ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ՄԱՆԵ

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Ծննդատան ճանապարհին, երբ ժամանակը դանդաղ էր, ու երբ այդ ժամանակին ճանաչում էի, գիտեի, ապրել էի իր հետ ինը ամիս, մայրս զանգում է: Լացում է՝ իմացիր, որ կողքիդ եմ: ՄԱՅՐՍ:
Ապրածս ամբողջ ժամանակն առանց մորս չեմ հիշում ու այդ ժամանակի մեջ մորս այդչափ ներած, այդչափ հուզված չեմ հիշում: Ինն ամիսների ընթացքում չէի զգացել ճանապարհը, որով գնում էի, մորս լացը կանխազգալ տվեց մի տարօրինակ իրավիճակ, թե չէ մայրս էդպես չէր լացի:

Հինգ կլոր ուժեղ լույսի տակ պառկած եմ. բժիշկները քչփորում են որովայնս, իսկ ես կասկածում եմ մահվան գոյությանը, որովհետև հենց այդ պահին էր, որ օվկիանոսների աստվածային խորությունը զգացի իմ ներսում, հենց որովայնիս մեջ: Հետո մտածում եմ, որ ծնվածները մահվանն են պատկանում, մտածում եկողների մահվան ու նրանց համառորեն ծնելու մասին… ու կարճ է տևում ուրախությունս: Վախը գալիս նստում է կրծքիս տակ, վախից դառնում եմ մոլեռանդ հավատացյալ, վախից բոլորին սիրում եմ՝ թիկունքում պահելով մեծ երազանքս:

Օվկիանոսի խորության մեջ մահն անելիք չունի. մտածում եմ:
Օվկիանոսն ու որովայնս ներդաշնակ ճոճում են լույսը, որն ուր որ է երևալու է:

Հիշում եմ մորս լացն ու հեծկլտում: Մայրս ճանաչում էր ցավը, որի միջով ԼՈՒՅՍ էր գալիս: Ցավի պատճառով էր լալիս: Մայրս իմ մայր դառնալն էր ճանաչում… Հինգ կլոր լույսերի տակ պառկած՝ մորս անասելի կարոտում եմ: Գիտեմ՝ հեռու մի տեղ, ինձ հետ սպասում է, որովհետև միակն է, ով որովայնիս ցավն իմ չափ զգում է, դրանից հետո եկած ունայնությունը՝ նույնպես:

ԼՈՒՅՍԸ կուրացնում է: Ու ես ոտաբոբիկ, ու ես մորեմերկ էլի ծնվում, դուրս եմ գալիս իմ միջից… Այս երազը բազմիցս տեսել եմ, հիմա իրականության մեջ եմ ինձնից դուրս գալիս… մորեմերկ ծնվողս լուռ է, սպասում է ճիչին, սպասում եմ, սպասում եմ, լուռ է, Աստված ջան, ծղրտա ճուտս, տուտուզին խփեք, արթնացրեք, անհայտներից եկածին սթափեցրեք, մի վայրկյանանոց լռությունը ապտակ էր, էն՝ ամբողջ կյանքն աչքերիդ առջևով անցնող ապտակից… Աստված ջան, էս ի՜նչ արեցի ես…

Ու ձայնը փոխեց իրականությունը. հինգ կլոր լույսերը միացան իրար, արև դարձան, տաքացնող, թրթռան արև, շերտավարգույրները՝ ուռենու ճյուղեր, ու ճյուղերի վրայով Թոմն ու Ջերին, Գայլն ու Նապաստակը, Միկի մաուսներն իջան, սկսեցին գրկախառնվել, թռչկոտել, իրար շնորհավորել, բժիշկների ձեռքերին նշտարները ծաղկեցին, շուրջս կանաչեց, ծաղկեց, հիվանդասենյակը լցվեց անուշ ծաղկահոտով, մահճակալը, որի վրա պառկած էի, ինձ հաճելի ճոճում էր մեր այգու ճոճաթոռի պես, ձագին կշռող բուժքույրերը թռչուններ դարձան, ու ճչոցի հետ սկսեցին դայլայլել՝ վա՜յ, անո՜ւշ բալիկ, սիրո՜ւն ձագ, էս ի՜նչ գոճի ես դու…
Սպիտակ լույսը կրծքիս դրեցին…
Հետո դանդա՜ղ, դանդա՜ղ կարեցին տիեզերք-որովայնս…
Ես հասկացա, զգացի, որ այսուհետ լույսի մեջ եմ ապրելու:

Դրանից հետո էր, որ հրեշտակներն իմ տանը քառասուն օր ապրեցին: Նրանց հետ խոսեց, ծիծաղեց, բարկացավ, լաց եղավ… Հրեշտակներն իսկապես գալիս էին. ես էլ էի ուրախանում, թռչկոտում, հուզվում…
Դրանից հետո տեսա, թե ինչպես են քնում հրեշտակներն ընդհանրապես:
Ու երբ հրեշտակը քնում էր, մի քիչ երկար էր քնում, մոռանում էի, ընկնում էի պատերազմների, փոթորիկների, ջրհեղեղների սարդոստայնը, հետո հիշում էի, որ օրորոցի մեջ մի մեծ, մեծ երջանկություն անուշ քնել, քնի մեջ ծիծաղում է…

Արթնանում է, ժամերով նայում եմ աչքերի մեջ, մտածում եմ, որ ես այլևս չեմ կարողանալու այսքան գեղեցիկ բանաստեղծություն հնարել, այսքան բովանդակ պատմվածք մտածել, այսքան մեծ վեպ գրել. միաժամանակ տխրում ու ուրախանում եմ…

2135 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>