ՊԱՏԵՐԱԶՄ ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ՉԿԵՏԱԴՐՎԱԾ ԿՅԱՆՔԵՐ

nazik

Պատերազմ առաջին. Կուկլա բաբո. կռիվը հաղթած, կյանքը տանուլ տված
Երևանից Արցախ վեց ժամվա ճանապարհ է: Ինձ պատերազմող խաղաղությունից վեց ժամ է բաժանում: Վարորդը ձեռքը տանում է գրպանը.
«Տասն օր առաջ մի ընտանիք էի Ղարաբաղ բերում: Հետները աղջիկ երեխա կար. ականջից է ընկել: Հիմա գրպանումս եմ պահում: Պիտի գտնեմ` վերադարձնեմ»,- ասում է միջին տարիքի տղամարդը` մատների արանքում կապույտ ծաղկե փոքր ականջօղը պտտելով:
«Իմոնք երեքն էլ տղա են, մեծը 13 տարեկան… 5 տարի հետո զինվոր պիտի դառնա: Մտածում եմ, ու սիրտս արդեն կտոր-կտոր է լինում»,- ասում է կողքին նստած կինը:
Դրանից հետո ճանապարհը լուռ ենք գնում:
«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»,- ասում է հայտնի ցուցանակը: Իսկ ես մտածում եմ` ազատ Արցախն այսօր երկու զոհ ունի, սահմանին անհանգիստ է: Ու թաքցնում եմ հայացքս կնոջից, ով երեք որդի ունի:
Շուշիում Եվգենիա Առստամյանին բոլորը գիտեն: Սպիտակ, ալեխառն, կարճ մազերի ու կնճիռների տակ քաղաքի ամենասիրուն կինն է ապրում. բաբոն, որին դեռ Կուկլա են ասում:
Մեծ, լուսավոր տան բոլոր դռները բաց են: Մի սենյակում փայտի վառարանն է, մյուսում` հեռուստացույցը: Խոհանոցում առանձին սեղանի վրա ծաղիկներն են, որոնք ծաղկում են տարին տասներկու ամիս: Ջանք ու ժամանակ չի խնայում: Սերն ամբողջությամբ ծաղիկներին է տալիս, սերը, որ զավակներին տալ չհասցրեց:
Մեծ, ընդարձակ տան մաքրությունն ապշեցնում է: Թվում է` հյուրերի է սպասել: Բացում է սպիտակեղենի պահարանը` նոր գուլպաներ հանելու: Սավանը սավանի վրա, կարով արդուկած, խնամքով ծալած: Բոլորը սպիտակ: Տակի դարակում գուլպաներն են` գույն-գույն հավաքած, իրար մեջ դարսած: Ոչ մի ավելորդ իր, ոչ մի խառնաշփոթ. ամեն ինչ հստակ է: Իր բաժին աշխարհը մաքուր պիտի լինի:
Կուկլա բաբոյի տունը լիքն է` մուրաբա, թխվածք, ընկույզ ու խնձոր: Մի հոգու համար ակնհայտ շատ է. «Ես շաքար ունեմ, քաղցր չեմ ուտում»,- ասում է բաբոն:
Մուրաբաները փակել է թոռների համար, գուցե այցի գան: Բայց, սովորաբար, բաժանում է հարևաններին: Հեռուստացույցի կողքին` փոքրիկ սեղանին, երկու լուսանկար է` մեկի վրա ինքն է 16 տարեկանում, անշպար ու սիրուն:
«Արմենս է: Փոքրս: Հաստ ոսկոր տղա է. աչքերի գույնը տես` ի՜նչ սիրուն է: Երկու տարի առաջ մահացավ»,- ասում է բաբոն` ցույց տալով մյուս լուսանկարը: Որդին ժպտում է, ավելի լայն, քան սովորաբար ժպտում են տապանաքարի նկարների մեջ:
«Բաբո, քեզ շատ էին սիրահարվո՞ւմ»,- հարցնում եմ ես, քանի դեռ կինը փոխում է հագուստը, հետն էլ` գուլպաներն ու հողաթափերը: Սիրում է, որ ամեն ինչ գեղեցիկ լինի:
«Չէ, ռիսկ չէին անում: Շատ կոպիտ էի: Սիրած տղա ունեի… ես էլ անսեր ամուսնացա, ինքն էլ: Մեր ճակատագիրն էր, ի՞նչ արած»,- պատմում է կինը:
Անսեր ամուսնությունից տիկին Եվգենիան երեք որդի ունեցավ: Երկրորդ զավակի ծնունդից հետո ամուսինը թողեց ընտանիքն ու գնաց արտասահման. վերադարձավ միայն 10 տարի անց: Երրորդ որդին ծնվեց ընտանիքը փրկելու համար:
