Հարուկի Մուրակամի / Սառցե մարդը

Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որը մարդաշատ էր` լի երիտասարդների բազմությամբ: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքով կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե՛ս, Սառցե մարդն է»,- շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից»,- ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր:
Սառցե մարդը երիտասարդ էր, թեև նրա կոշտ, լարանման մազերի մեջ տեղ-տեղ կարելի էր նկատել կիսահալ ձյուն հիշեցնող ճերմակ մազափնջեր: Նա բարձրահասակ էր, սառած ժայռաբեկորներ հիշեցնող ցցված այտոսկրերով, մատները ծածկված էին երբեք չհալվող սառցաշերտով: Մնացած ոչնչով չէր տարբերվում սովորական մարդուց: Ճիշտ է` գեղեցիկ նրան չես համարի, թեև ոմանց, գուցե, նրա արտաքինը բավականին գրավիչ թվար: Նրա մեջ կար մի բան, որ ստիպում էր փշաքաղվել: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին. կյանքի միակ նշույլը` այդ ժամանակավոր մարմնում: Որոշ ժամանակ ես կանգնած էի նախասրահում` հեռվից հայացքս հառած Սառցե մարդու վրա: Նա կլանված էր գրքով, չէր շարժվում և գլուխն անգամ չէր բարձրացնում` ասես փորձելով համոզել ինքն իրեն, որ բոլորովին մենակ է:
Հաջորդ օրը` կեսօրին, նա նույն տեղում էր, գիրք էր կարդում: Երբ ես ճաշասենյակ գնացի ճաշելու, և երբ երեկոյան ընկերներիս հետ վերադարձա դահուկասահքից, նա նույն աթոռին նստած և դեմքի նույն արտահայտությամբ թերթում էր նույն գրքի էջերը: Նույնը կրկնվեց նաև հաջորդ օրը: Արևածագից արշալույս նա միայնության մեջ գիրք էր կարդում, հանգիստ, ինչպես ցուրտ ձմեռը` պատուհանից այն կողմ:
Չորրորդ օրվա կեսօրին ես, արդարացում հորինելով, չգնացի դահուկներով սահելու: Փոխարենը մնացի հյուրանոցում` թափառելով նախասրահում: Նախասրահը կարծես լքված քաղաք լիներ, քանի որ բոլորը գնացել էին սահելու: Օդը տհաճորեն տաք էր` լի տարօրինակ ծանր հոտով` ձյան հոտով, որ կպել էր մարդկանց կոշիկներին և աննկատ հալվել բուխարու դիմաց: Ես նայեցի պատուհաններից դուրս, թերթեցի ամսագրի էջերը: Ի վերջո, քաջություն հավաքեցի, մոտեցա Սառցե մարդուն և սկսեցի խոսել նրա հետ: Ես բավականին ամաչկոտ եմ և դժվար թե երբևէ խոսակցություն սկսեմ անծանոթ մեկի հետ: Սակայն այդ պահին, ինչ էլ լիներ, պիտի խոսեի Սառցե մարդու հետ: Սա իմ վերջին օրն էր հյուրանոցում, և եթե բաց թողնեի հնարավորությունը, հավանաբար, այլևս երբեք նրա հետ խոսելու առիթ չէր լինի:
«Դուք չե՞ք սահում դահուկներով»,- հարցրեցի ես` փորձելով հնարավորինս անտարբեր թվալ:
Սառցե մարդը դանդաղ բարձրացրեց գլուխն այնպես, կարծես զգուշորեն լսում էր հեռվից փչող քամու ձայնը: Նա մի ուշադիր հայացք նետեց ինձ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը:
