…ԵՒ ԵՂԵՒ «ԳՐԵԹԵՐԹ» / Արքմենիկ Նիկողոսյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Հինգ տարի առաջ, «Գրեթերթից» առաջ, «Գրեթերթ» չկար, երիտասարդ գրողներ կային, ծաղկաձորյան խորհրդաժողովները կային, շատ բան կար, կյանքը շարունակվում էր, ու երիտասարդ գրողները ծերանում էին, ու ծերացած երիտասարդ գրողները տպագրվում էին «Մուտք» մատենաշարով, ու ծերացած երիտասարդ գրողներին առաջին անգամ մամուլում տպագրում էին իբրև նոր անուն, ու ամեն անգամ նրանք անսպառելի համբերությամբ սպասում էին իրենց հատկացված փոքրիկ անկյուններին` որտեղ սողոսկում էին իրենց իսկ կողմից արդեն մոռացված ստեղծագործությունները…
…փակ գրական տարածություններ կային, երբ մի քանի տողով, ճզմված մի տեղ նվաճելը հերոսություն էր, գոռոզանալու առիթ, կար երիտասարդ գրողների վախվլուկ կեցվածքը ամեն մի գրողի մոտ, ու գրողների մեծամասնության քամահրանքը կար ջահելների հանդեպ, ու ջահելների պատկառանքը կար բոլորի նկատմամբ…
«Գրեթերթն» եկավ ու ասաց` ջահելներ, սա է տարածությունը ձեր, ինչ ուզում եք արեք, պայմանով միայն` որ ձեր արածը գրականություն լինի…
Ու հինգ տարի, ու «Գրեթերթի» հինգ տարի` մոտ 130 երիտասարդ հեղինակ է գրականություն արել այդ տարածության վրա. տաղանդավոր ու ոչ այնքան, լավ ու ոչ այնքան, նաև` վատ, բայց գրականություն է արել: Վկան` այդ վատի ու խարխափումների տառապագին ընթացքին հաջորդած լույսը` լավ պատմվածքի, լավ բանաստեղծության, լավ հոդվածի տեսքով: «Գրեթերթը» գրականության յուրօրինակ ֆոտոալբոմ է, որտեղ պահպանված են մեկի` ծնունդից մինչև հասունացում, մյուսի` մանկապարտեզից համալսարան, երրորդի` դպրոցից համալսարան ճանապարհի ճշգրիտ վկայությունները: «Գրեթերթում» մեծացել են, «Գրեթերթը» կենսագրության այն հատվածն է, որը հնարավոր չէ ջնջել, ինչպես շատերն են փորձում ջնջել իրենց անցումային տարիքում ունեցած բարդույթներն ու դրանց մասին հիշողությունները…
Հինգ տարի առաջ, «Գրեթերթի՛ց» առաջ, «Գրեթերթ» չկար, բայց այն ժամանակ էլ ըմբոստ ջահելներ կային, որ գրելուց զատ, ասում-խոսում ու պահանջում էին` երիտասարդներին տեղ տալ, երիտասարդների համար սա անել, նա անել, ու երբ որ արվում էր մի բան որևէ երիտասարդի և ոչ կոնկրետ իրենց համար, էլի` ասում-խոսում պահանջում էին, ավելին` խանդում-ընդդիմանում էին արդեն այդ երիտասարդին ու նրա դեմ, ու այդ երիտասարդը մենակ էր մնում, ու երիտասարդները կորում էին ընդհանուր հոսքի մեջ…
«Գրեթերթն» եկավ ու ասաց` դուք ուժեղ ու ներկայանալի եք, երբ միասին եք, որովհետև ձեր հավակնություններից անկախ, բոլորդ էլ նույն թիրախն ունեք ու նույն մտահոգությամբ եք ապրում ի վերջո: Ու այդ գիտակցությունն էր մղողն այն գեղեցիկ ու իմաստավոր արարքի, երբ թերթի նյութերը հավաքում, ընտրում, խմբագրում, սրբագրում, էջերը ձևավորում, լուսանկարներն անում, տպարան տանում, տպարանից բերում, վաճառում էին բոլորն անխտիր` այդքան մարդիկ, միանգամից այդքան երիտասարդներ` առանց հոնորարի, առանց հետին ակնկալիքների: Այդպիսին է «Գրեթերթը»: Այնտեղ բոլորը տեր են ու ծառա են բոլորը:
Հինգ տարի առաջ, «Գրեթերթի՛ց» առաջ, «Գրեթերթ» չկար…
…ու տեքստը, որքան էլ տաղանդավոր, չէր դառնում գիր, քանզի, մեկ է, թոթովանք էր դիտվում, ու երիտասարդ գրողը, որքան էլ մեծանում` չէր դառնում պարզապես գրող, քանզի նրա ներկայությունը չէր նկատվում ու գիտակցվում, նա երիտասարդ կոչվելու իր ծանր խաչն էր տանում, նա գրում էր հրաշալի պատմվածք, բայց մամուլում, համագումարներում ու քննարկումներում մեկ է` գոռում էին` «Բարաբբային», նա գրում էր հրաշալի բանաստեղծություններ, բայց պիղատոսները լվանում էին իրենց ձեռքերը…
«Գրեթերթն» եկավ ու ասաց` դուք եք հայ գրականության աղը, տղերք, աղջիկներ փափկասուն, և ձեր ձեռքերում է գրականության ապագան… Ու հավատացին: Ու հավատացրի՛ն: Եվ այսօր, եթե մեկը խոսի արդի հայ գրականության տարաբնույթ հատկականությունների մասին, ու փորձի յոլա գնալ առանց երիտասարդ գրողների ստեղծածի, ապա ձախողված ու կեղծարար է ի սկզբանե, քանզի «Բարաբբային» գոռալն այլևս նույնիսկ Բարաբբան է հեգնանքով ընդունում, իսկ պիղատոսաբար լվացվելն այլևս ծիծաղելի մաքրամոլություն է…
Հինգ տարի առաջ, «Գրեթերթի՛ց» առաջ, «Գրեթերթ» չկար, բայց կար ամեն ինչ, որ «Գրեթերթ» լինի…
…կար «Սատիրիկոնը», որ երգիծաթերթ էր, ու «Սատիրիկոնի» խմբագրությունը միշտ լի էր երիտասարդներով, ու ջահելներն էլ երգիծանքի հետ սեր չունեին, ու տարիքովների հումորները ձանձրալի էին, ու Գուրգեն Խանջյանը ձանձրանում էր, ու Գուրգեն Խանջյանը հասկանում էր, որ իր դեմքի ժպիտը այդ ջահելների ներկայությունն է բերում, ու Գուրգեն Խանջյանը գիտակցում էր, որ առանց հումորի ու երգիծանքի ժպիտն ու ծիծաղը գերադասելի են առանց ժպիտի ու ծիծաղի հումորից ու երգիծանքից…
…ուրեմն` սկզբում Խանջյանն էր Գուրգեն, որ ասում էր` ջահելներին թերթ է պետք, ու Հուսիկ Արան ու Ոսկանյան Արփին, Սարիբեկյան Հրաչն ու Թեքգյոզյան Հովհաննեսը, Արշակյան Մհերը ու Բեյլերյան Մհերը, Թումանյան Գևորգն ու Վահե Արսենը կային, որ լուրջ հիմքեր էին ստեղծել, ինչքան կարողացել, կամ ինչքան նրանց թույլ էին տվել` ճանապարհ էին բացել…
…և  եղեւ «Գրեթերթ»…
…որ կարճ ժամանակահատվածում համախմբեց գրեթե բոլոր երիտասարդ հեղինակներին` արձակագիրներ, բանաստեղծներ, գրա­­քննադատներ, թարգմանիչներ, և յուրաքանչյուր նոր համարի հետ ավելանում էին ու ավելանում են նրանք, և այսօր նրանցից շատերը եղանակ են ստեղծում գրական դաշտում, և այսօր առանց նրանցից շատերի անհնար է պատկերացնել արդի հայ գրական դաշտը…
Հինգ տարի առաջ, «Գրեթերթի՛ց» առաջ, այսօրվա մեր ունեցածի մասին պատկերացնելն անգամ նման կլիներ երևակայության ճարպիկ խաղի, ու այս «Գրեթերթը», որ հինգ տարեկան է, այս 20 համարները, որ դարսվել են կողք-կողքի, այս տղաներն ու աղջիկները` տաղանդավոր ու ոչ այնքան, այս «Գրեթերթի» հայտնի պատը` լուսանկարներով մի կենսագրություն, այս ամենը, տղերք, մեր անհույս երազանքն էր, որ իրականություն է այլևս:
Պինդ պահենք, տղերք:

Տպագրվել է Գրեթերթ, 2011, թիվ 2

1452 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>