Սիլվիա Փլաթ

Պերսևս
Հնարամտության հաղթանակը
տառապանքի հանդեպ
Գլուխն է միայն քեզ ի ցույց դնում անսովոր
կերպով մարսելիս այն,
Ինչ դարեր են պետք մարսելու համար՝
Ցավի հնոտի քանդակ մամոնտին՝
Անմարսելի այնքան, որ կետի փորոտիքում
Խառն անցքեր կբացի ու արնաքամ կանի
Աղի ծովերում. Հերկուլեսի արածն ինչ էր որ՝
Ախոռ էր լվանում. մանկան արցունքն էլ
կհերիքեր դրան,
Բայց ո՞վ կհանդգներ կուլ տալ Լակոոնին,
Մեռնող գալլին ու Աստվածամոր
պատկերներն անթիվ,
Որ փտում են Եվրոպայի մատուռների,
Թանգարանների, դամբարանների
դժգույն պատերին: Դու,

Դու,

Որ ոտքերիդ փետուրներ ունեիր, այլ ոչ արճիճ,
Ոչ գամ, և մի հայելի, որ օձի գլխից
Քեզ կպաշտպաներ, խաբեցիր
Գորգոնա-ծամածռությանը
Մարդկային վշտի. վերջույթները քարացնող
Հայացք՝ ոչ Բազիլիսկ-թարթում,
ոչ կրկնակի պատվար,
Այլ հանրագումարը վերջին խռնչոց-հոգոցների,
Ճիչերի ու հերոսապատման,
որով անհամար ողբերգություններն են
Ավարտվում արնաթաթախ այս տախտակներին,
Ու ամեն մի ծակոց ֆշշացող իժ է՝
Աչքը քարացնող, ու ամեն գյուղի
Աղետ՝ կոբրայի կուչ եկած կծիկ,
Իսկ անկումը կայսրությունների՝ հաստ գալար հսկա
Անակոնդայի:

Պատկերացրու, աշխարհը՝

Որպես կծկված սաղմի գլուխ՝ կնճռոտ, պատված
Տառապանքներով ստեղծումից ի վեր, ու այն, ահա,
Քո ձեռքերում է: Ավազն աչքի մեջ կամ բորբոքված
Մատը կարող են ջղաձգման հասցնել,
բայց մոլորակը համայն,
Վշտի վերածված, աստվածներին, արքաների պես,
ժայռեր է դարձնում:
Ժայռերն այդ՝ ճաքած ու մաշված,
ծանրանում են ապա,
Հուսահատություն սփռում երկրի
Սև դեմքին:
Թող դիակային կարկամությունը համայն
Արարումը պատի, թե որովայնն այս բավարար մեծ չէ
Ուրախությունը կուլ տալու համար:

Դու հայտնվում ես, ահա՝

Փետուրներով զինված, խուտուտ տալու ու
թռչելու համար,
Ու մի ծուռ հայելով, որ խեղճ մուսային
Հատված գլխով դժնի տիկնիկ է դարձնում, մի հյուս,
Զազիր օձի պես, թուլացած-կախված է,
ասես անհեթեթ բերանը
Այտուցված դեմքին: Ո՞ւր են
Դասական վերջույթները համառ Անտիգոնեի,
Ֆեդրայի կարմիր, արքայական հանդերձը,
արցունքածոր
Թախիծը Մալֆիի քնքուշ դքսուհու:

Կորել են

Դեմքդ ծամածռող կծկումների խորքում, մկաններն
Ու ջլերը ձգված, հաղթական, մինչ տիեզերական
Ծիծաղը կսփոփի անամոք, ժանտախտ վերքերը
Հավերժական տառապյալի:

Քոնն է,

Պերսևս, հաղթանակը, ու թող որ դու նորից ու նորից
Հավասարակշռես մինչ ժամանակի ավարտը,
երկնային կշեռքը,
Որ մեր խելագարությունն ու
ողջամտությունն է հակակշռում:

Վհուկի ողջակիզում
Շուկայում չոր փայտեր են կուտակում:
Ստվերների մացառը վատ ծածկոց է: Ես բնակվում եմ
իմ մոմե կերպարի մեջ՝ տիկնիկի մարմնում:
Սրտխառնոց. ես վհուկների թիրախն եմ:
Սատանային սատանայով են քշում:
Կարմիր տերևների ամսում ես հրե մահիճ եմ մագլցում:

Հեշտ է խավարի վրա մեղքը բարդել՝ դռան բերանը,
նկուղի փորը: Նրանք իմ կայծը մարեցին:
Սև թևերով էգն ինձ թութակի վանդակում է պահում:
Ինչ մեծ են մեռյալների աչքերը:
Ես մի մազոտ ոգու հետ եմ մտերիմ:
Այս դատարկ տարայի կտուցից
ոլորապտույտ ծուխ է ելնում:

Եթե ես փոքր եմ, ապա անվնաս եմ:
Եթե չշարժվեմ, ոչինչ չեմ կոտրի: Բրնձահատիկ եմ՝
խուփի տակ նստած, աննշան, անհաղորդ:
Ողջակիզողներին մեկ առ մեկ ոտքի են հանում:
Իմ փոքրիկ, ճերմակ ընկերներ, մենք օսլա ենք:
Մենք աճում ենք:
Սկզբում ցավոտ է: Կարմիր լեզուները
ճշմարտությունը ցույց կտան:

Բզեզների մա՛յր, միայն բաց արա ափդ,
ու կթռչեմ մոմի բերանի միջով՝ չխանձվող թիթեռի պես:
Վերադարձրե՛ք կերպարանքս:
Ես կհաշտվեմ օրերիս հետ,
երբ փոշու մեջ թավալվում էի քարի ստվերում:
Կոճերս այրվում են: Կրակը հասնում է ազդրերիս:
Ես կորած եմ, կորած այս լույսի հանդերձներում:

Խելագար աղջկա սիրերգ
Փակում եմ աչքերս, մեռնում է ողջ աշխարհը.
Կոպերս բացում եմ, այն նորից է ծնվում:
(Կարծում եմ՝ քեզ հորինել եմ իմ գլխում:)

Աստղերի վալսն է՝ կապույտ ու կարմիր,
Ու հանկարծահաս մութն է ներս վարգում:
(Կարծում եմ՝ քեզ հորինել եմ իմ գլխում:)

Երազում ինձ դյութում էիր դեպ մահիճը,
Երգում էիր լուսնահար, խենթի պես համբուրում:
(Կարծում եմ՝ քեզ հորինել եմ իմ գլխում:)
Աստված երկնից ընկնում է, դժոխքի հուրը՝ մարում,
Ելնում են սերաֆիմն ու Սատանայի դևերը.
Փակում եմ աչքերս, մեռնում է ողջ աշխարհը.

Թվում էր՝ նորից ինձ մոտ ես գալու,
Բայց ծերանում եմ, անունդ մոռանում:
(Կարծում եմ՝ քեզ հորինել եմ իմ գլխում:)

Գառը մշուշի մեջ
Բլուրները դեպի սպիտակն են հետ քաշվում:
Մարդիկ կամ աստղերն ինձ
Նայում են տխուր. հիասթափված են:

Մի գիծ շունչ է թողնում գնացքը:
Օ դանդաղընթաց,
Ժանգագույն այդ ձին՝

Սմբակներ, թախծոտ զանգեր.
Ողջ առավոտ
Առավոտը սև էր կտրում,

Մերժված ծաղիկ:
Խաղաղություն է իջել ոսկրերիս, հեռու
Դաշտերից սիրտս հալչում է:

Նրանք սպառնում են ինձ
Ճանապարհ բացել դեպի մի երկինք՝
Անաստղ ու անհայր, դեպի խավար մի ջուր:

Սալջարդ
Գույնը կուտակվում է մի տեղում՝ աղոտ բոսոր:
Մարմնի մնացած մասը ջնջված է,
Մարգարտի գույն:

Մի ժայռափոսի մեջ
Ծովը քաշում է մտագարի պես,
Փոքրիկ խոռոչը՝ ծովերի առանցք:

Մի ճանճաչափ
Դատապարտման խարանը
Սողում է պատն ի վար:

Սիրտը փակվում է,
Ծովը՝ հետ քաշվում,
Հայելիները ծածկում են սավանով:

Կակաչներ
Չափազանց զգայուն են կակաչները. այստեղ ձմեռ է:
Տես՝ ինչ ճերմակ է ամենը, ինչ հանգիստ,
ինչ ձյունապատ:
Խաղաղություն եմ սովորում, հանգիստ պառկել,
Ինչպես լույսն է պառկած այս ճերմակ պատերին,
մահճակալին, ձեռքերին:
Ես ոչ ոք եմ, ես պայթյունների հետ ոչ մի կապ չունեմ:
Անունս ու շորերս քույրերին եմ տվել,
Պատմությունս՝ ցավազրկողին,
մարմինս՝ վիրաբույժներին:
Գլուխս բարձի ու սավանի արանքն են խցկել,
Ինչպես աչքը երկու անխուփ, սպիտակ կոպերի միջև:
Հիմա՛ր բիբ, պիտի ամեն ինչ կլանես:
Քույրերն անցնում են անվերջ շարքերով, հոգ չէ,
Դեպի ցամաք թռչող ճայերի են նման՝
սպիտակ գլխարկներով,
Ձեռքերն աշխատում են, ճիշտ մեկը մյուսի պես,
Ու անհնար է նրանց թիվը ստույգ ասել:
Նրանց համար խճաքար է մարմինս, որ խնամում են,
Ինչպես որ ջուրն է քնքշորեն փարվում իր մեջ լողացող խճաքարերին:
Պսպղուն ասեղներով ինձ ընդարմացում ու
քուն են բերում:
Կորցրել եմ ինքս ինձ, հոգնել եմ այս բեռից՝
Իմ արհեստական կաշվից ճամպրուկը՝
սև դեղատուփի պես,
Ընտանեկան նկարից ժպտացող
ամուսինս ու երեխաս,
Որոնց ժպիտները կեռիկների պես
մաշկիս մեջ են խրվում:
Բաց եմ թողնում ամենը՝ բեռնանավը երեսնամյա,
Որ համառորեն անունիցս ու հասցեիցս է կառչել:
Ինձնից սրբել-մաքրել են այն ամենն, ինչ սիրում էի:
Կանաչ պլաստիկաբարձ սայլակին պառկած՝
սարսափած ու մերկ,
Նայում էի՝ ոնց են տեսադաշտից կորչում
իմ թեյի սպասքը,
Սպիտակաղենի դարակներն ու գրքերը, մինչ գլուխս դանդաղ անցնում էր ջրի տակ:
Միանձնուհի եմ այժմ՝ առավել մաքուր, քան երբևէ:
Ծաղիկներ չէի ուզում, ուզում էի միայն
Ձեռքերս մեկնած պառկել ու բոլորովին դատարկ լինել:
Չգիտեք էլ, թե որքան ազատ եմ,
Որքան մեծ է ինձ շլացնող անդորրը,
Ու փոխարենը ոչինչ չի ուզում՝ անվանապիտակ,
փոքրիկ կախազարդ:
Դա մեռյալների անդորրն է վերջնական, որ կուլ են տալիս,
Ինչպես հաղորդության նշխար:
Չափազանց կարմիր են կակաչները, ցավեցնում են ինձ:
Թղթի միջից անգամ, ինչպես ճերմակ բարուրից,
Լսում եմ՝ ոնց են ահարկու մանկան պես նրանք թույլ շնչում.
Բոսորը նրանց համահունչ է վերքիս ու այնքան ներդաշնակ:
Լողում են նրանք այնպես նազանքով,
թեև ճնշում են իրենց ծանրությամբ,
Անսպասելի լեզուներով, իրենց գույնով, ու փաթաթվում են վզիս
Տասնյակ կապարե գնդիկների պես:
Ինձ առաջ չէին հետևում, հիմա հետևում են:
Կակաչներն ինձ հսկում են, ու պատուհանն իմ հետևում,
Որտեղ օրը մեկ անգամ դանդաղ լայնանում ու նեղանում է լույսը,
Ու ահա ես՝ ծիծաղելի, թղթից մի ստվեր
Արևի աչքի ու կակաչների աչքերի միջև:
Ու ես դեմք չունեմ, ուզում էի ջնջել ինձ:
Վառ կակաչներն իմ թթվածինն են ուտում:
Նրանց գալուց առաջ օդը հանգիստ էր,
Շունչ առ շունչ, խաղաղ ու կանոնավոր:
Կակաչները օդն աղմուկով լցրին:
Ու հիմա օդը նրանց շուրջ փոթորկվում է, ինչպես որ գետը
Իր մեջ սուզված ժանգակարմիր շարժիչի շուրջ:
Նրանք սևեռել են ուշադրությունս,
Որ առաջ ցրված դես ու դեն էր խայտում:
Պատերը ևս ասես ջերմանում են:
Կակաչները պիտի վանդակում լինեն, վտանգավոր գիշատչի պես,
Նրանք բացվում են, ինչպես երախը հսկա աֆրիկյան կատվի,
Ու ես զգում եմ սրտիս զարկերը, որ բացում-փակում է
Ինձ սիրով գգվող իր կարմիր գավաթը:
Տաք ու աղի է ջուրը, ծովի պես, ու գալիս է մի եզերքից՝
Հեռավոր այնքան, որքան առողջությունն իմ:

Տարիներ
Հայտնվում են նրանք՝ հանց կենդանիներ
Փշարմավից դուրս, ուր հասկերը
Բնավ մտքերը չեն, որ վառում եմ Յոգի պես,
Այլ համակ կանաչ, անխառն խավար,
Որ պաղ են ու կան:

Ես քեզ նման չեմ, Աստված,
Անիմաստ, սև դատարկիդ մեջ՝
Հիմար, կայծկլտուն աստղերով պատված:
Հավերժությունը ձանձրացնում է ինձ:
Չեմ ուզել երբեք:

Իսկ ի՞նչ եմ սիրում՝
Մխոցը շարժման մեջ:
Ու նրա առջև մեռնում է հոգիս:
Ու սմբակներն եմ սիրում ձիերի,
Նրանց անողորմ խառնիճաղանջը:

Իսկ դո՞ւ, մե՛ծ Անդորր,
Այդ ինչի՞ մեջ է մեծությունը քո:
Վա՞գրն է այս տարի, որ մռնչոցով բախում է դուռը:
Ոմն Քրիստոս է,
Որ զարհուրելի

Աստվածախայթն է իր մեջ կրում,
Որ չի համբերում՝ երբ պիտի թռչի ու վերջ տա ամենին:
Ինչ լուռ եք, արյան հատապտուղներ:

Չեն հանդուրժելու սմբակները,
Կապույտ հեռուներում մխոցներն են ֆշշում:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

49 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>