«Ոչ,- ասաց,- ինձ բավական է պարզապես ընթերցել և նայել դրսի ձյանը»: Նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման: Ես բառացիորեն իմ աչքերով տեսա նրա բառերը: Նա մատների վրայից նրբորեն թափ տվեց սառույցը:
Ես չգիտեի` էլ ինչ ասել: Շիկնած մնացի անշարժ նույն տեղում: Սառցե մարդը նայեց աչքերիս մեջ և կարծես թեթևակի ժպտաց: Իսկապե՞ս ժպտաց: Գուցե պարզապես ինձ թվաց:
«Կցանկանա՞ք նստել,- ասաց նա: ” Գիտեմ, որ հետաքրքրվում եք ինձնով, այնպես որ` կարող ենք զրուցել: Ցանկանում եք իմանալ, թե ով է Սառցե մարդը, այո՞,- նա կրկին ժպտաց:- Ամեն ինչ կարգին է: Մի՛ վախեցեք. միայն ինձ հետ խոսելով չեք մրսի»:
Մենք նստեցինք բազմոցին` նախասրահի անկյունում` սկսելով անվճռականորեն զրուցել և հետևել պատուհանից այն կողմ պտտվող ձյան փաթիլներին: Ես տաք կակաո պատվիրեցի, իսկ Սառցե մարդը ոչինչ չցանկացավ: Ամաչկոտությամբ նա բոլորովին չէր զիջում ինձ: Ի լրումն այս ամենի` մենք խոսելու ընդհանուր ոչինչ չունեինք: Խոսեցինք եղանակի, ապա` հյուրանոցի մասին:
«Դուք մենա՞կ եք եկել այստեղ»,- ասացի ես:
«Այո: Ձեզ դո՞ւր է գալիս դահուկներով սահել»,- հարցրեց նա:
«Ոչ այնքան,- պատասխանեցի ես: ” Ընկերուհիներս են ինձ այստեղ բերել: Ես վատ եմ սահում»:
Ես շատ էի ցանկանում ավելին իմանալ Սառցե մարդու մասին. իսկապե՞ս նրա մարմինը սառույցից է պատրաստված, ի՞նչ է ուտում, որտե՞ղ է ապրում ամռանը, ընտանիք ունի՞ և նմանատիպ հարցեր: Դժբախտաբար, Սառցե մարդը բոլորովին չէր խոսում իր մասին, իսկ ես չէի համարձակվում ուղղել նրան այն հարցերը, որ պտտվում էին իմ գլխում: Կարելի էր ենթադրել, որ նա ցանկություն չուներ այդ մասին խոսելու:
Փոխարենը, նա խոսում էր իմ մասին: Դժվար է հավատալ, սակայն նա ամեն ինչ գիտեր իմ մասին՝ իմ ընտանիքի, տարիքի, հետաքրքրությունների, առողջական վիճակի, դպրոցի և ընկերների մասին: Նա ամեն ինչ գիտեր: Նույնիսկ այն բաները, որոնց մասին ինքս վաղուց մոռացել էի:
«Ոչինչ չեմ հասկանում,- շիկնելով ասացի ես: Ինձ ասես մերկացրել էին բոլորի աչքի առաջ: ” Որտեղի՞ց այսքան բան գիտեք իմ մասին: Դուք մտքե՞ր եք կարդում»:
«Ոչ,- պատասխանեց Սառցե մարդը,- մտքեր չեմ կարդում: Ես պարզապես գիտեմ այս ամենը: Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս: Երբ այսպես Ձեզ եմ նայում, ամեն ինչ պարզ է դառնում»:
«Իսկ տեսնո՞ւմ եք իմ ապագան»,- հարցրեցի ես:
«Ոչ,- պատասխանեց նա ոչինչ չասող հայացքով` ճոճելով գլուխը,- ապագան ինձ չի հետաքրքրում: Ինձ համար գոյություն չունի նման հասկացություն: Սառույցն ապագա չունի, միայն` հեռվում մնացած անցյալ: Նրա ներսում կարելի է տեսնել աշխարհի ցանկացած բան, այնքան պարզ ու հստակ, ասես այդ ամենը կենդանի է: Սառույցն, այդպիսով, կարող է պահպանել ցանկացած բան մաքուր և հստակ: Դա է սառույցի էությունը, նրա դերը»:
