«Կովկասի սև վարդ» / Լիանա Ղուկասյան

Հարցազրույցը՝ Անաստասիա Կասատոյի
Մարի Կալլասի արտաքին, Էդիթ Պիաֆի քայլվածք և Ֆրիդա Կալոյի դրամատիզմ. հայազգի նկարչուհի, ով հայտնի է Միլանի արտիստիկ հանրության շրջանում: Իտալացի արվեստի քննադատները նրան «Կովկասի սև վարդ» են անվանում: Նկարչական անկեղծ արվեստով, իբրև ծվատված հոգու մերկ նյարդ, նա գրավում է եվրոպացի կոլեկցիոներներին ու ներշնչանքի աղբյուր դառնում թատերական գեղազարդողների համար:
Լիանայի հետ խոսել ենք հագնվելու նրա յուրատիպ ոճի ու նկարչության, հայ-իտալական ինքնադրսևորման և եվրոպացի ժամանակակից կոլեկցիոներների մասին:

Պատմի՛ր քո մասին: Որտե՞ղ ես ծնվել ու մեծացել: Ինչպե՞ս ես հայտնվել Իտալիայում:
Ծնվել եմ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում, քանի որ հայրս զինվորական էր: Բայց մանկությունս ու պատանեկությունս անցել է Հայաստանում: Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանն ավարտելուց հետո սկսվեցին ստեղծագործական դիմագծի ու ինքնահաստատման որոնումները: Ընտրությունս կանգ առավ Իտալիայի վրա, որին, շնորհիվ արվեստի ու կինեմատոգրաֆիայի, վաղուց էի սիրահարված: 2008 թ. ընդունվեցի Միլանի Բրերայի գեղարվեստի ակադեմիան ու տեղափոխվեցի Միլան:

Ինչո՞վ է տարբերվում նկարչական կրթությունը Հայաստանում և Իտալիայում:
Հայաստանում նկարչության և գեղանկարչության հզոր դպրոց կա, բայց ես ընդգրկուն, անկեղծ հայացքի ու ժամանակակից արվեստի մասին վերլուծական գրքերի պակաս ունեի: Իտալիան ինձ մտքի ազատություն ու մեծածավալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն պարգևեց: Այդպիսով, ես կոորդինատային համակարգում հաստատվելու հնարավորություն ստացա: Դա գավաթի ու գինու նման է: Հայաստանում ինձ տրվեց գավաթը, իսկ Իտալիան՝ գինին: Ես ամբողջ փաթեթն ունեմ:

Բրերայում ուսանելու տարիներից մնացած ամենավառ հիշողությունը:
Բրերայում ինձ դուր էր գալիս բնորդներին նկարելը: Իմ ներսում մեծաքանակ նոր ինֆորմացիա սինթեզելուց հետո ես անգամ մերկ մարմինն սկսեցի այլ կերպ ընկալել: Շատ գեղեցիկ էր: Իմ ներսում ընդմիշտ պահպանել եմ այդ փափուկ, ծաղկի պես նուրբ զգացողությունը: Եվ բացի այդ, Միլանում առաջին անգամ սկսեցի նկարել նաև տղամարդկային մերկությունը: Երևանում տղամարդ բնորդներ չկային:

Դու հագնվելու ուրույն ոճ ունես: Կա՞ արդյոք դրանում Միլանի ազդեցությունը:
Երբ նոր-նոր էի եկել Միլան, փոքրիկ, էկզոտիկ գազանիկի պես էի զգում ինձ: Ծաղկավոր, երփներանգ զգեստներ և 70-ականների վերնաշապիկներ… Լեզվին չէի տիրապետում ու շատ ինքնամփոփ էի: Միջազգային մի քանի մրցույթներում հաղթելուց հետո ինձնով սկսեցին հիանալ, բայց վախվորած, հեռվից: Հետզհետե բացվեցի ու փոխվեցի՝ արտաքնապես: «Զտում» կատարվեց: Սկսեցի ավելի էլեգանտ հագնվել: Իմ ոճը մաքրագործվեց, ինչպես և իմ գեղանկարչությունը: Բազմերանգությունն ու տարրերի առատությունն անհետացան: Անգամ դարձա առավել զուսպ ու պակաս իմպուլսիվ: Ձևավորվեց հանգստություն ու որոշակի նրբություն:

Ես երբեմն ներքին հակասության մեջ եմ լինում, երբ երկիրը, որտեղ ապրում եմ, ներդաշնակորեն չի շերտավորվում այն երկրի հետ, որտեղից ես եմ սերում, երբ իմ ներսի ռուսը հակասության մեջ է հայտնվում իտալական շերտիս հետ: Քեզ հետ նման բան լինո՞ւմ է:
Հորս տունն իմ երկիրն է, Իտալիան՝ իմ «ամուսինը»: Ինքս եմ ընտրել, թե որտեղ ապրեմ, ոչ ոք ինձ չի ստիպել, հետևաբար, ճիշտ չեմ համարում նրան քննադատելը: Ես սիրում եմ «ամուսնուս», թեև երբեմն ընդհարվում եմ նրա հետ: Մենք չպետք է մոռանանք՝ որտեղից ենք եկել: Բայց դա պետք է անենք նուրբ, էլեգանտ, առանց աղավաղումների: Ընդամենը 2 տարի առաջ, երբ ինձ հարցնում էին, թե որտեղից եմ, Հայաստանի մասին լսելիս զրուցակցի աչքերում բացարձակ չհասկացվածություն էի տեսնում, զայրանում էի ու սրտնեղում: Իսկ այժմ հանգիստ ժպտում եմ ու բացատրում, որ այն Ասիայի արևմուտքում տեղակայված շատ գողտրիկ երկիր է՝ հարուստ մշակույթով: Ինձ թվում է՝ ես հաշտեցրել եմ իմ ինքնությունը: Մենակ եմ ապրում, ու ինքս ինձ բացահայտելու մեծ տարածություն ունեմ:

Քո յուրաքանչյուր նկարը կեղեքված հոգուց թռած ճիչ է. դրանք ինտիմ-կենսագրական աշխատանքնե՞ր են:
Այո: Իմ առաջին նկարը ստեղծել եմ 4 տարեկանում, երբ հայրս լքեց ընտանիքը: Դա հայրիկիս դիմանկարն էր: Ես այդ նկարը կանաչ ջեռակի վրա եմ արել, որը մայրս անկողնուս մեջ էր դնում: Իմ գրեթե բոլոր աշխատանքները նվիրված են ընտանիքիս, նախ և առաջ, մայրիկիս, ով իմ շարժիչ ուժն է ու հոգևոր հենարանը:

Ի՞նչ խորհուրդ ու ուղերձ ունեն քո նկարները: Կբացահայտե՞ս մեզ որոշ գաղտնիքներ:
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի խաչը: Ես աստավծասեր ու հավատացյալ մարդ եմ: Նախ սիրում եմ, հետո՝ հավատում: Ինձ համար կարևոր է դա արտահայտելը: Խաչը բարու խորհուրդ ունի. տառապանքը խաչով չեմ արտահայտում: Փոքրիկ ծաղիկը բարությունն է, այն համակշռող տարր է: Տղամարդկային մազոտ ոտքերը մարմնացումն են իմ ազգի արական սկզբի: Հայերն ու կովկասցիները կենսաբանորեն այդպիսին են: Մենք մազոտ ենք, բնական: Մանուկ հասակում ես միշտ ուսումնասիրում էի պապիս, հորս, քեռուս ոտքերը:

Ո՞ր նկարիչներն են հոգեպես քեզ ավելի մոտ, ինչո՞ւ:
Դեռ Երևանում ինձ դուր էր գալիս՝ ինչպես են մտածում ու նկարում Վարուժան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանն ու Երվանդ Քոչարը: Իտալիայում ես բացահայտեցի գերմանացիներին. Լուկաս Կրանահ, Մաթիս Գրյունեվալդ, Հանս Հոլբեյն: Ինձ գերում է գերմանացիների հրեշավոր ուժն ու անկեղծությունը: Նրանցից ինչ-որ հստակ, կոշտ, շիտակ ու ուժեղ բան է հորդում. և՛ գեղանկարչության, և՛ երաժշտության, և՛ լեզվական կառույցում: Ես հարգում եմ այդ հստակության ու շիտակության զգացողությունը:

Քո աշխատանքները դյուրըմբռնելի չեն: Դրանք ահագնացող էներգետիկա և սև կլանող երանգ ունեն: Քեզ գրավո՞ւմ է սևի էներգետիկան:
Սևն արտացոլում է իմ աշխարհընկալումը: Ես չեմ վախենում դրանից ու կիրառում եմ այն: Դա ուժեղ, մաքուր զգացողություն է: Այն վատը չէ, պարզապես սև է: Սև գույնը մոր խորհուրդն է. բոլորն են ծնվում հողից ու այնտեղ էլ վերադառնում են: Սևի օգնությամբ ես կարողանում եմ հոգեպես ինքնապաշտպանվել:

Նման աշխարհընկալումը մո՞տ է քո լսարանին, թե՞ այն խանդավառում է՝ դիտողին իմաստային շերտերի փնտրտուքի մեջ ներքաշելով:
Նկարների նման ծանր էներգետիկան բոլորին չէ, որ անհարմարություն է պատճառում: Մի կոլեկցիոներ ինձնից մի աննկարագրելի չարագուշակ նատյուրմորտ գնեց: Ինձ հանգիստ չէր տալիս միտքը՝ որտե՞ղ նա կկախի այդ նկարը: Բայց նա առանց երկմտելու պատից հանեց Ֆաբիո Մաուրիի վրձնին պատկանող աշխատանքն ու դրա տեղը կախեց իմ կտավը: Իմ ու կոլեկցիոներների միջև միշտ էլ էներգետիկ փոխանակում է կատարվում: Դա ֆիզիկա է: Իմ կտավը գնած առաջին կոլեկցիոներին ես մի խիստ անձնական նամակ եմ ուղարկել՝ հայերեն գրված:

Ինձ միշտ գրավում է կոլեկցիոների անհատականությունը, ես հաճույքով եմ կարդում նրանց կենսագրությունը: Հաճախ նրանք գերադասում են անհայտ մնալ: Քո արվեստը քեզ թույլ է տալիս անհատապես շփվել կոլեկցիոներների հետ. ովքե՞ր են նրանք:
Շատ ինտելիգենտ, իմաստուն, խոր անհատներ են: Սովորաբար, հասուն տարիքի տղամարդիկ: Նրանք ընդունակ են հոգու ամենանուրբ թելերով սիրահարվել կտավին: Նրանց օտար չէ նաև առևտրային տարրը: Նրանք երիտասարդ, տաղանդավոր նկարչին առանձնացնելու հոտառություն ունեն: Կանխազգում են, թե հետագայում որ նկարչի աշխատանքը բոլորովին այլ արժեք կունենա:

Իսկ ինչպե՞ս են քեզ գտնում կոլեկցիոներները: Ինչպիսի՞ն է մշակութային արդյունաբերությունը ժամանակակից Եվրոպայում:
Կոլեկցիոներներն ինձ նկատում են արտ-տոնավաճառների ժամանակ, կամ էլ՝ պատկերասրահների միջոցով, որոնց հետ ես համագործակցում եմ 50-50 հարաբերակցությամբ: Վաճառված յուրաքանչյուր աշխատանքի համար ինքնությունը հաստատող վկայական է տրվում: Դրանում նշվում են հեղինակի բոլոր տվյալները, տեխնիկան, աշխատանքի անվանումն ու լուսանկարը: Վկայականը 3 հաստատված պատճեն պետք է ունենա՝ կոլեկցիոների, պատկերասրահի և հեղինակի համար:

Մշակույթի ժամանակակից աշխարհում կա՞ն արդյոք հետաքրքիր միտումներ. ո՞ր ստեղծագործություններն են առավել հաճախ գնվում:
Փորձս ցույց է տվել, որ այժմ կոլեկցիոներներին առավել քիչ են հրապուրում հսկայական, ամբողջ պատը ծածկող նկարները. նրանց առավել հոգեհարազատ է փոքր, շարժական ձևը: Փոքրածավալ գործերը կարող են ուղեկցել նրանց միշտ: Նման նկարները միշտ ձեռքի տակ են, դրվում են եռոտանու կողքին ու նրանց «ներկայությամբ» կարելի է, օրինակ, ընթերցել: Կոլեկցիոները չի ցանկանում բաժանվել իր ընտրած կտավից. նա ուզում է զգալ, ըմբոշխնել այն: Եվ բացի այդ, նկատել եմ, որ գնահատված են սեփական ձեռքերով ստեղծված թղթի վրա արված աշխատանքները: Իմ կտավների համար թուղթ ինքս եմ ստեղծում:

Ինչպե՞ս ես տնօրինում քո օրը, ինչպե՞ս ես ստեղծագործում:
Հայրս զինվորական է, ուստի մանկուց սովոր եմ զինվորական խիստ կարգապահության: Արթնանում եմ առավոտյան 6-ին, աղոթում բոլոր հարազատներիս համար, մի բաժակ տաք ջուր խմում՝ կես կիտրոնով, մերսում դեմքս ու առողջ նախաճաշ պատրաստում: Ես սովորել եմ լսել մարմնիս. դա մի աստվածային մեխանիզմ է: Առավոտյան 9-ին սկսում եմ աշխատել: Գրադարանում եմ լինում. կարդում եմ շատ ու գերկենտրոնացած: Կարդում եմ քաղաքականության մասին. այն մեծ ազդեցություն ունի մշակույթի վրա: Նկարում եմ երեկոյան. օրվա ընթացքում նկարելու համար հսկայական նյութ եմ կուտակում: Ներշնչանք գտնում եմ օդում, որսում այն, ինչպես աստղերը կորսամ: Երբ չեմ նկարում, գլխացավ եմ ունենում, ֆիզիկապես թուլանում. էմոցիոնալ ստամոքսս բորբոսով է պատվում: Կեսգիշերին՝ քնելուց առաջ, մի գավաթ ընտիր գինի եմ ըմպում. հոյակապ եզրափակիչ նոտա է: Մթության մեջ երբեք չեմ քնում, լույսը վառ եմ թողնում:

Տարօրինակ է՞լ ինչ սովորություններ ունես:
Ես հաճախ եմ առանց հարցնելու պոկում կամ գողանում կիտրոն: Դրա դեմ ես անզոր եմ:

Ռուսերենից թարգմանությունը՝
Անի Կլեկչյանի

549 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>