«Այն ժամանակ դեմոկրատիա չկար: Իմ ամուսինն էր, իմ «խազեինը»: Արմենս ծնվեց եղբայրներից 11 տարի հետո: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս` մեծանում, իրենք իրենցով: Մեծ տղերքս պատերազմի հաշմանդամ են. երկուսն էլ մարտական վիրավորում ստացած: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Մեր ամուսնու մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում ես էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց»,- ասում է բաբոն` չոր լաթով մաքրելով լվացքի մեքենայի փոքրիկ դռնակը: Այդպես է անում ամեն լվացքից հետո, Արմենն է նվիրել, հանկարծ չփչանա:
1988 թվականից իրենից անկախ մասնակցեց պատերազմին. նամակներ ու հաղորդագրություններ էր տեղափոխում. ռուս զինվորականները չէին համարձակվում խուզարկել նրան: 1992 թ. երկու որդիներն արդեն կամավորագրվել էին` 13-14 տարեկանում, չորս եղբայրները՝ ևս:
«1992-ին կազմավորվեց մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի СВД (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսներս ավտոմատով էինք կռվում: Ես դիպուկահար էի: 1993-ի օգոստոսի 23-24-ի հին Կուբաթլույի մոտ գործողության էինք. այդ օրը աղջիկներից մի զոհ ունեցանք, երկու վիրավոր. մեկը ես էի»,- պատմում է կինը ու բարձրացնում շորի փեշը: Ծնկներից վերև անխնամ արված կարկատաններ են` մինչև կուրծքը:
Պատերազմը տիկին Եվգենիայից խլեց ամեն ինչ` երկու եղբայրների կյանքը, զավակների չտեսած մանկությունը, իր ջահելությունն ու սիրունությունը: Տվեց` երկու բեկոր` ճերմակ մարմնի մեջ, երկու թիկնակ` թևերի տակ ու մի մեդալ` արիության համար.
«Երեք օր գործողության էինք, երեք օր` տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Երեխեքս իրենք իրենցով մեծացան»,- ասում է տատը ու լաքապատ, երկար եղունգներով մատներն աննկատ տանում թխվածքաբլիթների տակ: Մի տոպրակ իր հավաքած բույսերից է լցնում` թեյի համար, մի կապոց` թխվածքաբլիթ ու կոնֆետ: Գիտի` զորամաս ենք գնալու հետո.
«Զինվորի բաժինն է. մի մար էլ ես եմ»,- ասում է տատը:

Պատերազմ երկրորդ. Նարինե. կռիվ են գնում երեխաները
«Բարև, մեռնեմ կյանքիդ, ես եմ, եկել եմ»,- ցածրաձայն հեռախոսի մեջ ասում է կողքիս նստած զինվորը: Իսկ ես մտածում եմ՝ «մեռնեմ կյանքիդ»… սխալ է:
Նայում եմ Նարինեին, պատերազմ գնացած այս փոքրամարմին, ժպտերես աղջկան: Դեռ երեխա է, բայց ինքն էլ գիտի՝ զինվորը պետք է ապրի, զինվորը պետք է տուն գա:
Զինվորի քույրն արագ մաքրում է աչքերը, հանկարծ եղբայրը չտեսնի, կբարկանա:
«Չլացես, արդեն եկել եմ»,- սաստում է տղան ու ձեռքն ուսին տանում, գրկում քրոջ գլուխը:
Մեքենան մեզ տանում է Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր: Այստեղ է ապրում Նարինե Վարդանյանը: Հակառակորդի դիրքերն անզեն աչքով են երևում: Ժամանակ առ ժամանակ մեքենան կանգնում է, զինվորն իջնում է, վառում ծխախոտը.