«Հիանալի է»,- պատասխանեցի ես ժպտալով: Ես թեթևություն զգացի, քանզի ցանկություն չունեի իմանալ իմ ապագան:
Մենք հանդիպեցինք մի քանի անգամ Տոկիո վերադառնալուց հետո, ի վերջո, սկսելով ժամադրվել ամեն շաբաթ-կիրակի: Մեր հանդիպումները սովորական ժամադրություններ չէին. մենք չէինք գնում կինոթատրոն կամ ժամանակ անցկացնում սրճարաններում: Նույնիսկ չէինք ընթրում միասին: Սառցե մարդը գրեթե ոչինչ չէր ուտում: Փոխարենը, կողք-կողքի նստում էինք այգում` նստարանին, և զրուցում: Մենք զրուցում էինք ամեն ինչի մասին, սակայն Սառցե մարդը երբեք չէր խոսում իր մասին: «Ինչո՞ւ,- մի անգամ հարցրեցի ես,- ինչո՞ւ երբեք չես խոսում քո մասին: Ուզում եմ քո մասին ավելին իմանալ. ե՞րբ ես ծնվել, ովքե՞ր են ծնողներդ, ինչպե՞ս ես դարձել Սառցե մարդ»:
Սառցե մարդը հայացքը հառեց վրաս, ապա դանդաղ օրորեց գլուխը: «Ես չեմ կարող տալ այս հարցրերի պատասխանները,- պատասխանեց նա հանդարտ ու վճռական` ծանր արտաշնչելով: «Ես անցյալ չունեմ: Ես միայն գիտեմ և պահպանում եմ մնացյալ ամեն ինչի անցյալը: Սակայն ինքս անցյալ չունեմ: Ես չգիտեմ` որտեղ եմ ծնվել, չգիտեմ` ինչպիսին են իմ ծնողները կամ ունեցե՞լ եմ արդյոք ծնողներ: Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ, կամ արդյո՞ք ես տարիք ունեմ»:
Սառցե մարդը միայնակ էր, ինչպես լողացող այսբերգը մթության մեջ:
Ես անկեղծորեն սիրահարվեցի նրան, իսկ նա սիրեց ինձ, հենց ինձ` անցյալից ու ապագայից դուրս: Իսկ ես սիրեցի Սառցե մարդուն այնպիսին, ինչպիսին նա կար` անցյալից ու ապագայից դուրս: Եվ դա հրաշալի էր: Մենք սկսեցինք մտածել ամուսնանալու մասին: Իմ քսան տարին նոր էր լրացել, և Սառցե մարդն առաջինն էր, ում երբևէ իսկապես սիրահարվել էի: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ էր նշանակում սիրել Սառցե մարդուն: Սակայն մի՞թե այդպես չէր լինի, եթե նույնիսկ Սառցե մարդու փոխարեն մեկ ուրիշին սիրահարված լինեի:
Մայրս և քույրս դեմ էին մեր ամուսնությանը: «Դու չափազանց երիտասարդ ես ամուսնության համար,- պնդում էին նրանք,- դու չգիտես` ում հետ ես ամուսնանում, չգիտես նույնիսկ` որտեղ և երբ է ծնվել նա: Ինչպե՞ս ենք դա բացատրելու մեր հարազատներին: Ավելին` չէ՞ որ նա Սառցե մարդն է. իսկ ի՞նչ կլինի, եթե նա հալվի: Դու չես հասկանում այս ամենը, սակայն ամուսնությունը որոշակի պարտականություններ է ենթադրում: Մի՞թե Սառցե մարդը կարող է իր վրա վերցնել այս պարտականությունները որպես ամուսին»:
Այնուամենայնիվ, նրանց մտավախություններն անհիմն էին: Սառցե մարդը պարզապես սառույցի պես սառն է, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է հալվել ջերմությունից: Նա սառն է, այո, սակայն նրա սառնությունը չի կարող խլել ուրիշի մարմնի ջերմությունը:
