Մելքիսեդեկ Փանոսյան / Օսվալդ Հոխենգշտայն ԱԴՈՆԻՍ

Մելքիսեդեկ Փանոսյան

Сюжет ” признак движения
общества.
Վ. Քոչարյանի գրառումներից

Կիսով ինքնակենսագրական վեպ կարդացի վերջերս: Գերմանացի սակավ հայտնի գրող է հեղինակը` Օսվալդ Հոխենգշտայն: Գավառական փոքր քաղաք, որի նեղ փողոցներում միջնադարյան թանձրությամբ վայրահած ու գայելով վեպի հերոսը` Ադոնիսն, իր երևակայությունում ձև առնող նոր հայտնությունների վկա է դառնում և դրանցով փորձ է անում ամոքել իր միակ ուղեկցուհուն` Լիգեային, ում կերպարը վեպում գրեթե անրջային է: Վեպը կոչվում է «Ադոնիս»:
Վեպում ծավալվող ներքին կարևոր թեմաներից մեկը հենց հերոսի ճակատագիրն է, նրա օտարված ճամփորդության, կյանքում նրա բռնած դիրքի և ընդհանուրի միջև անհամապատասխանությունը: Մարդը կամ ավելին է իր բռնած ուղուց, կամ էլ պակաս` սեփական մարդասիրությունից: Սակայն հիմա, երբ հատված լինելն իրականությունից և այդ իրականի հատվածականությունը հասել է վճռական կետի, քննել է պետք, թե ինչի վրա է հենվում անսկիզբն ու անվերջը: Արդյոք պետք ունի այն խնամքի, թե՞ չունի: Նրան, ինչին այժմ եմ տիրապետում, վստահ կարող եմ ասել, արդեն իսկ տարօրինակ է թվում ինձ, խոսքը վերաբերում է Ադոնիսին, ինքնաբացահայտման այդ վեպում, սակայն, մինչև վերջ էլ պարզ չէ, թե ով է համարձակվելու իր վրա առնել պատմությունն անողի դերը: Կորստական ենք բոլորս: Բարբառն է մնացել, լեզուն է միակ գործիքը, որ դեռ համարձակվում է պատմել ինքնիրեն, մնացած ամեն ինչ սարքովի է թվում, ոչ իրական: Սա է, որ թույլ է տալիս դեռ խորհել և չի աներևութանում ինչպես գիտելիքներն անցածի, որ աներևութացել են տարագիր: Պարզ է, որ հերոսը պետք է լեզվից բռնվի, որքան էլ սահմանափակ թվա այն իրեն իր հնչողականությամբ: Իսկապես, սրանից հետո Ադոնիսին այլևս չի հուզում մտքում մտածածը թարգմանելու խնդիրը, հասարակությունում նա աներևույթ է, որովհետև նա, ով ունակ է գոյություն ունենալու ինքնիրենից անկախ, կարող է լինելով այստեղ` մնալ չեզոք լիովին: Ինչպես է ստացվել, որ հեղինակն ինքն է Ադոնիսի հետ հայտնվել այստեղ` չգիտի: Չի ցանկանում իմանալ, կամ էլ, գլխի է ընկնում մոտավորապես, որովհետև սա փսիխում առողջ մնացած միակ տեղանքն է, որ փոքրուց կապ է պահում Ադոնիսի մտածողության հետ: Այդ կապը դեռ արդարացման կարիք ունի: Նրա մտածածը դեռ գործողություն չէ վեպում, որ ծավալվում է մի էջից մյուսը, ետ ուղարկում ընթերցողին անցած էջի ծանոթագրություն, գրքի կառուցվածքի մետադասավորվածություն, շատ հաճախ հոգնեցնող կատարյալ ամբողջականություն. գործողության անհրաժեշտություն այժմ չկա: Կարևորը գիտակցումն է, որ նա կա: Այսինքն Ադոնիսի անձևական կերպարում հեղինակը փորձ անել է կամենում` կապ պահելու մի ընդհանուր լեզվական մտածողության հետ, դրանով առաջ գնալու հնարավորություն է տալիս այդ մտածողությանը, տալիս է նրան գրվելու ցանկություն և վստահեցնում է ինքն իրեն սեփական գոյության մասին: Նա գիտակցում է, որ սա է ավտոմատիզմը` առանց ետ նայելու, առանց մտքի վրա կանգ առնելու, որ մտորի, թե որտեղ պետք է ասածը կապվելու շարահյուսանքի հետ: Միակ հնարավորը սա է, եթե չի ցանկանում այլևս հատվածական մտքերից, կարդացածից կամ թարգմանածից փոխ առած տրամաբանություններ կամ այլոց մտածողություններ ներառել այդ հոսքում, որքան էլ ուզում է մշակած կամ իր կողմից փորձված լինեն այդ մտածողություններում ծնված գաղափարները, դրանցից, դրանցով աշխարհի նկատմամբ ձևավորված իր վերաբերմունքը: Ադոնիսն այս ամենը համարում է ինքնին տրված: Այսքանն է տրվածը: Սրանից ավել էլ չի կարող լինել ոչինիչ: Եղածը ներկա է: Հնարելու պետք Ադոնիսը չունի: Գրելն ամենօրյա աշխատանք է: Լեզուն, բարբառը թրծել է պետք գրելով: Որքան խորն է այն տեղը, որտեղից սնվում է լեզուդ, այնքան հետաքրքիր է հետևել ծնվելու այդ պրոցեսին: Սակայն այդ պրոցեսն է, որ Ադոնիսին դարձնում է հետզհետե գոյականացող հայտնությունների նման երևույթների