ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ / 21

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Դմիտրի Արտաշեսովիչ Մնացականյանը տուն մտավ վառվող աչքերով, մաշված պորտֆելը մի կողմ նետեց, կնոջ ու աղջկա զարմացած հայացքների ներքո ոտքի վրա ինչ-որ բան գցեց բերանն ու դուրս եկավ՝ առանց որևէ բան բացատրելու: Այդպես գրգռված կինը նրան չէր տեսել արդեն քսան տարի: Աղջիկն ընդհանրապես չէր տեսել, քանի որ երբ վերջին անգամ իր ֆիզիկոս հայրը հաջող փորձի կամ տպագրված հոդվածի տեսքով փոքրիկ գիտական նվաճում կատարած ներս էր մտել տուն, նա հազիվ երկու-երեք տարեկան լիներ: Մնացած տարիներին նա տուն էր մտնում խեղճ, պոչը քամակը մտցրած քոսոտ շան պես, անշտապ սպասում էր՝ երբ կբարեհաճեն ինչ-որ բան տալ ծամելու, ու նույնքան անշտապ էլ սողոսկում էր հեռուստացույցի մոտ: Ավելի քան քսան տարի: Գիտությունների թեկնածու Դմիտրի Արտաշեսովիչը, նույն ինքը՝ Դիման, որին ջահել ժամանակ շրջապատի աղջիկները, սեփական կինն էլ նրանց թվում, ասում էին Դուշկա Դիմկա կամ Դիմկա Դուշկա, կարևոր չի: Իսկ հիմա ի՞նչ էր հանկարծ պատահել էդ մարված աբլիգացիային, որ էդպես ոգևորված տեսք ուներ: Կինն անկարող էր հասկանալ, աղջիկն առավել ևս: Ամեն դեպքում իրենց երկար չծանրաբեռնեցին Դիմայի հոգեվիճակը վերլուծելու անիմաստ ջանքերով ու անցան կիսատ գործերին՝ վերջում միայն աղոտ եզրակացնելով, որ երևի նրա խելագար ընկերներից մեկին մի տասը տարի անց վերջապես ինչ-որ անպետք փորձ է հաջողվել, դրանից էլ Դիման հուզվել է: Այնինչ Դիման միանգամայն այլ պատճառ ուներ ոգևորվելու: Նա վերջապես գիտեր՝ ինչպես կարելի է գումար վաստակել: Դիման շտապում էր, ու նրա սիրտը հավի հետույքի պես խփում էր անհամբերությունից: Պետք էր ժամ առաջ իր տեսական հաշվարկները կիրառել պրակտիկայում: Փողոց դուրս գալով քիչ էր մնում արդեն տաքսի կանգնեցներ, բայց վերջին պահին սթափվեց՝ մտածելով, որ մի քանի կանգառ տարածության համար տաքսի՞ն որս ա, և քայլերն ուղղեց մոտակա կանգառ: Բանգլադեշից Արգավանդ՝ քսան րոպե, կես ժամ պայթի տրաքի: Կազինոն, որի մուտքի մոտ կանգնեց Դիման, կոչվում էր «CRAZY SUNSET», իսկ գույնզգույն նեոններով լուսավորված եռահարկ շենքի՝ վերից վար կախված պաստառի վրա ինչ-որ արևադարձային կղզի էր պատկերված՝ արմավենիներով, ծովեզերքի ոսկեգույն ավազով ու ծովի վրա հանգչող կարմիր արևի վառվող սկավառակով և տպավորիչ հայտարարությամբ, որ հենց այդ օրը, ուղիղ կեսգիշերին խաղարկվելու է բոլոր ժամանակների ամենաբացառիկ շահումը՝ իսկական դրախտային կղզի՝ ծովի ուղիղ մեջտեղում: Դիման ներքևից վերև մի հայացքով չափեց շենքի փայլփլուն ֆասադն ու մտքում մոտավոր հաշվելով լուսավորության վրա ժամում ծախսվող անիմաստ կիլովատները՝ մտավ դռնապանի կողմից արդեն բացված դռնից ներս: Եթե ամեն բան ընթանար ծրագրվածի համաձայն, ապա ըստ Դիմայի տեսական հաշվարկների՝ երկու ժամ խաղի ընթացքում նա մի հարյուր հազարի չափ պիտի տաներ: Դիման առանց ժամանակ կորցնելու մոտեցավ Բլեք Ջեքի սեղանին: Չէր կարելի ասել, թե 21-ը նրա ամենասիրած խաղն էր, բայց 21-ը միակ խաղն էր, որը նա գիտեր դեռ ուսանողական տարիներից: Երբեք չի մոռանա, թե ինչպես տարվեց նոր, երկու ամսական Մոնտանա ջինսը առավոտից իրիկուն հանրակացարանում վխտացող թաղի տղերքից էն