ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ / ԴԱՎԱՃԱՆԵ՞Լ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՎԵՊԻՆ

ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Դժվարանում եմ հիշել, թե մինչև այժմ «Սասնա ծռեր» էպոսի կամ դրա մշակումների հետ կապված մեկնաբանություններում քանի՞ անգամ եմ կարդացել «ազգային վեպ» բնորոշումը, բայց մի բան հստակ է՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքի» մասին խոսելիս (գրելիս) բոլոր գրականագետներն անխտիր էպոսին տալիս են «ազգային վեպ» անվանումը: Այսքանով միայն կարելի է ասել, որ Խեչոյանը բերում է էպոսի ընկալման նոր ձև՝ էպոսի, այսպես ասած, վիպական ընկալումը, էպոսի մեջ վիպականը տեսնելը և ոչ թե, ինչպես կարելի է դատել առաջին տպավորությամբ, վեպի մեջ էպոսայինը ներմուծելը: Խեչոյանի վեպի ամենագրավիչ և ամենախնդրահարույց կողմերից մեկը, թերևս, մնում է ժանրի հարցը: Թեև այս մասին առանձին անդրադարձ չի եղել, բայց չկա վեպի մեկնաբանման որևէ փորձ (լինի ազգային ինքնության, Մհերի կերպարի դիտարկման, վեպի փիլիսոփայության կամ այլնի դիտակետից), որում հեղինակներն անդրադարձ կատարած չլինեն ստեղծագործության ժանրին. «Սա վեպի նորագոյացություն չէ, այլ մի պահ կանգ առած ու չշարունակված փնտրտուք»1, «…այս գիրքը դժվար է տեղավորել վեպի ժանրային շրջանակներում, թեև վեպը ամենալայն հնարավորությունների ժանրն է և սահմանափակում չի ենթադրում իր դրսևորումների մեջ: Սակայն այս գիրքը, եթե կարելի է ասել, զուտ խեչոյանական վեպ է…»2, «Դժվար է ասել` այս ստեղծագործությունը վե՞պ է, դասախոսություն-հետազոտությո՞ւն, ինչպես հեղինակն է ներկայացնում, մեր օրերի իրողություններով համեմված էպոսի վերաշարադրա՞նք, խոհագրությո՞ւն, հասարակագիտական ուսումնասիրությո՞ւն»3, «Գրողն ստեղծել է պարականոն վեպի մի տարբերակ, որպիսին անօրինակ է թե՛ ժանրային ձևով և թե՛ պատկերային համակարգով»4:
Բանն այն է, որ այս իմաստով Խեչոյանի վեպն ամենադյուրամարսներից չէ, և ամենաառաջին խնդիրը, որին բախվում ես ընթերցման ժամանակ, ոչ թե այն է, թե, ասենք, Մհերն ինչո՞ւ փակվեց Ագռավաքարում, կամ ինչո՞ւ են Սանասարն ու Բաղդասարը հենց այստեղ կառուցում իրենց քաղաքը և այլն, այլ այն, թե սա վե՞պ է արդյոք: Իսկ եթե վեպ է, ինչպիսի՞ն է, կամ լավ, ինչպե՞ս է լինում, որ միևնույն պատմությունը մի գրքով կարդալիս էպոս է, մեկ ուրիշ գրքում՝ վեպ: Նույն Ծովինարն է, ում ամուսնացնում են Խալիֆի հետ, երբ արդեն հղի էր ջրից, նույն Սանասարն ու Բաղդասարը՝ Սասուն կառուցող, առյուծներին հաղթող և կնոջը դավաճանող նույն Մեծ Մհերը, նույն խենթ Դավիթը և Ագռավաքարում փակվող նույն Մհերը՝ իրենց էպոսային ճակատագրերով: «Մհերի դռան գրքի» ժանրի քննությունը հենց այս հարցերով էլ սկսենք:
Ռուս գրականագետ Գ. Լուկաչը էպոսի և վեպի միջև տեսնում է մի քանի էական տարբերություններ: Առաջինը հեղինակի գործոնն է. «Էպոսը վեպից տարբերվում է ոչ թե հեղինակային մոտեցմամբ, այլ այն պատմա-փիլիսոփայական կեցությամբ, որում գտնվում է տվյալ պահին հեղինակը»5: Վեպի կերպարները մշտական փնտրտուքի մեջ են: Այլ կերպ կարելի է ուղղակի ասել, որ վեպը կասկածի ժանր է (մինչդեռ էպոսը հավատի ժանրն է): Էպոսի կերպարները հավատացող, վստահ կերպարներ են` հերոսներ, մինչդեռ վեպի կերպարների ամենաբնութագրական կողմը մշտական կասկածն է: Վեպի զարգացման ինչ-որ փուլում այս կասկածն արդեն ոչ միայն կերպարինն է, այլև հեղինակինը և առավել ևս ընթերցողինը: Կասկածը կազմորոշ նշանակություն ունի հատկապես ժամանակակից վեպի համար: Մի առիթով Ալեն Ռոբ-Գրիյեն ասել է, որ «վեպի առաջին նախադասությունը հույժ կարևոր է: Կարելի է գրեթե ողջ գրականության պատմությունը գրել ուսումնասիրելով միայն առաջին նախադասությունները, քանի որ վեպի առաջին նախադասությունը հաստատում է գրողի դիրքը աշխարհի նկատմամբ, և գրքինը՝ հանրության նկատմամբ»6: Այս տեսանկյունից հետաքրքիր է ընթերցել Խեչոյանի գրքի առաջին նախադասությունը. «Սիրելի բարեկամներ, դեռ դպրոցական, ուսանողական, հետո էլ ասպիրանտական տարիներից միշտ երկյուղել եմ ազգային վեպի մասին բարձրաձայն խոսելուց» (էջ 10): Այսպիսի նախադասությունը չի կարող լինել առանց կասկածների առաջ գնացող պատումի սկիզբ: Վեպը պետք է ընկալել ոչ միայն իբրև երկյուղի, վախի հաղթահարում, որ, բնականաբար, մեծ էներգիա և ուժեր է խլում, այլև իբրև լռության հաղթահարում: Վեպում գուցե չափից ավելի է էպոսի մասին ինֆորմացիան, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ անհրաժեշտից ավելի չափով է ուշադրություն դարձվում մանրուքների վրա, բազմաթիվ էջեր են զբաղեցնում մտասևեռումները: Սա երկար մտածած և երկարատև լռությունը ճիգով հաղթահարած խոսք է: Լռության հաղթահարման այս փորձի մեջ (այսինքն՝ «Մհերի դռան գիրքը» վեպում) ակներև են լռության պատճառները, դրանք այն կասկածներն են, որ շարունակում են ուղեկցել պատմիչին պատումի ամբողջ ընթացքում: Նա ոչ միայն հաճախ կասկածում է իր կերպարներին, Մհերի մասին իր ստեղծած փիլիսոփայությանը, այլև մինչևիսկ իր վեպին. «…առանց ամբողջական սյուժեի ու գեղարվեստական հենքի էր, ավելի շուտ կռահումների, սայթաքումների, գուշակությունների նախաձեռնում էր, դեռ պարզ էլ չէր՝ հասցվելո՞ւ է վերջին» (էջ 136-137), «Արդեն ամեն ինչից երևում էր, որ «Մհերի դռան գիրքը» գրելու իմ խելահեղ մտադրությունը չէր իրականանալու» (էջ 169), «Դավաճանել էի վեպին, ինքն էլ ինձ էր լքել» (էջ 174): Շատ գայթակղիչ է վեպն ընթերցել նաև որպես վեպի ստեղծման պատմություն: «Մհերի դռան գիրքը», այսինքն՝ հենց վեպը, դառնում է վեպի կերպարներից մեկը, որի ձևավորման ողջ ընթացքը, համասությունները, կասկածները շոշափելի են դառնում հենց վեպում: Նույնիսկ վեպն արդեն ձեռքին ունեցող ընթերցողը մի պահ տարակուսում է՝ ի վերջո ստացվելո՞ւ է այս վեպը, թե՞՝ ոչ:
Մեկ այլ էական տարբերություն, որ նշում է Լուկաչը. էպոսում չկա հանցագործության գիտակցում` որպես այդպիսին: Իհարկե սպանություններ այնտեղ էլ լինում են, բայց այն կամ ընդհանրապես չի գիտակցվում, կամ պարզապես ինտրիգ է, որ ծառայում է զուտ տեխնիկական պահանջներին, կամ որևէ բանի սիմվոլ է, ասենք` ճակատագրի և այլն: Ասենք, պատկերացնո՞ւմ եք` Մսրա Մելիքին սպանելուց հետո Սասունցի Դավիթն այնպիսի ապրումներ և մտածմունքներ ունենա, ինչպիսիք ուներ Ռասկոլնիկովը՝ սպանությունից հետո: Էպիկական կերպարը չունի հանցագործության գիտակցում՝ ի տարբերություն վիպականի: Խեչոյանի Մհերի վիպականացման ամենաբնութագրական կողմերից մեկը հենց սա է: Մհերը «երկրագնդի առաջին մարդն է, ով հրաժարվում է սպանելուց», դրանից է սկսվում նրա մեկուսացումն ու հակասությունը աշխարհի հետ. «Ի տարբերություն նախնիների` Մհերը համոզված էր` գոյատևելու համար պարտադիր չէր սպանելը» (էջ 275):
Մեկ այլ տարբերակիչ հատկանիշ, որի վրա ուշադրություն է դարձնում Լուկաչը` վեպի կերպարը ծնվում է միջավայրի հետ ունեցած խորթությունից: Իրականում էպիկական աշխարհը բավականին միատարր է. անգամ եթե այնտեղ կան հերոսներ և ոչ հերոսներ, նրանք իրարից քիչ բանով են տարբերվում, նրանք իրար կարող են հասկանալ, որովհետև խոսում են «նույն լեզվով», այնինչ վիպական տարածքում մարդիկ հակված են իրար չհասկանալու, եթե անգամ նույն լեզվի կրողներն են: Սա հենց միևնույն լեզվի մեջ գոյություն ունեցող այն բազմալեզվությունն է, որի մասին խոսում էր Բախտինը, և որը աստիճանաբար վերածվում է պոլիֆոնիայի: Մհերի օտարման սկիզբը հենց այսպիսինն է. «…կարծես զրուցակցին ոչ լսում էր, ոչ էլ ասածի իմաստն էր հասկանում: Անընդհատ լռում էր…» (էջ 48): Մյուս` վերջինից բխող կարևոր կողմն այն է, որ էպիկական հերոսը, որպես կանոն, միշտ թագավոր է կամ իշխան, և սրա պատճառն այն է, որ նրա ճակատագիրը անհատական ճակատագիր չէ, այլ միշտ որևէ կոլեկտիվի ճակատագիր, այդ է պատճառը, որ էպոսի կերպարները անհատական չեն, մինչդեռ վեպում միշտ և միայն գործ ունենք անհատականությունների հետ: Այսինքն` կոլեկտիվի պատմությանը հակադրվում է անհատի պատմությունը: Մհերի` աշխարհին հակադրվելու ձևերից մեկն էլ հենց կոլեկտիվին դեմ գնալն ու կոլեկտիվից տարբեր լինելը` անհատականանալն է: Նա մեկն է, «որի կողմնորոշումը ոչ թե տոհմային միաբանությանն էր ուղղված, այլ թափանցում էր անհատի հոգևոր խորքերը: Ժխտելով կոլեկտիվ հավաքականության կատարելության հասցված ինքնապահպանության բնազդները` փորձում էր մի անձնավորության ներաշխարհում որոնել հավերժական արժեքների չափանիշները» (էջ 241):
Ըստ մեկ այլ գրականագետի՝ Մ. Բախտինի, վեպը ժամանակակից մարդու համար նույնն է, ինչ էպոսը հին ժամանակների մարդու համար: Սակայն Էպոսն ու վեպը տարբերվում են ինչպես իրենց ժամանակատարածական հարթություններով, այնպես էլ կերպարաստեղծման մեխանիզմով: Բախտինը առաջ է քաշում «բացարձակ անցյալի» գաղափարը, որը և դառնում է էպոսի և վեպի գլխավոր տարբերակիչ հատկանիշը: Այսինքն՝ էպիկական (էպիկական ասելով՝ Բախտինը նկատի ունի ոչ թե պատումային իմաստը, այլ՝ էպոսայինը) տեքստի դեպքում մենք գործ ունենք կերպարների հետ, որոնք գործում են բացարձակ անցյալում, մինչդեռ վիպային տեքստի ժամանակը հավերժական ներկան է7: Բացարձակ անցյալը մի փակ ժամանակ է, որի մեջ կան ժամանակային բոլոր երեք