ՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ  ՍՈՒՔԻԱՍՅԱՆ***
տարիներ է արդեն,
ինչ փորձում եմ անհետանալ
առաստաղի խեղդող ճաքերի միջով,
որոնցից գիշերն ի լույս
ոչինչ չի կաթում
անձրևաջրից բացի
ու հուսահատությունից:
սա իմ տունը չէ:
ու վերադարձը չի հատուցի
ժխտումը հիշողության,
մոռացումը արյան,
ու վերադարձը չի կոծկի դատարկը,
որտեղ այդպես էլ
կարոտելու ոչինչ չգտնվեց:
սա անձրևների քսանհինգերորդ աշունն է,
անտանելի աշունը,
ուր տերևների ռափսոդիան
սոսնձվում է ականջներիս
ու ծորում ներս՝
անկման մասին
պատմություններ դատարկելով,
ուր ժամանակն այլևս
ոչինչ չի փոխում
թափառումների տևողության մեջ:
ես խելակորույս սարսափների մեջ
վատնեցի վախերս
ու կորուստների մեջ
վատնեցի միֆը
տունդարձի:
ես հետ կդառնամ
դեպի հնգամյա երեխայի աչքերը,
որ ամեն գիշեր
աղետից ճաք տվող պատի
երազն էր տեսնում,
ու ինչ-որ տեղ հեռվում
գունատվում էր գիշերը
մաշկասարսուռից:
ես հետ կդառնամ
դեպի ձայները ծակծկող,
որ տոթ կեսօրի աղմուկին ձուլված՝
մահամերձի խռպոտ
շնչառություն դարձան
ու ծանր նստեցին
սենյակիս պատին:
ես հետ կդառնամ
դեպի ինձ հետապնդող
օտարացման անդունդը,
որ մանկությանս անտառի
բոլոր ծառերը մեկ առ մեկ
հատեց,
ես հետ կդառնամ
դեպի լիանաներն
ատելությունից թարախակալած,
որոնցից տարիներս շնչահեղձ եղան
ու դուրս նետվեցին
պատուհաններից,
ես հետ կդառնամ
դեպի անձավներն անտարբերության,
ուր արդեն վաղուց
չղջիկներն անգամ
բնակվել չեն փորձում:
ես հետ կդառնամ
ու ոչինչ չեմ գտնի,
չեմ գտնի պապիս
անմայր հայացքը
ծորացող,
չեմ գտնի վարանումը
հնգամյա երեխայի,
որ մահճակալի ու պատի արանքում
իր միայնակ տարածքի
արարումն էր լալիս,
ու օդի ծալքերում
սեր էր փնտրում,
սեր,
չեմ գտնի տունը,
ուր հիմա մարմնիս մերկությունն է ապրում՝
իզուր փորձելով
ծածկել նյարդերիս
կտրտվող լարերը,
իզուր փորձելով տողերի արանքում,
օտար աչքերի ու ձեռքերի մեջ
բեկել ընթացքը
սեփական մաշկի խելագարության:
***
մթնշաղը,
որի միջով հայրս դատարկվեց,
արձանագրված անուն դարձավ
միայն,
անշոշափելի, անչափելի
մի բառ,
որով երակներիցս մաքրվեց
հիշողությունը արյան,
ես չփնտրեցի:
լուսաբացները,
որտեղ սերը սկսեց
խեղդել,
որտեղ ջերմությունը
դողէրոցք դարձավ,
որտեղ ատեցի
ինձ հետապնդող ոտնաձայների
երկխոսությունը թաքուն,
երբեք կարոտել չկարողացա:
սև կաշվե գոտին
երկար մտորեց
կախաղան դառնալու
ճակատագրի մասին,
բայց վախը նրան նորից փաթաթեց
իմ գոտկատեղին,
ու նրանց այրող ոտնաձայները
դարձյալ անցան իմ
բաց նյարդերով:
քարերի միջով բոկոտն վազող
մանկան հետքերը խեղդվեցին
ճահճում:
տարիներ հետո,
երբ մանկությունը ընկավ տանիքից,
ես փորձեցի գտնել
շարունակությունը
հեռվում մնացած ծանոթ հայացքի,
բայց ոչինչ
այդպես էլ չվերադարձավ:
մեզ մեռած աստղերի
լույսերն են հասնում,
երբ աստղերի տեղում
մոխիր է արդեն ու մոռացություն,
մեզ մեռած աստղերի
լույսերն են փնտրում
տիեզերքի դանդաղ ալեկոծման մեջ,
իսկ ճահիճը նոր հետքեր է խեղդում,
ու շարունակությունը
չի դառնում գալիք,
որքան էլ բոկոտն մնա ընթացքը,
որքան էլ արագ
տարիները թափվեն
ժամացույցների կեռ սլաքներից:
ճանապարհները
ոչ մի տեղ չեն տանում,
ակնախորշերը մնում են դատարկ,
սպասում է լուսինը
երբեք չավարտվող մի բոլորման,
տագնապներ կան միայն,
որ բնակվում են իմ
ավերակներում:
ես ոչ մարմին եմ,
ոչ տարածություն,
ես մի բուռ դատարկություն եմ միայն,
որ երբեք չգտնվող
իր տունն էր փնտրում
այն հողում,
որ միայն սպանել գիտի:

***
Դադարեց:
Հետո ես փորձեցի
բաց թողնել խավարը ձեռքերիցդ,
հետո ես փորձեցի
մարմինդ անշարժ պահել,
հետո ես փորձեցի
ավելին արարել,
քան դու ուզում էիր պարունակել,
հետո ես փորձեցի
գրպաններումդ խոստումներ գտնել,
որոնք պարզվեց
մոռացել-թողել եմ ուրիշի ծնկներին:
Իսկ օրացույցը վերադարձ էր հուշում:
Հպումիդ սպասելիս
իմ ներսում թրթռաց այն միտքը,
որ կարոտելու ոչինչ չես գտել,
ու ճանապարհին
ոչ մի պատմություն չգրվեց
իմ ու քո միջև:
Ակնհայտ է,
որ մենությունները չեն ձուլվում իրար,
որ կողպված շրջապտույտները
վերսկսվում են ամենաչնչին դողից,
որ հետաձգվող անկումները
հետապնդում են լքված մարմինը:
Բայց ոչինչ այդպես էլ չի ավարտվում:
Ոչինչ չի սկսվում նաև
գոյություն չունեցող հարթությունից դուրս:
Համառորեն վար
հոսող ցանկությունը
չհանդիպեց մարմնի,
իրեն որոնող ձեռքեր չգտավ
ու չկանգնեցրեց փոթորիկներն
իմ պատերի ներսում:
Ես չհեռացա,
քանի որ գնալու
ոչ մի տեղ չկար:
Անդունդը ժպտաց
քո աչքերով:

***
ես տագնապի ծորացող
ժամեր եմ հաշվել
գիշերվա մատներին
ու լուսաբացի թանձրության մեջ
համբուրել եմ հուսահատության
ոտնահետքերը:
մարմինս հիշողությունն ունի
շնչառությանդ ալեբախումից
էլեկտրական լարման պես ինձ գրկող
մաշկասարսուռի:
ու մինչ ես պարտվում եմ
ամեն օր քո մեջ լցվող
մոռացության տիղմին,
երբեմն
անկումներիս մեջ հալչող աչքերդ
այն ամենն են,
ինչ կարող եմ սիրել:

845 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>