ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

***
Ես կախվեցի քո ուսերից, Քաղաք,
բայց արթնացա օտար քաղաքում,
փորձեցի վերադառնալ դեպի քեզ
ու կախվեցի օտար քաղաքների ուսերից:
Դատարկվեցի, լցվեցի, խեղդվեցի,
սիրեցի,
վախեցա ատել,
ծերացա.
ուսերիցս կախված էիր դու, Քաղաք:

***
Օրերը հագնում են թիկնոցը անտես ու անհետանում:
Մենք վախենում ենք.
մի օր թիկնոցը կհագնի մեզ ու կանհետանա:
Վախեցած փնտրում ենք թիկնոցը,
փնտրում ենք օրերը,
փնտրում ենք մեզ` թիկնոցների մեջ,
երբ վաղուց արդեն թիկնոցները դուրս են շպրտել մեզ
իրենց միջից:

***
Լույսը ողողում է քաղաքի սևացած բիբերը.
իմ միջով հոսում է քաղաքը,
իմ միջով հոսում են մարդիկ,
ես զսպում եմ արցունքներս
ու ձուլվում լույսին,
որ ողողում է քաղաքը
ջրհեղեղից հետո բացվող առաջին առավոտվա նման:

***
Նա կույր էր:
Նա տեսնում էր լույսը,
որ կաթում էր մամուռներից:

***
Այս ձայներն իմը չեն,
այս լռությունն իմը չէ,
այս քաղաքն իմը չէ,
ես իմը չեմ:
Ես ձայնն եմ,
ես լռությունն եմ,
ես քաղաքն եմ,
ես իմը չեմ:

***
Նա շնչեց մենությունն անտառի,
նա շնչեց գույներն անտառի,
ու անտառն անէացավ նրա մեջ:
Անցել է հազար տարի ու մեկ վայրկյան.
նա շարունակում է փնտրել անտառը:

***
Երբ մենավոր մի թռչուն նստում է ուսիդ,
զգում ես, որ եղել ես անշնչացած,
երբ ուսերիդ ծանրանում է գգվանքը ծովի,
փորձում ես մոտենալ,
երբ քամին հագեցնում է քաղցը թթվածնի,
փորձում ես վերադառնալ,
երբ բացվում է առավոտը պատուհանից այն կողմ,
իսկ սենյակում լույսեր են արհեստական,
զգում ես, որ ինչ-որ բան կեղծված է
ծովի, քամու, թռչնի ու անգամ առավոտվա մեջ,
ու ոչինչ չի պտտվում ի շրջանս յուր:
Ու անեզր մենության մեջ
հանկարծ զգում ես մարմինդ արևին ձուլող շնչառություն,
վազում ես` ապրելու
ծովի, քամու, թռչնի
ու առավոտվա թողած նշաններով:

***
Դու քայլում ես ծառերի վրայով,
որովհետև տեսնում ես բոլոր ճանապարհների կործանումը:
Դու քայլում ես ծովի վրայով,
որովհետև տեսնում ես երկնքի կործանումը ծովի մեջ,
որովհետև տեսնում ես աստղերի, լուսնի ու արևի կործանումը ծովի մեջ:
Կործանվում ես ծովի մեջ,
ծովը լցվում է քո մեջ,
ամեն ինչ դառնում է այնպես,
ինչպես կար քեզանից առաջ:

***
Ձիերը հեռանում են քամու շնչառությամբ:
Անմարմին մի գիշեր ծանրանում է կոպերիս վրա:
Երկինք,
սովորեցրու ինձ լեզուն լռության ու համբերության,
Մինչ կկաթի առավոտը ձայնով սմբակների:

***
Ու չեղավ ոչինչ,
քանզի բոլորը հեռացան,
ու ոչ ոք չլսեց պատգամը լեռան:

***
1
Երբ անդունդի դատարկությունը ոչնչով չլցվեց,
մարդիկ սկսեցին քարեր գլորել անդունդը:
Անդունդը խորանում էր,
մարդիկ շարունակում էին քարեր նետել,
քարերը ներդաշնակ ապրում էին անդունդի մեջ:
Ու սկսվեց սովորական մի պատերազմ`
մարդիկ զայրացած իրար էին գլորում…

2
Նա վերցրեց քարն ու շպրտեց գետնին:
Ես վերցրի քարն ու դրեցի գետնին:
Երեխան վերցրեց քարը, ամուր սեղմեց ձեռքերի մեջ ու քայլեց:

***
Մի օր,
երբ ոչինչ չի մնա գրելու,
ու հողն այլևս չի ճաքի բանաստեղծության ծարավից,
ես կգրեմ
լեռան,
արտասուքի
ու ոչնչի մասին,
ես կգրեմ
չվերադարձած ագռավի,
Վերջին ընթրիքի մասին…
Ու հողը կճաքի
նորից:

697 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>