ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ / ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՎԱԶԻ ՎՐԱ

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ճանապարհից առաջ, սովորաբար, մաքրում եմ սենյակս. հավաքում փոշին, խնամքով դասավորում բոլոր իրերս: Ուզում եմ, որ ինձանից հետո ամեն ինչ ճիշտ լինի: Սենյակիս դուռը ծածկել եմ, փոշու լաթն առել ձեռքս. չեմ սրբում: Տատս էլ չկա. ես չգիտեմ՝ ինչ անել հետո: Եղբայրս բացում է դուռը.
-Կարծում եմ՝ գնալդ ճիշտ է. դու ոչինչ չես փոխի:
Դու ոչինչ չես փոխի. ահա թե ինչ է մահը: Փոխելու, շտկելու, առաջ գնալու անկարողություն:
Արդեն ուշանում եմ թռիչքից, բայց սրբում եմ փոշին, հավաքում իրերս, գրքերս իրար վրա շարում՝ կարդացածներն աջ, չկարդացածները՝ ձախ: Ճամպրուկի մեջ եմ տեղավորում ձեռքիս տակ ընկած շապիկներն ու ամառային զգեստները: Ռեմարկի «Երեք ընկերը» դնում եմ ձեռքիս ուղեբեռի մեջ, ճանապարհին կկարդամ: Գնում եմ գրելու Սինայի անապատում խոցված ինքնաթիռի մասին:
Ամեն անգամվա նման ճանապարհից առաջ կախում եմ խաչս, որ վզիցս կհանեմ միայն տուն գալուց հետո: Առաջին անգամ եմ մտածում՝ արժե՞ խաչ կրել մահմեդական երկիր գնալիս: Հագնում եմ բլուզը, որ փակում է վիզս. խաչս ապահով է: Վերջին պահին հետ եմ վազում, բլուզս փոխում եմ վերնաշապիկով, արձակում երկրորդ կոճակը, որ խաչս երևա: Ես ապահով եմ:
Ճանապարհն ավելի երկար է, քան սովորաբար, ու ավելի բարդ: Ժամանակ առ ժամանակ խնդրում եմ, որ մեքենան կանգնի, իջնում եմ, օդ շնչում: Տարածությունը ծորում է, թվում է՝ տեղ չեմ հասնի:
Ինքնաթիռի անձնակազմը նման չէ մինչ այս տեսածներիս: Քիչ կլորիկ, կարճահասակ, վարդագույն շրթներկով ուղեկցորդուհին ժպտում է ավելի լայն, քան թույլ է տալիս մասնագիտական էթիկետը: Խոսում է զուսպ՝ անգլերեն: Երբ հերթը հասնում է արաբերենին, ձայնն ավելի է բարձրանում:
-Նահուրի՞, Ձեր անունը Նահուրի՞ է,- հարցնում եմ կնոջը:
-Այո, լսում եմ Ձեզ:
-Դուք շատ գեղեցիկ եք, Նահուրի:
-Շնորհակալ եմ օրիորդ, դուք էլ: Արա՞բ եք:
-Ոչ, բայց գիտեմ, որ նման եմ ձերոնց,- կատակում եմ ես,- Նահուրի, վերջին վթարից հետո ինչպե՞ս եք նորից ինքնաթիռ բարձրանում: Վախ չկա՞:
Աչքն ընկնում է վզիս: Ժպտում է սիրուն:
-Կարծում եմ՝ քաջության նույն պատճառն ունենք,- ասում է կլորիկ կինն ու առաջ անցնում նեղ միջանցքով:
Շարմ էլ Շեյխի օդանավակայանից ձգվում է «Խաղաղության ճանապարհը», որը հատվում է «Խաղաղության հրապարակին»: Քաղաքի մուտքի մոտ զբոսաշրջիկներին դիմավորում է քաղաքապետի մեծ լուսանկարը՝ «Բարի գալուստ խաղաղության քաղաք» գրությամբ: Խաղաղության ճանապարհը հսկում են զինված մարդիկ: «Խաղաղություն…» Մարդիկ գրում են պակասողի մասին. գրում են, որ իրականանա:
Չգիտեմ ինչից սկսել նյութը: Դիմացս ծովն է, որ վերջ չունի, մեջքիս հետևում անապատը, որ ծովից անվերջ է, որ սիրուն է ու վախեցնող: Քայլում եմ ափին, ջուրը հազիվ է քսվում ոտքերիս: Շուրջս մարդ չկա: «Ճերմակ ասպետի ափը»՝ կարդում եմ պաստառի վրա:
-I love Georgia,- լսվում է հանկարծ:
Շրջվում եմ, երկարահասակ, կոկիկ, ճերմակ բամբակե տաբատով տղան նայում է ինձ:
-Ես Հայաստանից եմ, բայց ես էլ եմ սիրում Վրաստանը,- ասում եմ ես:
Ժպտում ենք իրար:
-Ուրեմն, Նեֆերտիտիի երկրից ե՞ս,- հարցնում է:
-Ինձ թվում էր՝ միայն հայերն են հիշում դրա մասին:
-Ոչ միայն: Գիտես՝ ի՞նչ է նշանակում Նեֆերտիտի:
-Իհարկե, «եկավ ամենագեղեցիկը»:
-Այո, ճիշտ ես: Ես Մոհամեդն եմ:
-Ես՝ Սոնան:
-Ես քեզ Նեֆերտիտի կասեմ,- ասում է Մոհամեդը:
Քայլում ենք ափին ու խոսում անապատի հավերժության մասին: Ասում եմ՝ «Ձեր տառերը սիրուն են, նավակների նման, իսկ մարդիկ՝ բարի»: Ժպտում է: Հետո խոսում ենք խաղաղության մասին:
-Զարմանալի է Ձեր խաղաղությունը, որ զենքով է հսկվում: Անհավատալի, կեղծավոր բան կա այս ամենի մեջ: Կներես,- ասում եմ ես:
-Անապատում ենք, Նեֆերտիտի, մի մոռացի. պատրանքն ու իրականությունը ավազի վրա գրեթե նույնն են,- ասում է նա:
Հյուրանոցի առջև բացվում են հուշանվերների փոքրիկ կրպակները: Ես հրաժեշտ եմ տալիս Մոհամեդին, ու գնում դեպի լույսերը: Մտնում եմ առաջին խանութը, դիտում աստվածներին, որոնց մասին կարդացել եմ փոքր ժամանակ: Հանկարծ վաճառողն ասում է՝ «Փակիր աչքերդ»: Նկատում է, որ լարվեցի անսպասելի հրահանգից.
-Մի վախեցիր, փակիր աչքերդ ու ձեռքդ տուր ինձ:
Ափիս մեջ զգում եմ քարի սառնությունը: Փոքրիկ կատվիկը ինձ է նայում:
-Կատուն երջանկություն է բերում: Սա քեզ,- ասում է նա:
-Ես կվճարեմ:
-Սա նվեր է,- համառում է:
Ես վերցնում եմ երջանկությունս ու գնում հյուրանոց: Վաղն առավոտյան պիտի տեսնեմ Սինայի լեռը, ուր Աստված Մովսեսին հանձնեց Տասնաբանյան:
Ճանապարհը երկար է, 4 ժամ: Տեսարանը չի փոխվում: Թվում է՝ անապատն այստեղ չի վերջանալու: Մեր մեքենան անցնում է քաղաքի միջով. «Բարի գալուստ Դահաբ», գրված է քաղաքի դարպասներին, որի նշանը կետն է, հսկա կաթնասունը, որին այս կողմերում երբեք չեն տեսել:
Սինայի ստորոտին է գտնվում Սուրբ Երրորդություն վանքը: Խումբը մտնում է ներս: Հոգևորականները սկսում են աղոթքը: Բուրվառներն ինձ միշտ են կախարդել, վանքում դրանցից այնքան շատ կա… Հանկարծ մեկը բռնում է ձեռքս: Շրջվում եմ. Աբդուլն է, մեր ուղեկցորդը:
-Արի, քեզ բան պիտի տամ:
-Բայց հիմա աղոթք է:
-Արի,- սաստում է նա:
Անցնում եմ կողքի սրահը, ուր Սուրբ Կատարինեի նկարի կողքին երեք մոմ է վառվում: Աբդուլը մոմերի տրցակից հանում է երկու հատ ու մեկնում ինձ: Ես լուռ վերցնում եմ մոմերն ու մտածում՝ «բայց ինչո՞ւ ես»: Վառում եմ դրանք: Առաջինը՝ սահմանի համար, երկրորդը՝ ծնողներիս: Հետո հասկանում եմ՝ ինձ համար չաղոթեցի, ուզում եմ ևս մեկը վերցնել, ամաչում եմ: Կանգնում եմ Կատարինեի առջև, նայում ենք իրար: Ձեռքս մեկնում եմ, ևս մի մոմ վերցնում պահոցից: Ինձ համար չեմ վառում:
-Ահա թուփը, որ խոսեց Մովսեսի հետ,- ասում է վանականը:
Ես նայում եմ թփին, որ լուռ է հիմա: Մտածում եմ Մովսեսի մասին ու մարդկանց, որ ապրում են դեղին անսահմանության մեջ:
-Ես կխելագարվեմ անապատում, մեկ օրից,- երեկոյան ասում եմ Մոհամեդին,- Մարդիկ ինչպե՞ս են 40 տարի ապրել այդտեղ: Ինչպե՞ս են հիմա ապրում:
-Անապատում չխելագարվելու առաջին պայմանը պատրանքն իրականության հետ չշփոթելն է,- ասում է Մոհամեդը: Ես չեմ հասկանում:
-Ես վաղը տուն եմ գնում,- ասում եմ՝ փորձելով հիշել ամենաիրականը:
-Ես՝ այսօր,- պատասխանում է Մոհամեդը ու խոսքը կտրուկ փոխում.- Դու այդպես էլ չասացիր՝ ի՞նչ էիր փնտրում մեր անապատում:
-Մահից էի փախնում:
-Փախուստի ամենալավ տեղը չես ընտրել,- ժպտում է:
-Գիտեմ, ես անհաջողակ եմ,- ասում եմ ես՝ փորձելով քաջ ու անկեղծ ձևանալ:
Նա ոտքի է կանգնում, սեղանից վերցնում փոքրիկ նոթատետրը, որի մեջ ողջ ընթացքում ինչ-որ բան էր գրում:
-Համոզված եմ՝ քո Մովսեսն էլ իր մասին նույն կարծիքին էր… գոնե 40 տարի: Ցտեսություն, Նեֆերտիտի,- ժպտում է ու քայլում դեպի ընդունարան:
-Դու այդպես էլ չսովորեցիր անունս, Մոհամեդ,- կատակում եմ ես:
Նա միայն ձեռքով է անում՝ առանց շրջվելու:
Հաջորդ օրը հյուրանոցում բոլորը լարված են: Մոտակայքում նոր պայթյուն է եղել: Զինված մարդիկ ամենուր են: Փորձում եմ դասավորել իրերս: Սենյակիս դռան մոտ շշուկ եմ լսում: Բացում եմ դուռը: Հյուրանոցի աշխատակիցը փոքր կապոցը մեկնում է ինձ՝ վրան մի երկտող.
-Անապատում ողջ մնալու երկրորդ պայմանը՝ սիրտդ տաք պահիր:
Բացում եմ կապոցը, սև, նախշերով շալ է: Ծալերի արանքում ևս մեկ երկտող: Սիրուն նավակները՝ տողերի վրա: Երեկոյան Աբդուլին եմ տալիս թերթիկը:
-Անունդ է գրված, երեք անգամ, երեք տարբեր ձևերով,- ասում է Աբդուլը:

1079 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>