Հովհաննես ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / Աշոտի մայրը

Հովհաննես Հովակիմյան

” Նայի՜ր, նա ճոճանակ է նստել, նայի՜ր: Ես էլ եմ ուզում ճոճորվել…
Փոքր էինք, երևի՝ դպրոցի ութերորդ դասարանում: Դասերից մեկի ժամանակ չարություն էինք արել, ուսուցիչը Համբարձումի ականջն էր քաշել, իսկ մենք, ամբողջ դասարանով, նրա վրա ծիծաղել էինք: Համբարձումի ականջը կարմրել էր: Դա ոչ մեկի աչքից չէր վրիպել: Բայց որ ավելի զարմանալի էր, կարմրել էին և աչքերը:
” Հը՞, Համբո, ասում ենք` արի էն մեկն էլ ձգենք, որ չտարբերվեն,- ասում էինք ու ծիծաղում մեր սրամտության վրա: Համբարձումը նեղվում էր, բայց լաց չէր լինում: Համբարձումը երևի երբեք լաց չէր լինում: Համբարձումին ոչ ոք լաց լինելիս չէր տեսել: Համբարձումը, ասում էին, լաց է եղել միայն ծնվելիս և այն էլ` մի քանի վայրկյանով:
Երևի ամեն օր` չորրորդ դասամիջոցին, տղաներով բակ էինք իջնում: Ամբողջ դպրոցն էր բակ իջնում, ու սկսվում էին տարատեսակ խաղերը` մինչև դասը կսկսվեր, ու մենք ուշացած դասարան կվազեինք: Ուշանալու պատճառով մեկի ականջն էլ կկարմրեր: Գուցե կարմրեին տասնյակ ականջներ. պատահում էր:
Զարմանալի բան էր: Նա, ով ամեն օր բոլորիցս շատ էր խոսում, ժպտում, ծիծաղում, այսօր կարծես լրիվ այլ մարդ լիներ: Նստել էր մի քարի վրա ու չէր շարժվում: Հայացքը սառել էր մի կետի, ու ոչինչ չէր նկատում:
” Աշոտ, ա՛յ Աշոտ, ի՞նչ կա: Հո բան չի՞ եղել:
” Չէ, տղերք, ուղղակի մի քիչ հոգնած եմ:
Վազեցինք, ահագին հոգնեցինք, ու ես գնացի հանգստանալու: Մոտեցա Աշոտին, նստեցի կողքին:
” Իրոք բան չի եղե՞լ: Քեզ նման չես էսօր:
” Չգիտեմ… գիտե՞ս ոնց, ինչ-որ աննկարագրելի զգացողություն կա մոտս: Կյանքում սենց չի եղել: Չգիտեմ ինչ ա եղել, իրոք չգիտեմ:
” Լավ, ոչինչ, կանցնի: Ում հետ չի լինում որ:
” Ինչ-որ վատ կանխազգացում ունեմ…
Էդ ժամանակ զանգը որոշեց խանգարել մեզ: Վազեցինք դասարան: Չէ, չէինք ուշացել: Ամբողջ դասի ժամանակ աչք էի գցում Աշոտի վրա. անընդհատ գլուխը կախում էր:
Աշոտենք մեծ ընտանիք էին: Երեք եղբայր էին, որ ունեին ծնողներ և մի տատ: Աշոտը ավագ եղբայրն էր: Եղբայրներից մեկն իրենից երկու տարով էր փոքր, իսկ մյուսը ընդամենը չորս տարեկան էր: Էդ պստլոն շատ չարաճճի էր: Անունն Արմեն էր: Մի քանի անգամ նրան զբոսնելու էինք տարել: Ճոճանակ շատ էր սիրում: Ժամերով ճոճորում էինք ու ճոճորում, իսկ նա չէր հագենում:
Աշոտի ծնողները աշխատում էին: Հայրը չգիտեմ անգամ ինչով էր զբաղվում, բայց գիտեմ, որ ուշ էր տուն գալիս: Խմել էր սիրում: Լավ մարդ էր, բայց նրա խոսքը տանը այնքան էլ կշիռ չուներ:
Մայրը առավոտից իրիկուն այգում էր: Այգին տնից բավական հեռու էր. գրեթե՝ գետի ափին: Արևից մաշվում էր. մաշկը չորանում էր, ձեռքերը` կոշտանում: Արևից նրա աչքերը փայլում էին: Երբ այգուց տուն էր գալիս, արդեն երեկո էր լինում: Հազիվ հասցնում էր մեկ-երկու գործ անել ու սպառված՝ փլվում: Երեխեքով տատն էր զբաղվում: Տատն էր կերակրում, կերակրելուց հետո տատն էր սեղանը հավաքում: Եթե պստլոյի` Արմենի զուգարան գնալու ժամանակն էր` տատն էր նրան տանում զուգարան ու վերջում էլ` «Մի վազի, արի լվացվի» ասում: Աշոտի շորերը տատն էր արդուկում, դասերը տատն էր ստուգում: Մի խոսքով` երեխեքի բեռը տատի վրա էր: Երևի դա էր պատճառը, որ տատն ու մայրը հաճախ վիճում էին իրար հետ: Տատը հարսին հավան չէր: Ասում էին` դեռ ամենասկզբից էլ նրանց մեջ էդ վեճը եղել է: Տատը բարկության պահին հարսին ամեն բան ասում էր, անպատվում, իսկ հարսը պետք է կուլ տար: Ոչ ոք տանը չէր համարձակվում տատին դեմ գնալ, իսկ տատը հարսի հետևից անեծքներ էր շարում: Ամուսինը երբեք չէր միջամտում նրանց վեճին: Կինը նեղանում էր ամուսնուց, թե բա` խի ձեն չես հանում: Ամուսինն էլ էս պատճառով սկսում էր խմել: Խմում էր ու կնոջ տրտնջանքը չէր տանում: Մորս բան չասես՝ ասելով` կնոջն ապտակում էր:
Բայց դե սովորական ընտանիք էր: Բոլոր տներում էլ վեճերը կան, ու առանց դրանց, անկեղծ ասած, անհետաքրքիր կլիներ:
” Տա՛տ,- հանկարծ էդ օրը ասում է փոքրիկ Արմենը,- ճոճանակ եմ ուզում:
” Էդ մեկն էլ մերդ թող անի: Գնա այգի, խնդրի:
Երեխան վազվզելով գնում է այգի: Այգում մարդ չի գտնում: Մայրը մյուս ճանապարհով տուն է գնացած լինում: Բայց ճանապարհից հոգնում է պստոն, նստում է ծառի շվաքին` հանգստանալու: Մի կես ժամ մնում է այգում` նայելով ձորով հոսող մեր գյուղի գետին, որտեղ շատ էինք լողում: Գետը միշտ կեղտոտ էր լինում. Ասում էին` հիվանդանոցի ջրատարը գետն էր թափվում: Էդ պատճառով տանը մեզ միշտ արգելում էին գետը մտնել: Բայց դե, էլ ինչ երեխա, առանց չարության: Միշտ էլ տղերքով սիրում էինք լողալ շոգ եղանակին: Լողալուց հետո չորանում էինք, հագնվում ու տուն վազում: Մտածում էինք` տանը գլխի չեն ընկնի: Բայց, այ քեզ թարսություն. տանը միշտ գլխի էին ընկնում: Հիմնականում՝ մայրերը: Տղերքը ասում էին` մազերի փայլից են գլխի ընկնում: Չգիտեմ:
Արմենը, հենց էդ գետին նայելով, նստում, հանգստանում է: Ապա որոշում է վերադառնալ տուն: Հասնում է տան բակ, տատին ձայն տալիս:
” Տա՜տ, ա՛յ տատ: Տատի՜:
Պատասխան չի լինում: Երեխեն գլխի է ընկնում, թե տատը ուր կլինի: Իհարկե, հարևանի տանը սուրճ է խմում: Բայց դե ինքն էլ ճամփից հոգնել է, քրտնել է ինքը, թող մի բաժակ ջուր խմի ու նոր գնա տատին փնտրելու:
Իսկ այդ ժամանակ հարևանի տանը խոսակցություն էր գնում, թե ում հարսը որ օրը ինչքան է քնում, ինչքան` ուտում, ուր գնում և որտեղից է գալիս: Հետո տատը համեմատություն է անում իր ու հարևանի հարսի մեջ` հարևանին գերադասելով: Դե երկու պառավ կնիկ, ինչի՞ց պիտի խոսեն: Ամեն բան քննարկում են: Այ էդ խոսքերից մեկի վրա էլ երեխան ներս է մտնում` ջրի բաժակը ձեռքին:
” Տա՛տ, արի տու՛ն գնանք: Մաման էսօր ինձ ճոճանակ ա բերե՜լ: Կախել ա էն մեր մեծ ծառից:
” Մորդ էդքան շնորհք որտեղի՞ց, որ քեզ ճոճանակ առնի:
” Տա՛տ, արի գնանք` կտեսնես:
Էսպես բամբասանքի խոսքը կիսատ թողնելով` տատը վերցնում է բաժակը երեխու ձեռքից ու երկուսով տուն են վերադառնում: Դարպասից ներս են մտնում, ու տատը բաժակը ձեռքից գցում, կոտրում է:
Էդ նույն ժամանակ մենք դեռ դպրոցում էինք:
” Համբարձո՛ւմ, ա՛յ Համբարձում, հիմա համաձայն չե՞ս` էն մի ականջդ էլ ձգենք,- ասում էր տղերքից մեկը լուսամուտի դիմաց կանգնած Համբարձումին, ու մենք հրճվում էինք:
” Տղե՛րք, թարգը տվեք: Ավելի լավ ա, ասեք` Աշոտը ու՞ր ա վազում:
Մոտեցանք լուսամուտին ու տեսանք, որ Աշոտը դպրոցի ճանապարհով տան կողմն էր վազում:
Իսկ էդ ժամանակ տան դարպասից ներս` փոքրիկ Արմենը բռնել էր տատի փեշն ու նայելով մոր` պարանից կախ մարմնին` ասում էր.
” Նայի՜ր, նա ճոճանակ է նստել, նայի՜ր: Ես էլ եմ ուզում ճոճորվել… Տատի՜…

1445 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>