ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍՔԻՆԴ / Խորության փնտրտուք

Շտուտգարտցի մի երիտասարդ կնոջը, ով նաև լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով քաջալերել նրան նրա առաջին ցուցահանդեսին, ասաց.
– Դուք տաղանդավոր եք և այն, ինչ անում եք, շատ հաճելի է, սակայն դեռ բավարար խորություն չունեք:
Երիտասարդ կինը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ քննադատը և շուտով մոռացավ նրա ասածը: Սակայն մեկ օր անց թերթում հայտնվեց նույն այդ քննադատի գրախոսականը, որում ասված էր. «Երիտասարդ նկարչուհին ահագին շնորհալի է և նրա աշխատանքներն առաջին հայացքից բավականին գրավիչ են: Ցավոք, դրանք բավարար խորություն չունեն»:
Երիտասարդ կինը մտքերի մեջ ընկավ: Սկսեց ավելի ուշադիր նայել իր նկարները և փորփրել հին թղթապանակները: Վերանայեց բոլոր նկարները և նաև նրանց, որոնց վրա աշխատում էր այդ պահին: Հետո պինդ ձգեց տուշի տարաների կափարիչները, մաքրեց գրիչները և դուրս եկավ մաքուր օդ շնչելու:
Այդ երեկո նա տեղ էր հրավիրված: Մարդիկ կարծես անգիր էին արել քննադատությունն ու անընդհատ խոսում էին նկարչուհու տաղանդի և նրա նկարների՝ միանգամից աչքի ընկնող գրավչության մասին: Բայց, լարելով լսողությունը, թաքուն շշուկներից և մեջքով կանգնածների զրույցներից երիտասարդ կինը կարողացավ լսել.
– Խորություն չունի: Ահա թե ինչ: Տաղանդ ունի, իսկ խորություն, ցավոք՝ ոչ:
Հաջորդ ամբողջ շաբաթը երիտասարդ կինը ոչինչ չնկարեց: Նա սուսուփուս նստել էր տանը՝ մտազբաղ, և նրա գլխում աննահանջ պտտվում էր մեն-միակ մի միտք, որ, ասես մի ծովահրեշ, կլանում ու կուլ էր տալիս մնացած բոլոր մտքերը. Ինչո՞ւ ես խորություն չունեմ»:
Երկրորդ շաբաթվա մեջ կինը կրկին փորձեց նկարել, սակայն անփույթ ուրվագծերից բացի ոչինչ չստացվեց: Երբեմն նույնիսկ փոքր շտրիխը չէր ստացվում:
Վերջում այնպես էր դողում, որ այլևս չէր կարողանում գրիչը թանաքամանի մեջ թաթախել: Նա սկսեց լացել ու գոռալ.
– Այո, ամեն ինչ հենց այդպես է՝ ես խորություն չունեմ:
Երրորդ շաբաթվա ընթացքում նա սկսեց աչքի անցկացնել արվեստի մասին հատորյակներ, ուսումնասիրել այլ նկարիչների աշխատանքները, հետևողականորեն այցելել պատկերասրահներ ու թանգարաններ: Նա կարդում էր կերպարվեստի տեսության գրքեր: Գրախանութում վաճառողից խնդրեց այնտեղ եղած ամենախորիմաստ գիրքը: Նրան տվեցին ոմն Վիտգենշտեյնի աշխատությունը, սակայն այն ոչ մի բանի պիտանի չեղավ:
Քաղաքային թանգարանում կազմակերպված «Եվրոպական արվեստի 500-ամյակը» ցուցահանդեսին նա միացավ դպրոցական մի խմբի, որը գեղարվեստական դաստիարակության դասախոսի ուղեկցությամբ շրջում էր սրահներով: Լեոնադրո դա Վինչիի նկարներից մեկի մոտ նա հանկարծ առաջ եկավ և հարցրեց.
– Ներեցեք, չէ՞իք ասի, այս նկարում խորություն կա՞ թե՞ ոչ:
Դասախոսը քմծիծաղեց նրա երեսին և ասաց.
