ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ հատվածներ անտիպ վիպակից / Արմեն Օհանյան

Արմեն Օհանյան
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Ես իմ անուշ Հայաստանի էն հին տաղը պիտի շրջեմ, պիտի թարսվեմ բոլորիդ հետ, որ ճիշտն ասեմ, շիտակ ու պարզ` ծանրամարտիկ աղջիկների ուժը ցույց տամ ու նաիրյան տղաների հեզաճկուն պարն էլ հետը: Ես եմ հիմա էն վարդագույն եռանկյունին, որ հայացքդ դատապարտող մեր ճակատին դրոշմել է  ու չի ջնջվում, ու չի ցնդում` հին ընտրության կնիքի պես իմ անձնագրից: Պիտի փոխեմ կարգը անկապ, անմարդկային, չորուցամաք, ես իմ լեզվով պիտի թրջեմ չորուկներդ, ստեղնաշարով պիտի քանդեմ կապանքներդ, էդ հայացքդ պիտի շրջեմ, որովհետև էդ պահվածքով էս աշխարհքում էլ ապրելու հնար չունենք` ոչ ես, ոչ դու, ոչ էն մեկը, որ պիտի գա` իբրև հնար երջանկության, թե չդատես, դատապարտես մոռացության կամ անտեսես չտեսի պես` չիմանալով, որ նա քոնն է, որ ես քոնն եմ, որ դու մերն ես, իրար շահած ու պահածն ենք, որ երրորդը ավելորդ չէ, երկար սպասված ազատ խոսքն է, որ պիտի գա հենց էս տողում, ասի` բարև, ես եկել եմ մերկ ու կանգնել ձեր դեմ, ինչպես տեսնում եք` որբ չեմ այլևս,  ոչ էլ` արնավառ,  բայց պոետի յար լինելու համար` լրիվ պիտանի: Թե երրորդի մերկությունը դու  անտեսես, մթում կորած անհյուրընկալ պատերիդ տակ մենք կփակվենք, կչարանանք ու քեզ հաստատ վնաս կտանք, թե  ընդունես` տես` կբացվենք, գիրք կդառնանք լավ կարդացվող, մարդաշունչը նոր օրերի, որ հին ու նոր կտակ չունի, բայց խոսք ունի` չհնչեցված, հազար-հազար տարի լռած մարդկանց մասին, որ մխում են հենց մեր կողքին, թե որ սիրենք` թոքախտավոր պոետ դարձած` էլ չեն մեռնի:  Մի խոսքով, աղոթք թող դառնան երկաթագրերը, իսկ սևագիրս` բացված սրտերով քո զավակների շուրթերից պոկված` օդային պաչիկ:
Ասի`տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը, էն անկապ երգի մեջի մոմերն  էլ հետը, կենացդ խմեմ ես ամբողջ գիշեր ու ոչինչ չասեմ, բայց էնքան խոսեմ, որ քցեն ականջիդ ապահովիչները… դե, կրակ տուր, կյանքս, կպցնեմ եղեգան փողդ, որ ծուխ ելանե` խեղդվելուց պրծնենք, մատաղ անենք` բաժանենք, որ տիրենք էս մի բուռ հողին, հանձնվենք ու դառնանք բռի մեջինը` նախնյաց կարգով, շարքով, պատվով, շարան-շարան, դագաղների երամով, համով, ախպեր ջան, հոտով, քանքարավոր ընկեր ջան, ուռչենք թռչենք էս կողմերից, զուռնի նման անկապ փչենք`քելե լաո, քելե էրթանք մըր երկինք, քուլա-քուլա ամպոտենք, մեր տակից ջուր թափվի, մեկի դոշին տա` վարի տա,  լիքը տեղում գա մեր բաց գլխին` կրակի պես, քանի դեռ գարուն չի ու յոնջա չկա,  խոտ չկա, խոտի տակին` ծիտ չկա, լեզվի տակին` մեխ չկա, տակը բան չկա,  բայց ես գալիս եմ դարդերից  ու գնում եմ պարտական դեպի դարդերս նորից, դեպի վառված քո ներկան, սարեր ջան, ինքնաբուխ շուռ եկեք, ամաչում եմ ձեր դոշին լացեմ, այ մարդ, թաշկինակս տուր, ես գնում եմ` հայավարի` քեֆ ու լացով, աղուհացով,  քոռուփոշման, սաղի նման` ջեբ-գլուխս ծակ, տակս լիքը քաք… բայց դու իմացիր, Անուշս, որ Մոսոն Սարոյին սիրեր, դու էդ ձորը գցվողը չէիր: Ինչպես չինական հին կտարականի առաջին մասում երգվող Սողոմոնի սաղմոսն է ասում` եթե գնանք, ապա միասին` երկուսով: Երբ գնում են երկուսը, մնացողն է մենակ, երբ գնում է մեկը, գնացողն է մենակ, որովհետև մնացողներն երկուսն են: Պարզ հաշվարկ է, դրա համար էլ` ասի տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քեզ համար վերջին անգամ առաջանամ, որ երկուսով մենակ չմնաք:
Էլի խմորում, էլի ոչ ոքի, էլի պաշարում ու էլի մի կտոր հաց` նույն հին ու բարի երկնքից կախված: Դու պաշարել էիր ինձ ու չէիր գրավում: Ես բացել էի միջնաբերդիս դարպասները, հաշտության ծիածանագույն դրոշը ծածանել պարիսպներիս գլխին, իսկ դու hունցել, գնդել էիր խմորն ու չէիր բացում, չէիր գրդնակում, դու պարզապես պաշարել էիր ինձ և չէիր գրավում, դու ինձ չէիր գրավում, չէիր գրավում, ներգրավում… մեզ պետք էր երրորդը, որ էս անվերջանալի պաշարումից հաներ ինձ ու քեզ, որ հանձնվեինք ու գրավեինք իրար: Երրորդը պիտի ի հայտ գար, որ մեր ոչ ոքին բոլորինը դառնար, մեր բարոյական հաղթանակը հաշտությամբ պսակվեր, որ մեր խմորն էլ ջուր չուտեր, հաց դառնար ու չկանգներ ոչ իմ ոչ քո, ոչ էլ նրա բկին, ոչ ոքի… ոչ ոքինն էր իմ ու քո բարոյական հաղթանակը: էլի խմորում, էլի ոչ ոքի, էլի պաշարում ու մի գունդ, որ վաղը հաց պիտի դառնա, երկրային հաց հանապազօրյա: Հետո հասկացա, ինչի դու նրան երբեք չէիր կանչում, դու նրան սպասում էիր անձայն, որ գալուն պես` զոհի վերածվես: Իսկ ես  անընդհատ սպասում էի նրան, ոնց որ աբսուրդի թատրոնում Գոդոյին են սպասում, ոնց որ քրիստոնյաները Հիսուսի երկրորդ գալստյանը` բարձրաձայն ու անթաքույց: Մեկ-մեկ, երբ նրա բացակայությունն էնքան էր սրվում, որ գործս առաջ չէր գնում, ինքս էի ներխուժում մեր կյանք իբրև զավթիչ-բարբարոս կամ իբրև միսիոներ-փրկիչ, ինձ դնում էի նրա տեղը: Հետո նկատեցի, որ քեզ համար բոլորովին կապ չուներ ես զավթողն էի, թե փրկիչը, մեկ է երրորդի առաջ դու միշտ դիրքավորվում էիր իբրև զոհ. մեկը, ում ուզում են փոխել, բայց ինքը չի ուզում, իսկ եթե չի ուզում, ուրեմն` բռնանում են իր նկատմամբ: Հետո հասկացա, որ դու միշտ զոհ ես, եթե երրորդին չես կանչել, եթե նա եկել է ինքնակամ կա

