի՞նչ է եղել:- Անկիրք հարցնում է ոստիկանը՝ փորձելով չմատնել երկյուղը:
– Ես…- կմկմում է,- ես հանցանք եմ գործել:
– Ի՞նչ հանցանք:
– Մեծ, շատ մեծ հանցանք:
– Էլի սկսվեց, ինչքա՛ն է կարելի,- դեմքը ծռմռելով բղավում է,- քիչ խմի էլի, քեզ չես խնայում, գոնե մեր ներվերը խնայիր, դե հիմա շուտ չքվում ես այստեղից, թե չէ քեզ ցույց կտամ…
Նրա վրայից իրոք կատվախոտի թուրմի հոտ էր փչում, և չէր կարողանում կանգնել ոտքի վրա, թաթը անընդհատ հենում էր պատին, որ չընկնի:
– Ասում եմ հանցանք եմ գործել,- հրելով դուռը, որ ցանկանում էր փակել օրենքի ներկայացուցիչը՝ հանդիսավոր շեշտով բղավում է ու մտնում:
Երիտասարդը անակնկալի է գալիս, նման բան նախկինում չէր եղել, ցանկանում է ուժով դուրս նետել անկոչ հյուրին, սակայն վերջին պահին մտափոխվում է. իսկ եթե սովորական հարբեցող չէ՞ և իրոք հանցա՞նք է գործել, մտածում է: Տղակատվի հանդգնությունն ու անտարբերութունը սեփական անձի նկատմամբ կասկածի առիթ են տալիս, որոշում է լսել և վերջինիս հրավիրում է սենյակը, որի` կրնկի վրա բացված դռնից, դեղնավուն լույս է առկայծում: Աչքի պոչով ևս մեկ անգամ զննում է՝ փորձելով պատկերացում կազմել, թե ում հետ գործ ունի. արտաքինը ոչնչով չի տարբերվում անտուն կատուների արտաքինից, գուցե այնքան է խմել, որ իրեն հաշիվ չի տալիս՝ ինչ է խոսում, անցնում է մտքով: Նեղսրտում է, գրեթե վստահ է՝ սխալ է անում, սակայն անբացատրելի զգացողությունը, այնուամենայնիվ, ստիպում է կիսատ չթողնել սկսած գործը:
Սենյակում ոչ ոք չկա, մեջտեղում փայտե սեղան է՝ միացված հեռուստացույցը վրան, իսկ քիչ հեռվում՝ անմիջապես պատի տակ՝ անկողին: Հերթապահ ոստիկանի սենյակն է: Ցածրացնելով հեռուստացույցի ձայնը՝ նշան է անում, որ նստի, քաղաքացին անձայն ենթարկվում է:
– Ես կատվուհու եմ առևանգել,- հայացքը չբարձրացնելով սեղանից՝ ասում է:
– Եկել եք խոստովանելո՞ւ:
– Այո:
– Շատ լավ,- ձայնագիրը ծուլորեն բերելով և սեղանին դնելով ավելացնում է,- ձեր անունը:
– Չեմ հիշում:
– Ո՞նց թե չեք հիշում:
– Չեմ հիշում էլի:
– Բան չեմ հասկանում:
– Կլինի՞ ուրիշ հարցեր տաք, խոսք եմ տալիս՝ ընթացքում կհիշեմ:
– Ինչո՞ւ եք առևանգել:
– Չգիտեմ:
– Ո՞ւմ եք առևանգել:
– Պատկերացում չունեմ:
– Դո՛ւրս,- այլևս չկարողանալով զսպել իրեն՝ բղավում է,- հերիք եղավ, դո՛ւրս կորիր:
Տղակատուն կծկվում, ճակատը հենում է սեղանին ու լռում, հարցաքննության շարունակությունը, անտարակույս, ժամանակի վատնում է, ավելին՝ արժանապատվություն վիրավորող, ուրեմն անհապաղ գործել է պետք… իսկ եթե դերասանությո՞ւն է անում, անցնում է երիտասարդի մտքով ու դարձյալ սիրտը կասկած գցում, գուցե վերադասն է ուղարկել՝ փորձելու, թե ինչպես կդրսևորեմ ինձ նման իրավիճակում: Բանն այն է, որ շաբաթ էլ չէր լրացել, ինչ նրան էին վստահել գիշերային հերթապահության պատասխանատու գործը, և կասկածն անհիմն չէր: Հաստատ ինձ են փորձում, վճռեց, ինչ էլ պատահի հույզերին տրվել չի կարելի, ես պրոֆեսիոնալ եմ…
– Լավ, նորից սկսենք,- խոր շունչ քաշելով ասում է և շարունակում,- պատմեք այն, ինչ հիշում եք:
Բեղի շարժումներից երևում է՝ փորձում է ժողովել մտքերը.
