ՍԻԴ

ՍԻԴ

***
Չվերնագրելով
բառախումբն այս՝
ես տալիս եմ
սրան իմաստ:
Չնշելով
ոչ մի թեմա՝
ես բացում եմ
թեմաները իմ
ու քո կյանքի:

***
Գիտեմ՝ դու հիմա,
մի կանգառ վերև,
ձեռքերդ դրած
գրպաններիդ մեջ,
սպասում ես նորից
նույն այն երթուղուն,
որից ես իջա
մի կանգառ ներքև:

***
Կորչող-հայտնվող ամպերն են մեկ-մեկ
Լվանում օդի աղմուկը փոշոտ,
Բայց մայթերին նստել է արդեն,
Մեր պատմության շուրջ ցեխոտ բամբասանք,
Վերջին անգամ եմ խնդրում քեզ հիմա,
Թո՛ղ կոշիկներդ դռան ետևում:

***
Իմ քաղաքի փողոցներից
Ոտնաձայներդ եմ լսում,
Դու եկել ես ինձ գտնելո՞ւ,
Թե՞ ես եմ քեզ փնտրել սկսում:

***
Անձրև եկավ,
Տաք ասֆալտից
լվաց սպասումիս
հետքերը:
Արևն արթնացավ,
Կարոտս
գոլորշիացավ,
որ էլի անձրևի:

***
Դեղին երկինք էր,
Ու առանց արև,
Մատնաչափ հեռու
Երկնքի տակ
Մի կաթիլ ծով կար,
Մի քանի ավազ:
Լուցկու չափ էր նավակը մեր,
Մի կաթիլ ծովն անցանք…
Նայում էինք դեղին ջրին,
Մեջը կապույտ աստղեր կային
Ու սատկած ձկներ:
Մենք էլ էինք ուզում լողալ,
Բայց աստղերից վախեցանք:

***
Երկինքը նորից աստղեր էր վիժում՝
Քնած քաղաքի աչքերից հեռու,
Ինչ-որ սենյակում նոր մեղք է ծնվում՝
Մարող լամպերի հայացքի ստվերում:

677 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>