Հատված անանուն վեպից / Ջեսահ

Ջեսահ
Լոնդոնը քեզ շատ էր փոխել, ինչը, իհարկե, քեզ չէր գոհացնում, բայց դու առավելապես սրտնեղում էիր այն բանից, որ ձեր հարաբերության մեջ փոփոխություն բերողի դերը կարող էր ստանձնել միայն մեկը: Նույնն անելու համար դու չափազանց աննշան մեկն էիր, ով հին քաղաքին զարմացնելու ոչ մի հեռանկար չուներ: Քեզ ամենից շատ ներուժիդ բացակայությունն էր մտահոգում, այլ ոչ միակողմանի կապը: Դու կարող էիր օրեր շարունակ Գրեյթ Դովեր Սթրիթում գտնվող քո հանրակացարանի սենյակից դուրս չգալ, բայց բավական էր ուժեղ անձրև տեղար՝ դու հինգերորդ հարկի պատուհանիդ մոտ կանգնած տեղդ չէիր գտնի, քանի որ հնարավոր զբոսանքիդ վրա սահմանափակում էր դրվել: Քեզ ազատ լինելու հանգամանքն է պետք, այլ ոչ ազատության գունեղ հեռանկարները: Գրադարանում կնստեիր մի գեղադեմ աղջկա հարևանությամբ, բայց ոչ երբեք նրա հետ խոսելու կամ սիրախաղ անելու համար. քեզ միայն պետք էր իմանալ, որ դու երբ ուզեիր՝ կարող էիր նրա հետ խոսել կամ սիրախաղ սկսել:
Լոնդոնում դու նշույլն անգամ թողնելու ոչ մի հեռանկար չունեիր, դու ոչ ոք էիր: Վոթերլուի կամրջից ցած նայելիս անգամ դալուկ դեմքիդ արտացոլանքը չէիր կարող դրոշմել Թեմզայի ափին, որը քեզ մեկ անգամ ևս կհիշեցներ տրտմության տեսքը: Ոչ էլ բան չասող պատկերիդ առկայծումը կարող էիր տեսնել դիմացից եկող անցորդների հայացքներում, քանի որ քեզ նայող չկար, դու ոչ մեկի պետքը չէիր: Փոխարենը, անծանոթ հայացքներում արձանագրումն էիր գտնում այն փաստի, որ աշխարհը ամենևին էլ քո շուրջը չի պտտվում: Դրանում դու արդեն շատ վաղուց համոզվել էիր, սակայն, ինչ խոսք, հաճելի չէր ամեն առիթով կրկին այդ մտքի հետ հաշվի նստելը: Այս դիտարկման անեզր շարքի մեջ կար մի զավեշտալի դրվագ, որը հիշելիս՝ քեզ ու քեզ ծիծաղում էիր, դրանով իսկ ընդմիջելով երեսիդ տևական արտահայտությունը: Դաբըլդեքքերի վերնահարկում՝ մտքերով ընկած, բաց էիր թողել Բրիքլեյերս Արմի կայարանը՝ հիշելով դրա մասին միայն երեք կանգառ անց: «Այդ ինչպե՞ս, այդ ո՞նց ավտոբուսի վարորդը ինձ չհիշեցրեց, այդ ինչպե՞ս հատուկ ինձ համար չմիացրեց խոսափողն ու անունս կանչելով, չտեղեկացրեց, որ պետք է իջնեմ: Լավ, բա կողքիս մարդիկ ինչո՞ւ թևիս չխփեցին, երբ տեսան, որ տրանսպորտից դուրս չեմ գալիս: Ավտոբուսում էլ ոչ մի լույս չվառվեց, երբ մտքերով ընկած շարունակում էի երթևեկել»: Այո՜, աշխարհը քո շուրջը չէր պտտվում, իսկ վերջինիս լուսանցքում չհայտնվելու համար դու պետք է հարմարվեիր լոնդոնյան ռիթմին, ինչն, իհարկե, չէիր անում:
