ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / Շունս կամ Ջեկո

Հովհաննես Հովակիմյան
Շուն շան որդի:
Շունս սատկեց: Չէ, չսատկեց շունս. մեռավ: Շունս ինձնից տարիքով մեծ էր, հինգ տարի: Ուղիղ էնքան, ինչքան եղբայրս էր մեծ: Եղբայրս որ ծնվեց, մի քանի ամիս հետո մեր տուն շուն բերեցին: Էնպես եմ պատմում, ոնց որ տեսել եմ: Դե չեմ տեսել, բայց էնքան եմ լսել, որ տեսնելը ինչ է… զգացել եմ: Փոքր քոթոթ՝ ինքն էլ ճերմա՜կ, մեջքին, ականջին ու փորին երկուական սև պուտ. չալ, հենց չալ: Սև ու սպիտակ: Էդ շունը կյանքն էր: Աշխարհն էր էդ շունը:
Ես որ ծնվեցի, ինքն արդեն մի ծաղկած ծառ էր՝ հպարտ, ուժեղ: Թաղի բոլոր շները իրեն էին ընդունում: Հետը խաղ չէին անում: Հետը չէին կռվում: Գլուխները կախում էին, պոչները հետ քաշում ու ծլլում: Գամփռ չէր. չափից չէ, որ վախում էին: Էն ատամնաշարի դիմացի երկու երկար ու սուր ժանիքներից չէ, որ վախում էին: Մտքից էին վախում: Ռիսկից էին վախում:
Թաղում մի հսկա շուն էլ կար՝ բրդոտ ու կեղտոտ, ալարկոտի մեկը: Ամբողջը կեղտը կպնում էր ջանին, գունդ գունդ կախ ընկնում մազերից՝ չէր նեղվում: Վազելիս էդ գնդերը իրար էին գալիս, իրեն խփում. իր կեղտն իրեն խփում էր: Չէր մաքրում: Իմ շնից երկու անգամ մեծ, երևի՝ ուժեղ, բայց դա էլ վրա չէր գալիս: Երևի հաղթեր, բայց ռիսկ չէր անում փորձել: Շունս խելացի էր: Մի մարդու խելք կար գլխում: Աչքերը շատ մարդկանց աչքերից խելացի էին: Ոչ մեկին վնաս չէր տալիս: Հարևանի հավերը չէր գողանում, անծանոթներին վրա չէր տալիս: Զգում էր՝ ում է պետք վրա գնալ, ում՝ չէ: Հոտառությունն ուժեղ էր, աչքերը՝ սուր: Ճարպիկ էր: Կատվի փոխարեն մուկ էլ էր բռնում, մեջքին սել կապեիր՝ կտաներ, ինչ է՝ օգնի: Իրեն մինչև վերջ մեր ընտանիքին էր նվիրել:
Շուն շան որդի:
Շունս սատկեց: Չէ, չսատկեց շունս. մեռավ:
Չխփես, չխփես, վրա չի գալու, չի կծի, էդ մեծ կլոր քարը ձեռքիցդ վար գցի: Անտեր քարը էնքան մեծ էր է, երկու ձեռքով մի կերպ էի տեղից կտրում: Կլոր, մեծ, հարթ, ընտիր գետաքար: Դարպասի մոտ էինք դնում, որ դարպասը բացենք՝ դնեք դիմացը՝ չփակվի քամուց: Վերցրեց ու նայեց շանս աչքերին: էդ ժամանակ շունս ուղիղ 15 էր: Երբեք շանս տարիքը ուրիշ ձևերով չեմ հաշվել:
– Շան մի տարին մեր 3 տարին ա…
Թե դու ինչ գիտես… եթե էդպես էլ է, ապա իմ շան մի տարին հենց մեր մի տարին է: Շունս մարդ էր, քեզնից էլ մարդ էր, ավելի լավ մարդ էր, քան՝ դու:
Նայում էր աչքերի մեջ, չէր ուզում է, չպիտի վրա գնար: Շան տղի հայացքի մեջ էնքան կեղտ կար, էնքան չարություն, էդ ծանր փորի տակ էնքան խոզություն կար, հաստ մարմնի մեջ՝ դատարկություն, որ ես էլ լինեի՝ վրա կգնայի: Իր տականք էությունն էլ քիչ է՝ վախեցնում էր քարով: Մեկը չէ՝ տասը բեր, քո տիրոջ…
Շունս վրա թռավ… ոտը մի լավ բռնեց… քարն էլ ուղիղ սրտի վրա, ուղիղ կողքին իջավ: Ծլլաց շունս… էնպես ծլլաց, ոնց թաղի մյուս շներն էին ծլլում իրեն տեսնելիս: Երեք անգամ խորը հազաց՝ թոքախտավոր մարդու պես, ջրահեղձ մանկան նման: Հետ քաշվեց, մի կերպ քարշ եկավ ու դռան առաջը նստեց:
Շուշ շան որդի: Հաջորդ օրը շանս չէի գտնում. Փնտրում էի… չէի գտնում: Ուր էր շունս: Էլի գնացել էր պտույտ տալո՞ւ թաղում: Չէ: Չկար: Տան հետևում նայեմ. շվաքին պառկած կլինի: Շվաքին պառկած էր: Շաքարկենի խնձորի տակ. իմ սիրած խնձորենու: Դե… վրա արի… արի, թռի գիրկս: Գլուխդ հանի, տես, հատուկ՝ խոտերի միջով եմ գալիս, խշխրտուքով եմ գալիս, դե… ել տեղիցդ… էլ ոնց կանչեմ քեզ… լսիր, անունդ եմ գոռում, ել տեղիցդ: Էն սուր ժանիքներիդ արանքից լեզուդ դուրս գցի, էդ մարդկային աչքերովդ ինձ նայի, էն ինքնաբավ դեմքով վրա արի: Թռի, ինձ գցի հողերի մեջ: Լպստի դեմքս, էն հոտդ քիթս ընկնի, զգամ՝ իմ շունն ես, էն փայլուն ճերմակդ շոյեմ, սևերդ անտեսեմ: Դու հենց կյանքն ես չէ՞ : Մաքուրի մեջ կեղտոտը միշտ էլ կա: Արի… չես գալիս… չես գալիս… մարդկային հայացքդ չկա էլ… ծառի տակ անշնչացել ես դու: Հավատարիմս: Լավ գիտեիր՝ շունը տան դիմաց չի սատկում: Լավ նշան չի: Հայրս էլ սնահավատ բաներ ունի: Կնեղվեր, կմտահոգվեր: Ամբողջ գիշեր նստել, ուժ ես հավաքել էդ մարմնիդ մեջ, էդ ջարդուխուրդ եղած մարմնիդ տակ ուժ ես հնարել: Մի ամբողջ գիշեր ծլլացել ես, քթիցդ էն թացությունը հոսել է, թացությանդ մատաղ: Հավաքել ես, որ հեռու գնաս, գնաս ու հեռանաս: Ցերեկը, երբ տանը չէինք, վեր ես կացել, երկու քայլ ես գցել, որ էդ վատ նշանը մեզ չդիպչի: Քայլ ես գցել, որ շեմքից հեռու ընկնես: Չորսը քայլից ընկել ես: Շունս, մարդուց էլ մարդ շունս… քեզ մարդու պես թաղեցինք, փոս փորեցինք, սավանով փաթաթեցինք, դրինք հողը: Ամեն օր ծաղիկ էի դնում թաղվածդ տեղում…
Չսատկեց շունս… մեռավ… Իսկ շուն շան որդին դեռ կա… էդ հաստ քամակը դես ու դեն պիտի գցի, իր կեղտոտությունը պիտի անի ամեն մեկին… պիտի անի…
Իսկ շունս իրեն վրա չէր գնում…

75 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>