ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

***
ես հարեմիդ վերջին չսիրված կինն էի,
որին ծղոտների մեջ էիր սիրում,
և բառերը միայն մերձեցման կույր ակնթարթում էին,
որ արև էին թքում

ինձ բոլոր բժիշկները,
և քո` սուլթանիդ վերքերի վրա բառ փչողները,
ասացին, որ մարմինս՝
ծերությունից ներս ընկած ստորին շրթունք,
99 տոկոս լցված է հավատով, որ
կմեռնեն ողջ մնացած բոլոր կանայք և պատերազմները,
և զենք արտադրողների ձեռքերը
աշնան տերևների պես
ժամանակից շուտ այս ձմռան օրով կչորանան

ներսս ճպճպում էր հավատն առ այն,
որ լուծդ ինքնակամ կշպրտես ավանակ՝ սեր իմ, սուլթան,
մերկ ու խեղճ,
անթագ ու անեղծ կլինես

քեզ հոտոտել էի ուզում, սուլթան,
բայց ոչ որպես վայրի շուն մի էգ

երբ ասացի, որ մարմինդ
վարդաջրով է օծված,
իջար վրաս՝ որպես շառաչուն մի ապտակ,
հրամայեցիր ծծեմ վարդերը անդամներիցդ,
ու, կոկոնդ դեռ երբեք չբացած,
ցցեցիր փշերդ , սուլթան

համոզված էիր՝ եղածը կիրքն է՝
նոր ծնված կույր կատուներ,
որ խոռոչիդ մեջ խարխափել են ուզում

գլխավերևումս արթուն դամոկլյան թրեր,
ձեռքերիդ մեջ պարուրված
մի գունդ կծկված նյարդային երջանկություն,
գիտեմ, որ հանգույցներդ այս հպումներով
չեն բացվի,
որ դու, իմ սուլթան, լաբիրինթ ես,
մացառ ես, սուլթան,
փշերիդ մեջ ամաչկոտ բույսեր կան՝
արև չտեսած կանաչ

դու ուզեցիր, որ անթև թռչունների
երամում
ես էլ, ինչպես նրանք, ձուկ լինեմ՝ անբառ,
և միայն երբ աչքերիդ խիտ լույսը ծածկի մարմինս
դեն նետեմ թեփուկներս
և ցփնեմ վայրի էգի հմայքներս աջուձախ,
ու թող աշխարհն իմանա,
որ սուլթանի կանայք չմարող կրակներ են,
որ հեշտոցները նրանց
կլանում են սուլթանին շնորհակալությամբ,
ինչպես իրենց կյանքում եղած այն միակ լավը,
որ դեռ ունեն

մնացածը հիշողություն է,
որ նկարից էլ կցկտուր է,
դա վատ վավերագրություն է, սիրելիս,
պահի հիացմունքն ու թրթիռը չկան,
դա նույն մարդն է, բայց մեռած,
և դու էլ, ինձնից լավ գիտես,
որ մեր ներսում համառող այդ դիակների
նեխահոտը
մեզ դանդաղ, բայց ընդմիշտ, կսպանի

սպիտակ պատյանների տակ
վստահ էիր, որ չձևավորված կակուղ սաղմեր կգտնես՝
ալ դեղին սերուցքով,
մինչդեռ մեկ հատիկ թև,
մի քիչ աղվամազ ու փետուր,
կտուցի սաղմուկներ
կային

ես հարեմիդ վերջին սպասված կինն էի,
ինձնով այդքան վստահ վերջակետ դրեցիր,
որ
գալիք բոլոր վտանգների համար
քո վերջին հանգրվանն ու թաքստոցը լինեմ
(իսկ մինչ այդ ընդամենը կարդում էիր
քեզնով առատորեն լցված
կենդանի սիրտ տողերն այդ,
որ միայն երկարություն
ու միշտ ներկա կուտակումներ էին, սեր իմ)

***
եվա, աղջիկ դժբախտ հետաքրքրասիրության,
դու ուզեցիր տեսնել ավելին, քան կարելի էր,
տեսակիդ մեջ անհանգստության արթուն որդեր էին վխտում,
դու դև չէիր, եվա,
բայց դժոխքի գոյության մասին, թե իմանայիր
կնետվեիր կարասների մեջ՝
պարզելու պարունակությունը կճուճների
եվա, որ առար մարմին ոսկորից նրա,
տեսնես սիրեցի՞ր նրան՝ որպես սկզբնաղբյուր քո,
ոնց ստացվեց խելագար եվա,
որ բարօրության այդ հովտում,
ինչ-որ տեղից հեքիաթասացի պատմած
խնձորներից մեկը ընկավ ներսդ,
այն մեկը, որ լսողին է հասնում