Երբ առաջին անգամ, քեզ հատուկ, անշտապ քայլերով համալսարան պիտի գնայիր՝ հիշեցիր նախկին լրբերիցդ մեկին: Հիշողությանդ արթնացումը կանխորոշվել էր խոհանոցում, երբ պատրաստածդ ձվածեղը ուտելիս՝ կարճ երկխոսություն ունեցար հարևանիդ՝ Մունայի, հետ: Սպասվող ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ կարծիքդ էր ուզում իմանալ հայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին, և դու ի պատասխան ասացիր, թե նա բաստարդ է, թեպետ ուզում էիր ասել «անհայտ ծագման բախտիյար», բայց քանի որ չկարողացար միտքդ արագ անգլերեն թարգմանել՝ ստիպված այլ կերպ արտահայտվեցիր, ինչը բավական կոպիտ հնչեց: Քեզնից դժգոհ մնալով, առիթ էիր ման գալիս, որ շուտ դուրս գաս և ասացիր, որ համալսարանիդ ծանոթության օրվանն ես շտապում՝ նախապես իմանալով, որ Մունայինը օր առաջ էր տեղի ունեցել: Հերիք է ուզածիդ նման արտահայտվել չկարողանաս՝ իսկույն քեզ օտար ես զգում:
Լոնդոնի տնտեսագիտության ու քաղաքական գիտությունների դպրոց տանող ճանապարհին՝ Օլդ Ուիք թատրոնի մոտ հիշեցիր անճոռնի լրբիդ, ով մշտապես քեզ ասում էր, թե միայն հետդ է իրեն զգում այնպիսին, ինչպիսին որ կա: Պոռնիկ էր, էլի, իրա համար, էսօր կար, վաղը չկար, ինչո՞ւ փոխեիր նրան, օրը կգար՝ ռադ կանեիր, ինչն էլ որ արեցիր… Դու նրան հիշեցիր, որովհետև դու էլ քեզ պոռնիկ զգացիր, այլ քաղաքի պոռնիկը, ում համար դու ոչինչ էիր, ոչ ոք: Կօգտագործեր որոշ ժամանակով ու էլի ռադ կաներ, բայց դժվար թե հետո հիշեր, ինչպես դու հիշեցիր քոնին Օլդ Ուիքի մոտ: Լրբիդ չափ էլ չկայիր, նա գոնե իրեն լավ էր զգում քեզ հետ, զգում էր այնպես, ինչպես որ է, իսկ դու ուզածդ միտքն էլ չկարողացար արտահայտել, չընտրեցիր այն բառերը, որոնք միտք դառնալով՝ առավելապես կարտահայտեին քեզ, քո տեսակը, որից դու օր օրի հեռանում էիր: Լրբիդ հանած տնքոցների մեջ ավելի շատ մարդն ու մարդկայինը կար, քան դուրս եկավ քեզնից:
Ուոթերլու Ռոուդի վրա սաստիկ կարոտ զգացիր, քեզ էիր ծարավի: Ուզեցիր տուն զանգել, մեկի հետ խոսել, որ թեկուզ մի պահ հնին վերադառնաս ու կարոտդ առնես քեզնից, բայց երբ ձախ գրպանդ շոշափելով՝ բջջայինդ չգտար՝ քեզ բարկության մի նոր ալիք պատեց: Հանրակացարան տեղափոխվելով՝ դու հեռախոսդ սկսել էիր աջ գրպանում դնել, որ եթե հանկարծ սենյակիդ լվացարանում նեղ գրպանիցդ ընկնի՝ զուգարանում հայտնվելու փոխարեն՝ գոնե հատակին բախվի: Առանց հեռախոս՝ Լոնդոնում կորած մարդ ես: Դրա համար ավելի լավ է սովորությունդ փոխես ու ձախից աջ տանես, թե չէ որ հեռախոսիցդ զրկվես՝ նո՞րն ես գնելու, հազիվ ունեցածդ փողը ուսմանդ բավարարի: Այո՜, լոնդոնյան կյանքը անգամ քո սովորությունների դաշտ էր մտել:
