Վարդան Սմբատյան / «Ուրախ թաղում»

Վարդան Սմբատյան
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Օրը չեմ հիշում, կիրակի էր կարծեմ, կամ էլ` ուրբաթ: Վաղուց արդեն չեմ մտապահում շաբաթվա օրերը, թվերն ու մեռնողներին: Ինձ հաճախ դրա համար նախատում են` «Ամեն ինչ մոռանում ես, գոնե հանգուցյալներիդ հիշիր, ծաղիկներ տար, գնա, մաքրիր մոլախոտը, խունկ ծխիր»: Ես սովորության համաձայն տմբտմբացնում եմ գլուխս, որ փակեն բերանները: Իմ բոլոր սիրելիները մեռնելու ու մոռացվելու ենթակա չեն. նրանք ապրում են իմ չապրած օրերում: Ոմանք սա լսելիս վերջնականապես համոզվում են, որ խելքս թռցրել եմ, բայց կան նաև իմ խելագարությունը օրինաչափություն համարողներ, նրանք ազատ են կարծրատիպային իրականությունից: Արթնացա զանգի խլացնող ձայնից.
” Վարդան, Մարկին մահամերձ հիվանդանոց են տարել, շուտ արի…
Բառերը միշտ էլ անզոր են նկարագրել այն, ինչ իրապես զգում ենք: Թերևս մեկ նախադասությամբ կամբողջացնեմ զգացածս ` ցավը գիշատիչ գազանի պես երախը բացել, հոշոտում էր ինձ ներսից: Ներկաների դեմքի արտահայտություններն ու լռությունն ասացին ամեն ինչ. Մարկն արդեն չկար: Լռությունը խախտեց նրա մոր միատոն լացը: Օդը թացացավ, սպիտակ առաստաղին հավաքվեցին աղե ամպեր, հետո անձրևներ թափվեցին մեր աչքերից: Այդ օրը չմթնեց, ճեփ-ճերմակը կուրացրեց ու նիրհեցի: Արթնացա երեխայի լացից: Բեղավոր բժիշկն արգելում էր տեսակցել հոգեվարքի մեջ գտնվող մորը, կարմրած աչքերով աղջնակը հրեց բժշկին ու մտավ պալատ: Կողքիս նստած են Մարկի քաղքենի կուրսընկերները, կաշառակեր դասախոսներն ու անծանոթ բարեկամները: Բոլորը նույն բանն են ասում.
” Ոնց եղավ տենց բան, անհավատալի է, որ Մարկն էլ չկա:
” Մարկը չի մեռել,- ասում եմ բարձրաձայն:
Բոլորն ապուշ կտրած նայում են գունատ երեսիս: Ես շարունակում եմ հռետորի պես բարձր ձայնով.
” էս գերբնական մեռելների քաղաքում ի՞նչ մեռնել, այստեղ մահը վաղուց կեցություն է:
Մեռելներն սկսում են ծիծաղել վրաս, արնակալած աչքերով մի բժիշկ հրում է ուսս ու շշուկով ասում.
” Ձեզ լավ եք զգո՞ւմ: Գունատ եք, եկեք զննեմ ձեզ:
Ձայնը լղոզվում է օդում ու օքսիդանում աչքերիս իջնող մշուշում: Արթնանում եմ դեղերի գարշահոտից, փորձում եմ նստել:
” Սպասեք, ավելի լավ է պառկեք, դուք լավ չէիք. քիչ առաջ ուշաթափվեցիք:
” Պիտի գնամ. ընկերոջս թաղումն է,- ասում եմ դեղնակտուց բուժքրոջն ու ինձ նետում առաջին պատահած տաքսին:
Թափորը դանդաղ գնում է, քայլերի հետ ուժգնացող Մարկի մոր լացը մերթ ընթ մերթ դառնում է վակումային: Արևը` հասած նարնջի պես վարդագունել, ծորում է, հպվում Մարկի դեմքին, համբուրում նրա ճերմակ կոպերն ու անկնճիռ, լայն ճակատը:
Թափորը կանգ է առնում խորը փոսի մոտ, արևը փոխում է ուղեծիրը: Հողն այնքան տաք է ու խնկաբույր: Նայում եմ շուրջս, բոլորի դեմքերը նույնն են, նույն անբովանդակ տխուր հայացքները, նույնիսկ սգալիս նույնն են, գրողը տանի. ոչ մի տարբերվող դիմախաղ, չեն արտասվում, բոլորն արցունքները պահում են սեփական ողբերգությունների համար: Քահանան իր չհղկված բարիտոնով սկսում է ծեսը: Աղոթքը կարդում է արագ, շուտասելուկի պես: Անսպասելի անձրևի մի կաթիլ ընկնում է քահանայի ճակատին, ամրոպը հաստատում է անձրևի իսկությունը:
Քահանան խոժոռված դեմքով ու լիրիկ ձայնով նվնվում է.
” Տեսնում եք` անգամ Աստված է սգում մեզ հետ մեր սիրելի Մարկի անժամանակ մահվան համար: Անձրևն Աստծո արցունքներն են: (Մինչ այդ աննկատ տեղավորել է չորս հարյուր դոլարը գրպանում):
Մոտենում ու մեկնում եմ թաշկինակս.
” Տեր հայր, իսկ գուցե Աստված թքո՞ւմ է անպատկառ մարդու ճակատին, սա պարզապես անձրև չէ,- ասում եմ, դարձյալ մեկնում թաշկինակս:
Շիկնած ու կատաղած սաստում է.
” Երիտասարդ, ամոթ ունեցեք …
” Ամո՞թ: Տեր հայր, անամոթները սովորաբար կարողանում են լռել, զսպել ցասումը, կարողանում են ապրել ձկների պես համրացած, անամոթները գրեթե միշտ խոսում են Աստծուց:
Անձրևը դադարեց: Մարկի դեմքը կորցնում է դիմագծերը, նայում եմ նրան ու տեսնում եմ թավիշ: Գույները լողում են անհաղորդ դեմքին. երևի Աստված նկարում է քեզ իր երկնային արքայության համար, Մարկ, դու Աստծո ամենագեղեցիկ ապրող կտավը կլինես: Ասում են` դրախտում ամեն ինչ ճերմակ է, երևի Աստված հոգնել է կուրացնող ճերմակից, նա սպասում է քեզ:
Մարկին մենակ չթաղեցինք. ոմանք նրա հետ թաղեցին իրենց խիղճը, որոշներն` արժանապատվությունը: Ես նրա հետ թաղեցի իմ հոգին:
” Իմ սկիզբը իմ վերջի մեջ է: -Էլիոթի այս տիեզերական ֆրազը դարձել էր քոնը, գնա՝ քեզ սպասում են վերևում՝ Լենոնը, Վան Գոգը` կեղտոտ ձեռքերով, Արթուր Ռեմբոն, գարեջրի շշերում խեղդված Բուքովսկին, Եսենինը` պարանից հենց նոր ընկած, Հեմինգուեյը` ծխախոտը վառած, Դալին` կիսախելագար ժպիտով:
Ներիր մեզ` ապրող, համակերպվող , վախկոտ մեռելներիս:
Շոյում եմ անկնճիռ ճակատդ: Արևը նորից համբուրում է քեզ, գունապնակ եմ տեսնում, ոչ թե` դագաղ: Փայտե գունապնակը կորչում է հողի տակ, արևը ննջում է ամպոտ սպիտակ սավանների վրա, մեկն ականջիս շշնջում է.
” Թո՛ւյլ տուր, որ մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելներին:*

*(Մատթ. 8.21-22, Ղուկ. 9.60):

157 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>