– Եթե ինձ հետ կատակել եք ուզում, հարգելիս, ապա լավ կլինի առավոտ շուտ զարթնեք:
Եվ դասարանը լիաթոք ծիծաղեց: Իսկ երիտասարդ կինը գնաց տուն ու դառն արցունք թափեց:
Երիտասարդ կինը գնալով ավելի տարօրինակ էր դառնում: Նա իր արվեստանոցից համարյա դուրս չէր գալիս և միևնույնն է՝ չէր կարողանում աշխատել: Նա դեղահաբեր էր ընդունում ավելի երկար արթուն մնալու համար, սակայն չէր հասկանում, թե ինչու պետք է ավելի երկար արթուն մնալ: Եվ երբ հոգնում էր, քնում էր հենց աթոռին նստած, քանի որ խորը քուն մտնելու վախից խուսափում էր պառկել մահճակալին: Նաև սկսեց խմել ու ամբողջ գիշեր լույսը վառած էր թողնում: Նա այլևս չէր նկարում: Երբ Բեռլինից մի հնավաճառ զանգեց նրան և խնդրեց իր համար մի քանի ուրվանկար անել, նա խոսափողի մեջ բղավեց.
– Ինձ հանգիստ թողեք: Ես խորություն չունեմ:
Ժամանակ առ ժամանակ նա պլաստիլինից ինչ-որ բան էր պատրաստում, թերևս դատարկ բաներ, ոչ մի որոշակի բան: Նա միայն մատների ծայրերն էր խրում պլաստիլինի մեջ կամ դրանից փոքրիկ գնդեր էր պատրաստում: Իր արտաքինին էլ այլևս չէր հետևում, չէր հետևում հագուկապին և բնակարանը կարգի չէր բերում:
Նրա ընկերներն անհանգստանում էին: Նրանք ասում էին. նրան օգնել է պետք, նա հիմա ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամը կամ մարդկային առումով է կամ՝ ստեղծագործական: Կամ էլ՝ ֆինանսական ճգնաժամ է: Առաջին դեպքում մենք ոչինչ չենք կարող անել, երկրորդը նա ինքնուրույն պիտի հաղթահարի, իսկ երրորդ դեպքում կարող ենք դրամահավաք կազմակերպել, սակայն՝ նրան դուր չի գա:
Եվ այդպես, ընկերները սահմանափակվեցին նրան տարբեր ճաշկերույթների կամ երեկույթների հրավիրելով: Նա միշտ հրաժարվում էր, պատճառաբանելով, թե շատ գործ ունի: Սակայն ընդհանրապես չէր աշխատում, այլ իր սենյակում նստած՝ սառած հայացքով պլաստիլին էր ճմռում:
Մի անգամ նա այնպիսի հուսալքված վիճակում էր, որ այնուամենայնիվ ընդունեց մի հրավեր: Մի երիտասարդ տղամարդ, որին ինքը դուր էր գալիս, երեկոյի ավարտին ցանկացավ նրան տուն ուղեկցել, որպեսզի գիշերի նրա տանը՝ հայտնի նպատակով: Կինն ասաց, որ նա կարող է ուղեկցել իրեն, քանի որ նա իրեն դուր է գալիս: Ճիշտ է, նա թերևս պետք է պատրաստ լինի, որ ինքը խորություն չունի: Այդ լսելով՝ երիտասարդը որոշեց ձեռնպահ մնալ իր մտադրությունից:
Երիտասարդ կինը, որ մի ժամանակ լավ էր նկարում, այժմ անկում էր ապրում ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Նա այլևս ոչ մի տեղ չէր գնում, այլևս հյուր չէր ընդունում, քիչ շարժվելու հետևանքով գիրացել էր, ալկոհոլից և դեղահաբերից ծերանում էր անհավանական արագությամբ: Նրա բնակարանն սկսեց փտել, իսկ նրանից բորբոսի հոտ էր գալիս:
Ժամանակին նա երեսուն հազար մարկ էր ժառանգություն ստացել: Այդ գումարով երեք տարի ապրեց: Այդ ընթացքում մեկ անգամ ճամփորդեց Նեապոլ, ոչ մեկը չգիտի, թե ինչպես: Նրա հետ զրույցի բռնվողը միայն անհասկանալի բարբաջանք էր լսում ի պատասխան:
Երբ գումարը վերջացավ, կինը կտրատեց ու ծակծկոտեց իր բոլոր նկարները, բարձրացավ հեռուստատեսային աշտարակ և ցած նետվեց հարյուր երեսունինը մետր բարձրությունից: Բայց քանի որ այդ օրն ուժեղ քամի էր, նա ընկավ ոչ թե աշտարակի դիմացի հրապարակի ասֆալտին, այլ քամին նրան վարսակի դաշտով քշեց-տարավ անտառի ծայրը և շպրտեց եղևնիների գագաթին: Չնայաց դրան, նա տեղում մահացավ:
Բուլվարային մամուլը երախտագիտությամբ յուրացրեց այդ դեպքը: Ինքնասպանությունն ինքնին, թռիչքի յուրատիպ հետագիծը, փաստը, որ խոսքը երբեմնի մեծ հույսեր ներշնչող և դրա հետ մեկտեղ՝ գրավիչ արտաքինով նկարչուհու մասին էր, այս ամենը մեծ տեղեկատվական արժեք էր ներկայացնում: Նրա բնակարանն այնպիսի աղետալի վիճակում էր, որ լուսանկարիչները հաջողացրին մի քանի գեղարվեստական կադր անել. հազարավոր դատարկված շշեր, ամենուրեք՝ ավերածության հետքեր, պատառոտված նկարներ, պատերին՝ պլաստիլինի գնդեր և նույնիսկ արտաթորանքի հետքեր՝ սենյակի անկյուններում: Թերթը մեկ անգամ ևս ծավալվեց և երրորդ էջում ևս մեկ հաղորդագություն տպագրեց:
Գրական հավելվածում տեղադրվեց սկզբում նշված քննադատի ակնարկը, որում նա իր լիակատար մտահոգությունն էր արտահայտում, որ երիտասարդ կինը նման սարսափելի ձևով իր կյանքին վերջ տվեց: «Կրկին և կրկին,- գրում էր նա,- մեր՝ ապրողներիս գլխին է թափվում այն սարսափելի պատահարը, երբ ակամա ականատեսն ենք դառնում, թե ինչպես երիտասարդ տաղանդավոր մարդն իր մեջ ուժ չի գտնում հաստատվելու իր միջավայրում: Միայն պետական աջակցությունն ու մասնավոր նախաձեռնությունը, ակնհայտորեն, բավարար չեն, երբ խոսքն առաջին հերթին մադկային հոգածության և գեղարվեստական սեկտորում խելամիտ ստեղծագործական աջակցության մասին է: Ճիշտ է, այստեղ հարկ է նշել, որ նման ողբերգական վախճանի սաղմը տվյալ դեպքում, ավելի շուտ, այնուամենայնիվ անհատականի մեջ էր: Քանզի նրա առաջին, դեռևս պարզունակ թվացող աշխատանքներից արդյո՞ք արդեն մեզ չի նայում վախեցնող այն երկատվածությունը, որն արդեն երևում է ինքնատիպ, հատուկ նման ազդեցության հասնելուն ուղղված՝ երանգներ խառնելու տեխնիկայից, այն ներս շրջված, զսպանակաձև կրծոտող-մխրճվող, և միաժամանակ մինչև սահմանը հույզերով հագեցած, սակայն արարող-ստեղծագործողի՝ իր սեփական մութ «ես»- ի դեմ ապարդյուն բողոքը: Խորության՝ կործանող, համարյա ուզում եմ ասել, անողոք այդ փնտրտուքը»:

Ռուսերենից թարգմանեց՝ Լիլիթ Ալեքսանյանը

25 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>