Այսպես մենք ամուսնացանք: Առանց որևէ մեկի օրհնության: Ոչ իմ ընկերները, ոչ հարազատները, ոչ ընտանիքի անդամները չուրախացան մեր ամուսնությամբ: Ամուսնացանք առանց հարսանեկան արարողության: Ամուսնությունը գրանցնելու համար Սառցե մարդը փաստաթղթեր չուներ, ուստի նույնիսկ քաղաքացիական արարողություն չունեցանք: Պարզապես երկուսով որոշեցինք, որ ամուսնացել ենք: Գնեցինք մի փոքրիկ տորթ և երկուսով կերանք այն: Ահա և մեր հանդիսավոր արարողությունը: Վարձակալեցինք մի փոքրիկ բնակարան, իսկ Սառցե մարդն աշխատանքի անցավ սառեցված մսի պահեստում: Ցուրտը, բնականաբար, նրան նեղություն չէր պատճառում, և նա չէր հոգնում` որքան էլ աշխատեր: Նա երբեք շատ չէր ուտում: Տնօրենը բարյացակամ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ և նրան մյուս աշխատակիցներից շատ էր վճարում: Մենք երկուսով հանգիստ կյանք էինք վարում` առանց անհանգստություն պատճառելու որևէ մեկին, մեզ նույնպես ոչ ոք չէր խանգարում:
Երբ մենք սիրով էինք զբաղվում, ես միշտ պատկերացնում էի միայնակ, լուռ սառցաբեկոր` հեռավոր ինչ-որ տեղում: Պինդ սառույց, ամենապինդ սառցաբեկորն աշխարհում: Սառցե մարդը պետք է որ իմանար դրա գտնվելու վայրը: Նա իր ողջ էությամբ փոխանցում էր սառցաբեկորի մասին հիշողությունը: Ես ինձ կորցնում էի նրա գրկում, սակայն աստիճանաբար սովորեցի սիրել նրա գրկախառնությունները: Նա շարունակում էր ոչինչ չասել իր մասին, ոչ էլ նույնիսկ այն մասին, թե ինչու էր դարձել Սառցե մարդ, ես նույնպես հարցեր չէի տալիս: Մենք պարզապես գրկախառնվում էինք մթության մեջ` կիսելով այդ անծայրածիր սառույցը, որի ներսում ամփոփված էր աշխարհի միլիոնավոր տարիների անցյալը:
Մեր ամուսնական կյանքը հարթ էր ընթանում: Մենք սիրում էինք իրար, մեզ ոչ ոք չէր խանգարում: Շրջապատի մարդկանց համար դժվար էր ընտելանալ Սառցե մարդուն, սակայն աստիճանաբար սկսեցին հաշտվել նրա գոյության հետ և նույնիսկ խոսել նրա հետ: Ի վերջո, եկան այն եզրակացության, որ Սառցե մարդն այնքան էլ չէր տարբերվում մյուսներից: Սակայն հոգու խորքում, իհարկե, ես գիտեի, որ նրանք չէին ընդունում նրա հետ իմ ամուսնությունը: Մենք տարբերվում էինք նրանցից, և մեզ նրանցից բաժանող անդունդը երբեք չէր վերանալու:
Երեխա ունենալ նույնպես չէր հաջողվում. թերևս, սովորական և սառցե մարդկանց գեների անհամապատասխանությունը դժվարացնում էր երեխաներ ունենալը: Ի վերջո, երեխայի բացակայության կամ մեկ այլ պատճառով ես աստիճանաբար սկսեցի ժամանակի ավելցուկ զգալ: Առավոտյան տնային գործերը վերջացնելուց հետո զբաղվելու որևէ բան չունեի: Չունեի ընկերներ, ում հետ կարող էի խոսել կամ ինչ-որ տեղ գնալ, հարևաններից նույնպես ոչ ոքի չէի ճանաչում: Մայրս և քույրս դեռևս բարկացած էին վրաս և հրաժարվում էին շփվել ինձ հետ: Ես ընտանիքի խայտառակությունն էի, և նրանք