Հրանտ Արսենի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ / Նախաբան

Հրանտ Մաթևոսյան- Ժողովուրդ, արթնացեք, ուրախ լուր եմ բերել,- մտնելով բանտախուց հիշեցնող մի սենյակ` հայտարարեց տասնհինգամյա դեռահաս տղան` կարմիր վզկապը պարանոցից անպակաս,- քիչ առաջ լուրերով հայտնեցին, որ շուտով բացելու են դուռը, և մենք կարողանալու ենք դուրս գալ այս հաստատությունից:
Սենյակը, որի դռան շեմին կանգնած պատանին իր անկեղծ հոգու ողջ ներուժով տարածում էր այդ երկար սպասված լուրը, իրականում մի մեծ սրահ էր, որի ձախ կողմում իրար կողք դրված մահճակալներ էին, իսկ աջ կողմի սեղանի վրա արդեն տարիներ շարունակ կուտակվել էին զանազան պարագաներ, որոնք դեռ իրենց ստեղծման օրվանից էին այդտեղ դրված: Սենյակում, չնայած իր հսկայական չափերին` միայն այդ մահճկալներ էին և անպետք իրերի այդ սեղանը, որի մի ոտքը չէր դիմացել ծանրությանը և կոտրվել էր:
Սենյակի բնակիչները երեքն էին. նրանցից մեկը` տարիքով ավագը, այնքան տարեց էր, որ չէր հիշում, թե արդեն քանի տարի է, ինչ այդ սենյակում է, մյուսը` տարիքով կրտսերը, դեռ այնքան չէր ծերացել, որպեսզի չհիշեր իր այդ սենյակում հայտվելու պատմությունը, իսկ երրորդը դռան շեմին կանգնած պատանին էր, ում պարզապես դեռ չէին ասել պատմությունը, և հենց Ստեփանն էր` տարիքով կրտսերը, ով լսելով պատանու հայտնած լուրը, մի պահ լուռ նայեց հատակին, այնուհետև հայացքը հառելով պատանու երեսին` ասաց.
” Այդ դուռը իրականում երբեք էլ փակ չի եղել. պարզապես մեզնից ոչ ոք այն չի տեսել:
Սենյակը հարկի մյուս սենյակների նման զետեղված էր հաստատության առաջին մակարդակում, որտեղ կար թվով տասնչորս սենյակ, իսկ երկրորդ մակարդակը, որ չնայած բազում աստիճաններով կապված էր առաջինի հետ, գտնվում էր զարմանալիորեն անհաս մի բարձրության վրա. երբեք հնարավոր չէր հասնել երկրորդ հարկի վերջին:
Ստեփանը, ով մոռացել էր, թե արդեն որերորդ անգամ են հայտարարում, թե բացելու են դուռը, շատ լավ հիշում էր` ինչպես ինքը հայտնվեց այդ հաստատությունում, սակայն չէր կարողանում մտաբերել գեթ մեկի, ով կարողացել էր դուրս գալ այդ դռնով, այն տեսանելի չէր հաստատության բնակիչների համար որովհետև, որ ինչպես սենյակում, այնպես էլ սենյակից դուրս տիրում էր յուրատեսակ մի խավար, որից այն կողմ, ինչպես հաճախ սիրում էին կրկնել երկրորդ մակարդակի բնակիչները, չարիք էր, պատերազմ և անբարոյականություն:
Չնայած խավարին, որ զարմանալիորեն միայն հաստատության առաջին մակարդակում էր տարածված, սենյակների միջև եռուզեռը բավական ակտիվ էր. բոլորը անընդհատ ինչ-որ տեղ էին շտապում, և բոլորի դեմքին կար յուրատեսակ մի բավարարվածություն. կարծես որքան խավարը ավելի էր խտանում, այնքան բնակիչների երջանկությունը ավելի էր մեծանում: Միայն հարկի մթին անկյուններում էր հնարավոր տեսնել մարդկանց, որոնք զարմանալիորեն չէին կիսում մյուսների հաճույքը. ասում են, որ նրանք կամ հոգեկան պրոբլեմներ ունեին, որոնց պատճառով չէին կարողանում ընկալել մյուսների երջանկության պատճառը, կամ էլ ժամանակին, համարձակվելով խավարը ցրելու պես հանդուգն փորձի, հիմա իրենց օրինական պատիժն էին կրում:
Թեժ էր մթնոլորտը հարկում, երբ Ստեփանը, մի պահ ընկնելով հուշերի գիրկը պատանու հայտնած լուրից հետո, որոշեց դուրս գալ սենյակից մի փոքր ցրվելու համար: Ստեփանը հիշում էր, թե ինչպես ինքը, մահվան վտանգի առջև կանգնած լինելով, ստիպված եղավ համաձայնել բնակություն հաստատել այս հաստատությունում: Շատ տարիներ են անցել այդ օրվանից, սակայն Ստեփանը այդպես էլ չէր կարողանում հիշել, թե ինչ օգուտ է տվել իրեն այս հաստատությունը: Չնայած տարիներ շարունակ Ստեփանին փորձում էին համոզել, որ իր կատարած ընտրությունը միակ ճշմարիտն էր, սակայն Ստեփանը համոզված էր, որ հենց այդ հաստատությունն է ապահովել իր` նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և արդեն քանի տարի շարունակ արվող հիմնավորումները, թե նման որոշումը փրկություն էր, Ստեփանի մեջ ավելի էին ուժեղացնում այդ հաստատությունից ամեն կերպ դուրս պրծնելու ցանկությունը:
Հարկը լեցուն էր մարդկանցով, երբ Ստեփանը հասավ հարկի մեջտեղում գտվող բեմահարթակին, որտեղ մի խումբ մարդիկ, իրենց առջև ժողովելով հոծ բազմություն, ինչ-որ ստորագրահավաքի պահանջ էին ներկայացնում, որ պատրաստվում էին հղել երկրորդ հարկ: Հարթակին կանգնած երիտասարդները ֆանատիկորեն հավատում էին, որ երկրորդ հարկից դրական պատասխան են ստանալու, և իրենց հարուստ ու պաթետիկ բառապաշարը գործի դնելով` ամեն կերպ փորձում էին հավատացնել հավաքված բազմությանը իրենց հաղթանակի մեջ:
Բեմահարթակից մի փոքր այն կողմ` հարկի սրահներից մեկում, ժողով էր, որի մասնակիցները տարօրինակ անցուդարձի մեջ էին. վերջերս փոխել էին իրենց ղեկավարին, իսկ նորանշանակ ղեկավարի մասին դեռ չէին տեղեկացրել: Ոչ ոք չգիտեր, թե ով է նա, մարմնի ինչպիսի կառուցվածք ունի, շատերը նույնիսկ կասկածում էին նրա գոյությանը` համարելով, որ այդ նորությունը երկրորդ հարկի` իրենց ստուգելու հերթական փորձն է:
Շարունակելով առաջանալ հարկի միջանցքով` Ստեփանը տարօրինակ տեսարանի ականատես եղավ. երկրորդ մակարդակից ինչ-որ կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում առաջին հարկի բնակիչներ էին վիրավորվել, և երբ վիրավորվածները փորձել են իմանալ իրենց վրա կրակելու պատճառը, երկրորդ մակարդակից պատասխանել են, որ իրենք են մեղավոր. հայտնվել են նրանց առջև:
Մի մարդ մոլորակի ամենաթանկարժեք գործվածքից տաբատ էր կարում իր կողքին դրված մանեկենի համար, երբ Ստեփանը, փոքր ինչ առաջ գնալով միջանցքի երկայնքով, կանգնեց հանգստանալու: Մանեկենը, որը չնայած արդեն տևական ժամանակ էր, ինչ կար այդ հարկում, և իր տարիքով առնվազն Ստեփանի հասակակիցն էր, ի սկզբանե զուրկ էր ոտքերից, իսկ դերձակը, ով կարում էր այդ տաբատը արդեն տասնյակ տարիներ, ամեն անգամ հայտարարում էր, որ երբ ինքը վերջացնի, այդ տաբատը լինելու է մոլորակի լավագույնը, որի նմանը մարդկությունը դեռ չի տեսել, և որի, սակայն, մի թևքը նույնիսկ կարված չէր:
Վերջին տեսարանը ցնցեց Ստեփանին, որ չնայած իր այդ հաստատությունում գտնվելու ողջ ընթացքում արդեն վարժվել էր ամեն ինչի, սակայն նման զավեշտ նույնիսկ ինքը չէր սպասում, և ցանկանալով շուտ հեռանալ այդտեղից` նա իր քայլերը ուղղեց հարկի խորքը, որի վերջը, սակայն, չէր երևում, Ստեփանը շարունակում էր առաջ գնալ` հուսալով վերջապես ճեղքել խավարը, որը գնալով ավելի էր խտանում, և որոշ ժամանակ անց արդեն լրիվ իր մեջ էր կլանել Ստեփանին, ով, սակայն, համառորեն շարունակում էր ընթանալ իր ուղիով և հավատալ…

331 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>