ԳՐԻԳ / Գուշակություն տառականով

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեր անբաժան եռյակն ու ռուսախոս տղաներից շատերը սովորություն էինք դարձրել առավոտյան իրար տեսնելիս ասել «գութն մորգեն»: Փորձում էինք հնարավորինս զավեշտալի կերպով արտաբերել դիմակավորներից լսած բառակապակցությունը: Դժվար չէ կռահել, թե ում մոտ էր ամենալավը ստացվում. Կամիլը, իր անփույթ շտապողականությամբ, կտրում էր դիմացդ, կանաչ, թե կապույտ աչքերը նայում էին աչքերիդ մեջ, ու արհեստականորեն կոշտացրած ձայնով արտասանում էր: Նրա արարքը ամեն անգամ զվարճացնում էր բոլորիս, նայում էինք՝ չկարողանալով զսպել ծիծաղներս…
” Ինչ տարօրինակ լեզու է գերմաներենը. այնպես են բարի լույս ասում, մարդ փոշմանում է, որ արթնացել է,- ասաց Կամիլը:
” Մարդիկ քեզ անվճար բերել են բուժելու, դու անուն ես կպցնում,- վրա տվեց Հայկը:
” Երբ քո վրացերենին անուն կկպցնեմ, այդ ժամանակ էլ կխոսես:
” Ես հայ եմ:
” Ուրիշ ժամանակ վրացի ես:
” Միշտ էլ հայ եմ…
” …
” …
” …
Ուր որ է վեճի վերածվող խոսակցությանը մասնակից չլինելու համար գնացի միջանցք: Պատերին վերջույթների պրոթեզներ էին ամրացված, իսկ մի պատը ամբողջությամբ ծածկված էր լուսանկարներով, որոնցում արդեն բուժված մեծահասակ մարդիկ էին ժպտում: Անգիր գիտեի, թե որ նկարը որտեղ է: Կամիլն ասում էր, որ նրանք ժամանակին այստեղ են եղել, մեզ պես…
” Սևամորթի նկարին ես նայո՞ւմ,- Լաշան կանգնած էր կողքիս, առաջին անգամն էր, որ խոսում էր հետս:
” Կողքով անցնելիս միշտ նայում եմ. ինքն արդեն բուժվել է, տանն է:
” Միայն դրա համա՞ր:
” Ուրիշ էլ ինչի՞:
” Զարմանալի պրոթեզ է, չէ՞, սպորտային է, իսկական ոտքից միայն արտաքինից է տարբերվում… Սիրտն ինչքան ուզի՝ կարող է վազել…
” …
” …
Լաշայի գնալուց հետո նայում էի նկարին: Ազատության արձանի մոտ կանգնած սևամորթը ժպտում էր, ծնկներից ներքև պրոթեզն էր, վստահ էի՝ Հայաստանում չկա դրանից, միայն Ամերիկայում է ու ամերիկացիների համար… Սևամորթը, երևի, ամեն օր վազում է, անկասկած, ամեն օր վազում է, նկարում քրտնած է, մկանուտ թևերը փայլում են…
” Սևամորթի պրոթեզի մասին էր խոսո՞ւմ,- մոտենալով՝ հարցրեց Հայկը:
” Ի՞նչ իմացար:
” Քանի օր է՝ բոլորին նույնն է ասում… Ես էլ միշտ ալպինիստի նկարին եմ նայում, տեսնես՝ ո՞ր լեռան վրա է…
Լեռնագնացների համար նախատեսված հագուկապով, դեմքի զգալի մասը ակնոցով ծածկված մարդը ինձ էր նայում ու ժպտում, իսկ թիկունքում՝ նրանից ներքև, ամպեր էին և ձյունապատ գագաթներ: Նայում էի նկարին, ինչպե՞ս չի վախեցել…
