Ե՛Ս / Արթուր Հայրապետյան

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Եթե ճիշտ է, որ գոյությունից առաջ մարդը նույնն է, ինչ հայտնության պահին, ուրեմն ես նույնն եմ մնացել` փոքրիկ ու խոցելի:
Նստել էի ծառի տակ ու տերևներն էի հաշվում: Մարդիկ աստղերին են հավատում, ես` տերևներին, այն էլ` չորացած ու գունատ: Այդ օրը տանը մարդ չկար: Տատիս դեմքն առել էի հոգումս ու հետը «կսա» էի անում` ինչպես ինքն էր ասում: Երբ ծնվել եմ, առաջինը տատս է ինձ տեսել, ասել են՝ «չի ապրի»: Տատս բարուրը ձեռքն է առել ու փախցրել ինձ հիվանդանոցից: Ասում էր՝ «ամեն առավոտ զեյթունի ձեթով շաղախում էի փոքրիկ մարդուկին ու բարուրում: Այնքան, որ մի օր աչքերդ փայլեցին, սկսեցիր ժպտալ աշխարհին, ու ես հասկացա, որ մարդուկս ապրում է»: Տատիս ձայնը ականջներիս մեջ ձայն տվեց` «վեր կաց»: Իսկույն կանգնեցի ու, որ ամենակարևորն էր, մտա տատիս սենյակ: Սենյակում մարդ չկար: Մի աչք հեռվից նայում էր ինձ: Աչքս աչքին առավ, մտա լուսանկարների ալբոմի էջերի մեջ: Հերթով թերթում էի: «Ի՜նչ բան է կյանքը», մտածում էի ես ու թաքուն ժպտում: Վերջապես ձայն հանեցի: Ձայնս գնաց, խառնվեց սենյակի դատարկ լռությանն ու հասկացա, որ ինձ ձայն տվող չկա: Չհամաձայնեցի մնալ դատարկ սենյակում. օդը կանգ էր առել ու ներսից քրքրում էր ինձ: Ես ինձ պարտված էի համարում. տատս չկար, իմ կյանքից մի կարևոր բան արդեն մեռել էր, չհամաձայնեցի ինձ նման մեկին ունենալ կյանքում, որովհետև հասկացա` ո՛չ ես եմ մեղավոր աշխարհ գալուս համար, ո՛չ էլ դեռ չծնված հրեշտակը, որ ծնվելուց հետո նույն զգացողությունն է ունենալու, ինչ` ես: Քայլեցի խռոված, ու մնացի տանջահար, բայց դե ապրեցի ինձ բաժին հասած կյանքը, որ ինձնից գողացել էին, ու գողացել էին այն ժպտացող աչքերը, որ էլ առաջվանը չէին: Բակի շունն եկել, փաթաթվել էր ոտքերիս: Վատ բան արեցի, քշեցի հեռու: Բայց ամեն օր գալիս էր բակ ու քաղցած աչքերը աչքերիս գցում, որ հաց տամ: Չէ՛, չեմ ուզում` կապվի հետս, ոչ էլ` ես նրան: Թո՛ղ ես լինեմ ամենադաժանը, բայց հեռացումը նույն կերպ կտանեմ, ինչ հարազատներինս: Ինքս ինձ խոստովանելով` շանը դրեցի մեքենայի մեջ ու տարա հեռու: Թողեցի նրան: Ետ եկա: Մենակ եմ: Հասկացա, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մարդու սերը: Մարդն ինքն իրենից բացի ոչ մեկին ավելի շատ չի սիրում: Ոչ ոքի հանդեպ այդքան պատասխանատվություն չունի, որքան ինքն իր առաջ: Հազվագյուտ են տառապողները մտածում հետոյի մասին: Գիտեի` ինձ չեն հասկանալու ինձ պես միս ու արյուն առած մտածողները: «Իսկ որտե՞ղ են այն մարդիկ, ովքեր թողել են ինձ իմ միայնության հետ»: Այս հարցը եղավ իմ արդարացումը:

Առավոտ էր, հազիվ արթնացել էի ու ինձ տրամադրել, որ պետք է շուտ հասնեմ աշխատանքի: Ճանապարհները խցանված էին: Աղմուկը ճանապարհի սկզբնամասից սկսվում էր ու շարունակվում… մինչև վերջին մեքենան քարացել ու տեղից չէր պոկվում: Դուրս գցեցի ինձ մեքենայից: Ոտքով հասա այն կետին, որտեղ մեքենաներն իրար կիպ-կիպ կանգնել էին: Գետնին արյան մեջ կորած լեշը դեռ թպրտում էր: Հասա, մեքենաների արանքից ինձ գցեցի արյան մեջ: Շունն էր, որին հեռացրել էի ինձնից ու թողել… Աչքերիս առաջ ամեն բան սևացավ: Մարդիկ ծիծաղում էին, իսկ ես, շան լեշը ձեռքերիս առած, թափառում էի փողոցից փողոց:
Ուշացել էի: Կանգառում մարդ չկար՝ ես էի ու անշարժացած կենդանին:

39 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>