Մարամ ալ-Մասրի

Մարամ ալ-ՄասրիԱրաբերենից թարգմանեց  Էդուարդ Հարենցը

 

***
Նա երկու կին ունի.
մեկը քնում է նրա անկողնում,
մյուսը` անկողնում նրա երազի:
Նա երկու կին ունի,
որոնք սիրում են իրեն.
մեկը լուռ ծերանում է նրա կողքին,
մյուսն իր երիտասարդությունն է նրան նվիրում`
կաթվածահար անելով իր սեփական կյանքը:
Նա երկու կին ունի.
մեկը իր տան սրտում,
մյուսն իր սրտի տանը…

***
Նա եկավ`
տղամարդու մարմին հագած…
Ուշադրություն չդարձրի:
Ասաց.
” Ա՜ռ ինձ, ես եմ` Սուրբ Հոգի՜ն: ”
Չմեղանչելու վախից
նրան թույլ տվեցի գրկել ինձ.
հայացքը մերկացրեց
կրծքերս շփոթված`
ինձնից վեր հանելով գեղեցկությունս կնոջ:
Նա իր հոգին շնչեց մարմնիցս ներս`
որոտալով`
ինչպես շանթ ու կայծակ:
Ամե՜ն:

***
Ես սպասում եմ`
մինչև
երեխաները քնեն,
որպեսզի
խորտակված հույսերիս դին
հանձնեմ մակընթացությանը…

***
Ինձ նման կանայք
անհաղորդ են խոսքին.
բառերը կանգնում են կոկորդում`
ինչպես ձկան ոսկոր,
որ նրանք նախընտրում են կլլել:
Ինձ նման կանայք
գիտեն արտասվել միայն
արցունքներով կամակոր,
որոնք հանկարծ
պայթում ու դուրս են ցայտում
փրթած երակների պես:

Ինձ նման կանայք
հանդուրժում են հարվածները`
անկարող դրանք հակադարձելու:
Ճնշող զայրույթի՜ց են դողում:
Վանդակում փակված առյուծների պես
ինձ նման կանայք
ազատությո՜ւն են
երազում…

***
Բերանս`
մրսած բառերով լեցուն,
բանտ է`
կալանված փոթորիկներով:

Բերանս`
Իշտարի երգ,
հեքիաթ Շահրիզադեի:

Բերանս`
լռությամբ ճչացող գանգատ:

Բերանս`
շատրվան` հաճույքից ցայտող
Երգ երգոցը սրտի ու
մաշկի…

***
Ձմռանը Դամասկոսն է
հակառակորդս,
ամռանը`
ծովը:

Երազիս մեջ
երեկ
ոտքով հարվածում էի ծովին
ու քարտեզով մեկ փռում
Դամասկոսի մազերը…

***
Սովորաբար,
տոները
մասսայական կոտորածներ են
հնդկահավի, ճտի, սագի, սաղմոն ձկան
ու գլխին ջարդվող շամպայնի շշերի…

Սովորաբար, տոները
պատրաստի հագուստներ են
ուրախության,
նվերների,
գունավոր ստվարաթղթե փաթեթների
ու երազանքների…

Այս տարի
տոներն իրենց
տարեկան ամփոփման ժամանակ
հայտարարեցին նաև,
որ վաճառքի ծավալներում
մեծ անկում է
գրանցվել…

Ես հիշում եմ

Ես հիշում եմ
ամեն առավոտ
դպրոցի ճանապարհին`
նավահանգստի երկայնքով մեկ,
արահե՛տն այն ծուռտիկ`
Երիտասարդական սրճարանի հարևանությամբ,
ուր հավաքվում էին
թաղի ծերերը…

(Սիրտս նեղվում է)

Հիշում եմ փոքրիկ մատուցողին,
որ իր գործը թողած`
կիսաձայն երգում էր ինձ համար
կամ ժպիտ էր ուղարկում:
Ես ժպիտս թաքցնում էի փոքրիկ թաշկինակիս տակ
կամ ծովն էի նետում…

(Ժպտալը մեղք է)

Հիշում եմ`
ինչպես երեկոյան
մայրամուտի քիվերին
համբարձման ժամից առաջ
խաչվում էին քայլերն ու երազները
Լաթաքիայի երիտասարդ
աղջիկ-տղաների…

Հիշում եմ դեմքեր ու անուններ,
այգիներ ու փողոցներ:

Հիշում եմ ու
արտասվում…

***
Հայրս ինչո՞ւ է
մորս ծեծում. –
մայրս չգիտի`
ինչպես հարդուկել վերնաշապիկները:

Երբ ես մեծանամ,
ես գիտե՜մ`
ինչպես դրանք հարդուկել…

***
Ես նրան շա՛տ մոտ էի կանգնած,
ուշադրություն չէի դարձնում
խռխռոցներին…
և ունկնդիր չեղա
վերջին շնչին նրա…

***
Դու
մոռացար, որ նա կին է…

Նա, ում մեջ դու տեսար
տխրությունը –
ինչպես նայում են օճառի պղպջակներին,
զվարճությո՜ւնն ապրեցիր
եղունգներդ հարդարելու,
մինչ նա
խորտակվում էր…

3103 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>