” Հայրս ասում էր, որ ամեն տարի մոտ հինգ հարյուր ալպինիստ փորձում է նվաճել Էվերեստը, բայց նրանց մեծ մասը ձախողում է: Բարձրանալն այնքան էլ դժվար չէ, դժվարը կլիմայական դաժան պայմաններն են, ինչքան ելնում ես, այնքան թթվածինը չի հերիքում, միայն բացառիկ առողջության տեր մարդկանց է հաջողվում նվաճել գագաթը,- ասաց Հայկը և կարծելով, թե հետաքրքիր է ինձ՝ շարունակեց:- Էվերեստը նվաճելու հետ կապված բոլոր ռեկորդները շերպաներին են պատկանում: Շերպան ազգություն է, Էվերեստի լանջերին են ապրում, աշխարհի ամենաառողջ մարդիկ են: Ալպինիստներից քչերն են խոստովանում, որ ուղեբեռը իրենց փոխարեն հատուկ այդ նպատակով վարձված շերպաներն են ուսերի վրա տանում, շերպա երեխաները հինգ դոլարով պատրաստ են անհավանական բարձրության վրա գտնվող ճամբար հասցնել գարեջուր կամ քաղցրավենիք, իսկ շերպաներից մեկը հաջողացրել է մի ամբողջ գիշեր անցկացնել գագաթին՝ անգամ քնելով այնտեղ, սովորական մարդիկ տասը րոպեից ավելի աշխատում են չմնալ:
” Երանի շերպա ծնված լինեինք, չէ՞,- ավելացրեց Հայկն ու մոռանալով ծածկել բերանը՝ ծիծաղեց:
” Հայրդ ալպինի՞ստ էր,- հարցրի:
” Չէ հա, պարզապես շատ էր սիրում նրանց արշավանքների մասին տարբեր ժուռնալներ կարդալ, հետո ինձ էր պատմում: Ամենաշատը Էվերեստի մասին էր խոսում, այդ պահերին անսպառ զարմանք ու հիացմունք կար ձայնի մեջ, ասես հաճույք էր ստանում… Մի անգամ նրա ամսագրերից մեկում կարդացել էի, որ Էվերեստի վրա ալպինիստների բազմաթիվ սառած մարմիններ կան, պառկած են սառույցի վրա, և ոչ ոք ի զորու չէ իջեցնել նրանց: Հայրս հաստատեց կարդացածիս իսկությունը, և քանի որ ոչ մի կերպ չէի ցանկանում համակերպվել մտքի հետ, թե խեղճ ալպինիստների մարմինները հավերժ մնալու են այնտեղ ու այդպես էլ գերեզման չեն ունենալու, ասաց, որ իրականում նրանք երջանիկ մարդիկ են, որովհետև այս աշխարհում մեռնելու համար ամենահարմար տեղը լեռան վրա է, առավել ևս եթե այդ լեռը Էվերեստն է…
” …
” …
” …
Երբ ես ու Հայկը ներս մտանք, սենյակում իսկական իրարանցում էր, բոլորը աղմկում էին, ոգևորված ցուցումներ տալիս, իսկ Կամիլն ու տղաներից մի երկուսը փորձում էին բռնել մահճակալի տակ պատսպարված միջատին:
” Փաստորեն Եվրոպայում էլ տառական կա,- ասաց Հայկն ու ձեռքով ծածկելով բերանը՝ ժպտաց:
” …
” …
” Բռնեցի՜,- բղավեց Կամիլը: Շեկ մազերը քրտնել, իրար էին կպել, թրջված հասկեր էին հիշեցնում: Վերնաշապիկը գցել էր տառականի վրա ու բռնել, խմբվել էինք շուրջը, նայում էինք…
” Իզուր բռնեցիր,- տառականին նայելով՝ ասաց Շահզոդբեկը,- բեղիկներից մեկը կարճ է:
” Հետո՞ ինչ, որ կարճ է:
” Վատ նշան է:
” Հիվանդո՞տ է, այ քեզ թարսություն, ես էլ ուզում էի պահել,- ծիծաղեց Կամիլը:- Լուցկու տուփ էի ճարելու, մեջը գցեի ու օրը երկու, չէ՝ երեք անգամ մաքուր օդի հանեի՝ ման տալու:
” Կատակ չեմ անում, մոտ օրերս մի վատ բան է լինելու հետդ:
” Հիմար-հիմար մի խոսիր:
” Ճիշտ եմ ասում, հայտնի բան է. երբ բռնածդ տառականի բեղիկներից մեկը մյուսի համեմատ կարճ է լինում, ուրեմն հետդ վատ բան է պատահելու:
” Իսկ երբ բեղիկներն իրար հավասար են լինում, երևի հաջողություն է սպասվում,- վրա բերեց Կամիլը, ծիծաղեցինք…
” …
” …
Սենյակի լույսը վաղուց անջատված էր, տղաներից շատերն արդեն քնել էին, բայց Կամիլը դեռ խոսում էր.
