ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ / ԹՂԹԻ ՈՒ ԹԱՆԱՔԻ ԵՐԿԻՐԸ

Հասմիկ-Հակոբյան
Անկախության պոեզիայի համապատկերային դիտարկումը ցույց է տալիս, որ նրա զարգացման ընթացքը մինչև դարասկիզբ հիմնականում տարուբերվում է ժամանակի անժամանակության կամ կիսատության, չկայացող իրականության ու տեքստի սահմաններում: Կարելի է ասել, որ սա շրջափուլային մի այնպիսի ընթացք է, որտեղ բառն ու գիրը կայացման տարածություն են փնտրում: Արդեն դարասկզբից հետո ժամանակի ու պատմության բեկբեկուն, չբովանդակավորված ընթացքից հոգնած բանաստեղծը ստանձնում է բառի ու խոսքի միջոցով երկրի տեսլականը ձևավորելու գործընթացը:
Անկախության և պետականության կայացման ընթացքը՝ որպես սեփական կենսագրության զուգահեռ վերապրում, անչափ հետաքրքիր դրսևորումներ է ստանում հատկապես Հուսիկ Արայի բանաստեղծական ժողովածուներում («Մարդու որդիները», «Սևագրություն», «Աստծո հետ խոսելու ժամանակը», «Ազատության հրապարակ»): Անկախության պոեզիայի տարեգրության մեջ Հուսիկ Արայի բանաստեղծությունը առանձնահատուկ կարևոր ու առանցքային դերակատարություն ունի: Կարելի է ասել, որ Հուսիկ Արայի պոեզիան և անկախության բանաստեղծությունը տարեկիցներ են, հետևաբար, պետականության կայացման ընթացքի բոլոր վայրիվերումներն ու հաղթանակները ամենից շատ հենց նրա ստեղծագործական ընթացքի վրա են ազդել: Հուսիկ Արայի բանաստեղծությունը հեղափոխության ու պատերազմի արանքում մոլորված, կցկտուր դրվագներով հավաքված սերնդի կենսագրության ընթացքն է մարմնավորում: Ընթացք, որ սկիզբ է առնում ինքնորոշման ու պետականության համար սկսված պայքարով, անցնում ժամանակի կիսատության, չկայացող իրականության միջով, բայց, ի վերջո, իր մեջ ուժ հավաքում և սեփական կենսագրությամբ, սեփական ճակատագրով «Նոր Հայաստան» կերտելու պատասխանատվությունը ստանձնում:
Սրտաչափ թուղթ էր
ու մի մատ թանաք,
որ այս աշխարհում վստահվեց ինձ.
ես ուզեցի արև գրել,
ավետել լույսի մասին
ու սերը պատմել,
բայց ո՞ւմ կամքով, չիմացա,
քո ընտրությունն էր թուղթն ու թանաքը,
Նոր Հայաստան1:
Իրեն վստահված թղթով ու թանաքով երկիր կերտող բանաստեղծն իրականում մի ամբողջ սերնդի տարեգրության վկայագրողն է: Պայքարող, չընկճվող ու չհուսալքվող մի մարդ, ով անցնելով անթիվ տառապանքների, պատերազմի ու կորուստների, անկայուն սոցիալական ու բարոյալքվող իրականության միջով, երբեք չի չարանում, չի լքում երկիրը՝ միշտ մնալով նրա ցավի ու ուրախության անբաժան ուղեկիցը:
Հայրենասիրության այս նոր որակը, որը ծնողի և զավակի, սաղմնային, ներքին զգայական աստիճանում կայացող երևույթ է, գալիս է Հովհ. Գրիգորյանի պոեզիայից: Սակայն, նախնական նմանությամբ հանդերձ, Հուսիկ Արայի հայրենասիրական խոսքում արտահայտվում է ազատության հրապարակի պայքարի նախասկիզբում կանգնած, պետականություն կառուցել ցանկացող մարդու ցանկությունը: Սա ծնողին ոչ միայն պաշտպանող, այլև աջակցող, թիկունք կանգնող որդու պահվածք է, հավասարը հավասարին հղված խոսք:
Առհասարակ, Հուսիկ Արայի պոեզիային բնորոշ է խոսքային բնույթը: Իրականությունը, որ ստեղծում է բանաստեղծն իր ստեղծագործություններում, գրվածք չէ, այլ խոսքի ու զրույցի, պատմվող պատմությունների միջոցով ստեղծվող մի տարածություն, որը դեռ կայացման շարունակական ընթացքի մեջ է: Դիմումնային, ոմն մեկին հղված խոսքն առաջին անգամ երևակվում է «Մարդու որդիները» ժողովածուում. բանաստեղծություններն այստեղ վերնագրված են որպես սաղմոսներ: Ժանրի գաղափարական ու ոճական որոշակիացումը կատարվում է միանգամից: «Աստծո հետ խոսելու ժամանակը» (2013) ժողովածուում սաղմոսային դիմելաձևը վերաձևակերպվում է որպես՝ «Խոսք գրված….» և թվային, տարեգրող մատնանաշում («Խոսք՝ գրված 2005-ի մայիսի 8-ին», «Խոսք գրված 2008-ի հուլիսի վերջին երկուշաբթի օրը» և այլն): Կարելի է ասել, որ այստեղ երևակվում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի նմանությամբ նորօրյա մարդու հոգևոր ընթացքը տարեգրող մատյան ստեղծելու ցանկությունը: Եվ բնականաբար՝ ոճավորման հնարանքերի, տողի կառուցման արձակունակ, ամբողջական միտք ներկայացնող այս ձևը նույնպես Մատյանից վերցված իրողություն է: Բայց, մյուս կողմից՝ Հուսիկ Արան ժամանակի հոգսերով ապրող բանաստեղծ է, և իր պոեզիան էլ իր ժամանակի առաջացրած հոգևոր անկումների, կասկածների արտահայտողն է: Այդ են վկայում և՛ բանաստեղծությունների նախահիմքում ընկած փաստական կարևոր ու անկարևոր իրողությունները, և՛ բանաստեղծությունների վերնագրային թվագրումը:
Գարնանամուտը ամենաանսպասելին էր տարվա մյուս եղանակների մեջ.
և անտարածություն մի տեղ գտավ դարի
երկարանիվ պտույտում.
մարտի 1 և 2-ը նահանջ օրեր են օրացույցում
ու տեղ չեն գտնելու նոր տոմարի մեջ
Մեղքի ժամանակ էր, և կեղտի մեջ
թաթախված ձեռքեր տեսանք
անաղարտ հոգիների չապականված
իմ քաղաքում:
(Խոսք՝ գրված 2008 օգոստոսի 27-ին՝ մորս մահվան ութերորդ օրը) 2:
Անկախության պոեզիայի սիրային բանաստեղծության մասին խոսելիս պետք է նշել, որ, ըստ էության, նոր ժամանակները սիրո մասին խոսելու անպատեհության, մեղավորության ներքին զգացողություն են առաջ բերում: Չձևավորվող, չկայացող իրականության մեջ սերը միայն երբեմն պատահական առկայծումներով հայտնվող զգայական խաբկանք ու մեղավորություն է թվում: Հուսիկ Արայի բանաստեղծությունը անկախության պոեզիայի այն եզակի դրսևորումներից է, որտեղ բանաստեղծը փորձում է իրականություն ստեղծել՝ իր ապրած կենսագրության, իր տեսիլքի, երազի, ինչպես նաև՝ սիրո բովանդակավոր վերապրման միջոցով:
““““““““““-
1. Հուսիկ Արա, Ազատության հրապարակ, Երևան, 2013, էջ 3:
2. Հուսիկ Արա, Աստծո հետ խոսելու ժամանակը, Երևան, 2013, էջ 63:

1356 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>