ամաչում էին ինձ համար: Չկար որևէ մեկը, ում հետ, թեկուզ հեռախոսով, կարող էի զրուցել: Մինչ Սառցե մարդն աշխատում էր պահեստում, ես տանը մենակ էի մնում, կարդում էի կամ երաժշտություն լսում: Չնայած նրան, որ ես տան մարդ էի և այնքան էլ դեմ չէի տանը մենակ մնալուն, այնուամենայնիվ, ես երիտասարդ էի և չէի կարող հաշտվել նման երկարատև միօրինակության հետ: Ձանձրույթն ու յուրաքանչյուր օրվա անփոփոխ կրկնությունը սկսեցին անհանգստացնել ինձ: Անփոփոխ առօրյայի մեջ ես պարզապես կրկնվող ստվեր էի:
Այսպես, մի օր ամուսնուս առաջարկեցի ուղևորության մեկնել`շեղվելու ամենօրյա ռեժիմից: «Ուղևորությո՞ւն,- հարցրեց Սառցե մարդը` աչքերը կկոցելով,- ինչո՞ւ ես ուզում գնալ ուղևորության: Մի՞թե մենք երջանիկ չենք միասին»: «Բանը դրանում չէ,- պատասխանեցի: ” Ես երջանիկ եմ: Մենք որևէ խնդիր չունենք: Պարզապես ձանձրանում եմ: Ուզում եմ գնալ հեռավոր մի տեղ, տեսնել բաներ, որ երբեք չեմ տեսել, նոր բաներ փորձել: Հասկանո՞ւմ ես` ինչ նկատի ունեմ: Եվ, բացի այդ, մենք մեղրամիս չենք ունեցել: Մենք բավական գումար ունենք, իսկ դու դեռ չես օգտագործել քո արձակուրդը: Հանգիստ կարող ենք վայելել այն»:
Սառցե մարդը խորը, սառը հոգոց հանեց, որ պարզորոշ բյուրեղացավ օդում, ապա իր երկար, սառցապատ ձեռքերը խաչեց ծնկների վրա:
«Լավ,- ասաց նա,- եթե այդքան շատ ես ուզում, ես դեմ չեմ: Ճիշտ է` իմ կարծիքով դա այնքան էլ լավ գաղափար չէ, սակայն ես ամեն ինչ կանեմ քեզ երջանկացնելու համար: Կգնանք ուր ուզում ես: Ես պահեստում շատ եմ աշխատել և ցանկության դեպքում կարող եմ արձակուրդ վերցնել: Պետք է որ խնդիր չլինի: Ի դեպ, ո՞ւր ես ցանկանում գնալ»:
«Ի՞նչ կասես, եթե գնանք Հարավային բևեռ»: Ես դիտմամբ ընտրեցի Հարավային բևեռը, քանի որ վստահ էի՝ Սառցե մարդը շահագրգռված կլինի գնալ այնտեղ: Բացի այդ, ես նույնպես վաղուց ցանկանում էի գնալ այնտեղ, տեսնել բևեռափայլը, պինգվիններին: Ես արդեն պատկերացնում էի ինձ գլխարկով ու վերարկուով` բևեռափայլի տակ պինգվինների հետ խաղալիս:
Սառցե մարդու աչքերն անթարթ նայում էին իմ աչքերի մեջ: Նրա հայացքը սուր սառցալեզվակի պես ծակում էր ուղեղս: Որոշ ժամանակ լռելուց հետո թրթռացող ձայնով նա ասաց. «Լավ: Եթե դու այդքան շատ ես ուզում գնալ Հարավային բևեռ, ապա կգնանք: Համոզվա՞ծ ես, որ հենց այնտեղ ես ուզում գնալ»:
Ես գլխով համաձայնության նշան տվեցի:
«Մի քանի շաբաթից ես կարող եմ երկար արձակուրդ վերցնել,- ասաց նա: ” Այդ ընթացքում դու կպատրաստվես ուղևորությանը: Համաձա՞յն ես»:
Ես չէի կարողանում պատասխանել: Նրա սառցե հայացքի ներքո կորցրել էի մտածելու կարողությունը:
Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի զղջալ, որ առաջարկել եմ ամուսնուս գնալ Հարավային բևեռ: Ինքս էլ չգիտեմ` ինչու: Ամեն դեպքում, այն օրվանից, երբ նա լսեց Հարավային բևեռի մասին, ինչ-որ բան փոխվեց: Նրա աչքերն ավելի ծակող ու սառը դարձան, քան երբևէ, շնչառությունը` ավելի պաղ, մատները ծածկող սառցաշերտը` ավելի հաստ: Նա ավելի հանդարտ ու ավելի համառ դարձավ, վերջնականապես դադարեց ուտել, ինչը չէր կարող չանհանգստացնել ինձ: Մեկնումից հինգ օր առաջ ես որոշեցի ինչ-որ բան անել: «Արի չգնանք Հարավային բևեռ,- ասացի,- այնտեղ պետք է որ շատ ցուրտ լինի. դա վտանգավոր է առողջության համար: Ավելի լավ է մեկ այլ տեղ ընտրենք` Եվրոպա կամ ցանկացած այլ տեղ: Կարող ենք Իսպանիա գնալ, գինի խմել, պաելյա ուտել, ցլամարտ դիտել»: Սակայն ամուսինս ինձ չէր լսում. նրա անթարթ հայացքն ուղղված էր դեպի հեռուներ: Իսկ որոշ ժամանակ անց շրջվեց դեպի ինձ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ այնպես, որ ինձ թվաց` նրա սուր հայացքի ներքո մարմինս սկսեց աստիճանաբար վերանալ: «Ոչ, ես չեմ ցանկանում Իսպանիա գնալ,- կտրուկ արտաբերեց նա,- Իսպանիան ինձ չի հետաքրքրում: Ցավում եմ, սակայն այնտեղ չափազանց շոգ ու փոշոտ է, ուտելիքն էլ շատ կծու է: Բացի այդ, ես արդեն գնել եմ Հարավային բևեռի տոմսերը, մորթյա վերարկու ու կոշիկներ` քեզ համար: Չենք կարող այդ ամենը ջուրը գցել: Այլևս ետդարձի ճանապարհ չկա»:
Անկեղծ ասած` դա ինձ վախեցրեց: Ես համոզված էի, որ եթե մենք գնայինք Հարավային բևեռ, ինչ-որ սարսափելի բան էր պատահելու մեզ: Ամեն գիշեր ես միևնույն սարսափելի մղձավանջն էի տեսնում. քայլում եմ ու ընկնում խորը փոսի մեջ և սառչում` աննկատ բոլորի աչքից: Սառույցների մեջ խրված` ես նայում եմ երկնքին: Գիտակցությունս տեղն է, սակայն անգամ մատս չեմ կարողանում շարժել: Սարսափելի զգացողություն է: Ամեն անցնող րոպեի հետ ես վերածվում եմ անցյալի: Ես ապագա չունեմ, միայն անցյալ: Բոլորի աչքերում ես այդպիսին եմ: Նրանք հետևում են` ինչպես եմ ես դանդաղ սահում ավելի ու ավելի հեռու:
Հետո ես արթանում եմ. Սառցե մարդը քնած է կողքիս: Քնած ժամանակ նա ոչ մի ձայն չի հանում. անշարժ պառկած է, կարծես մահացել ու արդեն սառել է: Ես սիրում եմ նրան: Անկախ ամեն ինչից: Ես արտասվում եմ: Արցունքներս հոսում են նրա այտերի վրայով: Նա արթնանում է և գրկում ինձ: Ես պատմում եմ նրան երազս: Մթության մեջ նա դանդաղ օրորում է գլուխը: «Երազները պատկանում են անցյալին, ոչ թե ապագային: Չպետք է թույլ տաս, որ դրանք կառավարեն քեզ. դո՛ւ պետք է դրանց կառավարես»:
«Ճիշտ ես…»,- ասում եմ ես` ինքս չհավատալով իմ խոսքերին:
Ի վերջո, ես ու ամուսինս նստեցինք Հարավային բևեռ տանող ինքնաթիռը: Ուղևորությունը չեղյալ համարելու համար չկարողացա որևէ պատճառ գտնել: Մեր ինքնաթիռի օդաչուներն ու ուղեկցորդուհիները ողջ թռիչքի ընթացքում գրեթե ոչ մի բառ չարտաբերեցին: Ես հույս ունեի թռիչքի ժամանակ վայելել տեսարանը, սակայն ամպերի խտության պատճառով ամեն ինչ անտեսանելի էր: Շատ շուտով պատուհանը ծածկվեց սառույցի հաստ շերտով: Ողջ ընթացքում ամուսինս հանգիստ գիրք էր ընթերցում: Ուղևորության միտքն ինձ ոչ ոգևորություն, ոչ էլ երջանկություն էր պատճառում: Ես պարզապես անում էի այն, ինչ պլանավորված էր:
Զառիվայրով իջնելով և ոտք դնելով Հարավային բևեռի հողի վրա` ես զգացի` ինչպես ամուսինս ցնցվեց ողջ մարմնով: Այս ամենը մի ակնթարթ տևեց. նրա դեմքի արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց, ուստի ոչ ոք ոչինչ չնկատեց: Սակայն իմ աչքից դա չէր կարող վրիպել: Ամուսնուս մարմնի ներսում ինչ-որ բան շատ արագ, բայց, միևնույն ժամանակ հանգիստ դողում էր: Ես նայեցի նրա դեմքին: Նա կանգնեց, նայեց երկնքին, ապա՝ իր ձեռքերին և խորը շունչ քաշեց: Հետո նայեց ինձ և ժպտաց:
«Այս վայրի մասին էիր երազում, այո՞»,- հարցրեց:
«Այո»,- պատասխանեցի ես:
Ես գիտեի, որ Հարավային բևեռը լքված վայր էր, սակայն իրականությունը շատ ավելի վատ էր, քան ես կարող էի պատկերացնել: Այնտեղ գրեթե բնակիչներ չկային: Ընդամենը մի անդեմ քաղաք էր` ոչ պակաս անդեմ հյուրանոցով: Հարավային բևեռը հեռու է զբոսաշրջության ուղղություն լինելուց: Այնտեղ նույնիսկ պինգվիններ չկան, ուր մնաց`բևեռափայլ: Երբեմն ես կանգնեցնում էի անցորդներին և հարցնում, թե որտեղ կարող էի տեսնել պինգվինների, սակայն նրանք միայն օրորում էին գլուխները: Նրանք չէին հասկանում ինձ, ուստի ես փորձում էի նրանց համար թղթի վրա մատիտով պինգվին նկարել, սակայն պատասխանը նույնն էր` լուռ թափահարում էին գլուխներն ու հեռանում: Ես միայնակ էի: Քաղաքից դուրս միայն սառույց էր: Ոչ ծառեր, ոչ ծաղիկներ, ոչ գետեր կամ լճակներ: Միայն և միայն սառույց` անծայրածիր սառցե անապատ:
Իսկ ամուսինս` իր սառը շնչով, ցրտաշունչ մատներով և սառցե աչքերի` դեպի հեռուներ ուղղված հայացքով, առանց հոգնածության այս ու այն կողմ էր գնում: Նա անմիջապես սովորեց տեղացիների լեզուն և խոսում էր նրանց հետ նույն ծանր, սառը տոնով: Ես գաղափար անգամ չունեի` ինչի մասին էին խոսում նրանք այդպես ոգևորված: Ամուսինս, ակնհայտորեն, գլուխը կորցրել էր այս վայրում: Նրա համար այստեղ ինչ-որ հրապուրիչ բան կար: Դա տխրեցնում էր ինձ. ես ինձ անտեսված, դավաճանված ու լքված էի զգում:
Այս լուռ, սառցե աշխարհում ես աստիճանաբար ուժասպառ էի լինում: Ի վերջո, կորցրեցի նույնիսկ սեփական վիճակիս վրա զայրանալու կարողությունը: Իմ բոլոր զգացողությունները բթացել էին: Ես կորցրել էի տարածության ու ժամանակի, սեփական գոյության զգացումը: Ես չգիտեի` երբ էր սկսվել այս ամենը և երբ կավարտվեր: Մինչ կհասցնեի գլուխ հանել, արդեն միայնակ ու լքված՝ փակված էի սառցե աշխարհի անծայրածիր ձմռան մեջ: Սակայն նույնիսկ բթացած զգայարաններով` հասկանում