” Երազում գրեթե միշտ կամ ֆուտբոլ եմ խաղում կամ էլ՝ հեծանիվ քշում: Ֆուտբոլային երազներն ամենալավն են, մարզադաշտի մեծությունը, լույսերը, փափուկ, սիրուն խոտը, ամեն ինչ այնքա՜ն մոտ, այնքա՜ն իրական է լինում: Մի անգամ նույնիսկ նոր հնձած խոտի հոտ կար… Սարսափելի երազները խխունջներով երազներն են, միակ կենդանին է, որ զզվում եմ: Երբ փոքր էի, ակվարիում ունեինք, մեջը խխունջներ էլ կային, տանեցիները հիշում են, որ փորձել եմ բռնել մեկին, բայց ձեռք տալուց հետո մարմինս կարմրուկի ցանի պես դուրս է տվել: Ամենասարսափելի երազներումս միշտ փախչում եմ խխունջներից, փորձում շրջանցել կամ էլ դրանք չգիտես որտեղից հայտնվում են շորերիս վրա, գրպաններումս…
” Կամի՛լ, երազում տունը, ծնողներիդ տեսնո՞ւմ ես,- հարցնում եմ,- արդեն քանի գիշեր է` նույն երազն եմ տեսնում. հորաքրոջս ամուսինը հեռվից ինձ ձեռքով է անում, շուրջը բարձր գմբեթներով եկեղեցիներ են, այդպիսի բարձր եկեղեցիներ իմ երկրում չկան, երբեք չեմ տեսել: Ժամանակ չկորցնելով` վազում եմ, հորաքրոջս ամուսնու երկնագույն ժիգուլին կանգնած է եկեղեցիներով օղակված հրապարակում, ուրիշ ոչինչ չկա, հսկա հրապարակը դատարկ է, և համատարած լռության մեջ ասես քարացել են գույները: Նա բաց է անում մեքենայի հետևի դուռն ու ժպիտը դեմքին` իմ կողմ նայում, ինչ-որ կարևոր բան է ինձ սպասում ներսում: Իսկույն նետվում եմ դեպի մեքենան ու հայտնվելով ներսում` տեսնում մեր տան պաստառը: Մեքենան ներսից ամբողջությամբ մեր տան պատերի պաստառով է ծածկված, շոյում եմ նախշերը` մատներս սահեցնելով սպիտակ մակերեսի վրայով, հորաքրոջս ամուսինը շարունակ ժպտում է…
” …
” …
” …
Գիշերային զրույցի պատճառով առավոտյան ուշ արթնացա, երբ աչքերս բացեցի, բոլորն արդեն ոտքի վրա էին, աղմկում էին.
” Գութն մորգեն,- ասացի անկողնու վրա նստած Կամիլին:
” Գութն մորգեն,- մռթմռթաց քթի տակ:
” Ի՞նչ է եղել:
” Հենց քնեցիր, ատամս սկսեց ցավել, աչք չեմ կպցրել… Փաստորեն չէր խաբում, ճիշտ էր ասում, թե ինչի բռնեցի էդ անտեր տառականին…
” …
” …
” Իրո՞ք այդքան շատ է ցավում, որ լացում ես,- հարցրի:
” Որ ասեին՝ կատվի քաք կեր, կանցնի, կուտեի, այ այդքան շատ է ցավում,- պատասխանեց:
Ծիծաղում էինք…

1321 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>