ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ

Լիլիթ Կարապետյան(հատված)
Լայնեզր գլխարկով աղջկա փետրագնդակը հայտնվում է ավտոտնակի տանիքին: Նա կանգնում է ոտնաթաթերի ծայրին և նայում շուրջը: Աշխարհից թաքնվելու մղումով խաղաթիակը մոտեցնում է երեսին, բարակ թելերը ճաղավանդակներ են կազմում, ու նա վանդակների միջից տեսնում է շեկ անապատի ամայությունը: Մանկապարտեզ հաճախած երբեմնի երեխաների ճակատագրի դժգոհությունից ցնցվում են ժանգոտած խաղահրապարակի կարուսելները: Մեղմիկ քամուց նստարանները պտտվում են, և խանդավառ ճիչերն ուղեկցվում են ծառերի տերևաթափությամբ: Ես բացում եմ դարպասները: Մթության միջից հանում եմ ավտոտնակում կանգառած մեքենան: Հին սրբիչով մաքրում եմ դիմապակուն նստած փոշու հաստ շերտը:
Ընթացքի ժամանակ հնարավոր չէ գծագրել սեփական կենսագրության տիրույթը, որովհետև ուղղությունն անհայտ է: Շարժիչի միալար ձայնը առավել ուժգին է հնչում ականջներումս, ես գիշերային մթության մեջ գերազանցել եմ մեքենայի թույլատրված արագությունը և խախտել եմ ինձ երբևէ հայտնի աշխարհագրությունը: Արագընթացով սլանալով` ես ցանկանում եմ կտրել-անցնել անապատը, թեև մեծ ջանք չեմ գործադրում տիրապետելու ղեկը` խորդուբորդների վրայով փոքրիկ ցատկ կատարելիս: Սլացքի ընթացքում փախչում եմ տիեզերքի հետապնդումից: Տիեզերքը կրում է լուսինն ու Աստծուն, ես մտապահում եմ երազների հիշողությունը: Իմ թմրած միտքը հրաժարվում է որևէ հաշվարկ կատարել, մարդիկ քարտեզի վրա չեն նշվում, գծագիրը փոխում են պատերազմները, այդպիսի սահմանային փոփոխություններն անընդհատ կրկնվում են: Կաշվե բաճկոնով ես ցերեկները պաշտպանվում եմ անապատի փոշուց և արևի կիզիչ ճառագայթներից, գիշերները` ցրտից ու քամուց: Բաճկոնս ճաքճքվել է: Ճաքերի արանքում ավազահատիկներ են լցվում, թեև ձեռքերով թափ եմ տալիս հագուստս, այնուամենայնիվ անապատն աստիճանաբար դառնում է իմ մի մասը: Ես ձեռքս հանում եմ մեքենայի պատուհանից` շոշափելու օդը, սա նոր օտարությունը ճանաչելու սկիզբն է: Անապատը չնվաճվող տարածություն է, անբնակելի է և չի հանդուրժում մարդկային գործունեությունը: Նա նախընտրում է լինել բուսազուրկ և անհնազանդ: Ես օրուգիշեր ճանապարհորդել եմ, ոչ մի մարդկային շունչ չեմ հանդիպել, այժմ ջրի և բառերի ծարավ եմ զգում, սակայն չեմ պատրաստվում կանգնեցնել մեքենան գոնե մի քանի րոպե, որովհետև շարժման բացակայությունը հավասարազոր է կործանման: Անօգնական հայտնվել ինչ-որ տեղ, ուր ոչ մի արձանագրություն չկա իմ ներկայության մասին, որևէ մեկը չի մոտենում ու անթաքույց սադրանքով պահանջում փաստաթղթերը: Գնում եմ, որովհետև մնալը դժվար է: Երազների քմահաճույքին տրված՝ ես փնտրում եմ հրաշքը, թեև իրականում պատկերացում չունեմ ինչպիսին է այն: Երևակայությունս գուցե ինչ-որ բան կմոգոնի, որպեսզի գոհացնի հոգու պահանջմունքները: Անապատի անծայրածիրությունը արձանագրում է քաղաքակրթությունների ավարտը: Մարդկային հանրածանոթ հարաբերությունները` մանր-մունր վեճերը, բարևից ծագող մեղմ ժպիտը և շրջապատող ընկերների մռայլությունը հօդս են ցնդում: Փուխր ավազը հնազանդ ճզմվում է մեքենայի անիվների տակ, ընդամենը ակնթարթներ են պետք մեղմիկ քամուն, որ կրկին հարթեցնի ավազը, ասես ոչինչ չի պատահել: Անապատի խորքից հետ նայելիս սարսռում եմ գիտակցումից, որ հետդարձի ուղիները փակ են: Միայնակ շարժվում եմ առաջ: Քամին ավազին է հավասարեցրել իմ թողած հետագիծը, ոչ ոք չի գա իմ հետքերով, որպեսզի ինձ գտնի: Այս ճանապարհով անհիշելի ժամանակներում անցել են ուղտերի քարավանները` սապատներին ծանրաբեռնված ալմաստի և զմրուխտի զամբյուղներով: Արևի անխնա ճառագայթները պար են բռնել թանկարժեք քարերի ակնախտիղ գույների հետ, որոնք մթության մեջ փայլփլում էին իբրև մարդկային ագահության փարոս, արքաների քմահաճույք, որոնք պետք է բավարարեին առևտրականները` ճաշակի բարձր զգացողությամբ: Քարավանները ստեպ-ստեպ ենթարկվում էին հարձակումների: «Անապատի ծովահեններ» էին անվանում կիսալուսնաձև թրերով և մրրիկից արագավազ ձիերով հարձակվող ոհմակին: Արյուն էր հեղվում: Գողանում էին մետաքսն ու ոսկյա զարդերը: Իսկ հեռադիտակն ու քարտեզը մնում էին վաճառականի դիակի կողքին:
Կեսօրին անապատը մեռնում է, հոգեվարք ապրող ստվերներն ինքնասպան են լինում: Փշատերև բույսերն ինքնահրկիզվում են, և բոցավառվող կրակօջախներից հրդեհվում է անապատի հոգին: Միայն իրիկնամուտին շիկացած ավազաթմբերը վերակենդանանում են, տապը նահանջ է ապրում: Կրկին հիանում եմ բլրակների անվերջությամբ: Ես նմանվում եմ սողացող խլեզի, որի նպատակը անհայտ է: Նա միայն մտածում է ավելի խորը թաքնվել ավազի տակ՝ արևից պաշտպանվելու համար: Ծարավի, քաղցի պահանջը սաստկանում է գոյության կռվի ժամանակ: Հյուծախտը սպառնում է ինձ: Ղեկի առջև հավերժությունը որսած հայացքով լսում եմ միայն շարժիչի ձայնը: Միօրինակ: Ուղղաձիգ անշարժությունից մարմնական թուլությունը սաստկանում է: Այլևս անհնար է զսպել քունը, որից մեքենան մատնվում է ինքնահոսի: Ինչ-որ բան ստիպում է հանկարծակի արթնանալ թմբիրից. ինչպե՞ս եմ խուսափել ավազաթմբերին բախվելուց: Երբևէ չեմ հավատացել, որ այսքան հեռուն կգնամ, և սա դեռ սկիզբն է` իմ առջև օազիսն է իր բնակիչներով: Երկար հագուստներով մարդիկ դիմավորում են ինձ բարեկամի նման: Խաղաղություն կանխագուշակող ժպիտով ծերունին հպվում է մեքենայիս: Ես միայն իջեցրել էի ապակին և չէի հասցրել անջատել շարժիչը: Մենք ապրում ենք սահմանի մոտ, դու բացառիկ մարդ ես, ում հաջողվել է հասնել մեզ: Եթե հանդիպել ենք, ուրեմն դու կտրել-անցել ես անապատը, ասաց ծերունին: Տարօրինակ է ամայության մեջ հանդիպել մարդկային խմբերի, որոնք կռահում են՝ որտեղից ես գալիս և հետո ուր ես գնալու: Նրանք գիտեն անապատի բոլոր գաղտնիքները և դրա համար կարողանում են հարատևել: Նրանց չի ահաբեկում բարբարոս արևը, քաղցի մատնվելու վերահաս վտանգը, որովհետև ճիշտ են հաշվարկում տեղումների հաճախականությունը, իսկ մի քանիսը զբաղվում են միայն լուսնի խավարման հետազոտությամբ: Արթնանում են վաղ առավոտյան: Առավել ջլապինդ տղամարդիկ զբաղվում են հողագործական աշխատանքներով, իսկ ավագները հագուրդ են տալիս ճարտարապետական գիտելիքների վերհանմանը: Պատրաստվում էին ցուցասրահ կառուցել, սակայն ժամանակը չէր բավականացնում իրագործելու իրենց մտադրությունը: Օազիսի բնակիչները գնում էին իրենց ստորգետնյա կացարանները: Հրավերի բացակայության, անհարմար ազատության զգացումով վերադառնում եմ մեքենայի մոտ, նստում եմ ղեկի առջև` ինձ զգում տանը: Գնալու որոշումս ձգվում է մինչև երեկո: Երեկոյան սկսվում էին մեղմիկ քննարկումները, որոնք ահագնանում էին մեղվի փեթակի բզզոցի նման: Նրանք չէին վիճում, բայց աննահանջ էին ճշմարտության սեփական ընկալման մեջ: Ծերունիներից ամենաավագը ձեռքով նշան արեց նստել իր կողքին և շարունակեց լռել: Խորասուզված հայացքն ինձ չէր նկատում: Մարդկային աննշանությունն անզոր էր իմաստունի առջև: Ես խախտեցի անտանելի լռությունը, հարցրի, թե որտեղ եմ: Այնտեղ, ուր քաղաքակրթության շորշոփները չեն հասնում: Տաթևի մեծ անապատում ես, քո ծագումը կարևոր չէ, բայց կռահում եմ` ինչ ես փնտրում: Մենք ապրում ենք անապատում: Նայիր այս մարդկանց: Նրանք հիմնադրում են նոր աշխարհի սկիզբը: Ուզում էի մոտենալ ու շնչակտուր հարցեր տալ հետաքրքրությունս բավարարելու համար, սակայն ծերունին բարկացկոտ կանխեց շարժումս. ես կխանգարեի նրանց, կշեղեի ուշադրությունն իրենց առաքելությունից, որովհետև այժմ Մտածելու ժամն է: Կարդալու, Մտածելու, Կարծիք հայտնելու ժամերին խոսքի իրավունքից զրկվում էր ցուցակի համապատասխան գիրքը չկարդացած անդամը: Իմաստունը կարդացել էր անապատի բոլոր գրքերը, նա նաև կարդացել էր մյուս գրքերը, միայն ափսոսում էր, որ չէր հասցնելու վերընթերցել ապագայում գրվելիք գրքերը…

633 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>