ոնց մտքովդ անցավ, որ ապրումներից ամենավտիտը՝
կարոտը,
քեզ բաժին չի հասել,
ու ձգտեցիր դրան,
արգանդդ բաց՝ ջրվեժ,
ծնեցիր ու կարոտեցիր դրախտը

դու փոշու համն առար, եվա,
և կյանքն իր բոլոր գույներով բացեց իր
ներկապնակը,
դու զգացիր հողը ոտքիդ տակ՝ չբեր,
ու թեպետ գիտեիր՝ սխալներիդ համար
մի ամբողջ չվերջացող կյանք պատասխան ես տալու,
արցունքների միջից որքան աննման էր ժպիտդ՝
գտած երազ

եվա, տեսակիդ համար վաստակածդ երազներում
անիծում էիր աստծուն,
և գիտեիր` նա կստեղծի մեկին,
որ իրենից էլ վեր է,
մեկին, որ կների ընկածին

քեզ չներվածը քեզ ուժեղ դարձրեց,
դու տեսար սայլը քարշ տվող ավանակների,
որոնց մտրակում էին դրախտից անտեղյակ
որդիներդ

քեզ խաբված էիր զգում, եվա,
քեզնից ծնվածները փոխեցին բնությունը
կենդանիների,
մինչդեռ դու այն վերջինն էիր,
որ վարսերիդ պես անկաշկանդ
առյուծների գլուխներ էիր շոյել

մի բան այն չէ՝ մտածում էիր,
ես չեմ ճանաչում այս աշխարհը,
թեպետ միշտ էլ կասկածում էիր, եվա,
որ բարուն չի կարող պարտվել բարին

օձն ընդամենը պատրվակ էր` հեռուն տեսնելու,
աստված համառորեն թաքցնում էր քեզնից իրականությունը.
ցամաքած ծովերի մասին նա լռում էր,
ուրեմն ակնկալում էր, որ իրեն
գեղեցիկի համար պետք է սիրես,
ուրեմն գուցե խնայում էր քեզ, եվա

***
-ես ձեր մեջ միակն եմ, որ մաքուր է
ինչպես թուղթը չգրված ,
և գեղեցիկ որդը չկերած խնձորի պես,-
ասաց կանանց, որոնք գաղութում էին
թուղթուգրով ու աղոթքով ոչ մի կերպ
չավարտվող,
աչքի ուլունքի պես դուրս ցցված մի կյանք

կանայք առյուծներ որպես մռնչացին,
հիշեցին սխալը, որ չի ներվում բառով,
հավատացին` ճաղերից դուրս ամեն ինչ
ձախողված էր,
վստահ էին` իրենք իրենց վրա անցած մի օր կրակել էին,
և մինչև հիմա կրակն այդ՝
անմեղ շիկացում տիեզերքի,
լափում է նրանց ներսից,
մինչ դրսից երևում է,
որ աչքերի մեջ ածուխներ են միայն

-ես այստեղ միակն եմ,
-ասաց նորեկը,
-որ չունեմ հիշողությունը տղամարդու՝
այրող մեդուզա գոտկատեղից ցած,
ասում եմ ձեզ՝ մաքուր եմ
արքայական կապույտ ազնվացնող
արյան պես

կանայք փորձեցին մռնչալ,
անարև շուրթերից դուրս թռածը
ուժասպառ մլավոց ստացվեց

խուցը վխտաց փախուստի պատուհան չունեցող
հիվանդ ու վտիտ կատուներով

կանայք այդ՝ առյուծներ պարտված,
մեկ մարդու պես վերցրեցին մկրատը,
ձայն եղան ծանր ու վերջին,
ասացին՝ մեզ փչացած ասացիր, կեղտոտ,
դե ուրեմն լավ բաց արա աչքերդ
ու տես` ոնց ենք որդեր դառնում
քո չփտած արքայական այդ մարմնում

դեռ արևի հետքը կրծքերին,
նորեկը զգաց, թե ինչպես
մկրատը`սրածայր բանալի,
խրվեց
ու պտտվեց կողպեքի այդ ծակի՝
կուսական հեշտոցի թանձր թփուտների մեջ

969 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>