մ իմ կանչելով: Ու ձեռնտու է օգտվել երրորդի ներկայությունից ինձ հետ հավասար, բայց տեղն եկած տեղը երեսիս շպրտել` դու ես կանչել, ես նրա կարիքը չունեի:
Մինչև հիմա ամեն ինչ պարզ էր` երկուսով էինք, միասին էինք` ամբողջ աշխարհի դեմ, Բոնի ու Քլայդ էինք` բնածին մարդասպաններ, կամ Ռոմեո ու Ջուլիետ` բնածին ինքնասպաններ, հիմա, երբ երրորդը կա մեր կյանքում, մենք փաստացի էլ երկուսով չենք` երեքով ենք: Երրորդն ավելորդ չի, եթե ավելորդ լիներ` Սուրբ երրորդությունն էդքան համոզիչ չէր թվա միլիարդներին: Ու փաստը մնում է փաստ, որ չսպանվելու համար մենք պիտի թույլ տանք, որ գա ու մտնի մեր անկողինը: Թող գա, ես դեմ չեմ, միշտ էլ զգացել եմ նրա ներկայությունը` իբրև երրորդ աչք, որ բանալու անցքից թաքուն հետևում էր ոնց ենք իրար սիրում, կամ իբրև պառակտիչ, որ առանձին-առանձին մեզ տանում էր մի մութ տեղ ու հետներս լինում, հենց հոգնում էինք իրարից: Պարզ հաշվարկ է. երրորդը չի կարող մեզ բաժանել, եթե դառնա մերը` երկուսինս, ոչ իմը, ոչ քոնը. մերը: Դու ասում էիր` թող երրորդները գան ու գնան, որ մենք մնանք միասին: Ես ասում եմ` թող երրորդը գա ու չգնա, դառնա մեզանից մեկը: Պարզ բան եմ ասում, բայց չես ուզում հասկանալ, մտածում ես, որ երրորդը քո մրցակիցը կդառնա, որ վաղ թե ուշ քեզ խաղից կհանի, անկողնուց դուրս կշպրտի, ու բանալու անցքից ստիպված կլինես նայել ոնց ենք իրար սիրում ու քեզ ձեռ առնում: Մշտաբնակ երրորդի միտքը քեզ թուլացնում է, ինձ` ուժեղացնում: Անցողիկ-քոչվոր երրորդների միտքը քեզ զվարճացնում է, ինձ` նեղում:  Բայց փաստը մնում է փաստ, որ երկուսս էլ տարված ենք երրորդով…

1461 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>