«Ինձ փոխարինելու եկած տղան այնքան փոքր էր, որ ՍՎԴ-ն հազիվ էր ուսին պահում»,- պատմում է զինվորը, իսկ քույրն արագ-արագ մաքրում է եղբոր մազերին թափվող ձյունը. արդեն չի լացում:
Ես նայում եմ Նարինեին ու պատկերացնում. ինչպե՞ս է ուսին СВД-ն կախել, հաստատ փողը ծնկից ցածր է եղել: Նա լուռ է. ինքն ու զինվորը նույն պատերազմն են անցել:
«Տե՛ս, սա բացառիկ մեքենա է: Երկու տանիք ունի. մեկը՝ հիմնական, մյուսը՝ ժամանակավոր: Հիմնականը ծակ է, սնարյադից: Ժամանակավորը ձյան ու անձրևի ժամանակ ենք դնում, որ ներսը չթրջվի: Հայրիկն այս մեքենայով գնում է խաղողի այգի բերքը հավաքելու: Դե, այգին էլ հենց ադրբեջանական դիրքերի տակ է. երևի բոլոր դիպուկահարները մեր մեքենան գիտեն՝ կարմիր, տանքին՝ մեծ անցք»,- ասում է Նարինեն, երբ արդեն գյուղում ենք:
Ապրիլյան պատերազմը հոր ծննդյան օրը սկսվեց: Սիմվոլիզմ չկա, ուղղակի պատերազմը ժառանգական է դարձել: Հենց այդ օրն էլ տանն ասաց, որ «Արծիվ» մահապարտների հետ կամավոր գնում է Արցախ:
«Այս պատերազմը ծորակի նման է, որ պինդ չեն փակել՝ կաթ-կաթ-կաթ… սպառվում ենք, հասկանո՞ւմ ես, վերջանում ենք: Վատ բան է պատերազմը, սխալ բան: Պատերազմներից հետ չեն գալիս, պատերազմները խեղում են բոլորի ճակատագրերը: Արցախում հանդիպածս մարդկանցից երևի միայն երկուսն էին, որ լավ ընտանիք ունեին, երջանիկ էին, մյուսներին կյանքը ոտնատակ էր տվել»,- ասում է Նարինեն:
Փոքր սենյակում փայտի վառարանի վրա եռում է մասուրի թեյը, հեռուստացույցով ֆիլմ է՝ կյանքի ու կռվի մասին: Նարինեն ֆիլմն է նայում, ես՝ իրեն: Պատերազմի, մահվան դրվագների ժամանակ աչքերը լցնում է, ուսերն անկանոն վեր ու վար են լինում, բարակ մատներն աչքերին է տանում: Երբ ֆիլմում խոսում են սիրո մասին, ժպտում է: Նա հաղթել է իր բաժին պատերազմը. նա ատել չգիտի:
«Սահմանի տարբեր կողմերում մենք իրար գիտենք միայն գրքերից. հիշում եմ՝ փոքր ժամանակ ինձ թվում էր, որ թուրքը ինչ-որ վախենալու էակ է, ոչ մարդ: Վստահ եմ՝ նույնն էլ սահմանից այն կողմ է: Հենց հասկանանք, որ մեր առաջ միս ու արյունից, մեր նման, նման երազանքներով, նման վախերով մարդիկ են կանգնած, գուցե ինչ-որ բան փոխվի: Գիտե՞ս, ապրիլին մի անգամ կրակեցի իրենց դիրքերի վրա, ուրախ եմ, որ գիշեր էր, հաստատ վրիպել եմ»,- ասում է երեխան, որ պատերազմ էր գնացել:
Ննջասենյակի պատուհանից համարյա լույս չի ընկնում. հայրիկն է փակել կիսով չափ: Մի մեծ քար ու մի տախտակ: Այս պատուհանը պարզ երևում է հակառակորդի դիրքերից: Մի քանի անգամ դիպուկահար կրակ է եղել, մի փամփուշտը դեռ պատուհանափեղկի մեջ է: Նարինեն մահճակալի դիրքը չի փոխում.