Քաղաքը խլելուց զատ նաև տալիս էր. լավ խոհարար էիր դարձել: Թավան դրել էիր գազի վրա, համբերատար կերպով հավկիթներն էիր պարզաջրում, որ ջարդելուց հետո ծեփես՝ ավելացնես եռացող ձեթին, ու հանկարծ խոհանոց մարդ մտավ, ով քեզ հեռու պահեց ձվածեղը բիբարով սարքելու մտքից: Հավանաբար կրկին Մունան էր պատճառը, որ շտապեցիր և դեռ լիովին չեփված ուտեստը վերցրիր գազի վրայից. հարևանիդ հետ երկար շփվելու տրամադրություն չունեիր: Մի փոքր ֆուտբոլից խոսելուց հետո կուլ տվեցիր վերջին պատառը կիսաեփ ձվի ու իրերդ արագ հավաքելով՝ շարժվեցիր դեպի համալսարան, որի ճանապարհին էլ սրտխփոցը քեզ հիշեցրեց կեղտոտ ափսենեների, Մունայի, լրբիդ ու, իհարկե, քո մասին:
Թավան ու ափսեն կեղտոտ՝ թողել էիր պահեստային լվացարանում. դե շտապում էիր, չէ՞: Մտածեցիր, որ շուտ կվերադառնաս՝ նախքան Թոմի գալը, ու թափթփածդ կմաքրես: Թոմը հիմնականում ուշ էր վերադառնում: Դասերից հետո աղջիկների հետ էր թրև գալիս ու ընդհանրապես ազատ ժամանակ չէր ունենում: Երևի նախորդ օրն էլ ինքն է շտապելիս եղել ու քեզ պես չի հասցրել հետևից հավաքել: Դու էլ կեղտոտ սպասքի պարագաները նկարեցիր ու ձեր հարկի Whatts app-ի խմբում գցելուց հետո անմիջապես ստացար Թոմի խոստովանությունն ու ներողությունը: Սիրուն չէր լինի, եթե այդքանից հետո նույնն էլ դու անեիր: Գոնե նա չտեսներ: Չնայած, այն օրվա միջադեպից հետո, խոհանոց մարդ չէր գալիս:
Քիչ թե շատ Մունայի հետ էիր լավ հարաբերությունների մեջ, հետո արդեն խեղճին սկսեցիր բաստարդի հետ ասոցացնել: Ու էլի՝ մի աննշան բանի համար իրեն էլ կարող էիր դասել անցանկալիների շարքին, որտեղ Թոմն ու Հանան՝ քո հարկի միակ աղջիկը, տեղ գտան միասնաբար: Մեկ օր էլ չձգեցին:
Առաջինը Թոմի հետ էիր ծանոթացել, երբ ճամպրուկներովդ հանդերձ ոտք դրեցիր հանրակացարանի տան միջանցքում, որը կիսում էին հարկի չորս կենվորները: Բոլոր նախադրյալները կային, որ Թոմին առաջին հայացքից չսիրեիր. բարձրահասակ, ամրակազմ, թավ ու շեկ մազերով մեկն էր, ում համար աղջիկները պիտի որ գժվեին: Բայց ատելությունդ նրա վրա չտարածվեց, որովհետև իսկապես շատ լավ տղա էր: Մի երկու միտք փոխանակեցիք, իմացաք ով որ երկրից է, որ բաժնում է սովորելու, իրար ցտեսություն ասացիք, և դու մտար քո սենյակ՝ տեղավորվելու: Մի որոշ ժամանակ անց, դուռդ թակեց Մունան: Եկել էր ծանոթանալու և, պետք եղած դեպքում, իր օգնությունն առաջարկելու: Հանայի հետ էլ ծանոթացար ավելի ուշ, երբ հանդիպեցիր խոհանոցում: Արագ մի երկու բառ փոխանակեցիք ու ցրվեցիք: Նա էլ քեզ պես նույն օրն էր եկել ու նոր միջավայրին չէր հարմարվել: Դրա համար էլ քեզ պես ուրբաթախոս է՝ մտածեցիր դու: Քեզ թվաց նաև, որ նման եք իրար, և պետք է որ հանգիստ համակեցություն ունենաք:
Կեսգիշերն անց միջանցքում լսվեցին Հանայի ոտնաձայները, ինչը կտրուկ դադար առավ, երբ մեջ ընկավ հարևաններից մեկի դռան ճռռոցը: Երևի՝ քեզ ավելի հաճելի էր անսալ դռան հանգույցի ձայնը, քան այդ երկուսի մտերմիկ խոսակցությունը, որը ձեր շփման համեմատ բավական երկար տևեց: Ծիծաղ, խինդ և ուրախություն: Քեզ համար անտանելի մի համադրություն: Շուտով, Թոմն ու Հանան իրենց խոսակցությունը շարունակեցին խոհանոցում, որտեղից պարբերաբար խլացնող ճվոց էր լսվում, ինչը անդուր ծիծաղի արդյունք էր: Բավական ջերմ ու կենսուրախ աղջնակ դուրս եկավ Հանան, ում մտքումդ արդեն «անդուր պոռնիկ»-ի պիտակն էիր հարմարեցրել: Նրա ձայնն էլ խիստ հաճելի էր, որի արձագանքը, չգիտես ինչու, չթողեց, որ հանգիստ քուն մտնես:
Հավանաբար քունդ էր փախել, երբ անկողնուցդ բարձրացար, հագնվեցիր, որ գնաս խոհանոց ջուր խմելու: Սենյակիդ դուռը կամաց բացեցիր, անաղմուկ մոտեցար խոհանոցի մուտքին, որի թափանցիկ ապակուց հայացք գցեցիր նրանց ուղղությամբ, հատկապես Հանայի կողմ նայեցիր և ձեռքի կտրուկ շարժումով բռնակը վար հրեցիր: Նախքան մտնելդ նրանց հայացքներն արդեն քո կողմ էին թեքված, դեմքերն էլ փոքր-ինչ վախեցած էին, ասես զանցանքի պահին էին բռնվել, համենայն դեպս, երեսիդ արտահայտությունը իրավիճակին հենց այդպես հարմարվելու առիթը տվեց: Ջերմորեն ողջունեցիր Թոմին ու դիմացինին, արժեզրկող հայացքով բարևեցիր նաև Հանային: Կողմնակալությունդ հստակ նկատելի էր, եթե այդ էր ուզածդ: Գլխի շարժումով երկու միանման արձագանք ստանալուց հետո, նույն ջերմեռանդությամբ շարունակեցին կիսատ թողած խոսակցությունը, ասես դու այնտեղ չէիր:
Լեղաճաք գոռոցիցդ առաջ գոնե մի ումպ անեիր այն ջրից, ինչի համար խոհանոց էիր եկել: Ափսոս էլ էր, ամբողջը թափվեց հատակին, իսկ բաժակը փշուր-փշուր եղավ խոհանոցով մեկ: Նախքան լեղապատառ ձայնդ կոկորդիցդ դուրս կգար, դու հանգիստ տեղ էիր գտել այն պահարանի դիմաց, որը քոնը չէր և հաստատապես գիտեիր, որ նաև Մունայինը չէ, քանի որ երկու պահարան այն կողմ փակցված էր քո բաստարդ ընկերոջ երկրի դրոշը պատկերող մի պաստառ: «Առնե՜տ, առնե՜տ»,- բարձր գոչեցիր դու, և միանգամից լսվեց Հանայի ճիչը, որին նոր միայն հաջորդեց բաժակի շրխկոցը: Մինչ դու կնկարագրեիր, թե ինչպես չափերով ծովափիղ հիշեցնող առնետը պահարանի անցքից ներս մտավ՝ Թոմը սեղանին դրված ամսագիրը ծալելով՝ մի յուրատեսակ մահակ ստացավ և կուզեկուզ մոտեցավ քեզ: Խեղճ Հանան էլ ծալապատիկ տեղ էր արել աթոռին: Առնետին սատկացնելու մարտավարությունը հետդ քննարկելուց հետո՝ Թոմը շունչը քաշելով