– Ամբողջ օրը թրև էի եկել, բայց ապարդյուն՝ գործ չկա, հասկանո՞ւմ եք,- սկսեց խոսել,- արդեն որերորդ օրն էր տուն էի վերադառնում՝ իմանալով, որ ձագուկներս սոված են, կինս զայրույթից պատրաստ է չանչել աչքերս, իսկ ես ողջ օրը սրան-նրան ապարդյուն խնդրելուց բացի, այլ բան չեմ կարողացել անել, քեզ հարմար աշխատանք չունենք, կրկնում էին միաբերան, հասկանո՞ւմ եք: Որոշեցի տուն չգնալ, ցանկությունս մեկն էր՝ հարբել այնպես, որ ընկնեմ գետնին ու ոչինչ չհիշեմ, հատկապես՝ կնոջս: Գրպանումս գրոշ չկար, մտա առաջին պատահած խանութը, մի մեծ շիշ կատվախոտի թուրմ վերցնելով՝ դուրս եկա: Չմտածեք, թե գողություն եմ արել, նախկինում մանր-մունր դեպքեր եղել են, բայց հիմա՝ երբեք, պարզապես վերցրի շիշը և վաճառողի մոտով անցնելիս խոստացա, որ գումարը կբերեմ, իհարկե մտքումս ասացի, բարձրաձայնելու դեպքում չէր համաձայնի, ոչ ոք էլ չի համաձայնի, բայց իմ խոստումը խոստում է, այնպես որ գողություն չի եղել, խոստումս կպահեմ, պրծավ գնաց, այդպես չէ՞:
– Այդպես է,- ինքնաբերաբար համաձայնում է:
– Հետո քայլերս պատրաստվում էի ուղղել զբոսայգի, երբ հեռվից ականջիս հասավ գնացքի ձայնային ազդանշանը, այն է ինչ պետք է, մտածեցի՝ վճռելով մեկնել հնարավորինս հեռու: Կայարանում բազմաթիվ գնացքներ էին կանգնած, ինչպես միշտ կատվաշատ էր ու աղմկոտ: Մթնոլորտը ճնշող էր, այնպիսի տպավորություն էր, ասես բոլորը բան ու գործները թողած ինձ էին հայացքով չափչփում: Նետվեցի վագոններից մեկն ու դատարկ խցիկ ճարելով տեղավորվեցի նստարանին: Դեռ չէր շարժվել, շշի կեսը դատարկել էի, հանկարծ հիշեցի՝ ուղետոմս չունեմ, իսկ աշխատակիցը արդեն վագոնից վագոն էր անցնում՝ ստուգելու դրանց առկայությունը, այս դեպքում մտքում խոստում պահելով չէի պրծնի, հասկանո՞ւմ եք:
– Հասկանում եմ:
– Չկորցրի ինձ, որոշեցի թաքնվել նստարանի տակ, ինչն էլ, չափսերիս նայելով, հասկանում եք՝ դժվարություն չներկայացրեց, կուչ եկա և ինձնից գոհ շարունակեցի դատարկել շիշը: Հետո հաճելի թմրություն իջավ, կոպերս ծանրացան, գլուխս պտտվում էր, զգում էի՝ ինչպես եմ հեռանում, պոկում ինձ պահող շղթաները, յուրաքանչյուր վայրկյանն ավելի էր մեծացնում իմ ու հոգսերիս միջև հեռավորությունը, իսկ հետո…
– Հետո ի՞նչ:
Հարցը լսելուն պես նրա աչքերը նորից խոժոռվում, փայլում են անբացատրելի, միևնույն ժամանակ սարսռազդու փայլով, մարմինը կծկվում է, գլուխը դնելով սեղանին՝ սկսում է հեկեկալ:
– Ձեզ ի՞նչ եղավ:
– Ես նրան առևանգեցի,- ասում ու ավելի ուժգին է արտասվում:
– Ամոթ է, սրբեք արցունքները:- Հորդորելով՝ երիտասարդը գեղեցիկ նախշով երիզված թաշկինակ է դնում սեղանին:
– Աստված իմ,- տեսնելով թաշկինակը՝ սկսում է գոռալ, այնպիսի տպավորություն է, կարծես այն ցավ է պատճառում,- իմ թաթերով, այս հիմար թաթերով քնաբեր թաշկինակը դրեցի քթին ու փախցրի…
Ինչ բնական է խաղում, աշխարհի լավագույն դերասանն անգամ էքսպրոմտ չի կարող այսպես կատարել, մտածում է ոստիկանը, տեսնես որտեղից են ճարել: Հրամայում է.
– Հանգստացե՛ք:- Եվ խոսքի վրա, ճիշտ ասելու պահին ամպրոպի լույս է փայլատակում պատուհանին ու սենյակը մթնում է:
– Կուրացել եմ,- բղավում է տղակատուն:
– Միայն սա էր պակասում:
– Ասում եմ՝ կուրացել եմ:
– Լույսն է գնացել:
– Ես էլ նույնն եմ ասում, աչքերիս լույսը գնաց,- ցատկելով տեղից՝ սկսում է խարխափել,- Աստված պատժեց, բան չեմ տեսնում, մութ-մութ է…
– Նստե՛ք, էլեկտրական ապահովիչից է:
– Գիտեի, որ պատժվելու եմ, բայց այսքան շո՞ւտ:
– Նստե՛ք, հիմա կմիացնեմ:
– Գոնե պոչս կտրվեր:
– Նստե՛ք:
– Եթե արածիս դիմաց պոչով չէի պրծնի, թող լսողությունս կորցնեի:
– Նստի՛ր տեղդ,- վերջապես ձայնը բարձրացնում է ոստիկանը,- քանի անգամ ասեմ, որ ապահովիչն է անջատվել:
– Ի՞նչ ապահովիչ,- ասես սթափվում է,- աչքերն ապահովի՞չ ունեն:
Չլսելու տալով՝ հերթապահը դուրս է գալիս, քիչ հետո սենյակը նորից լուսավորվում է: Նա նստած է իր տեղում, զարմացած շուրջն է նայում ու հրճվում տեսնելու կարողությամբ:
– Բա պնդում էիք, թե կուրացե՞լ եք,- վերադառնալով՝ ինքն իրենից գոհ հեգնում է,- հիմա լա՞վ եք:
– Չտեսնված լավ եմ:
– Հիասքանչ է:
– Ով կմտածեր, թե տեսնելն այսքան լավ բան է:
– Իրոք որ:
– Հարբելուց հաճելի է:
– Չեմ կասկածում:
– Ոնց որ թե նախկինից լավ եմ տեսնում,- հայացքը առաստաղից չկտրելով ավելացնում է:
– Չշեղվե՛նք,- սաստում է,- սառնասրտորեն, առանց ավելորդությունների շարունակեք՝ ինչպե՞ս կատարեցիք հանցանքը:
– Երշիկասերի ութ, նրա բնակարանն էր,- բառերը ընդհատումներով է արտաբերում, կարծես գերկատվային ճիգեր է գործադրում յուրաքանչյուրի համար,- թաթս դրեցի բռնակին ու պտտեցի, պայմանավորվածության համաձայն՝ դուռը բաց էր, հնարավորինս անձայն մտա, նա քնած էր ճերմակ գիշերազգեստով, այդ ժամանակ նոր միայն նկատեցի, որ բնակարանում ամեն ինչ սպիտակ գույն ունի, կյանքումս նման բան չէի տեսել: Թաշկինակը թրջեցի քնաբեր հեղուկով, ևս մեկ անգամ հայացք գցեցի այդ խաղաղ, ներդաշնակ, կասեի՝ անբիծ տեսարանին ու գործի անցա… ամենը այնքան արագ կատարվեց, հասկանո՞ւմ եք, շատ արագ…