«Երկու տարի առաջ՝ օգոստոսին, երբ սահմանին ահավոր լարված էր, մարդիկ փորձում էին իրենց երեխաներին գոնե ապահով պատսպարել: Կրակում էին անդադար, գիշեր-ցերեկ: Մերոնք չկարողացան ինձ տանից դուրս հանել: Միայն մի անգամ պապիս տուն տարան՝ մեր տնից մի 50 մետր հեռու: Ես գիտեի՝ եթե այդ պահին տնից դուրս գամ, հետ չեմ կարողանա գալ: Կամաչեմ: Գալիս էի, վառում այս սենյակի լույսը, որ հրացանի անցքից նայողը հաստատ իմանա՝ ես տանն եմ ու չեմ գնալու,- ասում է նա՝ հոտոտելով անկողնու սպիտակեղենը: Մոր լվացածն է, տան հոտով…- Իսկ երբ սնարյադով խփեցին, դուրս վազեցի, տեսնեմ՝ հո չինարիներին բան չի եղե՞լ: Մաման կանչում էր հետևիցս, իսկ ես ծառերի մասին էի մտածում: Դրանցից մեկի բունն այնքան մեծ է, որ փոքր ժամանակ մեջը պահմտոցի էինք խաղում, իսկ հարևան տատերից մեկը կեղևի մեջ մոմ էր վառում, եկեղեցու պես»:
«Նար, պատկերացնո՞ւմ ես խաղաղությունը»,- հարցնում եմ ես:
«Խաղաղությո՞ւնը: Այսօր չկրակեցին, ուրեմն խաղաղ է: Մի օր անկրակ, անզոհ… մեր իմացած կիսատ խաղաղությունն է սա,- ասում է նա,- բանակցություններին սահմանին ապրողները հետևում են միայն մի պատճառով. գիտեն՝ այդ օրերին իրենց տները կրակի տակ են լինելու… Տարածքները, որոնց մասին խոսում են, սանտիմետրեր չեն միայն, դա ինչ-որ մեկի տունն է, ինչ-որ մեկի համար թանկ գերեզմանը, ինչ-որ մեկի ապագան, ինչ-որ մեկի կյանքը… Քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր դիրքերը միշտ իրար դիմաց են լինելու: Ես միայն գիտեմ՝ խաղաղություն եմ ուզում, ուզում եմ մի օր արթնանալ առանց վախի, վախի, որ ինչ-որ բան կորցրած եմ արթնանալու»:
Առավոտյան տաք թեյի ու ծիբուլի (խորոված կարտոֆիլի) հոտին է խառնվում Նարինեի ժպիտը: Դասընկերուհին աղջիկ է ունեցել: Հիմա Նարինեի համար խաղաղությունն ավելի կարևոր է՝ եկեղեցի դարձած չինարի ու նորածին երեխայի չափ:

Պատերազմ վերջին կամ խաղաղություն. Եվա առաջինը
Եվան առաջինն էր կանանց մեջ ու Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում: Երկու տարի առաջ վարժարանում առաջին ընդունելությունն էր աղջիկների համար: Եվա Ղազարյանը երեք ընդունվողներից մեկն էր:
12-րդ դասարանում Եվան միակն է: Կանաչ-բաց դարչնագույն դաշտային հագուստի ֆոնին կանգնած է հպարտ` մի հատիկը, սև, տոնական շինելով, երկար մազերը ծոծրակին փունջ արած: Գլխարկը ճիշտ չափի է, շինելը երկար է թևքերի մասում ու մի քիչ էլ լայն:
«Պստիկ զինվորը»,- մտածում եմ ես:
Ժպտում է սիրուն: Դասակի տղաների հպարտությունն է:
«Վարժարան ընդունվելու մասին երկար չեմ մտածել: Հստակ գիտեի` ուզում եմ ռազմական իրավաբան դառնալ: Հետո պարզվեց, որ այդ գծով բարձրագույն ռազմական կրթություն դեռևս չեմ կարող ստանալ. ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում այդ մասնագիտությամբ դեռ ընդունելություն չկա աղջիկների համար: Ստիպված եմ ՀՕՊ-ն ընտրել»,- ասում է աղջիկը:
Եվան միակն է վարժարանի 11 աղջիկ սաներից, ում ընտանիքը դեմ չէր դստեր ընտրությանը: Հայրը, քեռիները… բոլորը զինվոր են:
«Ես խաղաղություն չեմ տեսել: Մենք սահմանի վրա ենք. մի օր լավ, մի օր վատ… Մեզ համար «առաջին աստիճանի մարտական պատրաստության» ռեժիմը երբեք չի դադարում: Դա էլ մեր կյանքն է, ի՞նչ կարող ենք անել: Թիկունքում էլ ուժեղ ու խելացի մարդիկ են պետք, որոշում կայացնողներ, ցուցումներ տվող: Թիկունքը պետք է պինդ լինի»,- ասում է նա, իսկ ես մտածում եմ` «միայն թե թիկունքից առաջ չգնաս, անուշս, առաջ չգնաս»:
«Չես սիրահարվո՞ւմ: Տես, ինչ սիրուն են դասընկերներդ»,- կատակում եմ ես:
«Չէ,- ժպտում է ամաչկոտ,- սիրահարվելու ժամանակ չկա: Սովորել է պետք»,- ասում է Եվան:
Դեռ նոր-նոր սափրվել սկսած տղաների հետ շարքով մտնում է ճաշարան, նստում սեղանի ծայրին: Դասընկերները գիտեն` Եվան սոխ չի ուտում: Աղցանի միջից հանում են սոխի մանր կտորներն ու հետո միայն փոխանցում ափսեն:
«Ուրախ են երեխեքը»,- ասում եմ սպաներից մեկին:
«Թող ուրախ լինեն, շատ ուրախ լինեն, քանի դեռ կարող են: Ուրախ են, որովհետև չեն պատկերացնում՝ պատերազմն իրենց էլ է հասնելու մի օր: Նայում ու մտածում եմ` քանիսը հետ կգան, քանիսը մարդ կսպանեն, քանիսի կյանքը կխեղվի պատերազմից: Թող ուրախ լինեն»,- կրկնում է սպան:
Հանգստի ժամին փոքրիկ սենյակում երկհարկանի մահճակալների արանքում ոչ զինվորական եռուզեռ է: Աղջիկներից մեկը մյուսի մազերն է հյուսում, երրորդը դասագրքերն է պատրաստում ստուգման, մեկ ուրիշն էլ հեռախոսով երգեր է միացնում: Կրկնվող երկու երգ անընդհատ հաջորդում են իրար:
«Ուրիշ երգեր չունե՞ք»,- հարցնում եմ ես:
«Ունենք, ուղղակի սրանք սիրո մասին են»,- ասում են նրանք:
Եվան դասավորում է հաստ թղթապանակի մեջ խնամքով հավաքված պատվոգրերը. մեկը լավ երգելու համար է, մյուսը` սպորտային ձեռքբերումների: Տոնական համազգեստով պառկել չեն ուզում, շուտ է ճմռթվում: Բայց հոգնածությունն իրենն անում է. իրար կիպ կպած նստում են մահճակալներից մեկին ու սկսում երգել:
Երեկոյան հագնում է տաք վերնազգեստն ու դուրս գալիս վարժարանից: Ավտոբուսը կանգնում է ճիշտ դիմացը: Զինվորական համազգեստով փոքրիկ աղջկան արդեն սովոր են: Սկզբում էին տարօրինակ դիտում: Եվս մի քանի րոպե և արդեն տանն է:
Արագ մտնում է լոգասենյակ ու արդեն տնային հագուստով նստում սեղանի ծայրին: Սովորաբար ընթրում են մոր, տատի ու քրոջ հետ: Հայրը դեռ սահմանին է:
Ընտանեկան հին ալբոմների մեջ Եվայի մանկությունն է ու մոր երիտասարդությունը: Նկարների վրա երեքով են` մոր ու քրոջ հետ: Հոր անձնագրի փոքր նկարը հետո է սոսնձվել դրանցից մեկի վրա՝ իրենց կողքին:
«Պապան տանը քիչ էր լինում. կա՛մ սահմանին էր, կա՛մ Ռուսաստանում աշխատում էր: Շատ էի կարոտում»,- ասում է Եվան` փորձելով հարցիցս առաջ ընկնել:
Տան դուռը բացվում է. Եվայի հայրն է, մեկ օրով է եկել դիրքերից: Բարևում է բոլորին` զուսպ, զինվորական ողջույնի նման ու միայն Եվային սեղմում թևերի մեջ: Ոչինչ չեն ասում իրար: Ամեն ինչ պարզ է:
«Եվա, ինչի՞ համար ես սովորում. պատերազմի՞»,- հարցնում եմ ես:
«Պատրաստ լինելու… ու հույսով, որ սովորածս պետք չի գա գործնականում: Ես պատերազմ չեմ ուզում, բայց այս հարցը չի լուծվում արդեն 23 տարի: Այս պատերազմն ինձանից մեծ է»,- ասում է Եվան ու նորից ժպտում. դռան ապակուց այն կողմ հոր ուրվագիծն է: Այսօր իրենց տանը հրադադար է` մինչև առավոտյան ժամը 6:00-ն, երբ պատերազմը հորը նորից դիրքեր կտանի, իրեն` ռազմական վարժարան` խաղաղության համար սովորելու:

Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի

57 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>