բոյով, նիհար, այտին երկար սպիով սրիկային, որի անունը նույնիսկ չէր ուզում հիշել: Ամեն դեպքում, պարապությունից հերթական աննպատակ մտավոր թռիչքներից մեկի ժամանակ, երբ հանկարծ հասկացավ, որ ի վերջո, եթե խաղը համակարգ է, ուրեմն, մոլախաղն էլ աշխարհի երեսին եղած բոլոր համակարգերի նման պիտի պարտադիր ունենա թույլ տեղեր, ու ի՞նչն է խանգարում իրեն՝ ֆիզիկոս Դմիտրի Արտաշեսովիչին՝ Դուշկա Դիմկային, մի քիչ գլխին զոռ տալ ու գտնել այդ թույլ տեղերը, և քանի որ բացարձակապես նշանակություն չունի՝ ինչ խաղ, ապա ինչո՞ւ ոչ 21, որի հետ ինքը դեռ հին հաշիվներ ունի: Ուստի 21-ի ընտրությունն այնքան բնական ու հիմնավոր էր, որ նույնիսկ այլընտրանքի տեղ չէր թողնում: Ճիշտ է, հիմա 21-ին հնչեղ Բլեք Ջեք էին ասում, բայց դե դրանից ոչ մի էական բան չէր փոխվում, բացի նրանից, որ ավելի շատ էիր ուզում էտ Ջեքի տուտուզին մի սիրուն սև փիսիկ նկարել: Ժամուկես էլ չէր անցել, Դիման, հարյուր յոթ հազար դրամ շահելով, իր առջև դրված պլանը լիարժեք կատարել էր, ինչպես հին բարի սովետական ժամանակներում էին հնգամյակը չորս տարում կատարում: Մշակված համակարգն աշխատում էր ժամացույցի պես, և Դմիտրի Արտաշեսովիչը մտածում էր վերջին խաղադրույքն անել ու դուրս գալ՝ Ֆորտունային չզայրացնելու համար, չնայած՝ ոչ մի Ֆորտունայի էլ նա իրականում չէր հավատում: Բայց հուզական վերելքի պահին կարծես ուզում էր իրեն մի փոքր խենթ խաղամոլ զգալ, որը, ըստ իր պատկերացման, արկածախնդիր ծովահենների նման առանց կողմնացույցի, առանց որևէ տեխնիկական հագեցվածության, միայն բախտի վրա հույսները դրած, նետվում են փոթորկուն ջրերի հորձանուտը՝ իրենց հանձնելով բազմապիսի ֆորտունաների, պոսեյդոնների ու էլի ինչ-որ փրկիչների ու սրբերի քմահաճույքին: Ֆիզիկոսի համար դա մի տեսակ էքստրեմալ իրավիճակ էր՝ ադրենալին-մադրենալին ու նման բաներ: Վերջին խաղադրույքը պարտվեց՝ առանց ափսոսանքի նշույլի ու ելավ տեղից: Ժամը գիշերվա տասներկուսն էր, ուստի հարևան սրահում արդեն սկսվում էր մեծ խաղարկությունը, որի մասին Դիման հիմնավորապես մոռացել էր՝ չնայած ինքը նույնպես մասնակցության տոմս ուներ: Բոլոր կողմերից սրահի կենտրոնում տեղադրված անիվի մոտ շտապող հաճախորդների հոսանքին տրվելով՝ ինքը նույնպես հայտնվեց անիվի մոտ, համարյա ինքնաբերաբար խաղարկողին հանձնեց իր տոմսն ու մտքերով բոլորովին այլ հեռուներում թափառելով՝ մի տեսակ անջատված մեխվեց տեղում՝ լարված սպասումից գերկենտրոնացած խայտաբղետ ու անհանգիստ բազմության մեջ: Դիման՝ Դուշկա Դիմկան, որի վրա բոլորը վաղուց խաչ էին քաշել, վրեժ էր լուծել բոլորից իր շնորհքով, իր գիտությամբ, կնոջից, որ այլևս չէր հավատում իրեն, աղջկանից, որ չէր հարգում, կոլեգաներից, որ իրենց պես ձախողակ էին համարում, ժամանակներից, որին իբր հարմարվելու շանս չուներ իր սերունդը, 21-ից, որ մի պարզունակ ավանտյուրա էր ընդամենը, և վերջապես Մոնտանա ջինսից, որ այնքան անհասանելի ու ցանկալի էր այն տարիներին, որի կորուստը վերապրելու համար երկու տասնամյակը բավարար չեղավ, ու մինչ մտքերով ընկած մարսում էր իր բաժին ադրենալինն ու վերապրում վաղուց մոռացված այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են պրոֆեսիոնալ հպարտությունը, շոյված փառասիրությունը և այլ՝ մինչ այդ պահն իրեն անծանոթ հուզական ալեկոծությունները, որոնք, միմյանց հերթ չտալով, գրոհում էին նրա՝ տարիներով խեղճությունից կռկված հոգին, ուշքի եկավ՝ շամպայնի բաժակը ձեռքին, բոլոր կողմերից լայնաբերան ժպտացող կազինոյի աշխատակիցներով ու հաճախորդներով շրջապատված:
Շնորհավորանքների ու ծափերի տարափի տակ նա ու կազինոյի կառավարիչը դատարկեցին իրենց բաժակները, հետո անհավանական դեկոլտեով աշխատակցուհին վերադարձրեց անձնագիրն ու ինչ-որ տրցակ, որտեղ ինքնաթիռի տոմսերն էին ու կազինոյի կողմից խաղարկվող կղզու՝ իրեն՝ Դմիտրի Արտաշեսովիչ Մնացականյանին պատկանելությունը հաստատող փաստաթղթերը: Կառավարիչն անմիջապես Դիմայի կրծքին սեղմեց մի բավականին մեծ ցուցանակ՝ կազինոյի ֆասադին երևացող արևադարձային կղզու պատկերի կրկնօրինակը, որի վրա հաստ շրիֆտով գրված է՝ «Շահումը՝ կղզի Սպիտակ ծովում», ապա անուն-ազգանունը՝ «Շահող՝ ԴՄԻՏՐԻ ԱՐՏԱՇԵՍԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ», այնուհետև մի անգամ էլ լցրեց բաժակներն ու ընկերաբար մի ձեռքով գրկելով անհեթեթ ժպտացող Դիմային՝ ինքը ևս գուհունակ ժպտաց լուսանկարի համար, որից անմիջապես օգտվեց պատրաստ սպասող լուսանկարիչը: Հետո, ասես հատուկ ընդգծելու համար, թե իրենք, որպես հարգարժան հաստատություն, որքան ուրախ են իրենց հաճախորդի հաջողության համար, մինչև վերջ բաժակը դատարկեց՝ հայացքով Դիմային հասկացնելով, որ հետևի իրեն: Դիման նույնպես դատարկեց բաժակը, կրկին հնչեցին շնորհավորանքներ ու ծափեր, և Դիմային անմիջապես ուղեկցեցին մուտքի առջև սպասող ներկայացուցչական դասի մեքենայի մոտ: Դիման նստեց հետևի նստատեղին, և մեքենան անմիջապես պոկվեց տեղից՝ Դիմայի մտապատկերում «CRAZY SUNSET» կազինոյից ընդամենը մի գույնզգույն նեոնային հետագիծ թողնելով: Սոված փորին երկու բաժակ շամպայնն ու վերջապես հաղթանակից ծնված հսկայական ալիքի նման անսպասելի վրա հասած հուզական լիցքը Դիմային ամբողջապես կտրել էին իրականությունից ու տարել այնքան հեռու, որ վերջինս, եթե նույնիսկ բաց աչքերով հետևեր ճանապարհին, միևնույն է, չէր ընկալելու ոչ ճանապարհի ուղղությունը, ոչ էլ իր գտնվելու ճշգրիտ վայրը: Նրա մտքերը քաոտիկ թափառում էին այս ու այն կողմ՝ նավաբեկյալի պես մեկ նետելով աշխատանքի վայր, ուր իր կիսասոված գիտնական ընկերների հետ առաջին շահումի մաղարիչն էր կիսում՝ նրանց նախանձ, բայց նաև հիացական հայացքների ներքո բացատրելով իր մոգոնած համակարգի պարզ էությունը, ըստ որի՝ խաղադրույքների կոնկրետ սկզբունքով հաջորդական շղթայի արդյունքում կարելի էր խաղի մեջ ընդհանուր շրջանառվող գումարից անխուսափելիորեն ինչ-որ մաս շահել: Մեկ էլ հայտնվում էր տանը, ուր հենց նոր ներս էր մտել՝ սուպերմարկետի հսկայական տոպրակներով գնումներ կատարած, և կինն ու աղջիկը, շփոթված ու իրար խառնված, չէին կողմնորոշվում՝ ինչը որտեղ տեղավորեն՝ միաժամանակ չիմանալով՝ սեղան դնելիս հատկապես ի՞նչ ուտեստից սկսեն այսօր, իսկ Դիման, նրանց անհասկանալի վազվզոցից ու զարմացական ռեպլիկներից գլուխն ազատելու համար, միայն մի շիշ չեխական գարեջուր վերցնելով, հպարտորեն ուղղվում էր հյուրասենյակ՝ իր սիրելի, բայց դարն ապրած հեռուստացույցի դիմաց՝ չնայած երբեք էլ գարեջրի սիրահար չէր եղել, այլ միշտ նախընտրել էր ֆիննական օղին: Բայց ֆիննական օղին ավելի ուշ, հիմա կարելի էր հենց