հաղորդակից: Սա արագորեն անդրադառնում է նրա ստեղծածում` առայժմ օրգանապես միմյանց չագուցվածը երկու-երեք խակ մտքերով իր գրածի բնույթի մասին եզրակացություն դարձնելու գայթակղանքով: Վերջին հաշվով նրա հպումը իրականին սա է, որ Ադոնիսը կարող է հետևել ինքնիրեն միայն այն տեղերում, որտեղ իր մտածողությունը թույլ է տալիս իրեն ներկա գտնվելու: Ադոնիսը չգիտի` ումից է կարելի անվերջ թաքնվել կամ ինչ ելքեր է կարելի քննել, իր անգործության հետևանքով սկիզբ առած գործողություններն ինչ-որ ձևով հանգուցալուծելու համար, ինչ մոտեցումներ կարելի է ընտրել հանգուցալուծելու հասարակ դիպվածը: Այսպես, թե այնպես, մեր ողջ կյանքն էլ, պարզ է` որոնողներ ենք: Այն ինչ որոնում ենք, հաստատ չէ: Եթե գիտենայինք մեր որոնածը, այլևս չէինք որոնի: Պլատոնը հավելում է, իսկ եթե չգիտենք, ապա ինչ որոնենք: Ադոնիսը որոնում է իրենը, իր տեղը գրականության մեջ: Մեծ հաշվով, սակայն, եթե ուզենար իսկապես տեսնել, կարող էր գետնին փնտրել: Ավելի լավ է, հանգիստ տա ինքն իրեն, այդ որոնումը մշտակա է, փոխարենը փիլիսոփայական կամ բարոյական ճշմարտություններ կքննի, դա դուր է նրան գալիս ավելի, այս անգամ ետ դառնալով ու փորձելով մեջբերումներ անել տեքստերից, ապացուցելու թերևս, որ ոչինչն էլ գոյություն չունի գոյում: Նա ինչ-որ տեղ հաջողեցնում է այս վերջին անհույս ձեռնարկումը, բայց հիմա անվստահ է. երևի հենց սկզբից էլ արվեստի նպատակը չպետք է լիներ գոյաբանական խնդիրներ քննելը, կամ էլ հենց սա է հարցերից ամենակարևորը, որ չի թողնում գրողին առաջ շարժվել իր գրածում: Կա՞մ, թե՞ չկամ: Եթե ունեմ գրելու կամք` կամ, եթե չունեմ` չկամ: Սրանից մի ժամանակ առաջ, վերջապես սկսում է պատմել, չի հիշում, այստեղից մեկնելուց առաջ էր, թե մեկնել՝ նորից հետ էր եկել, քայլում էին փողոցով: Կամուրջի վրայով են անցնում, գիշեր է: Ներքևում մթության մեջ տների լույսերն են ձորում: Լիգեային փեշերից վերելնող ծխի հոտը հիշեցնում է Իռլանդիան: Փայտ ու տորֆի հոտ է, երբ ճանապարհից հոգնած պառկեցին անասնագոմում քնելու: Ոչ մի հանգուցալուծում, սակայն Ադոնիսը խոսում է ասելով, թե շատ ժամանակ անտարբեր է. ամեն ինչ կա այնպես ինչպես տրված է:
Գրքում, համարյա անընդմեջ, ներկա է Ադոնիսի այդպես էլ հստակ ձև չառնող գրողի անէականությունը, բայց կարծես ու անսովոր կլիներ եթե սա էլ չլիներ: Ահռելի, աննկարագրելի է այն, ինչին փորձ է անում հպվել Ադոնիսով Օսվալդ Հոխենգշտայնը: Նրա մտքերը վերանում են վերսլաց, սփռում աներևութականություն, տարածվում չորս կողմը, ցրվում ու մասնատվում են միլիարդավոր թրթիռների: Թրթիռներից են ծնունդ առնում գոյություններ, իրեր` ծփանքով բազում գունազարդ, որոնց միջոցով է կրկին վեր գտնում իրեն ամբողջականը, և նրանց հետ առաջվա նեղ և սահմանափակ ներգրավվածությունից դուրս գալով, ենթարկվում է դրանցով ստեղծված նոր կամայականությանը: Որևէ դիրքում, որևէ շարժման մեջ ազատ, լայն ու շերտավոր տարածություններում նյութական ազդակի չենթարկվելով` Է -ն ծնում է բանը, անկանխատեսելի, նախօրոք հաշվի չառնված իրերի և պատկերների նմանությունները, նորովի է դիտել տալիս մեզ դրանց էությունները: Կարծես, ինչ-որ կետում պարպում է շարժունությունն իր վիրունի ընթացքը, կարծես ու դադար առնելու ժամանակն է, պետք է, որ սրանով էլ հանգուցալուծվի գոյականության սարսռուն ու հավերժ տրոփյունը առաջվա ու նախորդ իրավիճակների դեմ, բայց Ադոնիսը չի կամենում լքել մեզանով սարքված իր աշխարհը: Դրանից ավելի է սրվում հորինվածքի աուրական թափը և թնդալով պոռթկում ելման չհասած իր ներուժի հորդանքից: Վայրի զգացություն, որ սփռված է Ադոնիսի` մելանխոլիայի այդ միայնակ արկածախնդրի առջև` ըստ քմահաճույքի պատրաստ ընդվզելու ցանկացած պահի: Նրա ուղեկցուհին դեռ ժամանակ ունի, պատրաստ է քարանալու և սպասել տալու իրեն: Նե համոզված է` Ադոնիսի մութ երևակայությունը վաղը կիսկականանա:

2133 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>