Պետ-ական-ություն / ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

syune

«Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում՝ նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

Վարդանի համար շինտարածքից մեշոկով ցեմենտ գողանալը դարձել էր աշխատանք, բուն շինարարությունը՝ հոբբի: Ամիսը մեկ-երկու անգամ խղճի հետ ընթրելիս ասում էր՝ ամենաքիչը ես եմ տանում, տարածս էլ ցեմենտ է, հլը դու նայի՝ ուրիշներն ինչեր են գողանում, բա ի՞նչ անեմ, հանձնում եմ, ընտանիք եմ պահում: Ընտանիք պահելու մեջ վատ բան կա՞, չկա: Դե վերջ:
Եթե սահմանված բաժնից շատ ցեմենտ էր թռցնում, ասում էր՝ պետությունն է մեղավոր, որ էս օրին եմ հասել: Թող մեզ լավ նայեր, մենք էլ նման քայլեր չանեինք: Թող բյուջե տար (կոնկրետ չէր հասկանում՝ ինչ է դա, հեռուստացույցի էն կինն ասել էր, ինքն էլ կրկնում էր), մարդավարի ապրեինք: Բա ես սենց կյանքի՞ եմ արժանի: Թող պետությունը լավ գործ տար՝ աշխատեի:
Մայրն ուսմասվարի առաջ երեկոները պարբերաբար ու շատ երկիմաստ չոքելով մի կերպ ատեստատ վաստակեց Վարդանի համար: Պրոֆտեխուսումնարանում գրազով միզել էր լսարանի անկյունում, ընկերը տնօրենի սենյակում անունը ցածրաձայն, բայց հստակ արտաբերելով հանձնեց հեռացման թղթերին: Շինջոկատ մտավ: Հարևան աղջիկ ունեին, հետը զույգվեց, երկու տղա արտանետեցին աշխարհ:

«Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

Մեշոկները լցնում էր, ոտքերի վրա ամուր կանգնելով՝ գլուխը բարձրացնում խարխլվող շինության դեմքին, նիհարած հիմքերին ասում՝ պետությունն է մեղավոր, թող մեզ լավ կյանք տար, ինչո՞վ եմ էս շենքի տիրոջից պակաս, էդ ինչի՞ ինքը պիտի լավ ապրի, ես՝ չէ:
Մի տարի առաջ հավեր ունեին: Խմած եկավ, մորթեց, թափեց շների առաջ: Կնոջ մղկտոցը լռեցրեց ցախի հարվածով: Կինն ի պատասխան թաքուն ծախեց Վարդանի հորից մնացած ժամացույցը: Ասաց՝ գողացել են, ուրիշները նույնպես վատ են ապրում: Հայրենիքը թող հոգատար լիներ, չգողանային: Անթարթ ասաց, հայրենիքի հոգեառի վստահությամբ, ու Վարդանը հավատաց:
Մի օր շուտ տուն եկավ, տեսավ՝ երեխաները բակում խաղում են. ութ տարեկան տղան վեց տարեկան եղբորն ասում է. «Ես պապան եմ, դու՝ բ-ի տղեն, անունը տենց ա Գարո ձյայի, մաման ա ասում: Հիմա էս ցելոֆանների մեջ հող կլցնեմ, կբերեմ քեզ, կհանձնեմ, դու վեկալում ու ինձ ասում ես՝ խի՞ ես տենց քիչ բերել, այ համբալ, չեմ ասե՞լ չորս մեշոկ կհավաքես, նոր կերևաս: Դե ռադ էլի, կհավաքես, կգաս»: Տեսածից հետո կնոջ հետ խոսելիս սենյակի դուռը սկսեց փակել, որ երեխաներն էլ չլսեն: Խղճի հոգեհացին արդեն բացատրեց՝ ինչու. թող չմտածեն, թե շենքերի վրա միայն ցեմենտն է տանելու բան, էս աշխարհում մենակ գաջը չի, պանելները չեն: Բայց դե ո՞վ է մեղավոր, որ ես ցեմենտի գող եմ:
Ճիշտ է, պետությունը:

«Մենք սիրում ենք շեշտել, որ հայերը հին ու հզոր մշակույթի ժառանգորդներ են, և դա ճիշտ է: Բայց փաստ է նաև այն, որ ներկա Հայաստանում շատ բան անկատար է»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

Երեխաները ծանրակշիռ գողեր չդարձան, որովհետև ցեմենտի մեջ ու համար են մեծացել: Մեկի բախտը բերեց, քրտնած թևատակերին փողկապ էր հարմարեցնում, որը հետո օգտագործում էր չորս օրական կարկանդակի ձեթը վատ սափրած դեմքից մաքրելու համար: Տան բազմոցը իրեն նվիրեցին՝ երբ կնոջ հետ զույգվում էր՝ երեխաներ արտանետելու որոշմամբ. փողկապավոր հետույքները չոր տեղ նստելու սովոր չեն: Վարդանն էլ սպիտակել էր, մազերի պես խամրած, բայց վատ արդուկած վերնաշապիկներ էր հագնում, որդու՝ իր կողմ շպրտած ու թոշակից մնացած կոպեկները հաշվում ու հեռուստացույցին կյանք սովորեցնում. «Քանդեցին հայրենիքս, էսքան աշխատես ու ոչ մի բանի չհասնես, լափեցին, կերան, ժողովուրդս սոված սատկում ա, էս ինչ երկիր ա: Թալանեցին պոռնիկները»:
Ու ոչ մի գողացած ցեմենտի տոպրակ չկարողացավ ասել, որ Վարդան, ցեմենտ ու հողակտոր այլոց հանձնելու, ուրիշի բաժին նպաստը կամ կոշիկը թռցնելու մեջ տարբերություն չկա: Ինքդ քեզ մի հայհոյիր, մեջքդ կցավի, դեռ շատերի առաջ պիտի կռանաս ու չոքես, քոնը դա է: Ու պետությունը մեղավոր չէ:

«Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Հավատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

«Ես իմ հորից բախտավոր եմ, ազատ երկրում եմ ծերանալու»,- մտածում էին Վարդանի երկու տղաները՝ մեկը փողկապավոր, մյուսն՝ անփողկապ, բայց էլի ձեթը հագուստով մաքրող: Օր օրի ծերանում էին, բայց ֆինանսական ու բարոյական ազատություն չէին ստանում: Աչքները լայն-լայն չռում էին շորորացող Հանրապետության վրա ու ճպճպացնում. ինչո՞ւ ոչինչ չի ստացվում, կարծես թե՝ ամեն բան ճիշտ են անում: Քծնում են, շողոքորթում են, կռանում են, թե պետք լինի՝ կզում են, բայց ավելի շատ գողանալ չեն կարողանում: Ազատությունը կա, պետականությունը՝ հետը, բայց երկուսի ներկայությունն էլ իրենց համար շահավետ չէ:
Փողկապավորը հերթական օրը գլորելիս որոշեց զբաղվել նրանով, ինչով հարմար է զբաղվել բազմոցին փռված՝ կնոջը հայհոյելով հրամաններ տալու և հեռուստացույցի ալիքները թերթելու արանքներում.պետությունը փրկել: Թե չէ էսպես հնարավոր չի, կերակրատաշտը կա, բայցմոտ չեն թողնում: Եթե իր արածներից փոփոխություն չկա, ուրեմն՝ հայրենիքի հետ մի բան այն չէ: Չէ, ինքը հո չի՞ բողոքում, որ երկրում անարդարություն և թալան է, ներսի անհնազանդության պատճառը անարդարությունն է, որն իրեն չի շրջանցում, իսկ լավ գողոնը՝ հակառակը՝ շրջանցում: Բայց եթե այսքան երկար պայքարել ենք պետականության համար, ուրեմն՝ շատ անհրաժեշտ է մեզ: Այն, ինչ անհրաժեշտ է, պիտի հիմնավորում ունենա, հիմնավորումն էլ՝ բացատրություն:
»Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ՝ ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել՝ անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի՝ օգնության կարիք էլ եմ ունեցել և ունեմ»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

Փորը քորեց, հայրենանվեր հորանջեց.պետ-ական-ություն: Անունը հուշում է, որ նախ, պիտի պետ լինես՝ «կառավարիչ» իմաստվ: Դե հա, ով կառավարում է, նրա գործերն էլ լավ են: Հաջորդը, «ական»… Դե, հա, պիտի սարսափեն քեզնից՝ ինչպես զինամթերքից են վախենում: Ու հենց քեզ տրորեն, պիտի պայթես՝ ոչնչացնելով բոլորին: «Ությունն» էլ դե ինչ, եթե պետ ու ական չես, ուրեմն հասարակ մի վերջածանց ես՝ անպիտան, անհասկանալի, անգամ բացատրություն չի ստացվում հորինել:
Հոգնեց հայրենիքի փրկության հարցերով զբաղվելուց. ում ընտրել են, թող նրանք էլ զբաղվեն, այս կյանքում ամեն ոք պետք է իր տեղում լինի: Ծածկոցը վրա քաշեց, խռռացրեց: Հեռուստացույցն անջատվեց, ու հայրենիքը բազմանշանակ լռեց ձեթոտ փողկապավորի վրա. թող քնի: Ցավոք, նա էլ է իրեն պատկանում, իսկ «քոնոնցական» մարդկանց հանգիստը կարևոր է, չի կարող քունը խախտել: Ու ոչինչ, որ իր, ինչպես անկախության չոչ անելու տարիներին հայտնի երգում էր ասվում, բռի հողը, ծաղկի թերթն ու բազկի մի զարկը երբեք չի հասկանա, որ «պետականություն» բառի «պետը» նշանակում է պետքական լինել երկրիդ: Հետո, պիտի ական լինես, զենք՝ երկրիդ ձեռքին, սիրով ու խելացիությամբ պաշտպանելու, փոխելու ու հզորացնելու համար: Ական կարող է լինել լավ գրիչը, ամեն օր ցեխոտվող բահը, սուրճ պատրաստելիս գիտակցություն ծակած գաղափարը, սիրո խոստովանությունը՝ սառած ձեռքերը գրպաններում տաքացնելու ընթացքում: Իսկ «ությունն» ուղղակի հիշեցում է. բոլորս բառ-կյանքի վերջում դառնալու ենք նույն հողաթումբ-վերջածանցը, կարևոր է կյանքի վերջածանցին հասնելուց առաջ մեզ ուղղորդող ճիշտ բառարմատներ գտնել:

«Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին»:
Հատված նախագահի ամանորյա ուղերձից:

Անցեմենտ շենքերն ու մարդիկ քանդվելու են մի օր՝ տեղը զիջելով ամուր արմատներով կառույցներին ու անհատներին: Գողոնով գնված հագուստը մաշվելու է՝ իրենց տերերի հոգու նման փալաս դառնալով: Հիմնապատերից թռցրած ամեն մի տուֆ ծանր քար կդառնա վաղամեռիկ խղճի վրա, և օդում հարց կմնա կախված՝ ճիշտ-ճիշտ Վարդանի որդու փողկապի նման վիզ խեղդող. ինչո՞ւ էին փորձում խուրդել երկիրը:

1599 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>