չափումները՝ անցյալ, ներկա, ապագա, սակայն դրանք անհաղորդ են ընթերցողի և հեղինակի ժամանակին: Այսինքն՝ այն քարացած, անցյալի մի կետում կանգ առած ժամանակը չէ, պարզապես այն հեղինակի և ընթերցողի նկատմամբ անցյալ է՝ անշարժ, անփոփոխելի: Մինչդեռ վեպը, անգամ եթե այն անցյալի իրադարձությունների մասին է, անընդհատ ընթացքի մեջ գտնվող, ստեղծվող, գոյացող ժամանակն է: Ժամանակատարածական այս հարթությունների տարբերություններն ավելի լավ են արտահայտվում կերպարաստեղծման համակարգում: Էպիկական կերպարներն ընթերցողին են մատուցվում արդեն պատրաստի վիճակում, նրանք չունեն ներքին բախումներ, կասկածներ, տարակուսանքներ, հակասություններ, նրանք իրենց ճակատագրերի կրողներն են, ունեն կոնկրետ ֆունկցիան, և էպոսում նրանց հիմնական դերը այդ ֆունկցիոնալությունն իրականացնելն է: Նրանք պատրաստի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ էպիկական ժամանակը գործում է կերպարներից դուրս: Այլ է վեպի պարագան: Այստեղ կերպարները պատրաստի չեն, նրանք էլ իրենց ժամանակատարածական հարթության պես դեռևս արարվող, ստեղծվող, ընթացքի մեջ գտնվող կերպարներ են: Նրանց հատուկ են ներհակությունները, կասկածները, հակասականությունը: Այլ կերպ ասած՝ ժամանակը գործում է նրանց ներսում: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ մեր ընտրած վեպի պարագայում անգամ հենց վեպն է ժամանակի հետ հարաբերվելիս դառնում մի կերպար, որից ոչ թե դուրս, այլ հենց ներսում է գործում ժամանակը:
Խեչոյանը շատ հետաքրքիր, ես կասեի՝ շատ Խեչոյանական, ստեղծագործական հնարք է կիրառել «Մհերի դռան գիրքը» վեպում: Նա վիպական տեքստն առաջ է տարել՝ հիմնվելով էպոսի շուրջ հարյուր հիսուն պատումների վրա, որոնցից յուրաքանչյուրում շատ հաճախ միևնույն երևույթը տարբեր կերպ է մեկնաբանվում: Ասել է թե՝ Էպոսի ցանկացած պատում ինքն իրենով վերցրած, առանձին էպոս է՝ էպիկական տեքստ, մինչդեռ դրանց համադրությունն իր մեջ կրում է հակասականություն: Հենց պատումների միջև եղած հակասություններից էլ հեղինակն ստանում է վիպային կառույցներ՝ լի ներքին հակասություններով: Ուշադիր ընթերցելիս անհնար է չնկատել, որ վեպի պատմողը ոչ թե մեկն է՝ հեղինակ-պատմիչը, այլ շատերը, և այս շատերի ձայնը հաճախ լսելի է դառնում «նրանցից (պատումներից-Թ.Ղ.) մեկում պատմվում է», «իսկ մեկ ուրիշ պատումի մեջ էլ նկարագրված է» «մեկ ուրիշ տարբերակում էլ», «իսկ համահավաք գրքում նկարագրվում է» և նույնիսկ «ազգային վեպի անտիպ պատումներում հակառակն էլ կա» և նմանօրինակ կառույցների միջոցով, որ գալիս է նախորդ վեպերից: Այսպիսով՝ Խեչոյանի տեքստն ստանում է իրեն արդեն շատ հարազատ ձևը: Բավական է հիշել, թե «Արշակ Երկրորդ…»-ում քանի-քանի իրարամերժ պատումներ է ներկայացնում մի դեպքի վերաբերյալ Խեչոյանը, և սա այն դեպքում, երբ Արշակի պատումի բուն նախահիմքը երկուսն են եղել, թեև կարելի է ասել, որ այստեղ Խեչոյանի համար որպես պատումային նախահիմքեր ավելի շատ ծառայում են հենց պատումի մշակումները. սա Րաֆֆու, Զորյանի, Զեյթունցյանի վերընթերցումն է ավելի շուտ, քան Բուզանդի ու Խորենացու տեքստերի «մշակումը»: Էլ ո՜ւր մնաց «Սասնա ծռեր»-ի պարագայում, որի հարյուր հիսուն պատումներից օգտվելու մասին հեղինակը վեպում հիշեցնում է երևի առնվազն հարյուր հիսուն անգամ:
Հետաքրքիր է հատկապես այն աշխատանքը, որ վիպագիրը կատարում է էպոսի երկրորդական կերպարներին վեպ ներմուծելիս: Էպոսում կան կերպարներ, որ գրեթե աննկատ են մնում, նրանցից յուրաքանչյուրը պիտի հայտնվի էպոսում այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, դրսևորի իր կոնկրետ ֆունկցիոնալությունն ու նորից անհետանա: Էպիկական տեքստի տեսանկյունից անհետաքրքիր է, ասենք, Սառայի և Հովանի ծանոթության, հանդիպման, ամուսնության դրվագները («Այդ օրը առաջին անգամ մարդկանցից հեռու հյուսիսային քամիների դեմ տնկած բարդիների պուրակում էին հանդիպել <…>: Քմահաճ իշխանադուստր Սառայի ձեռքից թաշկինակ էր ընկել, մի ուրիշ ձև էր դրական պատասխան տվել, Հովան չէր ասել, առաջին անգամ նրան Օհան էր ասել» (էջ329-330)), կամ Սառայի տառապանքն այն պատճառով, որ չի կարող երեխաներ ունենալ: Այդպիսին է նաև Չմշկիկի կերպարը: Նա ունի վիպային իր ճակատագիրը նաև այն ընթացքում, երբ Դավիթը չկա նրա կյանքում, միայն Դավթի՝ արդեն պատրաստի, նախապես իմանալի ճակատագիրը լրացնելու համար չի հայտնվում, նա գոյություն ունի նաև Դավթից անկախ: Էպոսի երկրորդական կերպարներին գլխավորներից անկախ գոյություն ունենալու հնարավորություն տալուց, այսինքն՝ անհատական կենսագրություն տալուց բացի, հեղինակը հաճախ անանուն կերպարներին անուններ է տալիս: Էպոսի Արտատեր պառավը, օրինակ, Փարվանա անունն է կրում, նա եղել է Մեծ Մհերի սիրուհին, նրանից ապօրինածին դուստր ունի՝ Սոփին, վեպում անվանակիր են դարձել նաև Մսրա Մելիք կրտսերի քույրը` Խադիճե, Դավիթի և Չմշկիկի դուստրը` Հերմինե և այլն: Եթե որոշ կերպարների դեպքում վիպականացումը, այսինքն՝ ընթերցողի և կերպարի նույն ժամանակային հատույթի մեջ գտնվելու հանգամանքն արտահայտվում էր կերպարների ներքին բախումների նկարագրության շնորհիվ, ապա Վերգոյի պարագայում անգամ նրա արտաքինի և արտաքին հանգամանքների նկարագրությունն ստեղծում են վեպի և ընթերցողի համաժամանակության տպավորություն՝ թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ հեղինակն էլ Վերգոյի կերպարն ստեղծելիս չի օգտագործում արխայիկ բառեր, նրան իշխան կամ սեպուհ չի անվանում, այլ պարզապես անվանում է «քաղաքապետ»: Բացի այդ, Վեպում Վերգոն դադարում է միագիծ (վախկոտ) լինել, նա ունի արժանիքներ, որոնք են իր զարգացածությունն ու բնատուր խելքը, և թերություններ, քանի որ վախկոտ է և փոքրոգի, հեղինակը նրան ցույց է տալիս տարբեր կողմերից: Իսկ Ձենով Հովնանի պարագայում, օրինակ, կերպարի ներմուծումը վեպ՝ ուղեկցվում է էպոսում այդպես էլ բացակայող նրա մահվամբ: Վեպում թշնամիների կերպարները ևս աչքի են ընկնում ներքին հակասություններով ու բախումներով: Արաբ զորավար Կոզբադին էպոսի Կոզբադիի նման գոռոզ է, մեծամիտ, ինքնագոհ, վստահ է, որ կհաղթի, բայց ծիծաղելի, ծաղրելի