ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ

Միջնադարյան ճապոնացի բանաստեղծ Ռուբոկո Սյոյի (980-մոտ 1020) առաջին հրատարակումը («Կոմատիի գիշերները կամ Ցիկադի ժամանակը») տեղի ունեցավ ընդամենը 1985-ին և Ճապոնիայի գիտական ու գրական շրջանակներում իսկական սկանդալ հարուցեց: Միլիոնատեր ու գրասեր Կի-ուո Կավաբակին հրատարակում է Կիոտոյի հին գրքերի վաճառանոցում պատահաբար գնած 10-րդ դարի մագաղաթյա փաթեթը: Ամենից առաջ ցնցել էր այդ ստեղծագործությունների ժանրը` էրոտիկ թանկա, որը մինչ այդ ծանոթ չէր ճապոնական միջնադարյան գրականությանը:

***
Սրընթաց
Առանց տատանվելու
Դու քեզ հանձնում ես անկողնուն
Այդպես զգեստով թռչունն է
Իջնում ճյուղին

***
Ծիծեռնակները պտույտ են գործում
Արնագույն երկինքը
Տռզել է գարնան ամպրոպից
Այդպես ծանրանում է
նեֆրիտե փողը
Սիրելիի ձեռքին

***
Գարնանային օրեր
Զառիթափ ափի
Եղեգնուտներում գտան իրար
Թրթռուն հովհարով
Մարմինն արտացոլվում է ջրում

***
Խոնավ վարդը
Կրկին բացվել է
Մշուշի մեջ
Երջանկությունը մնացել է
Լեզվի ծայրին

***
Ետմիջօրեի երեկո
Ցմրուր խմել ենք երջանկությունը
Ձմռան արևը
Մեն-մենակ կանգնել է
Ֆուձիի վրա

***
Ակացիաների միջև
Քեզ եմ սպասում
Ցնցվում յուրաքանչյուր խշշոցից
Կրկին թափվում են ծաղկաթերթերը
Սպիտակ ծաղիկների

***
Դու բացականչեցիր
Ձեռքիդ գտնելով գավազանը
Եվ կրկին լռություն
Խորը
Ոչ մի ձայն

***
Շաղ տված մանյակ
Խունացած կարմիրն ու սուրման
Քո շուրթերի խայթոցներում
Եվ երբեմնի փարթամ կրծքերը
Եղունգներով ճանկռոտված

***
Բամբուկի աճման համար
Դու նորից իջևանել ես ինձ մոտ
Լույսը բացվեց
Զուր է մտաբերելը, թե որտեղ և երբ
Առաջին անգամ ցնցվեց բուստը

***
Կոտրվել են
Բարակ մատները
Հերվա եղեգը
Կեսգիշերվա մշուշում
Բամբուկը ցնցում է վարագույրը

***
Ափսոս, հաճախ
Մենք տրվում ենք
Խելահեղ քնքշանքի
Թանկարժեք հագուստից
Թոթափելով փոշին

***
Թիթեռները
Ինչպես գեղեցիկ ծաղիկներ
Ճախրում են ծաղիկների ծովում
Մարմինը ճկվում է եղյամ հավաքելու
Գեղեցկուհի Կումանո

***
Գավաթի մեջ ոսկեշողում է գինին
Հասպիսե սեղանները տրաքում են համադամներից
Ինչպես լուսնի փշրված լույս
Կույսերը պարում են
Թափանցիկ դիպակի մեջ

***
Մենք չափազանց հեռուն
Գնացինք համբուրվելիս
Կոճակներդ արձակիր
Ախ որքան թույլ են
Կապերը ամուսնական

Թարգմանությունը` Աշոտ Գաբրիելյանի

2557 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>