էի. Հարավային բևեռում իմ ամուսինն այլևս իմ ճանաչած մարդը չէր: Չգիտեմ` կոնկրետ ինչպես էր փոխվել, քանզի նա առաջվա պես մտազբաղ էր, սակայն միշտ ուշադիր` իմ նկատմամբ: Իսկ ամենակարևորը` ես հավատում էի նրա խոսքերի անկեղծությանը: Հասկանում էի նաև այն, որ Սառցե մարդն այլևս նա չէր, ում հետ ծանոթացել էի լեռնադահուկային հանգստավայրում: Սակայն ո՞ւմ կարող էի բողոքել: Հարավային բևեռում բոլորը սիրում էին Սառցե մարդուն, մինչդեռ ինձ ոչ ոք չէր հասկանում: Նրանք միևնույն սառը շունչն ու սառցե դեմքերն ունեին: Նրանք զրուցում էին, կատակում և երգում իրենց հոգեհարազատ լեզվով: Իսկ ես, ինչպես վանդակում փակված թռչուն, միայնակ նստում էի հյուրանոցի սենյակում, նայում ամիսներ շարունակ չպարզվող գորշ երկնքին և փորձում սովորել Հարավային բևեռի լեզվի բարդագույն քերականությունը, որ դժվար թե երբևէ յուրացնեի:
Օդանավակայանում այլևս ինքնաթիռներ չէին երևում: Մեզ բերող ինքնաթիռի հեռանալուց հետո օդանավակայանը դատարկվել էր: Թռիչքուղին թաղվել էր սառույցի հաստ շերտի տակ: Ճիշտ այնպես, ինչպես իմ սիրտը:
«Արդեն ձմեռ է,- ասաց ամուսինս,- երկա՜ր, շա՜տ երկար ձմեռ: Մինչև ձմռան ավարտը ոչ ինքնաթիռներ կլինեն, ոչ նավեր կգան: Ամեն ինչ սառած է: Ստիպված ենք սպասել գարնանը»:
Հարավային բևեռ գալուց երեք ամիս հետո ես հայտնաբերեցի, որ հղի եմ: Ես միայն մի բան գիտեի. այն երեխան, ում ես կյանք էի տալու, փոքրիկ Սառցե մարդ էր լինելու: Իմ արգանդը ամբողջովին սառել էր, սառույցի բարակ շերտը խառնվել էր իմ պտղային ջրերին: Այդ սառնությունը ես զգում էի իմ փորի ներսում: Ես գիտեի՝ իմ երեխան նույն սառցե աչքերն է ունենալու, ինչ իր հայրը, նույն սառցապատ ձեռքերը… Գիտեի նաև, որ մեր նորաստեղծ փոքրիկ ընտանիքն այլևս երբեք չէր լքելու Հարավային բևեռը: Հավերժական անցյալը` իր անհեթեթ ծանրությամբ, ընդմիշտ կապել էր մեր ձեռքերն ու ոտքերը: Մենք երբեք ազատություն չէինք գտնելու:
Իմ սիրտն արդեն քարացել է: Նրա ողջ ջերմությունը անհետացել է ինչ-որ հեռավոր տեղ: Երբեմն նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչ է ջերմությունը: Բայց դեռ կարող եմ արտասվել: Ես մենակ եմ, ամբողջովին միայնակ` աշխարհի ամենացուրտ ու մենավոր վայրում: Երբ ես արտասվում եմ, իմ ամուսինը համբուրում է այտերս` սառույցի վերածելով արցունքներս: Նա հավաքում է սառցե արցունքները և դնում լեզվի վրա: «Ես սիրում եմ քեզ»,- ասում է նա: Ես հավատում եմ նրան: Սառցե մարդը սիրում է ինձ: Քամին նրա սառցե բառերը քշում-տանում է դեպի հեռավոր անցյալ: Ես արտասվում եմ: Սառցե արցունքներս շարունակվում են թափվել մեր փոքրիկ սառցե տանը` հեռու-հեռավոր Հարավային բևեռում…

Անգլերենից թարգմանությունը`
Լիլիթ Հովհաննիսյանի

721 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>