վիճակում է վերադառնում հայրենիք, շուրթերը կտրված լինելու պատճառով ստեղծվում է հակասություն նրա պարտության ու թվացյալ ժպիտի միջև. «Բա էդ ինչո՞ւ էր զորավար Կոզբադին բերանը բաց անընդհատ ժպտում» (էջ 321): Նա չի կարողանում տանել այդ անպատվաբեր վիճակն ու ինքնասպան է լինում. «Զորավարն ասել էր՝ ամոթից չի կարող ներկայանալ: Սուրհանդակը կրկին գնացել, եկել, Մելիքին զեկուցել էր, որ նա արդեն դզյակի պարտեզում շագանակենուց կախված էր եղել» (էջ 323): Մի կողմից՝ ծաղրված թշնամու, մյուս կողմից՝ պարտված հզոր զորավարի կերպար է: Իսմիլ Խաթունը վեպում սեփական զավակի նման է ընդունում Դավթին, երկրորդ անգամ կատարում նրա ծննդյան արարողությունը՝ իբրև թե ինքը ծնեց Դավիթին: Իսմիլը ներքին հակասություններով է լի. նա սիրում է և՛ Մելիքին, ում ինքն է ծնել, և՛ Դավթին, ում ծնված օրվանից պահել-մեծացրել է և տառապում է նրանց թշնամության պատճառով. «Նրանց սարսափահար ճիչերին Իսմիլ իշխանուհին էր ընդառաջ ելել: Ասել էր, որ Դավիթն իր համար թանկ էր, Մելիքը՝ առավել ևս: Լացել էր: Երկուսի հետ էլ միշտ դժվար էր եղել խոսելը, նրանց անհաշտ թշնամությունն իր համար սև սգի էր վերածվել» (էջ 337): Այսպիսով՝ Իսմիլ Խաթունի ներքին հակասությունների, զգացմունքների բախման շնորհիվ՝ ստեղծվում է կերպար, որը դուրս է էպիկական միակողմանիությունից: Էպիկական կերպարների վիպականացման մեկ այլ հնարք է ծառայում նաև այդ կերպարների վավերականացումը: Ինքնատիպ լուծում է ստանում արաբ ծերունու կերպարը: Ըստ վեպի արաբ իմաստուն ծերունին, որ Դավթին հորդորում է խեղճ ու իրենց կամքին հակառակ պատերազմ եկած զինվորներին չկոտորել, վավերական կերպար է՝ արաբ պատմիչ Բոհա ադ-Դինը, ով հարյուր քսան տարեկանում մասնակցել է հայերի դեմ արշավանքին. «Հայերի ազգային վեպում նրան նկարագրում են որպես մինչև գետին կորացած ծերունու՝ ծնկներին հասնող սպիտակ մորուքով: Իբր թե Մելիքի բանակից գնացել, գլխաբաց կանգնել էր Դավթի առաջ, իմաստուն խոսքերով համոզել էր՝ դադարեցնել բռնությամբ բանակ զորակոչված անմեղ մարդկանց կոտորածը: Նա էլ ընդառաջել ծերունուն, բանակն արձակել էր գերությունից» (էջ 200): Ահա այսպես կերպարը դառնում է ոչ միայն անվանակիր, այլ նաև վավերական, ավելին՝ պատմիչ: Նրան Խեչոյանը տալիս է կենսագրություն, պատմում, թե ինչպես էր անցել նրա մանկությունը, ինչպես է կրթություն ստացել, ում է աշակերտել, ինչպես է հայտնվել Մելիքի պալատում, կերպարին դարձնում է անհատական, շարժուն, ապրող: Նա չի հայտնվում միայն իր գործը՝ Դավթի հետ խոսելը իրականացնելու և անհետանալու համար: Ավելին՝ իր գրքի որոշ հատվածներում հայոց ազգային էպոսը Խեչոյանը մեկնաբանում է հենց Բոհա ադ-Դինի պատմությամբ, այսինքն՝ այս կերպարը դառնում է պատմություն պատմող, վեպը սկսում է պատմել հենց նա: Այս առումով ուշարժան են վեպի պատումային նաև մյուս կառույցները: Արդեն առիթ եղավ ասելու, որ վեպում պատմիչը մեկը չէ, այստեղ կարելի է հաշվել բազմաթիվ անտեսանելի պատմիչների, որ հեղինակի կողմից ներմուծվել են տեքստ` էպիկական պատումի