ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ /ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅԳԻ

Հայաստանի ճանապարհների վրա, հատկապես ամենաբարձր տեղերից եմ զգացել Հայաստանը, երբ ոտքերիս մոտ ձոր է եղել. կանգնել եմ ձորի փորը մխրճված ժայռի գլխին: Միշտ մտածել եմ. էստեղից նայելուց հետո դժվար կլինի իջնելը, ներքևում լալահառաչ, ողբալաց, իշխանությունը պետության հետ շփոթողների, հայրենիքը փողի հետ փոխողների, խոսքից խոսք աճող ատելության մեջ ապրելը:

Հարց*- Այս իրավիճակում էլ ելք պիտի լինի: Փակ շրջանակը մենք ենք ստեղծել: Անհատները կարող են, ժողովուրդը չի կարող ելք չունենալ:
Պատ.- Շատ ես խոսում, շատ ենք խոսում՝ թերթերդ էլ, ռադիոդ էլ անվերջ խոսում են, հետո՞…
Հարց- Որովհետև բոլորս շատ ենք քաղաքականացված:
Պատ.- Էդ քաղաքականություն չէ, աղարտում-աղտոտում եք, քաղաքականությունը ձեր խելքի բա՞նն է:

Քաղաքականությունը ձեր խելքի բա՞նն է:
Քաղաքականությունը ձեր խելքի բա՞նն է… Հայաստանի ճանապարհների վրա շատ եմ ուզել հարցնել Վարպետի հարցը:

Հարց- Ո՞նց, որտե՞ղ կանգ առնենք, ի՞նչ անենք:
Պատ.- Չե՞ս հավակնում այն անասունը լինել, որ ուզում էր ավտոմատը ձեռքին ժամանակ կանգնեցնել, որ Ազգային ժողով մտավ ու իր կարծիքով ազգը սխալ ճանապարհով տանողներիդ գլխատեց: Էդ ի՞նչ հավակնոտություն է մտած ձեր մեջ՝ մի երկու կրակոցով հարց լուծել, երկիր փոխել: Ամեն սինլքոր տեղից վեր է կենում ու պատրաստ է երկիր կառավարել, ուզում է իր խոսքը ասել ժողովրդին:
Հարց-Դուք ինչո՞ւ եք լռում: Լռում եք, վեր են կենում, իրենց ասպարեզը բաց են տեսնում:
Պատ.- Խոսքի նկատմամբ հարգանք ունեմ, լռում եմ: Պարտք ունեմ, պատասխանատվություն ունեմ, լռում եմ…

Խոսքի նկատմամբ հարգանք ունեմ:
Խոսքի նկատմամբ հարգանք ունեցե՜ք… ՎԱՐՊԵՏորեն…

Հարց- Օրվա ամենակարևոր հարցը ո՞րն է:
Պատ.- Մի նյութ մի մարդու մասին՝ կոնկրետ հրապարակե՞լ ես: Ամենաշատը դրա պակասն ունենք:

Մի նյութ մի մարդու մասին:
Մի նյութ մի մարդու մասին… Հայաստանի ճանապարհների վրա զնգում է Վարպետի խոսքը:

Հ. Գ. 1
Հայաստանի ճանապարհներին արշավականներից մեկի ծանոթի տանը կանգ առավ արշավախումբը՝ ջուր վերցնելու: Տանտիրուհին հյուրասեր, սրտաբաց կին էր, ներս հրավիրեց: Պատուհանի տակ յասամանն էր ծաղկել, հո՜ չէր բուրում, հո՜ չէր փայլում… Հայրիկը ճանապարհորդներին թույլ տվեց մտնել այգի, յասաման քաղել: Արշավախմբի երեխեքը այգի լցվեցին: Տան դստրիկը նրանց ետևից դանդաղ գնաց: Կանգնեց նրանց մոտիկ: Լուռ: Աչքերը տագնապած հետևում էին յուրաքանչյուրի արարքին: Հյուրերը յասամանի ծառին չհասած՝ մայրիկի ծաղկանոցի մոտ կանգ առան: Սկզբում ծնկեցին, հոտ քաշեցին նարգիզներից, շուշաններից, բաժակկոտրուկներից, հազարվարդից ու վայրի մեխակներից: Հետո սկսեցին քաղել: Սկզբում դանդաղ հավաքում էին, հետո սկսեցին մարգերը տրորելով առաջ գնալ: Դստրիկը չդիմացավ.
-Առաջ մի՛ գնացեք, նոր ա ցանած:
Լսող չկար: Այգին արշավականներինն էր.
-Մաաա՜մ: Շուշաններդ քաղում են… Մի՛ պոկի, էդ հլը պուճուր ա,- քաշում էր դստրիկը մեկի շորերից:
Տնեցիք վերևում հացի սեղան էին գցում:
-Խնդրում եմ, մի՛ պոկեք: Թփից թուփ էր վազում դստրիկը:
Ծիծաղների ու այգու հոտի մեջ ՄԱՐԴ չէր մնացել: Ոմանք էլ տատիկի ցանած սամիթների, ռեհանների ու համեմների մարգերով էին քայլում:
-Պաաա՜պ, արի: Էդ վիշնյան հլը չի հասել, պա՛պ, արի, կոտրեցին ճյուղերը: Ձեռ մի՛ տվեք, պապայիս կասեմ:
Տան դստրիկը, գյուղի դստրիկը, հայրենիքի դստրիկը, այգում արցունքները մաքրելով, շուտ գլխի ընկավ, վազեց, յասամանի ծառի տակ կանգնեց:
Սիրում էր յասամանի ծառը. ինչ-որ ժամանակ, ինքը լավ հիշում էր այդ օրը, հոր հետ մի փոքր ճյուղ էր տնկել, հետո առավոտյան մոր հետ ջրել էր, բոլորից թաքուն գոմ էր մտել, փոքր թաթերով գոմաղբ էր բերել, լցրել շիվի շուրջը: Հետո ինքն ու եղբայրը դժվարությամբ, բայց իմանալով, որ պե՛տք է, ներքևի տերևները պոկել էին, որ ճյուղը բարձրանա, որ վերևներում ծառ ծաղկի, ավելի փարթամ, ավելի ուժեղ բուրի: Ինքն այդ ծառի հետ էր մեծացել, իրենց պատշգամբի տակ:
Արշավորդները մոտեցան յասամանի ծառին ու իրար գրկել-բարձրացնելով՝ վերևի ճյուղերով հանդերձ պոկեցին, ջարդեցին, ամեն մեկը մի փունջ գրկած, տուն բարձրացան, հացի սեղանի շուրջ նստեցին, գինի խմեցին, հեռացան:
Տան դստրիկը, գյուղի դստրիկը, հայրենիքի դստրիկը ծնկել էր ծառի տակ, հեծկլտալով խոսում էր… երևի ծառի հետ… Կամաց-կամաց դստրիկը, յասամանն ու ավերված այգին սկսում էին նմանվել իրար:

Հ. Գ. 2
Իսկ դստրիկի պապիկը երեխաներին խնդրել էր ձմեռվա կերած միրգ ու բանջարեղենի կորիզները հավաքել. մարտի մեկին անակնկալ ունի: Բալիկները ուրախացած, իրար հետ մրցելով, կորիզ էին հավաքում ու ուզում էին գուշակել պապիկի հանելուկը. երևի վզնոց կսարքե՞նք կամ թևնոց…
Մարտի մեկին պապիկը ուսապարկի մեջ պանիր դրեց, հաց, վարունգ ու կանաչի, երեխեքին վերցրեց, ճանապարհ ընկավ… Մինչև ուշ գիշեր պապը թոռնիկների հետ Հայաստանի ճանապարհներին կորիզ էր ցանում…

“““““““““
*Հրանտ Մաթևոսյան «Գրականության մարդկայնությունը» հարցազրույցից, «Հայաստանի Հանրապետություն», 25.07.2000 թ.:

1572 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>