ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ / ԱՐԱՄԸ

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ պարզ էին՝ թուխ մաշկ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, բարի հայացքով միշտ լսում էր բոլորին:
Ապրում էին մայր ու որդի: Պարզ, համեստ կենցաղով՝ փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում: Մայրը մեր դպրոցի հավաքարարն էր:
Մենք 4-րդ դասարանում էինք սովորում, երբ սկսվեց պատերազմը: Դասարանում ընդամենը հինգ հոգի էինք: Ամեն առավոտ Արամը մոր հետ գալիս էր ավելի վաղ ՝ ձեռքերը կապտած, մի կտոր հաց ու պանիր ուտելով: Մայրը՝ Տանյան, բարձրահասակ ու թխամաշկ էր: Գալիս էր ինձ խնդրում.
– Տնային աշխատանքներդ կտա՞ս Արամս արտագրի, չի հասցրել գրի:
Ես գերազանցիկի չկամությամբ, խիղճս տանջելով, որ իմ ժամերով կատարած աշխատանքը զիջում էի ինձանից ցածրահասակ դասընկերոջս՝ համաձայնում էի: Ես շատ էի խղճում նրան, երբ տհաճ դեմքով, ամուսնուն առաջնագիծ հերթապահության ուղարկած ուսուցչուհին ամեն անգամ զայրույթը թափում էր Արամի գլխին՝ խփում էր նրան, իսկ Արամը, ձեռքերով գլուխը ծածկելով, պաշտպանվում էր:
Ու այդպես մեր դպրոցական օրերն անցնում էին հրետակոծությունների վտանգի տակ: Տագնապի դեպքում վազելով իջնում էինք աստիճանահարթակի տակ՝ «ապաստարան»: Մենք արդեն սովորել էինք կրակոցների ձայնին, դա մեր առօրյան էր, մենք քաջ երեխաներ էինք, պատերազմի թոհ ու բոհով կոփված… Համենայնդեպս՝ մենք այդպես էինք կարծում:
Վրա հասավ ձմեռը, ձյան ճերմակը ծածկեց մեր գյուղը՝ իր հետ լռեցնելով ամեն ինչ, անգամ կրակոցներ չկային…Մոտենում էր Ամանորը: Մեր երազանքն էր առանց կրակոցի Ամանորը … Բայց Ամանորի նախօրեին արթնացանք և նախաճաշի սեղանի շուրջ նստած՝ լսեցինք խուլ մի պայթյուն, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը… Հայրս, փորձառու հրամանատարի լսողությունը լարելով, մեզ հորդորեց.
– Արագ հավաքվեք ու վազեք պադվալ, էնտեղ ապահով է:
Քիչ հետո զանգեցին ու էլ ավելի մռայլվելով, ինչ որ տեղ շտապելով՝ մեզ ասաց.
– Թուրքը գյուղ է մտել… գնացեք պադվալ մինչև ձեզ կհանեն գյուղից:
Իսկ ինքը ձյան նման ճերմակ հագնվեց ու հեռացավ:
Մենք սարսափած ժամեր անցկացրինք խոնավություն բուրող նկուղներում, որոնց հոտը պատերազմ տեսած ամեն մի երեխայի կյանքում արթնացնում է մռայլ հիշողություններ: Կարծես թմբիրի մեջ էինք, մեր մանկական միտքը չէր ըմբռնում մեր շուրջը կատարվող իրականությունը: Շարունակվող անավարտ երազ էր այն ձյունոտ ճանապարհը, որի վրա սողալով անցանք դեպի հարևան գյուղ, մեզ միացել էին ամբողջ գյուղի կանայք ու երեխաները: Բոլորի հայացքներում իրենց երեխաներին փրկելու ցանկությունն էր: Ու հանկարծ մեր գլխավերևում ուղղաթիռի թևեր շարժվեցին:
– Բոլորդ պառկեք գետնին, վեռտալյոտից են խփում…
Լսեցինք կանացի աղաղակներ ու ձյան սառնությունը պատեց մեզ: Ամուր փակած աչքերով սպասեցինք մեր մահվանը: Մահն այդ պահին ձյան ճերմակ գույնն ուներ ու ուղղաթիռի ձայնը …
Երբ ուշքի եկանք մեր գլխավերևում բաց երկինքն էր ու ռուս վարձկան օդաչուների՝ մեզ խնայած կյանքը…
Երբ տեղ հասանք, մեզ հյուրընկալեցին անծանոթ գյուղացիներ, խաշած կարտոֆիլ տվեցին ու մի քանի օրվա թխած սև հաց…
Գյուղի մյուս ծայրից եկած սարսափած կանայք պատմեցին, որ ադրբեջանցիները լույսը չբացված գյուղ են մտել և խոշտանգել խաղաղ քնած բնակչությանը: Նրանցից շատերն այդ օրը Ամանորի գաթայի խմորը հունցել ու հոգնած քնել էին, մյուսներն էլ տոլման փաթաթել ու այդպես էլ ննջել վառարանի կողքին:
– Երեխեքի մոտ չասենք, բայց Գեղեցիկ տոտային էնքան տանջել են թուրքերը, ականջները կտրել են, կրծքերից մեկը սվին դանակով կտրել….
Մենք թաքուն լսելով այս ամենը՝ ակամայից մտածեցինք մեր դասարանի Արամի ու իր մոր մասին. նրանց փայտե կիսախարխուլ տունը հայ ադրբեջանական սահմանագծից այս կողմ առաջին էր: Մեր մանկական միտքը երբեք չընկալեց այն, ինչ լսեցինք: Այդ օրվա արյունալի բախումների ավարտից հետո, երբ ամեն բան խաղաղվել էր, բոլորն իրենց կորուստներն էին սգում: Մեր դասարանի Արամն ու իր մայրը, որոնք գյուղում ոչ մի հարազատ չունեին, այդպես էլ չհայտնվեցին ու ոչ ոք չէր խոսում նրանց մասին: Մենք վախվորած մոտեցանք ու հարցրեցինք մեր դասարանի Արամի մասին: Վախից կլորացած աչքերով մի թխամաշկ կին մեզ կամաց ասաց.
– Արամին ու իր մորը թուրքերը տարել են, առաջինը նրանց տուն են մտել ու տարել, տեսել են մենակ կնիկ է, մտածել են տանեն, աշխատացնեն էլի… Մենք ոչ մեկս էլ չենք տեսել նրանց մատաղ լինեմ ձեզ…
Մենք կարկամեցինք, ամենքս մի անկյուն մտանք ու միմյանցից թաքուն ամբողջ գիշեր արտասվեցինք մեր դասարանի Արամի համար՝ պատկերացնելով խոշտանգումները, նրա վախը՝ բարի, պարզ աչքերի անթաքույց վախը:
Երբ կրկին հարաբերական խաղաղություն էր տիրել, մեր գյուղի մի քանի ուսյալ մարդիկ դիմեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ անհետ կորածների ցանկում Արամին ու մորը գտնելու թաքուն հույսով, սակայն ապարդյուն էին բոլորիս սպասումները:
Այդ օրերից անցել է քսանհինգ տարի, հաճախ եմ հիշում մեր դասարանի Արամի պարզ, բարի հայացքը …
Պատերազմն ինձ համար Արամի դեմքն ունի, նկուղի խոնավության հոտը, անտառի թաց ձյան սառնությունը ու ուղղաթիռի թևերի ձայնը…

81 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>