վիպականությունը ապահովվելու նաև այսպիսի բազմաձայնությամբ: Էպոսի մասին պատմողները հաճախ փոփոխվում են. դա մերթ լսարանում դաս կարդացող դասախոսն է, մերթ տղամարդը, ով սիրուհուն պատմում է ազգային վեպը կամ հենց նույն սիրուհին, մերթ արտասահմանյան գիտաժողովին մասնակցող գիտնականը, մերթ պատմիչի մանկության տարիների` իրենից փոքր «իր նմանակը», մերթ անհետացած նկարիչը, մերթ արաբ պատմիչ Բոհա ադ-Դինը, կամ հարյուր-հարյուրհիսուն տարեկան ծերունիները, մերթ դասախոսի հետ բանավիճող Վիկտորը, մերթ Մհերին տեսած հովիվը և այլն: Երբեմն նույնիսկ Փոքր Մհերն ու պատմիչն են դերերով փոխվում, ու անհասկանալի է` հեղինակի կերպա՞րն է պատմում Մհերի մասին, թե՞ Մհերը` հեղինակի կերպարի. «Նրա (Մհերի-Թ.Ղ.) մենակությունն ինձ էլ էր անցնում, տխրության ու ունայնության զգացողությունը սեղմում էր…» (էջ 51), «հարյուր հիսուն պատումներից մի քանիսի մեջ հանդիպեցի բռնությամբ Մհերի՝ աշխարհից հեռանալու սահմռկեցուցիչ դրվագներին <…>: Հենց այն ժամանակ էլ մահվան սարսափը միանգամից սկսեց հետապնդել: Անընդհատ թվում էր՝ ինչ-որ մարդիկ շներով ինձ էին որոնում սպանելու համար» (էջ 26), «…պատրաստ չէի ազգային վեպի մշակը դառնալով՝ արժանանալ Մհերի ճակատագրին», «ամենացավագին, հակասական զգացումներով Մհերն իմ ներսում էր» (էջ 29): Վստահ չեմ, որ թվեցի բոլոր այն անտեսանելի պատմիչներին, որոնք առկա են վեպում, սակայն արդեն թվածներն էլ բավական են տեսնելու, որ իրականում վեպը մի պատումով չի առաջ գնում: Պատմիչների այս բազմազանությունը, ինչպես նաև պատմիչի կասկածներն ու տարակուսանքներն սիպում են, որ վեպի պատումն աստիճանաբար անցնի ընթերցողին: Կարծես ընթերցողն էլ ինչ-որ պահից մասնակցում է վեպի ստեղծմանը: Իսկ երբ գիրքն ավարտելուց հետո այլևս կասկած չի լինում, որ անհնարին թվացող մի բան է կատարվել՝ վեպը վերջապես գրվել է, ընթերցողի մոտ զգացողություն է առաջանում, որ հենց իր ընթերցման շնորհիվ այն ստեղծվեց: Եվ այսպես ամեն ընթերցող նորից է ստեղծում այս վեպն ու դառնում դրա համահեղինակը:
“““““““““
1. Փիլոյան Վ., Կանչվածի փնտրտուքը, Գրական թերթ, www.grakantert.am/?p=5786
2. Քալանթարյան Ժ., Ազգային ինքնության փիլիսոփայությունը էպոսում` ըստ Լևոն Խեչոյանի, Գրական թերթ, www. grakantert. am /?p=4808
3. Խեչոյան Լ., Մհերի դռան գիրքը, Հակոբ Մովսես, Փոքր Մհերի տեսությանն արժանացած, էջ 4: Հետագա շարադրանքում գրքից արված մեջբերումների էջը կնշվի տեղում:
4. Սարինյան Ս., Մհերի առասպելը ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի, http://granish.org/the-myth-of-mher-according-levon-khechoyans-novel/:
5. Ամբողջական հոդվածը տե՛ս Лукач Г., Теория романа, Эпопея и роман, http://mesotes.narod.ru/lukacs/teoriaromana/tr-2.htm:
6. Ռոբ-Գրիյե Ա., Ներածություն գրողի կյանքի, Երևան, 2014:
7. Այս մասին ավելի մանրամասն տե’ս Бахтин М. М., Эпос и роман, http://mmbakhtin.narod.ru/eposrom.html:

3163 դիտումների քանակ 17 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>