բացեց պահարանի դուռը և այնտեղ գտավ միայն իր տեղավորած պահածոյացված սնունդը, մակարոնի կիսաբաց տուփը, մրգերը և ֆուագրան, ինչը, ըստ պայմանավորվածության, պետք է Հանայի հետ համտեսեր մյուս օրը երեկոյան: Գրողի տարած առնետին չհայտնաբերելուց հետո միակ վարկածն այն էր, որ ներսի անցքերից մեկով ճողոպրել է, իսկ մեզ միացած Մունան այդ պնդումը լսելով՝ գլուխը բռնեց, որովհետև պահարանի ետևի պատը նույն իր սենյակինն էր:
Մունան որոշեց ամբողջ գիշեր չքնել և լուսաբացին առնետի գոյության մասին տեղեկացնել պահակակետի աշխատակիցներին: Թոմը դեն նետեց մրգերը, մակարոնի տուփը, անգամ փակ պահածոները, իսկ ֆուագրայի ապակյա տարան լվաց ու ցածրաձայն խնդրեց Մունային, որ ժամանակավորապես տեղադրի իր պահարանում: Հանան էլ աչքերը լցրած՝ մի երկու հիմար բան դուրս տվեց, անգամ իր ափսոսանքը հայտնեց, որ եկել էր Լոնդոն ուսանելու, քանի որ մայրաքաղաքը մշտապես հայտնի է եղել իր առնետներով, ինչից նա ամենից շատ է վախենում: Թոմի ուղեկցությամբ աթոռից ցած իջավ, ինձնից ներողություն խնդրեց, որ չի կարող կոտրված բաժակի մնացուկները հավաքել և ֆուագրայի տիրոջ հետ դուրս եկավ միջանցք: Մնացիր մենակ Մունայի վախեցած աչքերի հետ, որոնք, կարծես, կացարանի տրամադրման խնդրանքով օգնություն էին հայցում քեզնից: Դու էլ նրա ակնարկը անպատասխան թողնելով, քաջալերեցիր, որ հանգիստ քնի, ու փշրանքները գետնից հավաքելով, հայացքդ թեքեցիր նրանից:
Խեղճ տղան մի քանի օր շարունակ միայն առնետի մասին էր մտածում և բոլորի հետ միայն այդ թեմայից խոսում: Սակայն, մի քանի օր անց, երբ խոհանոցում քեզ ձվածեղ պատրաստելիս տեսավ քաղաքավարությունից ելնելով՝ սկսեց ֆուտբոլի մասին խոսել: Նրբանկատ տղա էր մեր Մունան: Բա չէ, Թոմը, ով հաստատապես համոզված լինելով, որ խոհանոցի լվացարանում կեղտոտ մնացած սպասքը քոնն է, քանի որ միայն դու էիր շարունակում խոհանոցում սնվել, Whatts app-ի խմբում ամաններիդ նկարը տեղադրելով՝ գրեց, որ, եթե այդպես շարունակվի, ապա հնարավոր է՝ մկները շատանան: Հիմար սրիկան երևի նախկին գրածիցդ սրտնեղել էր ու անհամբեր սպասում էր պատասխան հարվածը տալուն: Հաստատ էն անդուր լիրբն էր նկարել, ուղարկել նրան, որովհետև Թոմը էդ ժամերին շենքում չի լինում: Երկուսով թիմ են կազմել, էլի: Չնայած առնետի վախից էդ ե՞րբ ա խոհանոց մտել, որ մի հատ էլ նկարեր, ուղարկեր: Մունան էլ եթե ասելու լիներ՝ քեզ կասեր, ոչ թե… չնայած՝ ո՞ւմ վրա կարող ես վստահ լինել: Բոլորի հերն էլ անիծած: Քաղաքը հերիք չէր, մի հատ էլ սրանք:
Սպասքդ անլվա թողած՝ պայուսակը գցեցիր ուսերիդ ու հանրակացարանի երրորդ մասնաշենքի հինգ հարկերը ոտքով հաղթահարելուց հետո հայտնվեցիր Սիդնի Ուեբի բակում: Այնտեղ ձևի համար մի քանի ծառ էր տնկած, որոնց հիմնական գործառույթը հեծանիվների համար ամրակցում լինելն էր: Այդ փոխադրամիջոցից ձեռք բերելու միտք չունեիր. հիմնականում ոտքով էիր տեղաշարժվում, մեկ-մեկ էլ՝ սաստիկ անձրևի կամ փոթորկի դեպքում, դաբըլդեքքեր էիր նստում, իսկ հեծանիվը ո՛չ անձրևի դեպքում էր հարմար, ո՛չ անվտանգ էր, ո՛չ էլ վարելիս կարող էիր սուզվել մտքերիդ մեջ այնպես, ինչպես զբոսնելու ժամանակ: Պայուսակիդ մեջ միշտ իր տեղն ուներ հսկայական անձրևանոցդ, որը հարկ եղած դեպքում մահակ էր դառնում՝ ուշ ժամերին Լոնդոնում միայնակ քայլելիս: Հետդ ման էիր տալիս լիցքավորման սարքը, քանի որ հեռախոսդ շատ էիր օգտագործում ճանապարհին, հիմնականում՝ կողմնորոշվելու համար, իսկ թե անջատվեր՝ քաղաքից ճնշվածությունդ առավել կարտահայտվեր: Պետք գար-չգար՝ ծանր համակարգիչդ էլ էիր խցկում պայուսակիդ մեջ. ամենաթանկարժեք իրդ վախենում էիր թողնել սենյակում, քանի որ հանրակացարանում խիստ տարածված էին սենյակային գողությունները: Մեկ էլ շշով ջուր էիր հետդ վերցնում, որից բան չէր մնում, երբ արդեն համալսարան էիր հասնում:
Ուսանողական կյանքի պարտադրանքով ծանրացնում էիր ուսերդ ու սկսում քառասունհինգ րոպեանոց ուղևորությունդ: Սիդնի Ուեբի կապույտ դարպասներից դուրս գալով մտնում էիր Գրեյթ Դովեր Սթրիթ՝ կենտրոնական փողոցների համեմատ անշուք մի վայր: Այնտեղ հիմնականում աշխատավոր դասի տներ էին, ուսանողական հանրակացարաններ, փոքր սուպերմարկետներ ու մի քանի փաբեր, որոնք գրեթե միշտ դատարկ էին: Կիսամեռ փաբերից մեկի աջ թևով սկսվում էր Թրինիթի Սթրիթը, որի մայթերին էին սկիզբ է առնում կույրաղիքիդ շրջանի ծակոցները՝ հավանաբար ուղեբեռիդ ծանրությունով պայմանավորված: Քայլերդ ցավից դանդաղեցրած, առաջանում էիր այնքան, մինչև խաչմերուկից կերևար Շարդի երկնաքերը ու անմիջապես ձախ տանող փողոցով շարունակում էիր ընթացքդ: Գրեյթ Սաֆըք Սրթիրից քաղաքը մի փոքր կենդանություն էր ստանում: Փողոցի ամբողջ երկայնքով խանութներ ու սրճարաններ էին տարածվում, բայց ամենից շատ քեզ տպավորել էր թուրքական վարսավիրանոցը, որտեղ մի անգամ քսանհինգ ֆունտով մազերդ էիր խուզել: Այնուհետև միշտ աչքդ էր ծակում Ուեբեր Սթրիթի գաճաճ շենքից կախ ընկած «Վոդաֆոն»-ի կարմիր պաստառը, որի մասնաճյուղերից մեկում երկու անգամ թանկ գնով հեռախոսի քարտ առար: Տրամադրությանդ անկմանը միշտ շատ համահունչ էին փողոցի կարճ ու անգույն շենքերը, որոնց պատուհաններից երբեք ոչ ոք դուրս չէր նայում: Ուեբբերը երկար էր, սառը ու միօրինակ: Այնքան էիր առաջանում, մինչև կհասնեիր Օլդ Ուիքի շենքին: Թատրոնի ետնամուտքի մոտ երեկոյան ժամերին հանդիսատեսը դերասաններին էր հանդիպում, որտեղ նկարվում էին նրանց հետ, ներկայացումներից խոսում, որոշ դեպքերում էլ փիլիսոփայական քննարկումներ ունենում, որոնց մասնակցում էիր, բայց միայն մտովի, երբ ականջի ծայրով լսածդ թեման զարգացնում էիր ներքին երկխոսություններով:
