ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ԵՂԵՌՆ
Ապրիլյան աղոթքից հետո
մեզ մոռացանք եկեղեցում,
իսկ գայլը կարող է ներս մտնել
ամենից փոքր պատուհանից անգամ:

***
Քանի դեռ մարդիկ զբոսնում են
մեծ քաղաքների հրապարակներում,
իսկ որսորդները դեռ չեն արթնացել,
թռչնի թևերին օրորվող քամին
պառկել ննջում է ձորերի գլխին,
արի մոլորվենք անտառում այսօր…
…Ուր խոտի կրծքին փռված եղյամը վայելում է
Քրիստոսից հետո կորած լռությունը:

ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ
Արկի պայթյունը արնանման պատմություն
մարմնից հանված բեկորի մեջ,
զինվորական հոսպիտալից Աստծու մոտ շտապող
ջահել երազ՝ աղվամազե տարիներով…
Նախկին մարզիկի
և հենակների հանդիպման մասին են պատմում
մոր ձեռքում թառամող կակաչները:

***
Գարնան վերջին գիշերը
խոտերի մեջ պառկած քամին օրորում է եղեգները,
կրծքազարդի պես պսպղում է
թաց կտուրներին պառկած աստղերի արտացոլանքը,
իմ միջով է անցնում սուրճից դուրս եկող կարոտի գոլորշին,
քեզ երկնքում եմ տեսնում անձրևից հետո միայն…

ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ
Այս կտավը իր ուսերին է կրում
քո բոլոր երազանքները,
անորոշ եղանակ է իջել վրձնիս
և չի թողնում որ մղձավանջս ծածկի դեմքդ…

***
Չգիտեմ ինչպես է եղել կյանքիս առավոտը,
դու կեսօրին եկար, ամբողջն եմ հիշում միայն,
իսկ մայրամուտին անտանելի է դուրս գալ պատշգամբ
երբ չկա մեկը ով միշտ մոռանում էր
որ սուրճը դառն եմ սիրում…

ՌԱԶՄԵՐԳ
Անբացատրելի հպարտություն կա տողերիս մեջ,
որով ժամանակին հայրս մեկնեց
այլևս չվերադառնալու պայմանով:

ՋՐՎԵԺ
Նստել ես քարափի մոտ շունչ առնելու,
քամին արձակել է մազերդ:

***
Քեզ ինքս եմ ճանապարհել,
և ամեն գիշեր նայում եմ հայելուն
որ ժպտաս քնեմ:

***
Ձեռնաշղթաներով հայրենիք վերադարձող
հանցագործի նման ապշահար,
աչքը արևմտյան ջրերին՝
խորտակվում է արևելքը:

***
Կանաչ աղոթք է հոսում
ծառերի ճյուղերից,
թե գայիր չէր ուշանա խնկարկումը գարնան…

***
Դեռ չեմ հասցրել մենակ ապրել այսօրս,
երբ արդեն վաղը եկել կանգնել է դռանս առջև
քեզ հետ միասին:

***
Քաղաքի որ մասում էլ լինես
երբ քայլում ես
արթնանում եմ ոտնաձայնիցդ:

ԹԻԹԵՌ
Մեկ օր,
այն էլ չարաճճի երեխայի ձեռքի մեջ,
հեռու ծաղիկներից:

***
Մանուշակի հոտ առա պահարանից,
նամակ ես թողել
գնալուց առաջ:

***
Ստվերդ չեմ կարողանում ջնջել մահճակալից,
արի որ լույսը շուտ բացվի
և գնալու տեղ չունենամ:

ՀՈՂ
Այնտեղ կանաչել է
ընկած հերոսների ստվերը,
գարունը խմում է կակաչների թերթերին
նստած ցողը:

***
Երեկոյան երբ միասին էինք
տուն վերադառնում
ջրափոսերում ընկած լուսինը
մակույկ էր դառնում,
որը ծովի չափ ջուր էր բերում մեր տուն…
Հիմա՝ պատուհանիս գլխավերևում
փայլող ոսկե ափսեի շրջանակում
չգիտեմ ինչ են փնտրում ջրափոսն ու լուսինը:

***
Տուն վերադառնալուն պես
թակում եմ դուռը
և բանալին գրպանումս սպասում
ինչ-որ ձայնի,
որ ոչ մեկինն է վաղուց:

***
Ողջ գիշեր աչքերիդ տեսքով
յասամանը խոնարհվել է պատուհանիս,
անձրևի ձեռքով լույս է կաթում
լուսնի ոսկե սափորից,
հայացքս կախել եմ լեռնոտ հորիզոնից,
աչքերս վազում են գետի ետևից,
կարիք չկա հեռուն գնալու
երբ գիշերաթիթեռը այգուս ցանկապատին
գարուն է խմորում:

***
Քաղցած էի
չնկատեցի ոչ ալյուրի
ոչ էլ ձեթի մեջ թպրտացող տառեխին:

***
Երբ սենյակը հիշեցնում էր քեզ
վաճառեցի բնակարանս,
երբ քաղաքն էր պատմում քո մասին
փոխեցի բնակությանս վայրը,
ինչպես վարվեմ
երբ ինքս եմ քեզ հիշեցնում:

593 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>