– Հետո՞:
– Մինչ անշարժանալը սարսափահար ինձ էր նայում, այդ կապույտ, խոշոր աչքերը… Գլուխը սեղմեցի կրծքիս՝ հայացքը չտեսնելու համար, ու գրկելով դուրս նետվեցի:
– Ո՞ւր տարաք:
– Չեմ հիշում:
– Ինչո՞ւ առևանգեցիք:
– Չգիտեմ:
– Բան չեմ հասկանում:
– Ի՞նչ կա չհասկանալու, ես նրան առևանգեցի, առևանգեցի՛, հիմար ոստիկան…
Խոսքը դեռ չավարտած առաջ է գալիս և բռնելով ոստիկանի ուսերից՝ սկսում թափահարել, վերջինս վախից ինքնաբերաբար պաշտպանվում է ու բերանքսիվայր գետնին տապալում սանձարձակ կատվին: Կասկածը հօդս է ցնդում, հաստատ հանցագործ է, ով գիտի, խիստ վտանգավոր: Ոչ ոք ինձ չի փորձում, հիմարի մեկն եմ, զայրանում է ինքն իր վրա, ոնց շուտ գլխի չընկա: Երիտասարդը վայրկյանների ընթացքում շղթայում է նրա թաթերը, թվում է՝ ուր որ է դիմադրություն է ցույց տալու, փորձելու է վեր կենալ, սակայն ոչինչ տեղի չի ունենում, անշարժ ընկած արտասվում է՝ շարունակ կրկնելով՝ ի՞նչ է լինելու հետս… Շուտով գալիս են բաժանմունքի բոլոր աշխատակիցները, ծանոթանալով եղելությանը՝ օպերատիվ խումբ է ուղարկվում ենթադրյալ հանցագործության վայր՝ տաք հետքերով բացահայտելու: Մեծ է լինում զարմանքը, երբ նշված բնակարանի դուռը բացում է հայտնի օպերային երգչուհի, քաղաքի պատվավոր բնակիչ և պարծանք Ձյունիկ Փարթամապոչը: Պարզվում է՝ ոչ մի առևանգում էլ չկա, հարբեցողի ցնորված երևակայության արդյունքն է, սովորական զառանցանք: Լույսը բացվելուն պես խմիչքի սիրահարը տեղափոխվում է սթափարան, գործը համարվում է փակված…
Դեպքից մի քանի օր անց ոստիկանություն ահազանգ է ստացվում՝ առևանգել են Ձյունիկ Փարթամապոչին: Գիշերը ոճրագործը կամ ոճրագործները անխոչընդոտ մտել են բնակարան, քնաբեր հեղուկով անշարժացրել տանտիրուհուն և դուրս բերելով՝ հեռացել անհայտ ուղղությամբ: Ավելի առեղծվածային ու անբացատրելի է դառնում իրավիճակը, երբ պարզվում է, որ սթափարան ուղարկված տղակատուն այդ ընթացքում եղել է խիստ հսկողության տակ և ոչ մի ակնթարթ չի լքել հաստատությունը:

285 դիտումների քանակ 5 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>