Արդեն Ուոթերլու Ռոուդի վրա էիր ու քիչ անց կստանայիր Թոմի նամակը: Պատասխանդ, իրոք, շատ լավն էր: Ասացիր, որ թակարդների տեղադրումից հետո հատուկ ես այդպես վարվել, որ առնետը բռնվի: Մեկ անգամ ևս նրանց ջանը ցեց գցեցիր: Լավ, ինչ որ է:
Կենտրոնական փողոցներում ճնշվածությունն այլ էր: Հինավուրց շենքերը, խոսքի ուղիղ ու փոխաբերական իմաստով ավելի բարձրից էին նայում վրադ: Կարմրավուն հիվանդանոցը կարծես ասեր, որ եթե հիվանդ մեռնես էլ՝ քեզ չի ընդունի: Հիրավի, շինությունն ասես մուտքի դուռ էլ չուներ, կամ էլ քեզնից էր թաքցնում: Տեղի շենքերի հատկությունն է՝ երբ մոտենում ես՝ մեջքով են շրջվում, բայց երբ դու շրջվես՝ շնչները թիկունքիդ կխփեն:
Լավ է գոնե կամուրջները կան. բաց երկնքի տակ քաղաքի ծանրությունը թոթափել է լինում: Բացի այդ, իշխանության զգացողություն ես ունենում կամուրջներին կանգնած: Ամբողջ քաղաքը ձեռքիդ տակ է. ձախից՝ Լոնդոն Այն ու Ուեսթմինիստերի պալատն է, աջից՝ Սենթ Փոլն ու երկնաքերերը, իսկ ամենահետաքրքիր մասը ներքևում է: Թեմզայի կեղտոտ ջրերը տեսնելուն պես՝ քաղաքի անպարտելիության միֆը վերանում է: Դու էլ, քո սառնությունն էլ, ցեխաջրերն էլ: Լոնդոնում ամենահաճելին քեզ համար ցած նայելն է: Հայացքդ վեր հառել այլևս չէիր ուզում: Այդտեղ էլ շենքերի փոխարեն ամպերն են, որոնք արդեն ուղիղ սպառնալիքով են հետդ խոսում: Ցած նայի՜ր, ցած, կամրջի վրա թևածող ճայերի նման ցած նայիր. շուտով միայն ոտքերդ ես տեսնելու:
Այնուհետև քեզ դիմավորեց Սոմերսեթ Հաուսը, որը սկիզբ է դնում քաղաքի միօրինակ գեղեցկությանը: Շենքերն իրարից բաժանվում են հավասարության նշանով, որտեղ ոչ մի շենք առավելություն չունի մյուսի նկատմամբ, և որևէ շինության ապշեցուցիչ գեղեցկությունը չի խամրում մյուսի հաշվին: Համակեցության մեջ տուժում ես միայն դու՝ զգալով սեփական անզորությունը, տեսակիդ փոքրությունն ու չկրկնվող աննշանությունդ: Շենքերը համախմբվելով ավելի են ճնշում: Մեկը սառնությամբ, մյուսը վեհությամբ և այդպես շարունակ՝ մինչև կհանձնվեիր քաղաքին: Լանկաստեր, Ալդուիք, Քինգսուեյ և դու արդեն համալսարանական ճամբարում էիր: Մի կես ժամ կար՝ նախքան Փիքոք թատրոնում կմեկնարկեր ծանոթության միջոցառումը: Դու շուտ մտար, տեղավորվեցիր