շշից գարեջուր խմել, ի վերջո սա միայն սկիզբն էր: Ահա հիմա էլ կոստյումով ու նոր պորտֆելով ներս է մտնում իրենց գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ ու անձամբ հենց տնօրենի հետ լուրջ քննարկում է մասնաշենքերից մեկում փոքրիկ մասնավոր լաբորատորիա կահավորելու հարցը, որին տնօրենը նույնպես փայատեր կլինի անշուշտ, իսկ ինքը կհոգա անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ծախսերը և վերջապես կիրականացնի իր հնագույն մտահղացումներից մեկի փորձերը, որոնց հաջողության դեպքում կարելի կլինի համագործակցել մինչև իսկ Պաշտպանության նախարարության հետ: Տնօրենի հետ քայլում է լքված մասնաշենքով՝ ինչպես ասում են, մուշտարու աչքով գնահատելու համար ապագա լաբորատորիայի շենքային հնարավորություններն ու անհրաժեշտ ներդրումների ծավալները: Տնօրենը հեռանում է՝ պահակին ինչ-որ նախապատրաստական հանձնարարություններ տալու համար, իսկ ինքը մնում է միայնակ քարուքանդ շենքում, որտեղ հինգ մեծ լուսամուտներից ձևի համար միայն մեկի վրա ապակի կա, մոտենում է պատուհաններից մեկին, հայացքը, ինչպես կինոներում գլխավոր հերոսներն են անում ճակատագրական որոշումներից առաջ, ուղղում է հեռուները, բայց բարձր պարսպի պատճառով հեռանկարում հորիզոնի բացակայության և շենքը շրջապատող անհրապույր քարուղըռից մի փոքր սրտնեղած, ընդամենը ափսոսանք է զգում ժամանակին այդտեղ եռացած գիտական մտքի միանգամայն անտեղի ու հիմար ընդհատման համար, ապա շրջվելով՝ նստում է կողքի շուռ եկած երկաթյա դարակներից մեկի վրա: Հանկարծ գիտակցելով, որ արդեն երկար է նստել՝ ձանձրույթից ուզում է բացել պորտֆելը, սակայն նոր միայն զարմանքով նկատում է, որ այն չկա: Տագնապած ելնում է տեղից ու համարյա վազքով փորձում է դուրս գալ կիսաքանդ շինությունից: Երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ճանապարհին շտապելուց աստիճանի վրա ոլորում է ոտքը, սակայն կանգ չի առնում, դեմքը ցավից ծամածռելով՝ շարունակում է իջնել, մինչև դուրս է գալիս բակ, նայում է շուրջը՝ ամայի տարածությանը, որը մի քանի հարյուր մետր այն կողմ վերջանում է էլ ավելի ամայի ու անծայրածիր ջրով, ապա վախեցած հետ է շրջվում ու հենց դռան աջ կողմում նկատում է ակնհայտորեն նոր ոսկեգույն ցուցանակը, որի վրա եռալեզու՝ ռուսերեն, հայերեն ու անգլերեն, գրված է.
«Խոլոդնոյե» կղզին և նրա վրա գտնվող ամեն բան հանդիսանում են Դմիտրի Մնացականյանի սեփականությունը»:
Դիման մի պահ անշարժանում է ցուցանակի դիմաց, ապա հանգիստ, ասես հենց դրա համար էր իր տաքուկ բնից դուրս եկել, գրպանից հանում է ածուխի կտորն ու ցուցանակի վրա սևով խազում է՝ «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»: Ածուխը մի կողմ է նետում ու շրջվելով, ձեռքերը գրպանները դրած՝ գլխահակ քայլերն ուղղում դեպի նախկին ռազմական նշանակության փակ հետազոտական կենտրոնն այդ անմարդաբնակ կղզում անհեթեթորեն շուրջկալող պարսպին կից փոքրիկ տնակը, որը նախկինում որպես պահակակետ էր ծառայել, իսկ հիմա իր համար բնակարան էր ծառայում: Ներս մտնելով՝ փայտ է գցում վառարանն ու կուչ գալիս երկաթյա մահճակալին՝ դեմքով դեպի պատը՝ որպես Հյուսիսային ծովում գտնվող լքված, բայց սքանչելի կղզու միանձնյա տիրակալ:

615 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>