ու սկսեցիր հեռախոսդ քչփորել: Ժամին նայեցիր: Միջոցառումը, որ սկսելու էր ժամը 16:00-ին, տևելու էր մոտ ժամ ու կես: Ծրագրի ավարտին պես պետք է հանդիպեիր լոնդոնյան միակ ընկերոջդ՝ Մաքսին, ով խնջույք էր կազմակերպելու ուստարվա մեկնարկի առթիվ: Ուշ երեկոյան էլ կզանգեիր ձերոնց: Մի քանի անպատասխան զանգ էին թողել: Ժամային տարբերությունը երեք միավոր էր: Եթե 22:00-ին զանգեիր՝ իրենց մոտ արդեն բավական ուշ կլիներ ու ստիպված չէիր լինի երկար խոսել:
Դահլիճն աստիճանաբար լցվում էր: Շուրջբոլորը երիտասարդ ուսանողներ էին, միայն դիմացն էր, որ մի քանի տարեց ունկնդիր էր նստած: Երևի դասախոսներ էին: Սովորաբար, նման իրավիճակներում, երբ դահլիճում բան չէր լինում անելու՝ նայում էիր վերև և մտովի պատկերացնում, թե ինչ կլինի, եթե հսկա ջահը վայր ընկնի. ո՞վ կճզմվի, ո՞ւմ կհաջողվի փրկվել և նման սցենարներ: Բայց քանի որ սրահն այլ կերպ էր լուսավորվում ու ջահ չկար՝ դու այլ բան սկսեցիր մտածել՝ «Տեսնես այսքանից ո՞վ ավելի շուտ կմեռնի: Մոտ երեք հարյուր ուսանողների՞ց մեկը, թե՞ առջևում նստած հինգ-վեց հոգուց որևիցե մեկը: Բիձեքին բնական մահն էր սպառնում, որը շատ չէր ուշանա, իսկ ջահելները կամ ինչ-որ պատահարից պիտի մեռնեին՝ հեծանվից, մոտոցիկլից վայր ընկնեին, ավտովթարի զոհ դառնային, կամ էլ մի անբուժելի հիվանդություն դուռը թակեր: Երևի ջահելներից մեկը կհաղթի մրցավազքում, համ էլ վերջին հաշվով կարող են ինքնասպան էլ լինել»: Ի դեպ, անցյալ տարի, Սիդնի Ուեբի ուսանողներից մեկը գցել էր իրեն պատուհանից, ու դրանից հետո ձեր շենքի լուսամուտներն այլևս ամբողջությամբ դուրս չէին բացվում: Օդ կարող էր գալ միայն մի փոքր բացվածքից: Եվ ընդհանրապես, Լոնդոնում պատուհանները դուրս չեն բացվում. մարդիկ կարող են ընկնել:
Միջոցառումը ավարտվեց, իսկ քո միտքն ուրիշ տեղ էր: Խոսում էին դասերի, ակադեմիական բարեվարքության, ժամանակը ճիշտ օգտագործելու, սոված չմնալու և այլ կարևոր բաների մասին: Եթե փոքր-ինչ ուշադիր լինեիր՝ հավանաբար քեզ կծիծաղեցներ բանախոսներից մեկի ելույթը, ով կամավորական աշխատանքի կոչ էր անում և հավելում, որ դա մեծապես նպաստում է աշխատանքով ապահովվածությանը: Շատերը լռում էին, երբ պետք է ծիծաղեին և անում հակառակը, երբ, իրոք, ծիծաղի առիթ էր լինում: Իսկ դու անաղմուկ էիր ողջ ընթացքում: «Ի՞նչ իմաստ ունի էսքան ապրելը, եթե պիտի վերջում էս բիձեքի պես մեռնես»: Դու իրավացի էիր: Ճիշտ էիր՝ մտածելով, որ առաջինը ուսանողներից մեկն է մեռնելու, բայց կար մի բան, որ չգիտեիր: Այդ մեկը դու էիր լինելու:

181 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>